...
ԵՊԲՀ. Կեսարյան հատման համաճարակ. վիճակագրություն, ռիսկեր և լուծման մոտեցումներ

Մի քանի տարի առաջ միջազգային «International Cesarean Awareness Network» կազմակերպությունն ապրիլ ամիսը հռչակեց կեսարյան հատման (ԿՀ) իրազեկման ամիս։
ԿՀ-ը մանկաբարձական վիրաբուժական միջամտություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը հեռացվում են արգանդից՝ արգանդի պատի վրա արհեստականորեն ստեղծված կտրվածքի միջոցով։ Այն հաճախ իրականացվում է այն դեպքերում, երբ հեշտոցային (բնական) ծննդաբերությունը կարող է վտանգ ներկայացնել մոր կամ նորածնի առողջության և կյանքի համար:
ԿՀ մասին առաջին պատմական հիշատակումները հանդիպում են Հին Եգիպտոսի, Չինաստանի և Հնդկաստանի բժշկական տեքստերում, որտեղ այս միջամտությունն իրականացվում էր մահացած մայրերի արգանդից պտղի փրկության նպատակով։ Հին հունական դիցաբանության մեջ ԿՀ-ը նկարագրվում է Ասկլեպիոսի՝ բժշկության աստծո ծննդի մասին առասպելում, երբ Ապոլլոնը դուրս է բերում նրան Կորոնիդեի արգանդից։
Վիրահատության անվանումը ծագում է լատիներեն «caesarea section» արտահայտությունից, որը թարգմանվում է որպես «կայսերական հատում»։ Ըստ առասպելի՝ Գայոս Հուլիոս Կեսարը ծնվել է այս եղանակով, իսկ հետագայում հրամայել փրկել նորածիններին, եթե մայրը մահացել է ծննդաբերության ընթացքում՝ նպատակ ունենալով ապահովել կայսրության ժողովրդագրական կայունությունը։
Ըստ որոշ աղբյուրների՝ առաջին փաստագրված ԿՀ-ը, որի ընթացքում մայրը փրկվել է, տեղի է ունեցել 1337 թվականին Պրահայում՝ Չեխիայի թագուհի Բեատրիս դե Բուրբոնի՝ թագավոր Յոհան Լյուքսեմբուրգցու կնոջ մոտ։
1876 թվականին ԿՀ-ից հետո բժշկական պրակտիկայում ներդրվեց հիստերէկտոմիայի կիրառումը, որն զգալիորեն նվազեցրեց մայրական մահացության ցուցանիշները։ Սակայն այս մոտեցումը բացառեց հետագա վերարտադրողական ֆունկցիայի պահպանումը։ 1882 թվականին գերմանացի բժիշկ Մ. Զենգերը առաջարկեց ԿՀ-ից հետո արգանդի կարումը իրականացնել արծաթե թելով, ինչը բարձրացրեց վիրահատության հաջող ելքերի տոկոսը մինչև 85%։
Անտիսեպտիկայի զարգացման և հակաբիոտիկների հայտնագործման շնորհիվ ԿՀ-ը զգալիորեն ավելի անվտանգ դարձավ։ 20-րդ դարում այն լիարժեք ներառվեց կլինիկական պրակտիկայում, իսկ դարի վերջում դարձավ լայնորեն կիրառվող մեթոդ՝ ինչպես պլանային, այնպես էլ շտապ բժշկական ցուցումներով։
Անհետաձգելի ԿՀ-ն բժշկական ցուցումներ՝
- հղիության ընթացքում չհայտնաբերված նեղ կոնք
- ծննդաբերական ակտիվության առկայություն՝ պտղի գլխի առաջընթացի բացակայության պայմաններում
- ընկերքի վաղաժամ շերտազատում
- արգանդի պատռվածքի վտանգ
- պորտալարի արտաթափում
- պտղաջրերի արտահոսք՝ ծննդաբերության ակտիվ փուլին բնորոշ ունակությունների բացակայությամբ, այդ թվում՝ նույնիսկ դեղորայքային խթանման (ինդուկցիայի) պայմաններում
- ծննդկանի արյան ճնշման կտրուկ բարձրացում
- պտղի սուր հիպօքսիայի զարգացում
- մոր մոտ երիկամների աշխատանքի խանգարում՝ ուղեկցված այտուցներով, ցնցումներով (էկլամպսիա)
Պլանային ԿՀ-ն բժշկական ցուցումներ՝
- նեղ կոնք՝ համակցված պտղի մեծ գլխի հետ
- առաջադիր ընկերք
- միոմա և փոքր կոնքի այլ նորագոյացություններ, որոնք կարող են խոչընդոտել նորածնի անցումը ծննդուղիներով
- արգանդի վրա առաջացած սպի՝ նախկին վիրահատություններից կամ վնասվածքներից հետո
- կնոջ մոտ սրտի, երիկամների հիվանդություններ, արգ անդի պարանոցի և հեշտոցի վարիկոզ լայնացում, որոնք բնական ծննդաբերության ժամանակ վտանգ են ներկայացնում մոր կյանքի համար
- կնոջ մոտ ցանցաթաղանթի շերտազատման վտանգ
- կնոջ մոտ կոնքի և ողնաշարի վնասվածքներ
- պտղի սխալ՝ թեք կամ լատերալ դիրք
- բազմապտուղ հղիություն, այդ թվում կոնքային առաջադրությունով պտղի առկայությամբ
- սեռական օրգանների հերպես՝ որը կարող է փոխանցվել նորածնին ծննդուղիներով անցնելու ժամանակ
- պտղի պորտալարի բազմակի փաթաթում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայիս առաջարկությամբ՝ ԿՀ-ն օպտիմալ հաճախականությունը պետք է կազմի ծննդաբերությունների 10-15%-ը։ Այս սահմանաչափի պահպանումը կարող է զգալիորեն նպաստել մայրական և նորածնային մահացության ցուցանիշների նվազմանը՝ բացառելով անհարկի վիրահատական միջամտությունների հետ կապված ռիսկերը։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակների ընթացքում ԿՀ-ի հաճախականությունը զգալիորեն աճել է։ Այս միջամտությունը սկսեցին կիրառել ոչ միայն բժշկական ցուցումներով, այլև հղի կնոջ ցանկությամբ։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կեսարյան հատումների 1-10%-ը իրականացվում է մոր խնդրանքով:
Այսօր բազմաթիվ երկրներում ԱՀԿ-ի կողմից առաջարկվող «չափորոշիչները» գերազանցվում են երկու, երբեմն՝ երեք անգամ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի երկրներում, Գերմանիայում գրեթե յուրաքանչյուր երրորդ ծննդաբերություն կատարվում է ԿՀ-ն միջոցով։ ԿՀ-ն թվերով բացարձակ առաջատարը Թուրքիան է․ 2018 թվականին այնտեղ ամեն երկրորդ երեխան ծնվել է ԿՀ-ն միջոցով։ Իսկ ահա Իսրայելին և Նորվեգիային հաջողվել է արձանագրել այնպիսի ցուցանիշներ, որոնք ըստ ԱՀԿ-ի՝ մոտենում են օպտիմալ մակարդակին։
2018 թվականին իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ ԿՀ-ն գլոբալ ցուցանիշը կազմել է 21.1%, ինչը համարժեք է տարեկան 29.7 միլիոն վիրահատության՝ գրեթե կրկնակի ավել՝ համեմատած 2000 թվականի 12.1% ցուցանիշի (16 միլիոն դեպք) հետ: Կանխատեսվում է, որ կանխարգելիչ միջոցառումների բացակայության դեպքում, 2030 թվականին այս ցուցանիշը կհասնի 28.5%-ի (38.2 միլիոն դեպք):
Միևնույն ժամանակ, ցածր եկամուտ ունեցող երկրներում ԿՀ-ն հասանելիությունը սահմանափակ է։ Օրինակ, Սահարայից հարավ ընկած Աֆրիկյան երկրներում ցուցանիշը կազմում է ընդամենը 5%, ինչը վկայում է չբավարարված կարիքի մասին։
Հայաստանում ԿՀ-ն մակարդակը կրկնում է գլոբալ աճի միտումները։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հավաքագրված տվյալների վերլուծության՝ 2000-2017 թթ․ ընթացքում ԿՀ-ի հաճախականությունը մեր երկրում աճել է 7.2%-ից մինչև 31.0%։ Այս ցուցանիշը գերազանցում է ԱՀԿ կողմից սահմանած շեմը և դասում է Հայաստանն այն երկրների շարքին, որտեղ արձանագրվում է ցուցանիշի կտրուկ աճ։
Բացի հղի կնոջ անձնական խնդրանքից, ԿՀ-ն ոչ բժշկական պատճառների շարքում առանձնանում են նաև ֆինանսական խթանները։ Օրինակ՝ Հայաստանում բժիշկները ԿՀ-ն համար ստանում են միջինում 11 անգամ ավելի բարձր վարձատրություն, քան հեշտոցային ծննդաբերության դեպքում, ինչը կարող է նպաստել վիրահատությունների չափազանցված կիրառմանը։
Կանանց բարձր կրթական մակարդակը և քաղաքային բնակավայրում բնակվելը նույնպես հանդիսանում են ԿՀ-ն թվի աճին նպաստող գործոններ՝ 1.5–2.0 անգամ մեծացնելով դրա հավանականությունը։
Ըստ ԱՀԿ-ի՝ եթե ԿՀ-ը կատարվում է 15%-ից ավելի հաճախ, ապա այն չի նպաստում մայրական և նորածնային մահացության նվազմանը, սակայն կարող է բարձրացնել ինչպես կանանց, այնպես էլ նորածինների առողջությանը սպառնացող կարճաժամկետ և երկարաժամկետ ռիսկերը։
ԿՀ-ն հնարավոր առողջական հետևանքները կնոջ համար.
- Կարճաժամկետ հետևանքներ՝ ինֆեկցիաներ (դիտվում են 3-5% դեպքերում), հետծննդաբերական արյունահոսություններ (ռիսկը աճում է 1․5 անգամ), թրոմբոէմբոլիաներ (ռիսկը աճում է 2 անգամ), ներքին օրգանների վնասվածքներ։
- Ցածր եկամուտ ունեցող երկրներում ավելի բարձր է վիրահատության և հետվիրահատական մահացությունը։
- Կեսարյան հատման յուրաքանչյուր հաջորդ միջամտության հետ մայրական հիվանդացության ցուցանիշները աճում են՝ մեկ վիրահատությունից հետո կազմելով 8.6%, իսկ երեք կամ ավելի դեպքերում՝ հասնելով մինչև 27.8%։
- Երկարաժամկետ հետևանքներ՝ հաջորդ հղիությունների ժամանակ 1․7 անգամ բարձրանում է առաջադիր ընկերքի ռիսկը, 3 անգամ` ընկերքի սերտաճման ռիսկը, 0.5-1% դեպքերում ԿՀ-ից հետո վագինալ ծննդաբերության ժամանակ կարող է առաջանալ արգանդի պատռվածքի վտանգ։
ԿՀ-ն հնարավոր առողջական հետևանքները երեխայի համար.
- Կարճաժամկետ հետևանքներ՝ շնչառական խանգարումներ, ներառյալ անցանկալի տախիպնոէ (հանդիպում է 6-10% նորածինների մոտ, քանի որ ծննդաբերության ժամանակ տեղի չի ունենում հեղուկների բնական հեռացում թոքերից)։
- Երկարաժամկետ՝ 1․2 անգամ բարձրանում է ասթմայի և ճարպակալման ռիսկը։
Ազդեցությունն առողջապահական համակարգի վրա
ԿՀ-ի անհամաչափ բարձր հաճախականությունը հանգեցնում է առողջապահական ռեսուրսների չարդարացված ծախսերի, քանի որ ԿՀ-ը ֆինանսապես 2–3 անգամ ավելի ծախսատար է, քան հեշտոցային ծննդաբերությունը։
«Կեսարյան հատման համաճարակի» դեմ պայքարը պահանջում է համապարփակ մոտեցում։
- Պետք է ստանդարտացվեն ցուցումները և, որտեղ հնարավոր է, խթանվի բնական ծննդաբերությունը։ ԱՀԿ-ն ԿՀ ցուցանիշների մոնիթորինգի համար խորհուրդ է տալիս օգտագործել Ռոբսոնի դասակարգումը։ Այն օգնում է հասկանալ, թե որ խմբերում է հաճախ իրականացվում ԿՀ, և որտեղ է առկա չափազանց մեծ թվով ԿՀ-ի կիրառման միտում՝ բարելավելու ծննդօգնությունը և նվազեցնելու անհիմն վիրահատությունները։
- Պետք է բարձրացնել կանանց իրազեկվածություը ԿՀ իրական ռիսկերի և առավելությունների մասին, ինչը կօգնի համադրել նրանց նախընտրությունները բժշկական ցուցումների հետ։
- Նախորդ ԿՀ-ից հետո հեշտոցային ծննդաբերությունը կարող է նվազեցնել կրկնվող վիրահատություններով պայմանավորված ռիսկերն, սակայն անհրաժեշտ է մանրակրկիտ վերահսկում, հաշվի առնելով արգանդի պատռվածքի ռիսկը։
- Նախորդ ԿՀ-ից հետո հեշտոցային ծննդաբերությունը կարող է նվազեցնել կրկնվող վիրահատություններով պայմանավորված ռիսկերը, սակայն պահանջում է մանրակրկիտ վերահսկում, քանի որ կա արգանդի պատռվածքի ռիսկ։





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն