Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. գլխուղեղի արտերիո-վենոզ մալֆորմացիայի էմբոլիզացիա

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. գլխուղեղի արտերիո-վենոզ մալֆորմացիայի էմբոլիզացիա

«Էրեբունի» բժշկական կենտրոնում, երիտասարդ նյարդավիրաբույժ Դավիդ Սահակյանի ղեկավարությամբ, օրերս կատարվել է եզակի վիրահատություն` գլխուղեղի արտերիովենոզ մալֆորմացիայի ներանոթային էմբոլիզացիա: Հիվանդության, դրա դրսևորումների, բուժման մեթոդների և կատարված վիրահատության մասին զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ Դավիդ Սահակյանի հետ:

–   Ի՞նչ է գլխուղեղի արտերիովենոզ մալֆորմացիան և ինչի՞ կարող է հանգեցնել:

–   Գլխուղեղի արտերիովենոզ մալֆորմացիան (ԱՎՄ) գլխուղեղի անոթային արատ է, որն իրենից ներկայացնում է ախտաբանական անոթների կծիկ, որի միջոցով զարկերակային արյունն անմիջապես անցնում է երակային համակարգ: Այդ ընթացքում բաց է թողնվում արյան շրջանառության մազանոթային փուլը: Արտերիովենոզ մալֆորմացիայի հետ կապված խնդիրներից մեկը նրա պատռման հավանականությունն է, որը կարող է բերել ներգանգային արյունազեղման: Կծիկը կարող է նաև ցնցումների պատճառ դառնալ, հատկապես, եթե մոտ է գտնվում ուղեղի կեղևին: ԱՎՄ կարող է առաջացնել նաև դեպի նորմալ ուղեղային հյուսվածք արյունհոսքի նվազեցում՝ ի հաշիվ կողոպտման ֆենոմենի, քանի որ արյունը զարկերակից դեպի ուղեղի հյուսվածք հոսելու փոխարեն ԱՎՄ միջոցով դուրս է բերվում երակային համակարգ:

–   Խոսենք, մասնավորապես, այս դեպքի մասին. ի՞նչ դրսևորում ուներ արտերիովենոզ մալֆորմացիան տվյալ հիվանդի դեպքում և ախտորոշիչ ի՞նչ փուլ անցավ:

–   Մեզ է դիմել 32 տարեկան պրակտիկորեն առողջ տղամարդ, որի հիմնական գանգատներն էին գլխապտույտը և պարբերաբար առաջացող գլխացավերը: Այս գանգատների կապակցությամբ կատարվել էր գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն, որի օգնությամբ հայտնաբերվել էր գլխուղեղի ձախ գագաթային բլթի շրջանի արտերիովենոզ մալֆորմացիա: «Էրեբունի» բժշկական կենտրնում կատարվեց ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա, որով հաստատվեց ախտորոշումը և մանրամասնորեն ուսումնասիրվեց ախտաբանական անոթային գոյացության կառուցվածքային առանձնահատկությունը: Այս էտապում կատարվեց անցում ախտորոշիչ միջոցառումներից դեպի բուժական ռազմավարության ընտրութուն:

–   Ի՞նչ է ենթադրում հիվանդության բուժումը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. գլխուղեղի արտերիո-վենոզ մալֆորմացիայի էմբոլիզացիա

–   Ամբողջ աշխարհում այս հիվանդության բուժումը բժիշկների համար քննարկումների առիթ է: Ներկայումս արտերիովենոզ մալֆորմացիաների բուժման համար օգտագործում են 3 հիմնական մեթոդ՝ բաց վիրաբուժական հեռացում, էնդովասկուլյար էմբոլիզացիա և ճառագայթային բուժում: Հաճախ կիրառվում է այս մեթոդների տարբեր համակցումներ: Բաց վիրաբուժական հեռացման դեպքում կատարվում է գլխի փափուկ հյուսվածքների կտրվածք, գանգի տրեպանացիա և վիրաբուժական ճանապարհով հեռացվում է ԱՎՄ հանգույցը: Այս դեպքում բավականին բարձր է արյունահոսության վտանգը , քանի որ ԱՎՄ իրենից ներկայացնում խիստ անոթավորված գոյացություն: Էնդովասկուլյար ճանապարհով բուժման դեպքում ԱՎՄ հանգույցը ներանոթային ճանապարհով խցանվում է հատուկ էմբոլիկ ագենտներով: Ցավոք, այս դեպքում երբեմն չի հաջողվում հասնել ԱՎՄ հանգույցի ամբողջական էմբոլիզացիայի: Ճառագայթային բուժման դեպքում ԱՎՄ հանգույցի ախտահարված անոթները ճառագայթումից հետո աստիճանաբար խցանվում են, սակայն բուժման արդյունքները երևում են միայն 1-3 տարվա ընթացքում: Այս մեթոդի կիրառումն արդյունավետ է միայն փոքր արտերիովենոզ մալֆորմացիաների դեպքում: Հաշվի առնելով վերը նշված մեթոդներից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները, ներկայում հաճախ կիրառվում է, այսպես կոչված, համակցված բուժումը: Օրինակ, բաց վիրաբուժական հեռացումից առաջ կատարվում է ԱՎՄ հանգույցի էմբոլիզացիա ներանոթային ճանապարհով՝ արյունահոսության վտանգը նվազեցնելու համար, կամ կատարվում է ներանոթային էմբոլիզացիա, որից հետո՝ ԱՎՄ փոքր մնացորդի ճառագայթային բուժում:
Մեր հիվանդի պարագայում, հաշվի առնելով արտերիովենոզ մալֆորմացիայի առանձնահատկությունները, հիվանդի տարիքը, կյանքի ընթացքում ԱՎՄ պատռման ռիսկը, ինչպես նաև հիվանդի ցանկությունը՝ խուսափել բաց վիրաբուժական միջամտությունից, նախապատվությունը տրվեց մինիմալ ինվազիվ եղանակին: Երկրորդ բժշկական կարծիք ունենալու նպատակով մենք նաև դիմեցինք ԱՄՆ մեր գործընկերներին և՝ համատեղ խորհրդատվությունների ընթացքում, որոշում ընդունվեց իրականացնել ԱՎՄ էնդովասկուլյար էմբոլիզացիա:

–   Եթե փորձեք ավելի մատչելի բացատրել՝ ինչ է էմբոլիզացիան և ինչպե՞ս է այն ազդում արտերիովենոզ մալֆորմացիայի վրա:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. գլխուղեղի արտերիո-վենոզ մալֆորմացիայի էմբոլիզացիա–  Արտերիովենոզ մալֆորմացիաների ներանոթային էմբոլիզացիայի համար մենք կիրառում ենք հատուկ հեղուկ էբոլիկ ագենտ, որը կոչվում է Օնիկս: Ներկայում այն  ամբողջ աշխարհում՝ էմբոլիկ ագենտների շարքում, համարվում է լավագույնը արտերովենոզ մալֆորմացիաների համար: Օնիկսն իր յուրահատուկ քիմիական բաղադրության շնորհիվ՝ հայտնվելով անոթի մեջ և շփվելով արյան հետ, հեղուկից անցնում է պինդ վիճակի, լցնելով և խցանելով անոթները: Ներարկելով Օնիկսը՝ ԱՎՄ հանգույցի մեջ դադարեցվում է ախտաբանական անոթների միջով արյան հոսքը, ինչը վերացնում է վերջիններիս պատռման հավանականությունը, պուլսացիան և արյան կողոպտումը ուղեղային հյուսվածքից: Ի դեպ, նշված եղանակը կիրառվում է նաև անոթավորված ուռուցքների նախավիրահատական էմբոլիզացիայի համար, ինչը խիստ նվազեցնում է ուռուցքների վիրաբուժական հեռացման ընթացում արյունահոսության վտանգը՝ նպաստելով վիրահատության բարենպաստ ելքին:

–   Ինչպե՞ս ընթացավ տվյալ հիվանդի վիրահատությունը: Խնդրե՛մ, ավելի մանրամասն գործընթացի մասին…


– Վիրահատությունն իրականացվում է հատուկ անգիոգրաֆիկ վիրասրահում և հատուկ պատրաստված մասնագետների թիմի կողմից: Հարկ եմ համարում նշել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը զինված է վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքով, որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Այն հնարավորություն է ընձեռում միաժամանակ վիզուալիզացիան կատարել 2 տարբեր պրոեկցիաներով, ինչը շատ կարևոր է հատկապես արտերիովենոզ մալֆորմացիայի դեպքում: Դա կարևոր է, քանի, որ էմբոլիզացիայի ժամանակ անհրաժեշտ է, որ էմբոլիկ ագենտը հոսի միայն ախտաբանական անոթային կծիկի մեջ, քանի որ, եթե այն հոսի հետ՝ դեպի նորմալ անոթները, կառաջանա իշեմիկ կաթվածի վտանգ, իսկ ավելի հեռու տանող երակներ հոսելու դեպքում խիստ կբարձրանա արյունազեղման ռիսկը:
Միջամտությունը սկսվում է, սովորաբար, աջ աճուկային շրջանում ազդրային զարկերակի կաթետերիզացիայից: Այնուհետև, մուտք գործելով ներանոթային տարածություն հատուկ գործիքների՝ կաթետերների, օգնությամբ մենք բարձրանում ենք վեր և մտնում գլխուղեղը սնուցող անոթների մեջ: Օգտագործելով միկրոգործիքներ՝ սելեկտիվ կաթետերիզացիայի են ենթարկվում ԱՎՄ սնուցող առանձին զարկերակային ճյուղերը՝ պարզելու համար, թե որ ճյուղն է առավելագույն սնուցում տալիս հանգույցին: Մեր պացիենտի մոտ ԱՎՄ սնուցվում էր 3 զարկերակներով, որոնք սկիզբ էին առնում 2 տարբեր անոթային ավազաններից: Ընտրված անոթային ճյուղի օգնությամբ մոտեցանք ԱՎՄ հանգույցին և կատարեցինք հանգույցի էմբոլիզացիա Օնիկս հեղուկ էմբոլիկ ագենտով: Մեզ հաջողվեց հասնել ԱՎՄ հանգույցի գրեթե ամբողջական էմբոլիզացիայի:

 

Շատ կարևոր է նշել, որ համագործակցությունը ԱՄՆ մեր գործընկերերի հետ չի ավարտվել միայն խորհրդատվությամբ: Օգտագործելով տելեկոմունիկացիայի ժամանակակից միջոցները, մեր վիրահատության ողջ ընթացքում մենք եղել ենք կապի մեջ ԱՄՆ մեր հայրենակից, փորձառու նեյրոինտերվենցիոնիստ բժիշկ Միքայել Գրիգորյանի հետ: Մենք շատ կարևորում ենք բժիշկ Մ. Գրիգորյանի մասնակցությունը մեր գործին և հայտնում նրան մեր խորին շնորհակալությունը:


Քանի որ նշված միջամտությունն ընթանում է առանց կտրվածքի և վիրահատական մեծ տրավմայի, հիվանդը հետվիրահատական երկրորդ օրը դուրս է գրվել հիվադանոցից՝ առանց որևէ գանգատի:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ: 

-    Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և  ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար,  և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող: 


-    Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

-    Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող

-    Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:

-    Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ