Բժիշկներ
«Հայրենիքի նվիրյալները`1991-1994» շարքից` անեսթեզիոլոգ Վարուժան Հովհաննեսի Հակոբյան
«Ես այնտեղ հասկացա, որ մարդ պետք է ապրի պարզ ճակատով, վախկոտ, խաբեբա չլինի, պետք է ճիշտ ապրել, կյանքի ճիշտ օրենքներով և վերջ…»
Ինչո՞ւ որոշեցիք բժիշկ դառնալ
Միջին դասարաններից արդեն բժիշկ դառնալու մտահղացումը կար, բայց դա որոշում էր, թե` ոչ, դժվար է ասել: Հետո դա շատ դժվարությամբ իրագործվեց:
Միշտ շատ լավ եմ սովորել և՛ դպրոցում, և՛ ինստիտուտում: Արդեն չեմ հիշում, թե ինչու էի ուզում բժիշկ դառնալ: Եղբայրս էր բժիշկ, հեռու ազգական բժիշկներ ունեինք…
1994-99 թ.թ. աշխատել եմ զինվորական հոսպիտալում, որից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոնում եմ աշխատում:
Հայրենիք, ազգային արժեքներ. ի՞նչ են Ձեզ համար
Ես միշտ հայամետ, ազգամետ եմ եղել, ազգային արժեքները միշտ վեր եմ դասել: Անգամ դժվար տարիներին երբեք մտքովս չի անցել ուրիշ երկիր մեկնել: Հնարավորություն եմ ունեցել ԱՄՆ, Ռուսաստան գնալու, ընկերներ ունեի, որ գնացին այլ երկրներ և ինձ էլ էին առաջարկում գնալ: Ընտանիքս ռուսախոս էր, ինքս էլ ռուսական դպրոց եմ ավարտել, բայց դա բոլորովին չի նպաստել ավելի պակաս ազգասեր լինել:
Ծնվել եմ Ադրբեջանում, Կիրովաբադում, այնտեղ ապրել եմ 5 տարի: Իմ բոլոր ազգականները 1988-ին այնտեղից Ռուսաստան մեկնեցին: Հնարավորություն կար` Ռուսաստանում հաստատվելու:
Մայրս Գետաշենից է, հայրս՝ Բանանց գյուղից: Երևի այդտեղից է եկել իմ ներքին կապն Արցախի հետ:
Ի՞նչ հոբբիներ ունեք…
Շատ էի սիրում ֆուտբոլ խաղալ, սպորտով զբաղվել եմ դեռևս երիտասարդ տարիքից` մինչև 45 տարեկանը: Շատ էմ սիրում հայրենասիրական երգեր, Արթուր Մեսչյանի, Ռուբեն Հախվերդյանի երգերը:
Երբ սկսվեց շարժումը… երկրաշարժ… պատերազմ…
Երկրաշարժի ժամանակ ես աշխատում էի Լենինականում. մինչև 1992 թվականը Ամասիայի շրջանում եմ աշխատել: …Այդ ժամանակ տանից դուրս էի եկել և հիվանդանոցում էի: Հիվանդանոցը չէր փլվել, բայց, որտեղ ապրում էի՝ ավերակ էր դարձել: Փաստորեն… փրկվել եմ: Ամեն բան իմ աչքի առաջ է եղել՝ ավերվածություններ, զոհեր: Դա շատ մեծ սթրես էր, և այդ տեսարանները դեռ իմ մեջ են:
Սկզբում փրկարարների հետ էի աշխատում, հետո, երբ շրջանից վերադարձա, մի քանի ամիս անց գնացի Արցախ, պատերազմ:
Շարժման սկզբում մասնակցում էի հանրահավաքներին, այդ ժամանակ վերջին կուրսի ուսանող էի:
1992-ին որոշեցի գնալ Արցախ, բայց արդեն համալրված էր տվյալ ծառայության կազմը՝ վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, և ինձ ընդամենը գրանցեցին: Կանչեցին 1993-ին:
Ես հայկական բանակի սպա էի: Մենք Հորադիզում էինք: Հոսպիտալն առաջնագծում էր: Առաջին 2 ամիսը առաջնագծի բուժկետում էի, հետո, երբ կարիք եղավ, գնացի Հադրութի հոսպիտալ, Ֆիզուլիի շրջան: Գնդի հրամանատարը Արթուր Աղաբեկյանն էր:
Մինչև հրադադարը գրեթե այնտեղ եմ եղել: Հրադադարից 10 օր առաջ, հոսպիտալի լուծարումից հետո, Գորիս գնացի, հետո տեղափոխվեցի կենտրոնական հոսպիտալ: Հրադադարից հետո հոսպիտալում երկար աշխատեցի, զորացրվեցի 1999-ին:
Երբ գնում էիք, պարզ էր, որ վտանգում էիք Ձեր կյանքը…
Իհարկե՛, ինչ խոսք: Գնալ նշանակում էր՝ պատրաստ լինել ամեն բանի… Բայց այդ օրերին անգամ ժամանակ չկար նման բաների մասին մտածելու:
Երիտասարդ էի՝ 30 տարեկան, բոլորս էլ երիտասարդ էինք: Վախի և տագնապի զգացում լինում էր միայն, երբ վտանգավոր վիճակ էր ստեղծվում: Ներքին անհանգստություն, բնական է, լինում էր, բայց մենք աշխատանքը չէինք կարող դադարեցնել և շարունակում էինք աշխատել: Աշխատանքով զբաղված չէինք էլ մտածում: Էքստրեմալ պայմաններում մարդիկ ինչ-որ ներքին ուժով են ասես լցվում: Գուցե առաջին 2-3 շաբաթն է հոգեբանորեն դժվար, բայց հետո …
Երբ կրակոցները, պայթյունները, ինքնաթիռների թռիչքները դադարում էին, նոր միայն սկսում էինք մտածել տան, առօրյայի մասին:
Ընտանիքը տեղյակ էլ չէր, թե որտեղ եմ, ինչ եմ անում, ոչինչ չէին պատկերացնում: Կապ չկար: Ես ամիսը մեկ անգամ էի զանգահարում, երբ 2 օրով գնում էի Գորիս և ասում էի՝ ամեն բան նորմալ է:
Հոսպիտալի առօրյան…
Հոսպիտալը կազմավորված էր մի ադրբեջանցու տանը: Միահարկ սեփական տուն էր՝ սենյակներից մեկը վիրահատարանն էր, մյուսը՝ հետվիրահատարանը, մեկ ուրիշը՝ ննջարանը, մի սենյակն էլ՝ ճաշասենյակը: Հոսպիտալի պետը Տարոն Տոնոյանն էր:
Ծանրաբեռնվածությունը պարբերական էր՝ երբ ակտիվ գործողություններ էին, շատ ծանրաբեռնված էինք լինում: Օրն այնքան շուտ էր անցնում՝ վիրահատություններ, վիրահատություններ, վիրահատություններ…
Իսկ երբ ակտիվ գործողությունները մի փոքր դադարում էին, այդ ժամանակ դարձյալ ծանրաբեռնվածություն կար, կրկին պատահական վիրավոր էին բերում, վիրավորներ միշտ կային:
Մենք զենքով էինք, որպեսզի, երբ պետք լինի, նաև կռվի մեջ մտնենք, քնելիս զենքը բարձի տակ էինք դնում: Շատ էինք առաջնագծին մոտ, ցանկացած պահի կարող էր շրջափակում լինել: Հադրութն ավելի հեռու էր առաջնագծից:
Մենք վիրավորներին օգնություն էինք ցույց տալիս և ուղարկում Հադրութ կամ Ստեփանակերտ:
Այդ տարիներն ի՞նչ փոխեցին Ձեր մեջ
Հոգեբանորեն փոխվեցի, արժեքներն էլ փոխվեցին:
Պատերազմական պայմաններում կյանքի իմաստը բավականին փոխվում է, շատ բաներ, որ նախկինում կարևոր էին, դառնում են արդեն ոչ էական: Ես այնտեղ հասկացա, որ մարդ պետք է ապրի պարզ ճակատով, վախկոտ, խաբեբա չլինի, ճիշտ է պետք ապրել, կյանքի ճիշտ օրենքներով և վերջ… Պետք չէ մեծ-մեծ նպատակներ դնել՝ նյութական, ֆինանսական…. Դա պարզապես անիմաստ է:
Ավելի լավ է մտածել օգնելու, բարության մասին:
Այնտեղ իսկական ընկերություն էր, երբ համեմատում եմ քաղաքի ընկերության հետ; Այնտեղի ընկերությունն ուրիշ էր, ջերմությունը մինչև այսօր կա, եթե հաճախ չենք էլ հանդիպում, միևնույն է, հոգով միասին ենք:
Մենք իրար փոխարինում էին, ասենք, Սուրիկը (Սուրեն Ինանցը) գիշերները չէր կարողանում աշխատել, գիշերները ես էի աշխատում, ցերեկը` քնում: Պետք էր լինում մի 2 օրով մեկին տեղ գնալ, փոխարինում էինք իրար: Եվ, ընդհանրապես, այդ պայմաններում բոլորը հարազատ են դառնում:
Գևորգ Գրիգորյանն էլ էր մեզ հետ: Գևորգն, իհարկե, իր տեսակով, անձնուրացությամբ առանձնանում էր մեր մեջ. մենք երիտասարդ էինք, ինքն` ավելի հասուն: Մեզ համար Գևորգն օրինակ էր: Գևորգի նման հերոսներ շատ քիչ կային: Իր մոտեցումներն այլ էին, մենք դեռ կյանքի փորձ չունեինք, դեռ ձևավորվում էինք որպես մարդ:
Ճիշտ է դա ազգի համար դժվար շրջան էր, բայց ինձ համար այդ տարիները շատ լուրջ, բեկումնային տարիներ էին` կայանալու տեսակետից, որպես` մարդ, որպես` մասնագետ:
Ես շատ հպարտ եմ, որ գնացել եմ:
Հիշողություններ…
Հիշողությունները շատ են, շատ ջերմ: Ամենավառը վերջին օրն է, երբ հրադադար էր և արդեն պետք է անձնակազմով հոսպիտալից հեռանայինք: Այնքան էինք կապվել, որ այդ հրաժեշտը՝ անձնակազմի, տեղացիների հետ, շատ սրտաճմլիկ էր:
Ամենավատ օրերը…
Ամենավատ, տագնապալից օրերն էին, երբ առաջնագիծը ճեղքվելու վիճակ էր ստեղծվում: Դա երկու անգամ է եղել: Գույքը սկսում էինք հավաքել, հետո ասում էին՝ դադարեցնել:
Տպավորված դեպքեր…
Շատ տպավորվել է մի դեպք. մի ադրբեջանցի` 18 տարեկան, գերի էին բերել` վիրավոր: Եվ զարմացել էի նրա նկատմամբ Գևորգ Գրիգորյանի վերաբերմունքով: Դա արտառոց մի բան էր. Գևորգը վիրահատեց նրան, ամեն տեսակի օգնություն և խնամք էր ցուցաբերում, եթե մեկն ուզում էր նեղացնել՝ սաստում էր: Ես երիտասարդ էի, և դա ինձ համար շատ տարօրինակ էր: Ինքս այդպես չէի վարվի: Դրանից հետո ես էլ սկսեցի քիչ առ քիչ խղճալ այդ զինվորին:
Ինչո՞ւմ է հայկական բանակի ուժը…
Այդ տարիներին անպիսի հզոր մարդկանց եմ հանդիպել: Եվ հասարակ կամավորական ջոկատների տղաներն էին ինքնազոհ կռվում: Հասարակ զինվորն էլ ղեկավարվում էր նրանց միջոցով:
Ընդհանրապես, զինվորական սպաները կադրային լեյտենանտներից լավ էին պատերազմում, շատ հմուտ էին:
Այնպես որ, որքան էլ Ադրբեջանը զինվում է, պետք չէ վախենալ: Կարևորը մարդկային գործոնն է, որովհետև զինվելուց հետո կռվել է պետք:
Շատ դեպքեր գիտեմ, երբ ծնողները գալիս էին իրենց երեխաներին տանելու, տղաները չէին գնում: Ասում էին՝ ընկերս այստեղ է, չեմ թողնի նրան:
Բայց, իհարկե, վատերն էլ կային: Նման մարդիկ այս կյանքում էլ են դժվարությունից խուսափում: Այնտեղ, թե այստեղ, այդպիսիները նույնն են: Օրինակ, արցախցի բուժծառայության պետ կար, ով ոչ մի օր չեկավ: Նա այսօր, առօրյայում էլ պետք է փախչի ծանր հիվանդից, ինքն իրենից, դա մարդու էության խնդիր է:
Այնտեղ երևում է, թե ով` ով է:
Եղել է ժամանակ, երբ իրավունք եմ ունեցել մեկ շաբաթով գնալ և այլևս չգալ: Այնտեղ ասում էին՝ «իջնել», իսկ ես չէի «իջնում»: Այնտեղ ամեն բան երևում է, այնտեղ չես կարող դեմքդ թաքցնել:
Ադրբեջանցիների մեջ ապրելը որևէ վերաբերմունք ձևավորե՞լ է Ձեր ընտանիքի անդամների մեջ նրանց նկատմամբ:
Մենք ընտանիքով Ադրբեջանում ապրելիս միշտ զգույշ ենք եղել: Մեր մեծերն ասում էին, որ մեր միջև դարավոր թշնամանք կա, որ թուրքը՝ թուրք է, և զգուշանալ է պետք: Դա կար: Բայց եղել են հատուկենտ դեպքեր, երբ թուրք հարևաններն օգնել են հայերին: Ցավոք, հատուկենտ…
Եթե նորից…
Նորից 1916-ին գնացել եմ: Իհարկե, դա ռազմական կենտրոնի ահազանգով էր, բայց մեր ընկերներով էինք հավաքվել: Մեզ հետ էր նաև Միքայելը: Ընկերներս կամավոր էին եկել: Գնացինք, բայց չեմ ասի, թե ուր…. ռազական գաղտնիք է: Կրկին կազմավորել ենք դաշտային հոսպիտալ: Փառք Աստծո, շուտ վերջացավ:
Այնտեղ տեսա այնպիսի մարդկանց, ինչպիսին այն ժամանակ էի տեսել: Բոլորն էլ պատրաստակամ էին` ցանկացած պահի:
Եվ եթե պետք լինի՝ իմ պատասխանը ևս պարզ է:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն