...
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
Քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունները (ՔՈՎՀ) լուրջ մարտահրավեր են ողջ աշխարհում առողջապահական համակարգերի համար։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, 2022 թվականին ՔՈՎՀ-ը եղել է աշխարհում մահացության հիմնական պատճառը՝ կազմելով բոլոր մահվան դեպքերի 74%-ը (մոտ 41 միլիոն մարդ): Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականն այս ցուցանիշը կհասնի 86%-ի՝ հանգեցնելով տարեկան մոտ 90 միլիոն մահվան դեպքի։
Հայաստանում ՔՈՎՀ-ից մահացությունը 2021 թվականին կազմել է ընդհանուր մահերի 80%-ը՝ առաջին տեղում սիրտանոթային հիվանդություններն էին, որոնք դարձել են բոլոր մահերի 54%-ի պատճառ:
Գարնան ամիսներին ՔՈՎՀ-ի սրացումների հաճախականությունը զգալիորեն աճում է, ինչը հանգեցնում է հոսպիտալացումների թվի ավելացման, առողջապահական ծախսերի բարձրացման և հիվանդների կյանքի որակի վատթարացման։
ՔՈՎՀ-ի գարնանային սրացումները պայմանավորված են մի շարք գործոններով․
- Ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխություններ․ Կլիմայական տատանումները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում սիրտանոթային համակարգի համար՝ առաջացնելով անոթային ռեակցիաներ և բացասաբար ազդելով գլխուղեղի արյան շրջանառության վրա։
- Վիտամինային անբավարարություն և իմունային համակարգի թուլացում․ Ձմռան ամիսներին վիտամինների և հանքանյութերի անբավարար ընդունումը նպաստում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների թուլացմանը՝ նվազեցնելով դիմադրողականությունը վարակների նկատմամբ։
- Վիրուսային և բակտերիալ վարակների տարածվածության աճ․ Գարնանը բարձրանում է սուր շնչառական վարակների տարածվածությունը, ինչը հատկապես վտանգավոր է թուլացած իմունային համակարգ ունեցող անձանց համար։ Հանաձայն իրականացված հետազոտության արդյուքների, շնչառական վարակները քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդության (ՔՕԹՀ) սրացումների 75%-ի պատճառն են։
- Բույսերի ծաղկում. Բույսերի ծաղկման և օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով մթնոլորտում կտրուկ մեծանում է ծաղկափոշու, փոշու և այլ ալերգենների պարունակությունը, ինչը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, բրոնխիալ ասթմայի ու այլ շնչառական հիվանդությունների սրացումներ:
- Ֆիզիկական ակտիվության փոփոխություն․ Գարնանը շատերը սկսում են ավելի ակտիվ կենսակերպ վարել, սակայն նախապատրաստվածության բացակայության դեպքում դա կարող է բարձրացնել սիրտանոթային բարդությունների ռիսկը՝ հատկապես իշեմիկ հիվանդություն ունեցող հիվանդների շրջանում։
Գարնան ամիսներին սրացող քրոնիկական հիվանդությունների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում՝
Մարսողական համակարգի հիվանդությունները, այդ թվում՝ քրոնիկական գաստրիտը, կոլիտը, ինչպես նաև ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունը։ Սրացումների հիմնական պատճառները կապված են իմունային համակարգի թուլացման, սննդակարգում В և С վիտամինների պակասի (որոնք կարևոր են ստամոքսի լորձաթաղանթի վերականգնման համար), ստամոքսահյութի թթվայնության ախտաբանական փոփոխությունների և սթրեսի հետ։
Բացի այդ, որոշ մարդիկ, հատկապես կանայք, գարնանը դիմում են խիստ դիետաների՝ նիհարելու նպատակով, ինչը նվազեցնում է իմունային պաշտպանությունը և նպաստում քրոնիկական սթրեսի առաջացմանը։ Վերջինս ուղեկցվում է արյան մեջ ադրենալինի մակարդակի բարձրացումով, ինչի հետևանքով վատթարանում է ստամոքսի լորձաթաղանթի բջիջների սնուցումը, որոնց մի մասը ենթարկվում է ատրոֆիայի և քայքայվում՝ առաջացնելով բորբոքման օջախներ։
Ալերգիկ հիվանդությունները․ Նրանց սրացման հիմնական պատճառներից մեկը, ինչպես նշվեց, օդում մեծ քանակությամբ ծաղկափոշու և փոշու առկայությունն է։ Հետազոտությունների տվյալների համաձայն՝ միայն այս գործոնը ՔՕԹՀ-ի և բրոնխիալ ասթմայի սրացումների հաճախականությունը բարձրացնում է 15-30%-ով։
ԱՄՆ-ում իրականացված հետազոտության համաձայն՝ ՔՕԹՀ-ի սրացումները 20-30% դեպքերում հանգեցնում են հիվանդների հոսպիտալացման անհրաժեշտության։ Մինչդեռ ծանր ընթացքով հիվանդների շրջանում կրկնակի հոսպիտալացման ցուցանիշը 30 օրվա ընթացքում հասնում է 22.6%-ի։
Մաշկային հիվանդություններ․ Գարնանը հաճախ սրվում են մաշկային պաթոլոգիաները, ինչպես օրինակ՝ փսորիազը, ատոպիկ դերմատիտը և այլ քրոնիկական հիվանդություններ։ Սրացման հիմնական գործոններն են արևի լույսի անբավարարությունը, սթրեսը և իմունային համակարգի թուլացումը, որոնք կարող են զգալիորեն ծանրացնել հիվանդությունների ընթացքը։
Բացի այդ, գարնան ամիսներին հաճախակի սրացող մարսողական համակարգի հիվանդությունները նույնպես բացասաբար են ազդում մաշկաբանական խնդիրների վրա։ Շրջակա միջավայրի ջերմաստիճանի և խոնավության կտրուկ տատանումները, ինչպես նաև օդում առկա փոշին ու ծաղկափոշին կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել՝ նպաստելով մաշկային հիվանդությունների սրացմանը։
Սիրտանոթային հիվանդություններ (ՍԱՀ). Արևային ճառագայթման ուժեղացումը և մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումները բացասաբար են ազդում մեթեոզգայուն մարդկանց, սիրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց, վեգետաանոթային դիստոնիայով հիվանդների ինքնազգացողության վրա։ ՍԱՀ ունեցող հիվանդների մոտ բարձրանում է սրտամկանի ինֆարկտի, ուղեղային կաթվածի, հիպերտոնիկ կրիզի, տախիկարդիայի և առիթմիաների առաջացման հավանականությունը։
Հոգեկան հիվանդություններ. Գարնանը օրվա լուսավոր ժամերի երկարացումն ու արևային ճառագայթման ինտենսիվության աճն ազդում են հորմոնների և նեյրոմեդիատորների արտադրության վրա, որոնք կարգավորում են մարդու տրամադրությունը, քունը և վարքագիծը։ Այս փոփոխությունները երբեմն խաթարում են նյարդաբանական հավասարակշռությունը՝ նպաստելով հոգեկան խանգարումների, այդ թվում՝ դեպրեսիայի, բիպոլյար աֆեկտիվ խանգարման, շիզոֆրենիայի, ինչպես նաև տագնապային և ֆոբիկ խանգարումների սրացմանը։
Ինչպես նշվեց, ՔՈՎՀ-ի սրացումները զգալի նվազեցնում են հիվանդների կյանքի որակի ցուցանիշները (оրինակ, ՔՕԹՀ-ի սրացումների դեպքում՝ 20%-ով): Սրացումների հետևանքով 1․5-3 անգամ բարձրանում է դեպրեսիայի զարգացման հավանականությունը։
Շատ մեծ է ՔՈՎՀ-ի սրացումների տնտեսական վնասը։ Ըստ ԱՀԿ-ի, բոլոր ՔՕԹՀ-ի համաշխարհային տնտեսական բեռը գնահատվում է տրիլիոնավոր դոլարներով, և կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականն այդ թիվը կարող է հասնել 47 տրիլիոն դոլարի:
Բոլոր ՔՈՎՀ-ի սրացումներից խուսափելու համար անհրաժեշտ է սննդակարգը հարստացնել վիտամիններով և հանքանյութերով, պահպանել առողջ կենսակերպ, խուսափել սթրեսներից և գերհոգնածությունից, հրաժարվել վնասակար սովորություններից, հաճախ գտնվել մաքուր օդում, ապահովել 8 ժամ գիշերային քուն։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է լինի չափավոր։ Անհրաժեշտ է նաև ժամանակին այցելել բժշկի, խստորեն պահպանել նշանակված դեղորայքային բուժումը։
Հիշեք, որ գարնանային սրացումները հնարավոր է կանխել, եթե նախապես ձեռնարկվեն առողջության պահպանման և կանխարգելիչ միջոցառումներ։





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն