Թվեր և փաստեր Հայաստանից
Համընդհանուր հասանելիության ապահովումն ու մարդու իրավունքների պահպանումը ՄԻԱՎ վարակի համաճարակին հակազդման կարեւոր նախապայմաններն են
ՄԻԱՎ վարակի համաճարակն այսօր վերաճել է գլոբալ ճգնաժամի եւ դարձել զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր: Եթե ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981թ., ապա 2008թ. դեկտեմբերի դրությամբ, աշխարհում արդեն ապրում էր մոտ 33,4մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաեւ մեր հանրապետության համար:
1988թ. մինչեւ 2009թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 808 եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 200 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա ՄԻԱՎ վարակ ունեցող 2300 մարդ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու հարցում կարեւոր նշանակություն ունի 1988թ.-ից ի վեր ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Ամեն տարի այդ օրն անցկացվում է որեւէ կարգախոսի ներքո, որն արտացոլում է ընթացիկ ժամանակաշրջանի կենսական խնդիրները:
Այս տարի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է «Համընդհանուր հասանելիություն եւ մարդու իրավունքներ» կարգախոսով: Նման կարգախոսի ընտրությունը պատահական չէ: ՄԻԱՎ վարակի՝ պանդեմիայի բնույթ ստացած համաճարակն առաջացրել է միջազգային հանրության լուրջ մտահոգությունը: Այդ մտահոգության վառ ապացույցն են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստերի անցկացումը եւ միջազգային հանրությանն ուղղված ՄԱԿ-ի կոչերն ընդլայնելու միջոցառումները եւ միավորելու ջանքերը համաճարակին հակազդելու գործում:
2001թ. հունիս ամսին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ նիստի նպատակը ողջ աշխարհը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի համապարփակ ծրագրի շուրջ համախմբելն էր: Այդ նպատակի համաձայն, ՄԱԿ-ի անդամ պետությունները, դրանց թվում՝ ՀՀ-ն, ընդունեցին «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագիրը», որը դարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում միջոցառումների առաջին գլոբալ ծրագիրը:
2006թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված մեկ այլ նիստին ընդունված քաղաքական պարտավորությունների հռչակագրով պետությունները նաեւ պարտավորվել են մինչեւ 2010թ. ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման, խնամքի եւ աջակցության համընդհանուր հասանելիություն: ՀՀ կառավարությունը՝ կարեւորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խնդիրն ու հետեւողական լինելով հռչակագրերի ընդունմամբ ստանձնած պարտավորություններին, հաստատել է 2007-2011թթ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ ողջ տարածքում իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ ծրագրեր բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց տրամադրվում են բուժում, խնամք եւ աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն եւ հետազոտություն, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ եւ այլն: Իրականացվող միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից:
Շնորհիվ իրականացված միջոցառումների՝ մեր երկրում վերջին տարիներին բարելավվել են ՄԻԱՎ վարակի կենսաբանական եւ վարքագծային ցուցանիշները: Այսպես, նվազել է ՄԻԱՎ-ի տարածվածությունը հիմնական խոցելի խմբում` թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի որոշակի աճ եւ ռիսկային վարքագծի դրսեւորումների նվազում: Այս դրական տեղաշարժերը վկայում են բնակչության տարբեր խմբերում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի արդյունավետության մասին, որոնց մեթոդական օգնություն եւ օժանդակություն է ցուցաբերում ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը:
Արդյունավետ կանխարգելումը բուժման, խնամքի եւ աջակցության համար պահանջվող միլիարդավոր դրամների տնտեսում է:
ՄԻԱՎ վարակի համաճարակը շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել: Սակայն այսօր իրավիճակը փոքր-ինչ փոխվել է այն առումով, որ շնորհիվ հակառետրովիրուսային բուժման ՄԻԱՎ վարակն այլեւս անբուժելիի փոխարեն համարվում է քրոնիկ հիվանդություն: Բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը: Բուժման, խնամքի եւ աջակցության համընդհանուր հասանելիության պայմաններում կարելի է արդյունավետորեն դիմակայել ՁԻԱՀ-ին եւ զգալիորեն նվազեցնել դրանից մահացությունը: ՁԻԱՀ-ի համաճարակին արդյունավետ հակազդման հարցում կարեւոր նշանակություն ունի նաեւ մարդու իրավունքների պաշտպանությունը: Համաշխարհային փորձը վկայում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի շնորհիվ հնարավոր է նվազեցնել համաճարակի բացասական հետեւանքները եւ կանխել դրա հետագա զարգացումը: ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում մարդկանց վարքագծով եւ կենսակերպով:
Առաջին հայացքից այս հիվանդության կանխարգելումը բավականին հեշտ կարող է թվալ: Դրա համար անհրաժեշտ է պարզապես դրսեւորել անվտանգ վարքագիծ` զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց, օգտագործել միանվագ օգտագործման ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ դրանց առկայության դեպքում մշտապես պահպանակ օգտագործել, նաեւ ապահովել բժշկական միջամտությունների անվտանգությունը: Շատերը գիտեն այս մասին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իմացածը ոչ միշտ են կիրառում գործնականում: Անտեսելով հնարավոր վտանգը, շատերը դրսեւորում են ռիսկային, այսինքն` ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ, վտանգելով իրենց եւ իրենց մտերիմների առողջությունը: Պատճառը հավանաբար այն է, որ մարդկանց մեծամասնությանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգը չափազանց անիրական է թվում` անձամբ իրենց հետ այն կապելու համար: Նրանք ոչ միշտ են հետեւում անվտանգ վարքագծի կանոններին՝ հուսալով, որ վարակն իրենց կշրջանցի: Այս առումով չափազանց կարեւոր է պատասխանատու վարքագծի եւ առողջ ապրելակերպի ձեւավորմանն ուղղված գործունեությունը: ՄԻԱՎ վարակի տարածումը կասեցնելուն ուղղված միջոցառումների շարքում կարեւոր նշանակություն ունեն նաեւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու ՄԻԱՎ վարակի հարցերով խորհրդատվությունը: Հիվանդության խարդավանքը նրանում է, որ այն ընթանում է երկարատեւ (8-10տարի) անախտանշան` թաքնված շրջանով, որի ընթացքում վարակված մարդը գործնականում առողջ է լինում, չի ունենում հիվանդության որեւէ նշանակալի դրսեւորում, հետեւաբար կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին եւ վարակը փոխանցել այլ մարդկանց: Արտաքինից եւս հնարավոր չէ դատել մարդու ՄԻԱՎ-ով վարակված լինել-չլինելու մասին:
Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատելու միակ ուղին լաբորատոր հետազոտություն անցնելն է, որը թույլ է տալիս ախտորոշել ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության կլինիկական դրսեւորումներ դեռեւս չկան: Դա ոչ միայն հնարավորություն է ընձեռում ժամանակին սկսել համապատասխան բուժումը, ինչը չափազանց կարեւոր է հիվանդի լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը հնարավորինս երկար ժամանակ պահպանելու համար, այլեւ օգնում է նրան ճիշտ որոշումներ կայացնել հետագա ապրելակերպի վերաբերյալ եւ խուսափել հարազատ ու սիրելի մարդկանց վարակելուց: ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը հղի կնոջը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել իր ապագա երեխայի վարակման վտանգը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաեւ պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռեւս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է էական ներդրում ունենալ այդ պայքարում՝ դիմակայելով խարանին եւ խտրականությանը, հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է նաեւ բոլոր մակարդակներում խնդրի կարեւորության գիտակցումից եւ յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն Վստահության հեռ.` 61-08-20, 66-01-10
Կարդացեք նաև
Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...
Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների...
Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...
Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները...
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել...
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...
2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...
Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի համարներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն