Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի բժշկագիտություն 3.2007

Հայկական կենսաքիմիական դպրոցի հիմնադիրը՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ. Խ. Բունիաթյան

Հայկական  կենսաքիմիական  դպրոցի  հիմնադիրը՝ ՀՀ  ԳԱԱ ակադեմիկոս Հ. Խ. Բունիաթյան

Հ. Բունիաթյանը ծնվել է 1907 թ. մայիսի 1-ին Նոր-Բայազետում (այժմ` ք. Գավառ): Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում: Այնուհետև տեղափոխվել է Երևան, ավարտել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը և սկսել է աշխատել որպես կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ:

 

Այնուհետև ղեկավարել է Երևանի Անասնաբուծական-անասնաբուժական և ավելի քան երկու  տասնամյակ` բժշկական  ինստիտուտի  կենսաքիմիայի  ամբիոնը: 1939-ից  մինչև 1941 թ. Հ. Բունիաթյանը Երևանի բժշկական ինստիտուտի տնօրենի գիտության գծով տեղակալն էր: 1942-46-ին աշխատել է որպես Երևանի պետական համալսարանի ռեկտոր, օգտագործելով իր ողջ ունակությունները, գիտնականի ու մանկավարժի կազմակերպական տաղանդը այդ ուսումնական հաստատության ամրապնդման և հետագա զարգացման համար: Հայաստանի Գիտությունների ակադեմիայի կազմավորման հենց սկզբից նա ընտրվում է ակադեմիայի իսկական անդամ և կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: Այնուհետև ընտրվում է ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարի և ապա փոխպրեզիդենտի պաշտոններում: 1943 թվականից ակադեմիկոս Հ. Բունիաթյանը միաժամանակ ղեկավարում էր ՀՀ  ԳԱԱ  Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի սեկտորը, իսկ 1961-ից մինչև իր կյանքի վերջը` հանդիսանում էր իր կողմից հիմնադրված ՀՀ  ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի (որը կրում է նրա անունը) տնօրենը: Կարճատև ժամանակամիջոցում ինստիտուտն աճելով վերածվեց նյարդաքիմիական խոշոր կենտրոնի և լայն ճանաչում ստացավ ոչ միայն Խորհրդային Միությունում, այլ նաև ամբողջ աշխարհում:

 

Մեր հանրապետությունում նա առաջինը, պրոֆեսոր Հ. Հովհաննիսյանի հետ միասին, ձեռնամուխ եղավ վիտամինների կենսաքիմիայի հետազոտությանը: Այդ աշխատանքներով բացահայտվեց ասկորբինաթթվի հակաօքսիդանտային հատկությունը: Պարզվեց, որ ֆոսֆոր պարունակող մի շարք ճարպանման նյութեր կարող են նպաստել հյուսվածքներում օքսիդացման պրոցեսին և, ընդհակառակը, կանխել այն: Հ. Բունիաթյանը մշակում է օրգանիզմում ասկորբինաթթվի փոխանակության նյարդահումորալ կարգավորման պրոբլեմը: Այդ պրոցեսի նյարդահումորալ և, հատկապես, ռեֆլեկտոր կարգավորման մեխանիզմի պարզաբանումը մեծապես նպաստեց օրգանիզմում ընդհանուր նյութափոխանակության և ուղեղի ֆունկցիոնալ կենսաբանության զարգացմանը:

 

Հ. Բունիաթյանը և նրա աշակերտները ուշագրավ հետազոտություններ են կատարել էներգետիկ և ազոտային փոխանակության կարևորագույն ռեակցիաներում գլխուղեղի ֆիզիոլոգիապես ակտիվ միացություններից մեկի` գամմա-ամինոկարագաթթվի և դրա ածանցյալների կենսաքիմիական դերի, ինչպես նաև նյութերի փոխանակության նյարդահումորալ կարգավորման պարզաբանման ուղղությամբ: Առաջին անգամ ցույց տրվեց, որ այդ միացության ազդեցությամբ բարձրանում է բջջային թաղանթների թափանցելիությունը ոչ միայն առանձին իոնների, այլև գլյուկոզայի, ամինաթթուների և մի շարք այլ նյութերի նկատմամբ: Ապացուցվեց, որ այդ միացությունը գլխուղեղից բացի գոյանում է նաև այլ օրգաններում, որը հետագայում իր հաստատումը ստացավ արտասահմանյան հեղինակների աշխատանքներում: Կատարված հետազոտությունների հիման վրա Հ. Բունիաթյանը եկավ այն եզրակացության, որ գամմա-ամինոկարագաթթուն լինելով թաղանթային ակտիվ միացություն, կարևոր ֆունկցիա է կատարում գլխուղեղի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի հոմեոստազում:

 

Ակադեմիկոս Հ. Բունիաթյանի անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում ժամանակակից բարձր մակարդակով կատարված աշխատանքները լայն ճանաչում են գտել ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում: Զգալի հաջողություններ են ձեռք բերվել ուղեղի հյուսվածքի կենսաքիմիական մի շարք նուրբ մեխանիզմների բացահայտման և ստացված արդյունքները բժշկության մեջ ներդնելու ուղղությամբ:

 

Ակադեմիկոս Հ. Բունիաթյանը կարևոր ներդրում ունի մեր հանրապետությունում երիտասարդ գիտական կադրերի պատրաստման գործում և հիրավի հանդիսանում է Հայկական կենսաքիմիական դպրոցի հիմնադիրն ու ղեկավարը: Նրա ղեկավարությամբ ավելի քան 60 գիտական աշխատողներ պաշտպանել են թեկնածուական ու դոկտորական թեզեր: Նրա գրչին է պատկանում ավելի քան 250 գիտական աշխատանք ու մենագրություն: Նա կենսաքիմիայի ինստիտուտի կողմից լույս ընծայվող «ՈՒղեղի կենսաքիմիայի հարցեր» գիտական ժողովածուների խմբագիրն էր: Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի և ՀՀ  ԳԱԱ «Նեյրոքիմիա» հանդեսի ստեղծումը ակադեմիկոս Հ. Բունիաթյանի և նրա կողմից ղեկավարած կենսաքիմիկոսների ծառայության ակնհայտ գնահատումն էր, որոնք նշանակալի ներդրում ունեն նյարդաքիմիայի մի շարք կարևոր ուղղությունների զարգացման ասպարեզում:

 

Բեղմնավոր էր նաև ակադեմիկոս Հ. Բունիաթյանի հասարակական գործունեությունը: Երկար տարիներ նա ղեկավարել է հանրապետության ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների և դեղաբանների, այնուհետև կենսաքիմիկոսների ընկերությունները: Նա ակտիվորեն մասնակցել է միջազգային կենսաքիմիական մի շարք կոնգրեսների ու գիտաժողովների աշխատանքներին: Ակադեմիկոս Հ. Բունիաթյանը գիտության նշանավոր կազմակերպիչ էր: Նա աչքի էր ընկնում գիտության տարբեր բնագավառներին և մշակույթին վերաբերող հանրագիտարանային գիտելիքներով, հսկայական աշխատասիրությամբ, որոնք ներդաշնակորեն զուգակցվում էին սկզբունքայնությամբ և պահանջկոտությամբ իր և իր աշակերտների նկատմամբ, զգայուն ու հոգատար վերաբերմունքով դեպի գիտական աշխատողները և, հատկապես, երիտասարդները: 

 

Հ. Բունիաթյանը ոչ միայն խոշոր գիտնական էր, այլև հիանալի մանկավարժ: Կենսաքիմիայի վերաբերյալ նրա դասախոսությունները Երևանի պետական համալսարանի, Բժշկական և Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների ուսանողների համար միշտ աչքի էին ընկնում իրենց կուռ շարադրանքով, գիտական տրամաբանությամբ, հետաքրքրությամբ և խորությամբ: Մեր հանրապետությունում աշխատող շատ պրոֆեսորներ, գիտության դոկտորներ ու թեկնածուներ, տարբեր լաբորատորիաների և գիտական հիմնարկությունների ղեկավարներ հանդիսանում են Հ. Բունիաթյանի աշակերտները: Այդ կարևոր հանգամանքը նրան բնութագրում է որպես բազմահմուտ մանկավարժի և գիտնականի: Օժտված լինելով մեծ խորագիտությամբ ու ներքին կուլտուրայով, զուգակցված բացառիկ համեստությամբ, Հ. Բունիաթյանը հիրավի վայելում էր իր աշակերտների ու բարեկամների խոր հարգանքն ու սերը:

 

Ականավոր գիտնականի ու մանկավարժի, մարդու և քաղաքացու` ակադեմիկոս Հրաչյա Խաչատուրի Բունիաթյանի կերպարը վառ օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդի գիտնականների համար:

Հեղինակ. Ա. Սիմոնյան ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 3.2007
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հակաբիոտիկների ընտրությունը գլխուղեղի թարախաօջախային ախտահարումների բուժման ժամանակ

Բանալի բառեր. գլխուղեղի թարախաօջախային ախտահարում, գլխուղեղի թարախակույտ, գլխուղեղի էմպիեմա, կոնսերվատիվ բուժում, հակաբիոտիկային թերապիա, հակաբիոտիկոգրամմա, բակտերիաբանական հետազոտություն...

Նյարդաբանություն Դեղագիտություն
Աշխատանքի հիգիենայի խնդիրները մաքուր երկաթի գործարանի նոր նյութերի արտադրություններում

Բանալի բառեր. աշխատանքի հիգիենա, մոլիբդենի, ֆերոմոլիբդենի, կալիումի պերռենատի արտադրություններ

Ժամանակակից տեխնիկական առաջընթացը անշեղորեն կապված է մետալուրգիական արդյունաբերության զարգացման մասնավորապես բարձրորակ պողպատների մետաղների բարդ համաձուլվածքների արտադրության նոր նյութերի օգտագործման ընդլայնման հետ...

Այլ հոդվածներ
Արմեն Նարգիզյանի հիշատակին
Արմեն Նարգիզյանի հիշատակին

Հայաստանի սրտաբանությունը կրեց ծանր կորուստ: Ստեղծագործական ծաղկունքի տարիքում կյանքից հեռացավ անվանի սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր...

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ