Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Հազարտերևուկ հատվածատերև - Тысячелистник обыкновенный - Achillea millefolium L.

Հազարտերևուկ հատվածատերև - Тысячелистник обыкновенный - Achillea millefolium L.

Հայկական տարանունները- բյուրատերևակ, գառան տոտիկ, երդեց խոտ, թռցիկ, հազարաթերթիկ, հազարտերևան, մեռելի ծաղիկ, վիրախոտ, փրթմինակ

Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 20-70 սմ ուղղաձիգ ցողունով, սողացող կոճղարմատով բազմամյա խոտաբույս է: Արմատամերձ տերևները կոթունավոր են, մյուսները` նստադիր, նշտարաձև, կրկնակի կամ եռակի փետրաձև: Լեզվակային ծաղիկները սպիտակ են, կենտրոնական մասում` կեղտասպիտակավուն: Պտուղը մանր սերմիկ է: Ծաղկում է հունիսից մինչև ամռան վերջին օրերը, իսկ սերմերը հասունանում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Մեր հանրապետությունում աճող 12 տեսակներից մեծ մասը (հատվածատերև, խոզանավոր, մանրախաղիկ, փրփրային, դեղին, նրբատերև, Վիլհելմի, որդնակերպ) ունեն բուժական նշանակություն: Դրանցից բարձր է գնահատվում սովորական կամ հատվածատերև հազարտերևուկը: Դեղաբույսն ունի օշինդրային սուր հոտ, դառը համ: Այն հաճախ հանդիպում է խոշոր բուսուտներում, անտառի բացատներում, մարգագետիններում, թփուտներում, արոտավայրերում, խամահողմերում, արտերի եզրերին, հին գերեզմանոցներում (այստեղից էլ ''մեռելի ծաղիկ'' անունը), խոտհարքներում, քսերոֆիտ լեռնալանջերին և այլուր: Պտղակալում է կանոնավոր, ձմեռում լավ, հեշտ է տանում երաշտն ու շոգը, լավ է աճում աղքատ հողերում: Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով: ''Ախիլլեա'' անունն ունի հունական ծագում, ըստ Պլինիուսի` կապված հունական դիցաբանության հերոս Աքիլլեսի հետ, որը, իբր թե այս խոտով բուժել է Տելեֆուսի վերքը և հայտնագործել դեղաբույսի բուժիչ հատկությունը: Երբեմն հազարտերևուկին անվանում են նաև ''զինվորական խոտ'', քանի որ նրա արյունահոսություն դադարեցնող հատկությունից օգտվել են վիրավոր զինվորները:


Քիմիական բաղադրությունը: Ծաղիկներում և տերևներում հայտնաբերված է մինչև 1% մուգ կապույտ կամ երկնագույն եթերայուղ, որը պարունակում է ազուլեն, բարդ եթերներ, կամֆորա, տույոլ, ցինեոլ, բորնեոլ, բորնիլացետատ, խամազուլեն, կարիոֆիլեն, ինչպես նաև` մրջնաթթու, քացախաթթու, իզովալերիանաթթու, ակոնիտաթթու, դաբաղանյութեր, խեժ, դառը նյութեր, C, E, K վիտամիններ, կարոտին, սապոնիններ, ալկալոիդներ (ախիլլեին, բետոնիցին և ստախիտրին), նիտրատներ, խոլին, ասպարագին, ամինաթթուներ, ֆիտոնցիդներ, քիմիական տարրերից` Al, Fe, Cr, Cu, Mg:


Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման փուլում, չորացնում հով տեղում, միջանցուկ քամու տակ` կախված կամ բարակ շերտով ձռվախ վիճակում: Պատրաստի հումքը պահում են թիթեղյա տուփերի մեջ: Ծաղիկներն ու տերևները երբեմն մթերում են առանձին-առանձին:


 

Դեղաբույսը հայտնի է եղել Հին Հունաստանում և Հռոմում: Դիոսկորիդը հազարտերևուկն անվանել է herba vulnenaria, այսինքն` վերքի խոտ, քանի որ այն լայնորեն կիրառվել է վերքերի և արյունահոսությունների ժամանակ: Հռոմեական լեգեոնները իրենց մոտ միշտ ունենում էին հազարտերևուկի փոշի` վերքերի վրա ցանելու համար: Ռուսական տարեգրության մեջ նշվում է, որ հազարտերևուկով բուժել են քթային արյունահոսությունից արյունաքամ լինող Դմիտրի Դոնսկոյի թոռանը: Ավիցեննան դեղաբույսն օգտագործել է դիմաներվի պարեզի, ականջացավի, որձկումների, ատամների, գլխուղեղի և թոքերի որոշ հիվանդությունների` հատկապես բրոնխիալ ասթմայի ժամանակ:


Դեղաբույսը` երիցուկի հետ խառնված, Մ. Հերացին լոգանքի ձևով նշանակել է ջերմող հիվանդներին: Հ. Օղուլլուխյանը` որպես ցավազրկող միջոց, դեղաբույսն օգտագործել է ներքին օրգանների սաստիկ ցավերի ժամանակ: Աղստևի հովտի բնակիչները դեղաբույսը տրորում, խառնում են կարագի հետ և օգտագործում վերքերի բուժման համար: Ըստ Շյոնենբերգերի, դեղաբույսի թարմ հյութը` ներքին ընդունման ձևով, դրական է անդրադառնում սրտխփոցների, գլխի արյունալեցումների և անկանոն պուլսի վրա: Ըստ հեղինակի, այն ցուցված է կլիմաքսի, անկանոն դաշտանի, երակների լայնացումների և թութքի ժամանակ:

 

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը թուրմի ձևով օգտագործվում է դիզենտերիայի, վերին շնչուղիների հիվանդությունների, թութքի և արգանդային արյունահոսությունների ժամանակ, իսկ արտաքին ձևով` վերքերի արյունահոսությունը դադրեցնելու և շուտ բուժվելու նպատակով: Վերքերի վրա դնում են տրորված թարմ դեղաբույս, իսկ ձմռան ամիսներին` եփուկ, սառը թրջոցի ձևով` խառնված երիցուկի հետ: Կան տվյալներ, որ թուրմն օժտված է ծննդկանի կաթն ավելացնելու և ախորժակը լավացնելու հատկություններով: Թարմ հյութը լայն կիրառում է ունեցել թոքերի պալարախտի և սակավարյունությունների բուժման բնագավառներում: Ն. Գ. Կովալևայի տվյալներով, դեղաբույսն օժտված է անտիսկլերոտիկ ներգործությամբ: Գերմանիայում դեղաբույսն արմատով օգտագործվում է որպես ախորժակը լավացնող միջոց, իսկ արտաքին` վերքերը բուժելու նպատակով: Ֆրանսիայում դեղաբույսը համարվում է որպես օրգանիզմը տոնուսավորող, դիուրետիկ և դրդող միջոց, օգտագործվում է ընդհանուր թուլության, որոշ հիվանդությունների և ցավոտ դաշտանի ժամանակ: Բուլղարիայում և Լեհաստանում ծաղիկների և տերևների եփուկը օգտագործում են գեղձախտի, ռևմատիզմի, լյարդի հիվանդությունների, ճիճվակրության և գլխացավերի ժամանակ: Բացի այդ, դեղաբույսի եփուկը օգտագործվում է նաև բերանի և կոկորդի ողողումների նպատակով` մի շարք բորբոքական երևույթների ժամանակ:

 

 

Հազարտերևուկի և երիցուկի 1:3 հարաբերությումբ եփուկով երեսը լվանալիս` (1 ճաշի գդալ հումքը` 1 բաժակ ջրին) դեմքի մաշկը դառնում է թավշանման փափուկ ու փայլուն: Դեղաբույսն օֆիցինալ է Ֆինլանդիայում, Նիդեռլանդիայում, Ավստրիայում, Ռումինիայում, Շվեդիայում, Շվեցարիայում և մեզ մոտ: Փորձերով պարզված է, որ ախիլլեինը բարձրացնում է արյան մակարդելիությունը, իսկ ազուլենը ունի հակաբորբոքիչ, հակաալերգիկ և վերքամոքիչ հատկություններ` միաժամանակ կասեցնելով ուռուցքների աճը: Մ. Ն. Վարլակովի կողմից ճագարների վրա դրված փորձերը ցույց տվեցին, որ դեղաբույսն իրոք օժտված է արտահայտված հեմոստատիկ ներգործությամբ: Ըստ Ա. Ս. Մալչևսկայայի, դեղաբույսի հեմոստատիկ ազդման մեխանիզմի հիմքում ընկած է թրոմբոցիտների քանակի մեծացումը, ֆիբրինային ֆերմենտների ակտիվության բարձրացումը, արգանդի մկանների կծկման ուժեղացումը: Պարզվել է, որ բույսի 0,5%-անոց թուրմը մեծացնում է արյան մակարդելիությունը 60%-ով, որը գերազանցում է կալցիումի քլորիդի 1:200-1:500 լուծույթների նույնանման ազդեցություններին, իսկ 5%-անոց թարմ հյութը արյան մակարդելիությունը բարձրացնում է մինչև 80%-ով: Ըստ որում` դեղաբույսի կիրառման ժամանակ ոչ մի անգամ չեն նկատվում թրոմբա-էմբոլիկ բարդություններ: Կլինիկական պայմաններում դեղաբույսը տալիս են վատ ախորժակի, ստամոքսաաղիքային տրակտի, քթային, արգանդային, թութքային, լնդային, թոքային և վերքային արյունահոսությունների ժամանակ:

 

Դեղաբույսը` հատկապես եղինջի տերևների հետ, արդյունավետ է ներգործում արգանդի բորբոքական պրացեսների և ֆիբրոմային հողի վրա առաջ եկած արյունահոսությունների ժամանակ: Մեր կողմից դեղաբույսը` եփուկի ձևով, կիրառվել է թերսեկրետոր քրոնիկական գաստրիտների ժամանակ: Պարզվել է, որ հազարտերևուկի 5%-անոց եփուկը ունի ստամոքսի սեկրեցիան և մոտոր ֆունկցիան դրդող ներգործություն: Ավելացել է ստամոքսահյութի ժամային լարվածությունը, աղաթթվի դեբիտ-ժամը, հյութի պրոտեոլիտիկ ակտիվությունը, ակտիվացել ստամոքսի շարժիչ ֆունկցիան: Ուշագրավ է այն հանգամանքը, որ դեղաբույսի ավելի բարձր դոզաները (15-20%-անոց լուծույթները) ի հայտ են բերել միանգամայն հակառակ ներգործություն, որի համար էլ մեր կողմից օգտագործվել են խոցային հիվանդության և գերսեկրետոր, գերթթվային գաստրիտների ժամանակ: Ըստ որում` դեղաբույսի ավելի մեծ դոզաներն առաջ են բերել նողկանք, որոշ դեպքերում` նույնիսկ փսխում, գլխապտույտ, անգամ մաշկային ալերգիկ երևույթներ: Հազարտերևուկն օժտված է ֆիտոնցիդային, մանրէասպան և նախակենդանիների վրա ներգործող հատկություններով: Այն լայնորեն կիրառվում է նաև անասնաբուժության մեջ` հիմնականում ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ:

 

 

Կիրառման եղանակները: Դեղաբույսից թուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ հումքը 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրվա մեջ 4 անգամ, կամ` 2 ճաշի գդալ հումքը նույն ձևով թրմում են 0,5 լ ջրում և օգտագործում արտաքին ձևով, կամ` 15 գ հումքը 30 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 10 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, իսկ արգանդային արյունահոսությունների դեպքում` 1-ական բաժակ, օրը 3 անգամ, կամ` 10-20 գ հումքը 5-10 րոպե եռացնում են 250 մլ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1/2 բաժակ` օրը 3 անգամ, 25-30 օր` խոցային հիվանդության և գաստրիտների դեպքում: Թարմ բուսահյութը ընդունում են մեղրով, 1-ական թեյի գդալ` օրը 3 անգամ, կամ 20-30-ական կաթիլ, հավասար քանակով խառնված փեգենայի կաթիլների հետ` սրտխփոցների և սրտային առիթմիաների ժամանակ: Թարմ բույսից քսուք պատրաստելու համար 1 պտղունց հումքը` լավ տրորելով սանդի մեջ, դարձնում են շփոթ, ավելացնում նույնչափ խոզի ճարպ և լավ խառնում: Դեղաբույսի փոշին ընդունում են 0,3 գ, ուտելուց հետո` օրական 2-3 անգամ, իսկ եթե հավասար քանակով խառնվում է եղինջի փոշու հետ, ապա յուրաքանչյուր բույսից ընդունում են 0,15- ական գ` նույն եղանակով: Ջրիկ մզվածք պատրաստում են 40° սպիրտի հետ` պերկոլյացիոն եղանակով: Այն ընդունում են 40-50-ական կաթիլ` օրական 2-3 անգամ: Ոգեթուրմը, որ բաց է թողնվում դեղատներում, ընդունվում է վերոհիշյալ եղանակով: Դեղաբույսը հաճախ օգտագործում են խառնուրդների ձևով: Այսպես. ցիստիտների բուժման նպատակով իրար են խառնում 2 ճաշի գդալ հազարտերևուկ, 1 ճաշի գդալ խնկեղեգի արմատ, 1 ճաշի գդալ կեչու բողբոջ և 2 ճաշի գդալ արջախաղողի տերև: Այս խառնուրդից վերցնում են 2 ճաշի գդալ, 5-7 րոպե եռացնում 500 մլ ջրի մեջ, հովացնում 30 րոպե, ապա ըմպում օրական 4 անգամ: Ըստ Մ. Ա. Նոսալի, աղեփքանքի ժամանակ վերցնում են 2 ճաշի գդալ հազարտերևուկի տերև, 2 ճաշի գդալ քեմոնի սերմ, 1 ճաշի գդալ սամիթի սերմ, 1 ճաշի գդալ մանր կտրտված վարսակի ծղոտ, 3 ճաշի գդալ խնկեղեգի արմատ և 1 թեյի գդալ կատվախոտի արմատ: Այս խառնուրդից 3 ճաշի գդալ 15 րոպե եռացնում են 3 բաժակ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական բաժակ` օրական 3 անգամ: Ստամոքսային կծկողական բնույթի ցավերի ժամանակ` իրար հավասարաչափ խառնված, երիցուկի և հազարտերևուկի ծաղիկներից վերցնում են 1 ճաշի գդալ, 20 րոպե թրմում 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում որպես թեյ:

 

Արյունահոսությունների և էնտերոկոլիտների ժամանակ` իրար հավասարաչափ խառնված, հազարտերևուկի, կաղնու կեղևի, սագաթաթի, ազնվամորու և գետնամորու տերևների խառնուրդից վերցնում են 1 ճաշի գդալ, 4-6 ժամ թրմում 1 բաժակ ջրում, ապա եռացնում ու ըմպում օրվա մեջ մեկ անգամ, կամ` առատ դաշտանի դեպքում. հավասարաչափ իրար խառնված` սագաթաթի, հազարտերևուկի և կատվախոտի արմատի խառնուրդից վերցնում են 2 թեյի գդալ, 30 րոպե թրմում 1 բաժակ եռման ջրում ու ըմպում 1-ական բաժակ` օրական 2 անգամ, կամ` խոլեցիստիտների և խոլանգիտների դեպքում հավասարաչափ իրար խառնված հազարտերևուկի , ծորենու պտուղների, կեչու տերևների, գիհու պտուղների և օշինդրի խառնուրդից 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1-ական բաժակ` օրական 2 անգամ, կամ` հեպատիտների և լյարդի ցիռոզների ժամանակ` իրար հավասարաչափ խառնված, հազարտերևուկի, եղերդակի արմատի, ձիաձետի և սրոհունդի խառնուրդից 2 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1-ական բաժակ` օրական 2 անգամ: Ախորժակաբեր № 1 թեյի մեջ հավասարաչափ մտնում են հազարտերևուկ և օշինդր, իսկ № 3 նույնանման թեյի մեջ` օշինդր, հազարտերևուկ և խատուտիկի արմատ, 2:2:1 հարաբերությամբ: Այս թեյերը ընդունում են միանվագ, 1 ճաշի գդալ` հումքը 20 րոպե 1 բաժակ եռման ջրում թրմելուց հետո: Լեղամուղ № 2 թեյի մեջ մտնում են անթառամ (3), խավրծիլի արմատ (2) և հազարտերևուկ (5): Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում երեկոյան: № 3 նույնանման թեյի մեջ մտնում են 3 մաս անթառամ և 2-ական մաս հազարտերևուկ, օշինդր, սամիթի սերմ ու անանուխ: Այս խառնուրդից 2 թեյի գդալ 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը ջրում, ապա ըմպում օրվա ընթացքում:

 

 

Ստամոքսային № 2 թեյի մեջ մտնում են բեկտենու կեղև (2), հազարտերևուկ (1), մանանեխ (2) և մատուտակ (3): Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 10 րոպե եփում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ` առավոտյան և երեկոյան: Հակաթութքային թեյի մեջ հավասարաչափ մտնում են ալեքսանդրյան տերև, հազարտերևուկ, բեկտենու կեղև, մատուտակ, և գինձի սերմեր: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 10 րոպե եռացնում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում որպես թեյ:

 

Լուծողական № 1 թեյի մեջ մտնում են բեկտենու կեղև (3), հազարտերևուկ (1), եղինջ (2) , իսկ նույնանման № 4 թեյի մեջ` բեկտենու կեղև (6), երեքնուկ (2), հազարտերևուկ (2), քեմոնի սերմ (1) : Երկու տեսակի թեյերն էլ օգտագործվում են այսպես . 1 ճաշի գդալ հումքը 10 րոպե եռացնում են 2 բաժակ եռման ջրում , ապա ընդունում 1/2 բաժակ` քնելուց առաջ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Որոշ տեղերում հազարտերևուկը` որպես համեմունք, ավելացնում են մսով ճաշերին: Բույսից ստացվող եթերայուղով համեմում են ոգելից խմիչքները: Լավ անասնակեր է , սակայն մեծ քանակով տալու դեպքերում կարող է առաջ բերել անասունների թունավորում: Այն հաճույքով ուտում են ճագարները : Տերևները` մանր կտրատելով, խառնում են ծեծած գարու և պղպեղի սերմերի հետ ու տալիս են հնդկահավերին: Ջրաթուրմը ինսեկտիցիդ միջոց է գյուղատնտեսական կուլտուրաների վնասատուների դեմ պայքարի համար: Բույսը մեղրատու է:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ