Դեղաբույսեր
Լորենի - Липа - Tilia L.
Հայկական տարանունները - թմբի, լորի, լռնի, կակղի
Դեղաբույսի նկարագրությունը: Լորենազգիների ընտանիքին պատկանող, մինչև 40 մ բարձրության տերևաթափ ծառ է: Կեղևը մոխրագորշագույն է, տերևները սրտաձև հիմքով, հերթադիր, սղոցաեզր կամ ամբողջաեզր: Ծաղիկները երկսեռ են, դեղնասպիտակավուն, հոտավետ: Պտուղներն ընկուզիկ են: Մեր հանրապետությունում տարածված են կովկասյան և սրտաձև տեսակները, որոնք ապրում են 300-400 տարի, բուժական առումով ունեն նույն նշանակությունը և տարածված են հանրապետության սաղարթավոր անտառներում` բոխու, կաղնու, թխկու, հաճարի և փշատաձև ծառերի հետ` տեղ-տեղ առաջացնելով ոչ մեծ լորուտներ: Կազմում են հանրապետության անտառային տարածության ընդամենը 0,5%-ը: Լորենին ստվերադիմացկուն է, կայուն քամու, ցրտի և ծխի նկատմամբ, վատ է տանում ճահճային հողը:
Բազմանում է սերմերով, շիվերով և անդալիսով: Ծաղկում է հուլիս- օգոստոս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են օգոստոս- սեպտեմբերին: Ծաղկում է 20 տարեկան հասակից և ծաղկած մնում միայն 10-15 օր:
Քիմիական բաղադրությունը: Լորենու ծաղիկները պարունակում են 0,05% եթերայուղ, գլիկոզիդներ (տիլիացին, հեսպերիդին), սապոնիններ, դաբաղանյութեր, C, E վիտամիններ, կարոտին, շաքար, լորձանյութ: Ծաղկի հոտը պայմանավորված է եթերայուղի մեջ մտնող ֆարնեզոլ սպիրտով: Ծաղկատերևում հայտնաբերված են դաբաղանյութեր, E վիտամին, կարոտին, լորձ, պտուղներում` մինչև 12% հասնող ուտելի ճարպ, որը հիշեցնում է նշի յուղը, իսկ տերևներում` դաբաղանյութեր և ֆիտոնցիդներ:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում կիրառվում են ծաղկաբույլերը` ծաղկատերևներով, որոնք հավաքում են այգու մկրատով կամ դանակով, երբ ծաղիկների մի մասը դեռևս լրիվ բացված չէ: Հավաքում են չոր եղանակին, չորացնում ստվերում` միջանցուկ քամու տակ: Չորացած հումքը հակավորում են, պահում կիսամութ, քամահարվող տեղում: Ճիշտ պահպանման դեպքում այն պիտանի է շուրջ 3 տարի: Չոր հումքը սովորաբար կազմում է ելանյութի մոտ 29%-ը: Լորենու ծաղիկը ժողովրդական բժշկության ամենահին և ամենատարածված միջոցներից մեկն է: Տարբեր ազգերի ժողովուրդների մեջ լորենու ծաղիկների եփուկը և ջրաթուրմն օգտագործվում են որպես քրտնամուղ, միզամուղ, հակաբորբոքիչ, ցավը հանգստացնող և փափկացնող միջոց` ցրտառական բազմաթիվ հիվանդությունների, խոզուկի, կարմրուկի, ցնցումնային վիճակի, նյարդային որոշ հիվանդությունների, միզուղիների քարային դիաթեզի ժամանակ և այլն: Թուրմը որպես մանրէասպան միջոց ողողումների ձևով դրականապես է ներգործում բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ:
Ծաղիկների պատրաստուկները գրիպի և սուր տրախեաբրոնխիտների ժամանակ ցուցաբերում են ջերմ իջեցնող, խուխը ջրիկացնող և խուխամուղ հատկություն` միաժամանակ փափկացնելով և հանգստացնելով չոր հազը: Ծաղիկների, տերևների կամ կեղևի եփուկը թրջոցների ձևով օգտագործվում է այրվածքների, խոցերի, ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի ժամանակ: Նույն նպատակով օգտագործվում է տրորված թարմ բողբոջների եփուկը, իսկ թարմ տերևները` մտցնելով եռման ջրի մեջ, անմիջապես հանում և դնում են գլխի ցավոտ մասի վրա: Միզուղիների բորբոքման ժամանակ դեղաբույսի պատրաստուկներն ի հայտ են բերում ոչ միայն միզամուղ, այլև հակաբորբոքիչ և միզարձակումը կանոնավորող հատկություն:
Գերմանիայում ծաղիկներն օգտագործում են որպես քրտնամուղ, կոկորդը ողողելու և լոգանքաջրին բուրմունք տալու միջոց, իսկ բնափայտի ածուխը` լուծի. աղիների բորբոքումների և որոշ թունավորումների ժամանակ:
Լեհաստանում լորենու պատրաստուկները հանրահայտ են վերին շնչուղիների հիվանդությունների, անգինայի, նևրալգիաների, գլխացավերի, իսկ արտաքին` հոդային ռևմատիզմի և մազաթափության ժամանակ:
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ լորենին լայն կիրառում ունի նաև ստամոքսային կծկողական ցավերի և միզաքարային հիվանդության ժամանակ: Ն.Գ. Կովալևայի տվյալներով, դեղաբույսի կիրառումը դրականապես է անդրադառնում նաև մի շարք նևրոզների ժամանակ: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներն օգտագործվում են ստամոքսի, լյարդի, աղիների և երիկամների մի շարք հիվանդությունների ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ լորենու ծաղիկներն օգտագործվում են նաև թոքաբորբերի ժամանակ: Ժողովրդի մեջ մեծ համբավ ունի նաև լորենու ծաղիկներից պատրաստվող թեյը` որպես հիանալի բուժամիջոց: Այն թոքերը մաքրում է խուխից, դրականապես ներգործում թոքերի մի շարք քրոնիկական հիվանդությունների ընթացքի վրա: Թեյի պարբերաբար օգտագործումը լավացնում է սակավարյունությամբ տառապող հիվանդների արյան պատկերը: Լորենու մեղրից պատրաստված թեյը հաճախ խառնում են կաթի հետ և ըմպում կարմրուկի ու ջղաձիգ հազի ժամանակ: Կան տվյալներ, որ ծաղկաթեյն իջեցնում է շաքարախտով հիվանդների շաքարի քանակությունն արյան մեջ: Պտուղները` փոշու ձևով կամ քացախի հետ խառնված, օգտագործում են վերքային, քթի և բերանի արյունահոսությունները դադարեցնելու նպատակով, մանրացրած տերևները կամ բողբոջները որպես փափկացնող և ներծծող միջոց` թարախապալարների, նրբակեղևի փոշին` այրվածքների բուժման ժամանակ: Վերոհիշյալ դեպքերում հումքը կարելի է խառնել նաև խմորին և դնել բորբոքված մասերի վրա: Թորման եղանակով բնափայտից ստացվում է հեղուկ, որը ժողովրդի մեջ հայտնի է «արքայաջուր» անունով և օգտագոծվում է վարակիչ հիվանդությունների ժամանակ հիվանդի իրերը և հագուստը ախտահանելու համար: Բնափայտի ածխափոշին օգտագործվում է ստամոքսի ցավերի, բքնածության, բղկոցների և արյունային լուծի ժամանակ: Այս փոշիով մաքրում են ատամները, բուժում կոկորդի պալարախտը:
Լորենու ծաղիկները մեծ ճանաչում են գտել նաև գիտական բժշկության մեջ: Նրանք օֆիցինալ են աշխարհի շատ երկրներում, իսկ մեզ մոտ պետական ֆարմակոպեայի մեջ մտել են 1946 թ.: Lորենու ծաղիկը ջրաթուրմի ձևով օգտագործվում է որպես քրտնամուղ միջոց մի շարք ցրտառական և ջերմային հիվանդությունների ժամանակ և մտնում է ստամոքսային, լյարդային, աղիքային, երիկամային և քրտնամուղ մի շարք հավաքածուների կազմի մեջ: Մեր տվյալներով, շնչական օրգանների մի շարք հիվանդությունների ժամանակ լորենու ծաղկի քրտնամուղ, ջերմ իջեցնող և խուխամուղ հատկություններն ավելի ակնառու են դառնում, երբ այն զուգակցվում է հակաջերմային և հակաբորբոքիչ դեղամիջոցների հետ, իսկ շաքարախտով հիվանդների մոտ նկատվել է ինքնազգացման լավացում, որոշ վեգետատիվ երևույթների (բերանի չորություն, քրտնարտադրություն, վերջույթների պարէսթեզիա և այլն) պակասում, արյան մեջ շաքարի քանակի որոշակի իջեցում:
Կիրառման եղանակները: Ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 1 ճաշի գդալ հումք` 1 բաժակ եռման ջրին, թրմում 20 րոպե, քամում և ըմպում տաք վիճակում` օրական 2-3 անգամ: Ավելի խիտ թուրմ ստանալու համար 1 բաժակ եռման ջրին ավելացնում են 2-3 ճաշի գդալ հումք և օգտագործում նույն եղանակով: Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 1 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե, քամում և ավելացնում 5 գ սոդա ու օգտագործում կոկորդի ողողումների համար, կամ նույն դոզայով եփուկն առանց սոդայի ընդունում են միանվագ` օրական 3 անգամ: Բնափայտի ածուխն ընդունում են 1-ական թեյի գդալ, օրական 3-4 անգամ, ցանկալի է վուշի յուղով:
Քրտնամուղ № 1 հավաքածուի մեջ լորենու ծաղիկները հավասար չափով խառնում են ազնվամորու պտուղների հետ, իսկ № 3 քրտնամուղ հավաքածուի մեջ նորից հավասար չափերով իրար են խառնում ուռենու կեղևը, անիսոնի սերմերը, տատրակի տերևները, լորենու ծաղիկները և արքայամորու պտուղները: Քրտնամուղ № 5 հավաքածուն հավասար չափերով պարունակում է անանուխ, թանթրվենու և լորենու ծաղիկներ, իսկ № 6 հավաքածուն` միայն լորենու և թանթրվենու ծաղիկներ: Քրտնամուղ այլ հավաքածու կազմելու համար 5 մաս լորենու ծաղիկը խառնում են 2 մաս խռնդատի և 3 մաս թանթրվենու ծաղիկների հետ:
Կոկորդի ողողման № 1 հավաքածուի մեջ 2 մաս ծաղկահումքը խառնում են 3 մաս կաղնու կեղևի հետ, № 2 հավաքածուի մեջ` 2 մաս ծաղկահումքը 3 մաս երիցուկի հետ, իսկ № 3 հավաքածուի մեջ` նույնքան ծաղկահումքը` 3 մաս ուռենու կեղևի հետ: Այս բոլոր հավաքածուներն էլ օգտագործվում են միանման. վերցնել 2 ճաշի գդալ հումք, 2-3 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում և կոկորդը ողողել, իսկ քրտնամուղ թեյն ըմպել միանվագ:
Քրտնամուղ, միզամուղ, հակաբորբոքիչ և ցավ հանգստացնող հատկություններով է օժտված Մ.Ա. Նոսալի կողմից առաջարկված բարդ միքստուրան, որի կազմի մեջ մտնում են հավասար չափերով լորենու ծաղիկ, կտավատի սերմ, դդումի չմաքրած սերմ, կանեփի սերմ, մոշի տերև, թանթրվենու ծաղիկ, սրոհունդ և երիցուկ: Այս խառնուրդից վերցնում են 4 ճաշի գդալ 0,5 լ եռման ջրին, թրմում 30-40 րոպե, քամում և ըմպում են օրվա ընթացքում 4 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները: Լինելով գեղեցիկ սաղարթավոր ծառ, լորենին դեկորատիվ ձևով զարդարում է մայթուղիներն ու պուրակները, ճամփեզրերն ու փողոցները` կլանելով փողոցների փոշին ու մուրը: Ծառը շրջապատի վրա ունի առողջարար ներգործություն` շնորհիվ տերևների ֆիտոցիդային հատկության: Ծաղիկներն օգտագործվում են պարֆյումերիայում, կոնյակի, գինու և լիկյորի արտադրության մեջ և որպես թեյի փոխարինիչ: Սակայն լորենու ամենամեծ օգտակար հատկանիշը նրա բարձր մեղրատվությունն է: Իզուր չէ, որ ժողովուրդն այս ծառն անվանել է «մեղրաբեր բույսերի թագուհի»: Նշենք, որ մեղուները 1 լորենու ծառից կարող են հավաքել այնքան բերք, որքան 1 հ հնդկացորենի դաշտից: 1 ծառից մեղուն կարող է հավաքել մինչև 12 կգ, իսկ 1 հ լորուտից` մինչև 650-1000 կգ մեղր: Վերջինս շատ հոտավետ է, գերազանց համի, թափանցիկ, դեղին կամ կանաչավուն. պարունակում է 36% գլյուկոզա և 39% ֆրուկտոզա: Բնափայտը հեշտ ենթարկվում է մշակման: Նրանցից պատրաստում են կահույք, նրբատախտակ, երաժշտական գործիքներ, տակառ, խաղալիքներ, տնային գործածության բազմապիսի իրեր, գծագրական տախտակ, մատիտ և այլն, իսկ կեղևից` ճիլոպ, խսիր, պարան, զամբյուղ և այլն: Բնափայտը տալիս է նաև բարձր որակի ածուխ:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն