Հայաստանի բժշկագիտություն 4.2008
Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը և նրա գիտաբժշկական հիմնահարցերը
Բանալի բառեր. երկրաշարժ, աղետի գոտի, առողջապահական համակարգի վերակառուցում
1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11.41-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որն ընդգրկեց հանրապետության տարածքի 40%-ը: Պատմության մեջ այն մտավ որպես «Սպիտակի երկրաշարժ»: Երկրաշարժից առաջացած փլատակներից հանվեցին 40000 մարդ, 32500 վիրավորներ, 530000 մարդ մնաց անօթևան: Հանրապետությունը կրեց 13 մլրդ ռուբլու տնտեսական վնաս: Ավերվեցին ավելի քան 500 բժշկական հիմնարկներ, մահացան և վիրավորվեցին հարյուրավոր բուժաշխատողներ:
Ակնթարթային աղետը մարդկանց մոտ առաջացրեց ամենատարբեր բնույթի ծանր, բազմակի և զուգորդված վնասվածքներ: Բուժական գործունեությանը զուգընթաց, որն ընդգրկեց գրեթե ողջ գիտական բժշկական հասարակությունը, առաջ քաշվեցին կարևոր հարցեր, կապված երկրաշարժի հետևանքների վերացման հետ: Գիտաբժշկական մի շարք հարցերի պարզաբանման համար Հայաստանի առողջապահության նախարարության բժշկական գիտական խորհրդին կից ստեղծվեց «Երկրաշարժի հետևանքների վերացման բժշկական հարցերը» թեմայով հատուկ գիտական հանձնաժողով: Վերանայվեց գիտահետազոտական աշխատանքների թեմատիկան, առաջ քաշվեցին գիտական նոր մշակումներ, որոնք համապատասխանում էին գործնական բժշկության պահանջներին` երկրաշարժից տուժածների բուժմանը և բժշկա-սոցիալական վերակառուցմանը: Դրանց ծրագրերին համապատասխան, Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարության գիտական հիմնարկներում հետազոտություններ են կատարվել հետևյալ 10 ուղղություններով`
- Առողջապահության կազմակերպումը երկրաշարժի հետևանքների վերացման ընթացքում:
- Երկրաշարժի հետևանքով առաջացած փսիխոգեն սթրեսի և դրանից առաջացած խանգարումների ուսումնասիրումը:
- Երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացում վիրաբուժական աշխատանքների կազմակերպումը:
- Երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացում վնասվածքաբանական աշխատանքների կազմակերպումը:
- Երկարատև ճզմման համախտանիշի (կրաշ-սինդրոմ) պաթոգենեզը, կլինիկան, բուժումը:
- Հոգեկան, նյարդաբանական, սրտաբանական և էնդոկրին խանգարումների պաթոգենեզը, կլինիկան և բուժումը:
- Ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման, անէսթեզիոլոգիայի և արյան փոխներարկման խնդիրները:
- Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի հիմնահարցերը:
- Աղետի գոտում հիգիենիկ և հակահամաճարակային կարևոր խնդիրները:
- Երկրաշարժի հետևանքների բժշկակենսաբանական հարցերը:
Նշված հիմնահարցերի իրականացման խնդրում կարևոր հաջողության են հասել Երևանի պետական բժշկական համալսարանը, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը, ՀՀ ԱՆ գիտահետազոտական ինստիտուտները (վիրաբուժության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, սրտաբանության, ուռուցքաբանության, կուրորտոլոգիայի և ֆիզիկական բժշկության, ռադիոլոգիայի և այրվածքային վնասման, համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական պարազիտոլոգիայի, հիգիենայի և պրոֆհիվանդությունների):
Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոններում և ՀՀ ԱՆ Ա.Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում ուսումնասիրվեցին կրաշ-սինդրոմի պաթոգենեզի և բուժման հարցերը: Պաթոֆիզիոլոգիայի, ֆարմակալոգիայի, հոգեբանության, հոգեբուժության ինչպես նաև թերապիայի, մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոններում ուսումնասիրվեցին աղետի գոտում փսիխոգեն սթրեսի ազդեցությունն օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա: Քննարկվեցին Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում սրտի տարբեր հիվանդությունների ընթացքի, Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում` բազմակի և զուգակցված վնասվածքների, Կուրորտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում` ուղեղային վնասվածքների բուժման հարցերը: Համաճարակաբանության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտում ուսումնասիրվեցին աղետի գոտում ինֆեկցիոն հիվանդությունների տարածման և կանխման հարցերը, շրջակա միջավայրի վիճակը:
Նշված ամբիոնների և գիտահետազոտական ինստիտուտների աշխատանքների ղեկավարումը և իրագործումը կատարվում էր ՀՀ ԱՆ բժշկական գիտական խորհրդի կողմից (նախագահ` պրոֆեսոր Ս.Հ. Խաչատրյան): Դրա անմիջական նախաձեռնությամբ 1990 թ. հոկտեմբերի 9-11-ը կազմակերպվեց միջազգային համաժողով «Հայաստանի երկրաշարժի հետևանքների բժշկական տեսակետները երկրաշարժից մեկ տարի անց» թեմայով, որտեղ քննարկվեցին և ամփոփվեցին վերը նշված 10 ուղղությունների գիտական հետազոտությունների արդյունքները: Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տպագրվեցին նշված համաժողովի զեկուցումների նյութերը ամբողջությամբ: Որպես գիտաժողովի խորհրդանիշ ընտրվեց Գյումրիի եկեղեցին ճեղքված վիճակում:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն գրավոր ողջունեց համաժողովի մասնակիցներին, որը տպագրվեց տարբեր լեզուներով գիտաժողովի առանձին հատորների առաջին էջերում:
Խոսք Ողջույնի
Սիրով և գնահատանքով ողջունում ենք բժշկական միջազգային համագումարը, նվիրված Հայաստանի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրմանը, որի ազնիվ նպատակն է, կարծում ենք, անհրաժեշտ բժշկական օգնությունները շարունակել, երկրաշարժի հետևանքները լրիվ հեռացնել համապատասխան բժշկական միջոցառումներով:
Այս մարդասիրական նպատակի իրագործումը մեծ բարիք է հանդիսանալու մեր աղետյալ ժողովրդին, ի վերականգնում նրա մարմնական և հոգեկան առողջության:
Մեր շնորհակալությունը և մեր օրհնությունը համագումարի բոլոր հարգարժան ու անձնվեր մասնակիցներին:
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Վազգեն Ա.
Այնուհետև երկրաշարժից 10 տարի անց ավելի նեղ շրջանակներում դարձյալ կազմակերպվեց գիտաժողով Երևանում եւ Գյումրիում: Այստեղ քննարկվեցին Սպիտակի երկրաշարժի հետևանքներից առաջացած հիվանդությունների էթիոլոգիայի, պաթոգենեզի և բուժման հարցերը:
Աղետի գոտուն բնորոշ է բազմաբնույթ և տարբեր ծանրության խանգարումների առկայությունը: Հայտնի փաստ է, որ գիտական խորը հետազոտությունները հիմնականում իրագործվում են դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների միջոցով: Նշեմ, որ նման թեմայով պաշտպանվել են 6 դոկտորական և 22 թեկնածուական ատենախոսություններ:
Կցանկանայի անդրադառնալ հատկապես դոկտորական ատենախոսություններին: Նրանք բոլորն էլ ունեն տեսական և գործնական բարձր արժեք: Դրանցից են Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի համատեղությամբ ներկայացված Ռ. Ա. Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսությունը, որը վերաբերում է երկարատև ճզմման համախտանիշի ժամանակ առաջացած արյան միկրոցիրկուլյացիայի խանգարումներին: Պաթոֆիզիոլոգիայի ամբիոնում կատարվել և պաշտպանվել է Երևան քաղաքի սեքսոպաթոլոգիայի բաժնի վարիչ Մ. Գ. Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսությունը, որը նվիրված է աղետի գոտում առաջացած փսիխոէմոցիոնալ խանգարումների ժամանակ ռեպրոդուկտիվ փոփոխություններին: Երեք դոկտորական ատենախոսություններ են պաշտպանվել Երևանի պետական բժշկական համալսարանի հիստոլոգիայի ամբիոնում (Մ. Յու. Արտիշչևա, Կ. Թ. Սահակյան, Տ. Գ. Ավագյան)` նվիրված կրաշ-սինդրոմի հիմնահարցերին:
Որոշակի գիտական և հատկապես գործնական նշանակություն ունի Ա. Խ. Մայրապետյանի դոկտորական ատենախոսությունը` կապված աղետի գոտու համաճարակաբանական խնդիրների հետ, շնորհիվ որի աղետի գոտում ինֆեկցիայի բռնկման ոչ մի դեպք չգրանցվեց: Բացի դոկտորական ատենախոսություններից երկրաշարժի հետևանքով առաջացած խանգարումների ուսումնասիրություններին են նվիրված 22 թեկնածուական ատենախոսություններ, որոնք կատարվել են Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N1, պաթոֆիզիոլոգիայի, հիստոլոգիայի, սրտաբանության, մանկաբուժության և ակնաբուժության ամբիոններում:
Սպիտակի երկրաշարժն անջնջելիորեն մտավ ողջ աշխարհի և, հատկապես, Հայաստանի պատմության մեջ: Որպես մեծագույն աղետ այն ոչ միայն բերեց տնտեսական խոշոր վնասներ, այլ նաև` քարուքանդ անելով Հայաստանի լավագույն տարածքները, վերափոխեց ողջ հայ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը: Հայ ժողովուրդը շատ անգամ է իր ուսերի վրա կրել տարբեր բնույթի ծանր աղետներ և որպես օրինաչափություն միշտ պատվով հաղթահարել է դրանց, նորից ու նորից ցույց տալով ողջ աշխարհին իր կենսունակությունը և հարատևելու իր անսպառ կարողությունը: Այս անգամ նույնպես հայ ժողովուրդն իր մեջ գտավ հզոր ուժ վերափոխվելու և իրեն բնորոշ աշխատասիրությամբ նորագույն ձևով աշխատելու` նորը ստեղծելու միջոցով: Հայ ժողովուրդը ոչ միայն գիտության, կուլտուրայի, արվեստի կարևոր շարժիչ ուժերից մեկն է, այլ նաև ունակ է վերականգնելու քանդվածը, ստեղծելու նոր կոթողներ, զարգացնելու վնասված տնտեսությունը և, ամենակարևորը` պահպանելու իր բարոյական նկարագիրը, ողջ աշխարհին ցույց տալով, որ նա կմնա ՙհայ՚ իր բոլոր արժանիքներով:

Կարդացեք նաև
Որոշիչ բառեր. համաճարակաբանություն, տուբերկուլոզ, կանխարգելիչ պատվաստումներ, պատվաստումների ընդգրկվածություն, հիվանացություն
Ինչպես հայտնի է, տուբերկուլոզն (ՏԲ) համարվում է կառավարվող վարակ, և նրա, որպես վարակային հիվանդության դեմ պայքարի գործում իրենց ուրույն տեղն ունեն կանխարգելիչ պատվաստումները...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն