Առաջին օգնություն Հիմնական հասկացություններ
Ա
Աթերոսկլերոզը քրոնիկական հիվանդություն է, որի ժամանակ արյունատար անոթների ներքին մակերեսին նստում է խոլեսթերինը, նեղացնում անոթների լուսանցքը և նվազեցնում դրանց առաձգականությունը, ինչի հետևանքով խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը։
Ապենդիցիտը կույր աղու որդանման ելունի բորբոքումն է։
Առաջին օգնողը այն անձն է, որը տիրապետում է առաջին օգնության հմտություններին և անհրաժեշտության դեպքում ինքնակամ ցուցաբերում է առաջին օգնություն։
Առաջին օգնությունն արտակարգ իրավիճակում ձեռնարկվող գործողությունների համակարգն է, որի նպատակն է օգնել տուժածին կամ տուժածներին մինչև մասնագիտական օգնության ժամանումը։
Առաջնածինն առաջին անգամ ծննդաբերող կինն է։
Առաջնային զննումն այն զննումն է, որը կատարվում է տուժածի կյանքին անմիջական սպառնացող պայմանների հայտնաբերման նպատակով։
Առողջ ապրելակերպը ժամանակի ընթացքում սովորություն դարձած ճիշտ կենսակերպն է, որն իր մեջ ներառում է չափավոր և լիարժեք սնունդը, մշտական մարզումները, անվտանգ վարքագիծը և բոլոր վնասակար սովորությունների բացառումը։
Ալկոհոլամոլությունը հիվանդություն է, որի ժամանակ մարդը, ընտելանալով պարբերաբար գործածվող ալկոհոլային խմիչքներին, դրանց նկատմամբ կախյալություն է ձեռք բերում, ինչը դրսևորվում է մարմնական և հոգեկան մի շարք փոփոխություններով։
Ավիշը մարմնի հեղուկ միջավայրի բաղադրամասն է, որը կատարում է պաշտպանական և նյութափոխանակության ֆունկցիաներ։
Արևահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով։
Արգանդը կնոջ կոնքի ստորին մասում գտնվող մկանային օրգան է, որտեղ զարգանում է պտուղը։ Արգանդը բաղկացած է արգանդի հատակից, մարմնից և վզիկից։ Արգանդի վզիկը կապում է արգանդի խոռոչը հեշտոցի հետ։
Արտակարգ իրավիճակը (պատահարը) այն իրավիճակն է, որի դեպքում որոշակի տարածքում՝ աղետի գոտում կամ դեպքի վայրում խաթարվում է կարգավորված կենսագործունեությունը, որի հետևանքով առաջանում է աոաջին օգնության ցուցաբերման անհրաժեշտություն։
Արտաշնչումը ներշնչած օդի՝ թոքերից դուրս բերման շնչառական շարժումն է։
Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս:
Արհեստական շնչառությունը տուժածի թոքերի մեջ օդի ներփչման գործողությունների հաջորդականությունն է, որը կատարվում է արյան մեջ թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովման նպատակով:
Արյան ծավալը մարմնի սրտանոթային համակարգի արյան ընդհանուր ծավալն է։
Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։
Աղետը հասարակության գործունեության լուրջ խափանումն է, որը բերում է մարդկային ու նյութական արժեքների կորուստների և մեծ վնաս է հասցնում շրջապատող միջավայրին։
Աղետի կապոցն առաջին անհրաժեշտության իրերի, փաստաթղթերի, Առաջին օգնության արկղիկի, ռադիոընդունիչի, գրպանի լապտերի, պահածոյացված սննդի, ջրի, հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների հավաքածու է, որից օգտվում են աղետների դեպքում, և որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում մարդու կարիքները հոգալու համար։
Աղիները մարսողական խողովակի մի մասն են, որտեղ սնունդը շարունակում է տրոհվել, և սննդանյութերը, ջուրն ռւ աղերը ներծծվում են արյան ու ավշի մեջ։
Այրվածքը բարձր ջերմաստիճանի, որոշ քիմիական նյութերի, էլեկտրականության կամ ճառագայթման հետևանքով մաշկի և մարմնի այլ հյուսվածքների վնասումն է։
Անդամահատումը մարմնի որևէ մասի (օրինակ՝ մատի, ձեռքի, ոտքի) անջատումն է։
Անատոմիական անշարժացումը վնասված մասի անշարժացումն է մարմնի որևէ առողջ մասի միջոցով։
Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։
Անոթազարկը (պուլսը) սրտի կծկման ժամանակ արյան հարվածային ալիքն է, որը տարածվում է զարկերակների պատերով։ Այն կարելի է շոշափել մակերեսային զարկերակների վրա։
Անհատական վիրակապական փաթեթը ստերիլ փաթույթային վիրակապ է, որին ամրացված է վիրակապական անձեռոցիկ:
Անշարժացումը բեկակալների կամ այլ միջոցների օգնությամբ վնասված մասի շարժումների սահմանափակումն է։
Բ
Բեկակալներն այն սարքերն ու միջոցներն են, որոնք կարող են օգտագործվել մարմնի վնասված մասերն անշարժացնելու նպատակով։
Բջջանյութը բուսական սննդամթերքի կազմի մեջ մտնող նյութ է, որը նպաստում է աղիների նորմալ գործունեությանը։
Բջիջը բոլոր կենդանի հյուսվածքների փոքրագույն կառուցվածքային և ֆունկցիոնալ միավորն է։
Բրոնխիալ ասթմայի նոպան վիճակ է, երբ բրոնխների մկանային շերտի կծկման, լորձարտադրության ուժեղացման և լորձաթաղանթի այտուցի հետևանքով օդը դժվարությամբ է անցնում նեղացած շնչուղիներով։
Բրոնխները շնչափողից սկսվող և ճյուղավորվող օդատար ուղիներն են։
Գ
Գերդոզավորումը.դեղանյութի թունավոր կամ մահացու քանակի ընդունումն է։
Գերշաքարարյունությունը վիճակ է, որի ժամանակ արյան մեջ շաքարի քանակը նորմայից բարձր է։
Գեղձերն օրգաններ են, որոնք արտադրում և արտազատում են յուրահատուկ նյութեր արյան մեջ (ներզատիչ գեղձեր), մաշկի և լորձաթաղանթների վրա կամ խոռոչավոր օրգանների մեջ (արտազատիչ գեղձեր)։
Գլխուղեղը կենտրոնական նյարդային համակարգի բաղկացուցիչ մասն է, որը գտնվում է գանգի խոռոչում և կառավարում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը։
Գլխուղեղի ճնշումը ներգանգային ճնշման բարձրացման հետևանքով գլխուղեղի հյուսվածքների սեղմումն է, ինչը բերում է գլխուղեղի նորմալ գործունեության խանգարման։
Գլխուղեղի ցնցումը գլխուղեղի գործունեության ժամանակավոր խանգարումն է, որը ճիշտ բուժում ստանալու դեպքում, անցնում է առանց նշանակալից մնացորդային երևույթների։
Դ
Դեպքի վայրը պատահարի անմիջական տարածքն է։
Դեղաչափը (դոզան) դեղի օգտագործվող քանակն է։ Կախված քանակից՝ դեղաչափը լինում է բուժիչ, թունավոր և մահացու։
Դեղանյութի սխալ ընդունումը կամ չարաշահումը, առողջական անհրաժեշտության, որևէ դեղանյութի օգտագործումն է։
Դեղնուկը մաշկի և լորձաթաղանթների դեղին գունավորումն է։
Ե
Երակներն արյունատար անոթներ են, որոնցով արյունը մարմնի տարբեր մասերից հոսում Է դեպի սիրտ։
Երիկամները որովայնի խոռոչում գտնվող զույգ օրգաններ են, որոնցում արյունը զտվում է, և առաջանում Է մեզ։
Երկրաշարժը ստորգետնյա ցնցումներն ու երկրի մակերևույթի տատանումն է, որն առաջանում է երկրակեղևի շերտերի տեղաշարժի կամ խզվածքի հետևանքով։
Երկրորդային զննումն այն զննումն Է, որը կատարվում Է տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները և վիճակները հայտնաբերելու նպատակով։
Եռանկյունաձև վիրակապը գործվածքի եռանկյունաձև կտոր է (մոտավորապես գլխաշորի չափ)։
Զ
Զարկերակներն արյունատար անոթներ են, որոնցով արյունը սրտից մղվում է դեպի մարմնի բոլոր մասերը։
Է
էպիլեպսիան հիվանդություն է, որն ուղեկցվում է գիտակցության կորստով ընթացող տարբեր ձևի և տևողության նոպաներով։
Ը
Ընկերքը (պլացենտան) սկավառակաձև օրգան է, որը կպած է արգանդի ներքին պատին և պորտալարով միացած է պտղին։ Նրա միջոցով պտուղը մոր արյունից ստանում է սննդանյութեր և թթվածին, ազատվում է ածխաթթու գազից և նյութափոխանակության արգասիքներից։
Թ
Թերշաքարարյունությունը վիճակ է, որի ժամանակ արյան մեջ շաքարի քանակը նորմայից ցածր է։
Թույնն այն նյութն է, որը, թափանցելով մարդու մարմին, խաթարում է նրա գործունեությունը կամ բերում մահվան։
Թունավորումը հիվանդագին վիճակ է, որը զարգանում է մարդու մարմին թույների ներթափանցման հետևանքով։
Թունամոլությունը հիվանդություն է, որն առաջանում է բոլոր այն թունավոր նյութերի և դեղամիջոցների չարաշահումից, որոնք չեն մտնում թմրանյութերի ցուցակի մեջ։
Թոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման զույգ օրգաններ են, որոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։
Թոքաբշտերը (ալվեոլներ) մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն են, որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքամիզը (պլևրան) թաղանթ է, որը, պատելով յուրաքանչյուր թոքը, անցնում է կրծքավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։
Թրոմբն արյան մակարդուկն է, որը կարող է խցանել արյունատար անոթները, նեղացնել նրանց լուսանցքը և խանգարել արյան շրջանառությանը։ Առավել վտանգավոր է, եթե թրոմբը խցանում է սրտամկանի կամ ուղեղի անոթները։
Թմրադեղերը բժշկության մեջ կիրառվող թմրաբեր ցավազրկողներն են։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է օրգանիզմի՝ թմրանյութերին ընտելանալու պատճառով և դրսևորվում է մարմնական, նյարդային և հոգեկան բազմաթիվ խանգարումներով։ Թմրանյութերի ցուցակը կախյալություն առաջացնող նյութերի՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների կոմիտեի կողմից հաստատված ցանկն է։
Ժ
Ժուժկալումը ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակ է, որն առաջանում է, երբ որևէ նյութի նկատմամբ կախյալություն ունեցող մարդը դադարում է այն ընդունել։
Ի
Իմունիտետը մարմնի անընկալունակությունն է օտարածին բջիջների, նյութերի՝ մանրէների հանդեպ։ Դրանով մարմինը տարբերում է «օտարը» «սեփականից» և պաշտպանում մարմնի ներքին միջավայրը։
Ինսուլինը ենթաստամոքսային գեղձում արտադրվող հորմոն է, որն օգնում է բջիջներին յուրացնել արյան մեջ առկա շաքարը։
Լ
Լուծը հաստ աղիներում ջրի ներծծման խանգարման և աղիների արագ դատարկման հետևանքով նորմայից ջրիկ կղումն է։
Խ
Խոլեսթերինը ճարպային նյութ Է, որը կարող Է անոթի պատի ներքին մակերեսին նստվածք առաջացնել՝ նեղացնելով արյունատար անոթների լուսանցքը։
Խորը թափանցող այրվածքը մաշկը և խորանիստ հյուսվածքները վնասող այրվածքն է։
Ծ
Ծակած վերքերը կետային, փոքր մակերես ունեցող վերքերն են։
Ծննդաբերական ուղիները ճանապարհ է արգանդից դեպի սեռական բացվածք, որով պտուղն անցնում է ծննդաբերության ժամանակ։
Ծննդաբերությունը գործընթաց է, որի ընթացքում արգանդից ծննդաբերական ուղիներով արտաքսվում են պտուղը իր թաղանթներով, պտղաջրերը և ընկերքը։
Ծննդկանը ծննդաբերող կինն է:
Կ
Կերակրափողը (որկոր) խողովակ Է, որով կլված նյութերն անցնում են ըմպանից դեպի ստամոքս։
Կենսական կարևոր համակարգերն այն համակարգերն են, որոնց գործունեության կտրուկ խանգարումը կամ դադարը կարճ ժամանակում բերում են մահվան։ Դրանք են՝ նյարդային, շնչառական և սրտանոթային համակարգերը։
Կապանն ամուր հյուսվածք Է, որով ոսկրերը կապվում են իրար։
Կապանների ձգումը և պատռվածքը նրանց վնասումն Է անհամապատասխան մեծության կամ ուղղվածության ուժի ազդեցությունից։
Կաթվածը դեպի գլխուղեղի որևէ հատված արյան հոսքի ընդհատման հետևանքով գլխուղեղի գործունեության խանգարումն է։
Կաթվածի պատճառ կարող է հանդիսանալ գլխուղեղի անոթների խցանումը կամ դրանց պատի վնասումը։
Կախյալությունը որևէ նյութի անընդհատ ընդունելու՝ ժամանակի ընթացքում սովորություն դարձած կարիքն է։
Կպչուն սպեղանին կպչուն ժապավենի մի հատված է, որի միջին մասում ամրացված է ներծծող ստերիլ բարձիկ։
Կոտրվածքը ոսկրի ամբողջականության և անընդհատության խախտումն է։
Կլվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով։
Կծած վերքերը կենդանիների և մարդու կծելուց առաջացած վերքերն են։
Կծկանքը արգանդի պատի մկանաթելերի ինքնաբերական, կնոջ կողմից չկառավարվող միահամուռ և փոխհամաձայնեցված կծկումն է:
Կտրած վերքերը հարթ եզրերով վերքերն են։
Կրծքահեղձուկի նոպան սրտամկանի արյունամատակարարման նվազեցման և թթվածնային քաղցի հետևանքով առաջացած ցավն է, որը տեղակայված է կրծոսկրի հետևում և սովորաբար ճառագայթում է դեպի ուսեր, պարանոց, ծնոտ, ձեռքեր և թիկունք։
Կրկնածինը երկրորդ կամ ավել անգամ ծննդաբերող կինն է։
Կմախքային մկանները ոսկրերին միացող մկաններն են, որի կծկման շնորհիվ կմախքում առաջանում է շարժում։
Հ
Հևոցը շնչառության խորության և հաճախության խանգարումն է, որն ուղեկցվում է օդի պակասի զգացումով։
Հեմատոման անոթի վնասման հետևանքով հյուսվածքների միջև առաջացած արյան կուտակումն է։
Հեմոֆիլիան ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է, որը բնութագրվում է արյան մակարդելիության իջեցմամբ։
Հակաթույնը շիճուկ է, որը տվյալ թույնի նկատմամբ պարունակում է հակամարմիններ:
Հակամարմինները հատուկ սպիտակուցային նյութեր են, որոնց միջոցով մարմինը պայքարում է օտարածին նյութերի դեմ։
Հականեխիչները մանրէների աճն ու բազմացումը սահմանափակող նյութերն են։
Հանդուրժողականությունը որևէ նյութի՝ երկարատև ընդունման հետևանքով մարդու վրա դրա ներգործության արդյունավետության անկումն է։
Հոդախախտը հոդը կազմող ոսկերի կայուն տեղաշարժն է միմյանց նկատմամբ։
Հոդը երկու և ավելի ոսկրերի շարժուն միացումն է։
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք արտադրվում են ներզատիչ գեղձերում և, արյան շրջանառության միջոցով հասնելով թիրախ օրգաններին, կարգավորում են նրանց գործունեությունը։
Հրազենային վերքերը հրազենային գնդակից և բեկորներից առաջացած վերքերն են։
Հրատապ գործողությունների փուլերը ցանկացած պատահարի դեպքում ձեր կողմից ձեռնարկվող գործողությունների ծրագիրն է։
Հղիությունը բեղմնավորումից հետո պտղի ներարգանդային զարգացումն է, որը տևում է մոտավորապես 9 ամիս կամ 38-40 շաբաթ և ավարտվում է ծննդաբերությամբ:
Հյուսվածքը միասին գործող և որոշակի գործունեություն կատարող նույնանման կառուցվածք ունեցող բջիջների բազմությունն է։
Ճ
Ճողվածքը ներորովայնային ճնշման բարձրացման հետևանքով որովայնի պատի թույլ տեղերից ներքին օրգանների արտանկումն է մաշկի տակ։
Ճիգերը կծկանքների հետ միաժամանակ ստոծանու և որովայնի պատի մկանների միահամուռ և փոխհամաձայնեցված կծկումներն են, որոնք սկսվում են ծննդաբերության արտաքսման փուլում։
Ճնշող վիրակապն արյունահոսության դադարեցման նպատակով վերքի վրա ճնշումով դրված վիրակապն է։
Մ
Մեծ աղետներն այն աղետներն են, որոնց դեպքում օգնության և խնամքի կարիք ունեն բազմաթիվ տուժածներ, և բնական պայմանները խոչընդոտում են առաջին օգնության ցուցաբերմանը։
Մազանոթները մանր անոթներ են, որոնց պատի միջով կատարվում է թթվածնի և սննդանյութերի անցումն արյունից բջիջներ և նյութափոխանակության արգասիքների անցումը բջիջներից արյան մեջ։
Մասամբ թափանցող այրվածքը մաշկի երկու շերտերն ընդգրկող այրվածքն է։
Մակերեսային այրվածքը մաշկի վերին շերտն ընդգրկող այրվածքն է։
Մակարդումը մարմնի պաշտպանական ռեակցիան է, երբ արյունահոսության դեպքում խտացված արյունը փակում է անոթի վնասված պատը՝ կանխելով արյան հետագա կորուստը։
Մակկոկորդը աճառային գոյացություն է, որը կլման ժամանակ կափույրի (կափարիչի) նման փակում է շնչուղիների մուտքը։
Մարսողական խողովակն ուղի է, որի միջով անցնելով, սնունդը ենթարկվում է մշակման և ներծծվում է, իսկ սննդի չմարսված մնացորդները դուրս են բերվում մարմնից։
Մարմնի ընդհանուր սառեցումը կյանքին սպառնացող վիճակ է, երբ մարդու մարմնի ջերմակարգավորման համակարգն անկարող է ապահովել մարմնի նորմալ ջերմաստիճանը, և ամբողջ մարմինը սկսում է սառել։
Մարմնի խոռոչները մարմնի մեջ գտնվող տարածություններն են, որոնցում գտնվում են ներքին օրգանները։
Մաշկն ամուր, առաձգական թաղանթ է, որը պատում է մարդու մարմնի մակերեսը։
ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուս) վարակը հարուցվում է ՄԻԱՎ-ի կողմից, որն ախտահարում է մարմնի իմուն (անընկալության) համակարգը և կտրուկ բարձրացնում ընկալունակությունը տարբեր վարակների և չարորակ ուռուցքների նկատմամբ։
Միզապարկը մկանային պարկ է, որտեղ կուտակվում է մեզը։ Միզապարկը կծկվելով՝ դուրս Է մղում մեզը միզուկով։
Մկանների ու ջլերի ձգումը և պատռվածքը վնասվածք է, որը առաջանում է մկանների չափից դուրս պրկումից, կտրուկ և ուժեղ կծկումից կամ արտաքին ուժի ազդեցության հետևանքով։
Ն
Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են անմիջապես արյան կամ հյուսվածքների մեջ ներարկման միջոցով։
Ներծծվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մաշկի և լորձաթաղանթների միջոցով։
Ներշնչումը շնչառական շարժում Է, որի ընթացքում օդն անցնում Է թոքեր։
Ներշնչվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։
Ներքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։
Նշանները տուժածի վիճակը բնորոշող տեղեկություններն են։
Նյարդը նյարդային համակարգի այն մասն է, որով անցնում են գրգիռները։
Շ
Շաքարախտը հիվանդություն Է, որի դեպքում բջիջները չեն կարողանում յուրացնել արյան մեջ առկա շաքարը։
Շոկը մարմնի ընդհանուր պատասխանն է վերսահմանային արտաքին ազդակին, որը հանգեցնում է կենսական կարևոր օրգանների անբավարար արյունամատակարարման, թթվածնային քաղցի և, որպես հետևանք, նրանց գործունեության խանգարումների։
Շնչափողը խողովակ Է, որը միացնում Է վերին շնչուղիները բրոնխներին։
Շնչառության կանգը վիճակ է, երբ տուժածը դադարում է ինքնուրույն շնչել։
Շնչառությունը մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է։
Շնչահեղձությունը օդի անբավարարության զգացումն է։
Շնչուղիներն ուղիներ են, որոնցով օդն արտաքին միջավայրից անցնում է թոքեր։
Շնչուղիների խցանումը շնչառական ուղիների լրիվ կամ մասնակի փակումն է, որի հետևանքով խանգարվում է օդի անցումը թոքեր։
Ո
Ոսկրը կմախքը ձևավորող օրգան է, որի հիմնական մասը կազմված է ամուր, պինդ հյուսվածքից։
Ողները ողնաշարը կազմող ոսկրերն են։
Ողնաշարը երկար, շարժուն ոսկրային սյուն է, որը սկսվում է գանգի հիմից և վերջանում պոչուկով։ Ողնաշարային խողովակում գտնվում է ողնուղեղը։
Ողնուղեղը կենտրոնական նյարդային համակարգի մի մասն է, որը գտնվում է ողնաշարի խողովակում և հիմնականում իրականացնում է կապը գլխուղեղի և ծայրամասային նյարդային համակարգի միջև, ինչպես նաև ունի իր սեփական կարգավորող կենտրոնները։
Պ
Պատգարակը միջոց է, որը նախատեսված է տուժածին տեղափոխելու համար։
Պատռած վերքերը անհարթ եզրերով վերքերն են։
Պատվաստումը վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ապահով միջոց է, որն իրենից ներկայացնում է հիվանդության սպանված կամ թուլացված հարուցիչների, երբեմն էլ՝ նրանց արտադրած թուլացված թույների ներմուծում մարդու մարմին։
Պոկած վերքերը փափուկ հյուսվածքների հատվածի մասամբ կամ ամբողջովին պոկումով ուղեկցվող վերքերն են։
Պորտալարը արյունատար անոթներից կազմված ճկուն պարանի նման գոյացություն է, որով արյունը գնում է պտղից դեպի ընկերք և հակառակը։
Պորտալարի արտանկումը պտղի՝ ծննդաբերական խողովակից դուրս գալուց առաջ հեշտոցից պորտալարի հատվածի դուրս գալն է։
Պսակաձև անոթները սրտամկանը սնուցող արյունատար անոթներն են։ Պտղապարկը պտղաջրերով լցված փակ պարկ է, որը շրջապատում և պաշտպանում է պտուղը։
Պտղի շրջված դիրքը պտղի այն դիրքն է, երբ ծննդաբերության ժամանակ պտուղը դուրս է գալիս հետույքով կամ ոտքերով։
Պնևմոթորաքսը օդի առկայությունն է թոքամզային (պլևրալ) խոռոչում, ինչի հետևանքով թոքը ճնշվում ու թորշոմում է՝ առաջացնելով շնչառության դժվարացում:
Ջ
Ջերմատվությունը մարմնի ջերմության փոխանցումն է արտաքին միջավայրին։
Ջերմարտադրությունը մարմնում ջերմության առաջացումն է։
Ջերմային հարվածը կյանքին սպառնացող վիճակ է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում է մարմնի ջերմակարգավորման համակարգը։
Ջերմային հյուծումը շոկի տեսակ է, որը զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազրկումից։
Ջերմային ցնցումները կմախքային մկանների ցավոտ կծկումներն են, որոնք սովորաբար առաջանում են շոգ պայմաններում ֆիզիկական աշխատանք կատարելիս։
Ջիլը մկանի հատվածն է, որով այն ամրանում է ոսկրին։
Ջրազրկումը վիճակ է, որը զարգանում է մարմնի հեղուկի և աղերի մեծ քանակի կորստի հետևանքով։ Այն կարող է լինել երկարատև լուծի, բազմակի փսխումների, առատ քրտնարտադրության, տարածուն այրվածքների հետևանքով։
Ջրհեղեղը գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է։
Ջնջխված վերքերը փափուկ հյուսվածքների տարածուն ճզմումով և վնասումով ուղեկցվող վերքերն են։
Ս
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) հիվանդ մարդուց առողջին սեռական հարաբերությունների ժամանակ փոխանցվող հիվանդություններն են։
Սեռական օրգանները մարդու վերարտադրումն ապահովող օրգաններն են։
Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի տեղեր են, որտեղ կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին՝ դրանով իսկ խիստ նվազեցնելով մարմնի համապատասխան մասում արյան շրջանառությունը։
Սուր որովայնը որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների կամ բորբոքման հետևանքով առաջացած հիվանդագին վիճակն է, որի դեպքում տուժածը կարիք ունի անհետաձգելի վիրաբուժական միջամտության։
Սիրտը կրծոսկրի հետևում տեղակայված մկանային խոռոչավոր օրգան է, որը մղում է արյունն ամբողջ մարմնով։
Ստերիլ վիրակապական նյութերը հատուկ մշակում անցած, վարակազերծված վիրակապական նյութերն են:
Ստամոքսը մարսողական խողովակի լայնացած մասն է, որտեղ տեղի է ունենում սննդի մեխանիկական և քիմիական մշակումը։
Ստոծանին գմբեթաձև մկան է, որը բաժանում է կրծքավանդակի և որովայնի խոռոչները, և որի կծկման շնորհիվ մեծանում է կրծքավանդակի ծավալը:
Սրտային անբավարարությունը վիճակ է, երբ սրտամկանը անբավարար է կատարում արյան մղիչի դերը և չի կարողանում բավարար քանակով արյուն մղել դեպի անոթներ։
Սրտամկանի ինֆարկտը սրտամկանի որևէ հատվածի սնուցման դադարեցման հետևանքով այդ հատվածի բջիջների մեռուկացումն է:
Սրտանոթային հիվանդությունները սրտի և արյունատար անոթների ախտահարմամբ ընթացող հիվանդություններն են։
Սրտի աշխատանքի և շնչառության վերականգնումը (ՍԱՇՎ) սրտի և շնչառության կանգի դեպքում կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթների համակարգով։
Սրտի կանգն իրավիճակ է, երբ սրտամկանը դադարում է կծկվել և արյուն մղել դեպի անոթներ։
Վ
Վարակումը հարուցչի ներթափանցումն է մարդու մարմին։
Վարակիչ հիվանդությունը տարբեր ախտածին մանրէների մարմին ներթափանցման և նրանց կենսագործունեության հետևանքով զարգացող հիվանդությունն է։
Վաղաժամ ծնունդը ծննդաբերությունն է՝ հղիության 28-ից մինչև 38-րդ շաբաթվա ընթացքում։
Վերքը փափուկ հյուսվածքների վնասվածք է, որն ուղեկցվում է մաշկի և լորձաթաղանթների ամբողջականության խախտումով։
Վիժումը հղիության ընդհատումն է, որը տեղի է ունենում հղիության առաջին շաբաթից մինչև 28-րդ շաբաթն ընկած ժամանակահատվածում։
Վիրակապական նյութերը միջոցներ են, որոնք օգտագործվում են վերքից արյունը և այլ հեղուկները ներծծելու, արյունահոսությունը դադարեցնելու, վերքը վարակից պաշտպանելու, ինչպես նաև մարմնի վնասված մասն անշարժացնելու նպատակով։
Վիրակապը վնասված մասում տեղադրված և ամրացված վիրակապական նյութերն են։
Վտանգավոր նյութերը բոլոր այն նյութերն են, որոնք կյանքի համար վտանգ են ներկայացնում։
Վնասակար սովորություններն առողջության համար վտանգավոր սովորություններ կամ մոլություններ են, օրինակ՝ ծխախոտամոլությունը, թմրամոլությունը, թունամոլությունը, ալկոհոլամոլությունը և այլն։
Տ
Տեսակավորումը բազմաթիվ տուժածների դասակարգումն է ըստ օգնության ցուցաբերման առաջնահերթության։
Տենդը մարմնի ընդհանուր պատասխան ռեակցիան է ախտահարմանը, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ՝ 38°C–ից բարձր։
Տուժածն այն անձն է, որն առաջին օգնության կարիք ունի։
Ց
Ցրտահարումը ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով հյուսվածքների տեղային վնասումն Է։
Ցնցումային նոպան վիճակ Է, որն ուղեկցվում Է մկանների անկառավարելի կծկումներով և գիտակցության խանգարումներով։
Ու
Ուժեղ արյունահոսությունը կարճ ժամանակում մեծ քանակությամբ արյան կորուստն է։
Ուղղակի ճնշումը, արյունահոսության դադարեցման նպատակով, վերքի անմիջական սեղմումն է։
Ուշագնացությունը գլխուղեղի արյունամատակարարման կարճատև նվազման հետևանքով զարգացող գիտակցության կորուստն է։
Փ
Փաթույթային վիրակապը բամբակյա կամ արհեստական մանրաթելերից պատրաստված ժապավենի փաթույթ է։
Ք
Քերծված վերքը մաշկի և լորձաթաղանթների մակերեսային վնասվածքն Է։
Օ
Օտար մարմինը վերքի մեջ գտնվող առարկան է։
Օղակված ճողվածքը ճողվածքապարկի պարունակության ճմլումն է, որի հետևանքով խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը, և հնարավոր է դրանց մեռուկացում։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն