Դեղաբույսեր
Թանթրվենի սև - Бузина черная - Sambucus nigra L.
Հայկական տարանունները - բոռքիչ, թանթրավենի, կտտկենի, շամբուկ, փորքիչ
Դեղաբույսի նկարագրությունը: Այծատերևազգիների ընտանիքին պատկանող թուփ կամ մինչև 2-6 մետրի հասնող լայնասաղարթ ծառ է: Տերևները բարդ են, բնորոշ տհաճ հոտով: Ծաղիկները սպիտակ են, հոտավետ: Պտուղները սև են (այստեղից էլ ծագել է անունը), կլորավուն, հյութալի, պարունակում են 3-4 սերմ: Ծաղկում է հունիսին, երբ ծառն արդեն լրիվ տերևակալված է լինում, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին: Բույսի արմատը հողի մեջ խոր չի թափանցում: Նախընտրում է բերրի և բերովի հողերը: Բավականաչափ ջրասեր է, լավ դիմանում երաշտին, սակայն ցրտի նկատմամբ զգայուն է: Բնորոշ է ստվերադիմացկունությամբ և արագ աճով: Պտղակալում է ոչ կանոնավոր:
Բազմանում է սերմերով և կտրոններով, հեշտությամբ վերաճում է նաև կոճղերից դուրս եկած շիվերով: Հանդիպում է անտառների «պատուհաններում», հին հատատեղերում, ճամփեզրերին, ձորեզրերին և այլուր: Առավելապես տարածված է հաճարենու անտառներում, հատկապես խոնավ հաճարկուտներում` արևելյան ու վրացական կաղնու և բոխու հետ մեկտեղ: Գտնում են, որ անունը ծագել է Իրանում տարածված եռալար երաժշտական գործիք սամբուկից, որը պատրաստում են թանթրվենու փայտից: Սակայն` համաձայն հունական աղբյուրների, «սամբիքս» կամ «սանդիքս» նշանակում է կարմիր ներկ. խոսքն այն ներկի մասին է, որը ստանում են բույսի պտուղներից և որով ներկում են գործվածքները:
Քիմիական բաղադրությունը: Ծաղիկները պարունակում են գլիկոզիդ սամբունիգրին, որը ճեղքվելով տալիս է կապտածնաթթու, բենզալդեհիդ և գլյուկոզա, այնուհետև C վիտամին, ռուտին, խեժ, եթերայուղ (մինչև 32%), խոլին, կալցիումական աղեր, քլորածնային, կոֆեինային, վալերիանային թթուներ, խնձորաթթու և քացախաթթու: Պտուղներում հայտնաբերված են վիտամիններ՝ C (մինչև 50 մգ%), E, կարոտին, քրիզանթեմին, թիրոզին, դաբաղանյութեր, գինեթթու, խնձորաթթու, կարբոնաթթու, գլյուկոզա, ֆրուկտոզա: Տերևներից անջատվել է սամբունիգրին, եթերայուղ, ալդեհիդներ, C վիտամին (մինչև 280 մգ%), կարոտին, ճյուղերի կեղևից` եթերայուղ, խոլին, ֆիտոստերին, իսկ սերմերից` ճարպայուղ:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործվում է ամբողջ բույսը, անգամ կեղևը և արմատները, սակայն հիմնականում` ծաղիկները և պտուղները: Ծաղիկները հավաքում են չոր եղանակին` լրիվ բացվելուց հետո: Դանակով կամ մկրատով կտրում են ամբողջ ծաղկաբույլը. քանի որ վերջինս շուտ փչանում է, արագ չորացնում են ստվերում, լավ քամհարվող տեղում , թղթի վրա, միաշերտ փռված վիճակում: Պատրաստի հումքը պահում են չոր, քամհարվող տեղում` մառլյայից պարկիկների մեջ: Ծաղկաբույլերը հավաքելիս երբեք չպետք է կտրել ճյուղերը, որ չպակասի բույսի հաջորդ տարվա բերքատվությունը: Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո (օգոստոս- սեպտեմբեր ամիսներին), չորացնում են 30-35° պայմաններում: Չոր հումքը պահում են տուփերի մեջ` 6 ամիս ժամկետով: Դալար տերևները հավաքում են գարնանը, կեղևը` ամռանը:
Որպես դեղաբույս թանթրվենու մասին տվյալներ կան Պլինիոսի գործերում: Մարդկությանը վաղուց են հայտնի ծաղիկների, պտուղների, տերևների և կեղևի միզամուղ, քրտնամուղ և լուծող հատկությունները. դրանք թուրմի և եփուկի ձևով կիրառվել են բրոնխիտների, տարբեր տեսակի ջերմերի, ռևմատիզմի, պոդագրայի, երիկամային քարային դիաթեզի (ավազի), փորկապության և փորի շրջանի ցավերի ժամանակ, իսկ արտաքին` ողողումների կամ թրջոցների ձևով, անգինայի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, աչքերի և ականջների մի շարք հիվանդությունների դեպքում: Թութքի բուժման նպատակով թարմ տերևը դրվել է ախտահարված տեղին` կոմպրեսի ձևով: Պտուղները և արմատները, որպես միզամուղ և ընդհանուր կազդուրիչ, օգտագործվում են ջրգողության, շաքարախտի, դիզենտերիայի և այլ հիվանդությունների ժամանակ:
Ամիրդովլաթը «խաման», «մեծ խաման», «շապուղա» անունների տակ դեղաբույսի տարբեր մասերն օգտագործել է զանազան նպատակներով: Այսպես, նա նշում է, որ արմատը գինով եփած` ներքին ընդունման ձևով, օգտակար է ջրգողությանը և գազանահարին, կանանց մոտ կբացի արգանդը, եթե լոգանք ընդունեն, մազերը սև կներկվեն, եթե օծեն մազերը: Թարմ տերևը` գարու ալյուրով, եթե սպեղան դրվի բորբոքական ուռուցքի, շան կծածի, այրվածքի և խուղակի վրա, տալիս է դրական արդյունք: Տերևահյութը, ներքին ընդունման ձևով, օգնում է կոտրվածքին և սալջարդին:
Հայկական ժողովրդական բժշկարանների տվյալներով` թանթրվենու ծաղիկները, որպես քրտնամուղ և միզամուղ միջոց, օգտակար են ուրեմիայի ժամանակ, բարորակ են ներգործում ձայնի խզման և խռպոտման դեպքում: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներին վերագրում են «արյունը մաքրող» հատկություն, իսկ մատղաշ տերևները` մեղրի մեջ եփված վիճակում, ներքին ընդունման ձևով, համարվում են նուրբ լուծողական: Ծաղիկների եփուկը թրջոցալաթի ձևով դնում են ցավող ականջին, ռևմատիկ և պոդագրիկ բնույթի ախտահարված հոդերի վրա: Կարմիր քամով ախտահարված մաշկին դնում են քերված կեղևի ջրաթուրմը, որը պատրաստում են կանեփի սերմերի կաթնահյութով: Մատղաշ տերևները կաթի մեջ թեթևակի խաշելուց հետո, դնում են պառկելախոցի, բորբոքական օջախների, հատկապես թութքահանգույցների վրա: Ծաղիկներից` կապույտ տերեփուկի, ակնախոտի և արջընկույզի սերմերի հետ, պատրաստում են ջրաթուրմ և օգտագործում աչքի հիվանդությունների ժամանակ: Չեխական ժողովրդական բժշկության մեջ պտուղների հյութն օգտագործում են եռորյակ գոտկասրբանային նյարդերի բորբոքուների ժամանակ: Թանթրվենու դեղամիջոցները հնդկական բժշկության մեջ և հոմեոպաթիայում հայտնի են որպես միզամուղ, քրտնամուղ և փսխեցնող միջոց: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներից պատրաստված թեյը լայն կիրառում ունի մի շարք ցրտառական հիվանդությունների, ջրգողության և ճարպակալման ժամանակ, իսկ պտուղներց պատրաստված մարմելադը հայտնի է որպես միզամուղ և լուծողական միջոց: Տերևներից պատրաստված եփուկը` լոգանքի ձևով, օգտագործվում է ռևմատիզմի, պոդագրայի, թութքի և մաշկային ցանավորումների ժամանակ: Բացի քրտնամուղ և միզամուղ լինելուց, ծաղիկներն ունեն նաև պատող, թեթևակի ախտահանող, ջերմ իջեցնող և հակաբորբոքիչ հատկություն:
Բացի ցրտառական հիվանդություններից, դրանք օգտագործվում են նաև լյարդի ախտահարումների դեպքում` որպես լեղամուղ: Ծաղիկները մտնում են քրտնամուղ, լուծողական և կոկորդային հավաքածուների մեջ: Քրտնամուղ № 5 թեյի մեջ թանթրվենու ծաղիկներն անանուխի տերևների և լորենու ծաղիկների հետ խառնված են հավասար քանակությամբ. այն օգտագործվում է եփուկի ձևով` 1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում եռացնելով 10 րոպե, ըմպում են միանվագ որպես թեյ: № 6 քրտնամուղ թեյի մեջ, որն օգտագործվում է նույն ձևով, թանթրվենու ծաղիկները խառնված են լորենու ծաղիկների հետ 1:1 հարաբերությամբ: Փափկացնող № 2 հավաքածուի մեջ թանթրվենու ծաղիկները հավասար չափով խառնված են եղեսպակի և մոլոշի ծաղիկների հետ, որից մեկ պտղունց եփացնում են մեկ բաժակ ջրում և օգտագործում կոկորդի ու բերանի ողողումների համար: Նույն նպատակի համար օգտագործում են № 5 կոկորդային հավաքածուն, այդ խառնուրդին հավասար չափով ավելացնում են նաև կաղնու կեղև: Հիմնավորված է, որ ծաղիկների պատրաստուկները նպաստում են բրոնխներում կուտակված թանձր խուխի ջրիկացմանը և նրա արտազատմանը: Ծաղիկները մտնում են նաև սենժերմենյան լուծողական հավաքածուի մեջ` անիսոնի և սամիթի սերմերի, ալեքսանդրյան տերևի և գինեքարային աղի հետ: Դեղաբույսի պատրաստուկները ինհալացիայի ձևով օգտագործվում են շնչական օրգանների հիվանդությունների, հատկապես բրոնխէկտազիաների ժամանակ:
Թբիլիսիի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում ծաղիկների մզվածքը` 10-15-ական մլ, օրական 3 անգամ տրվել է սրտային և երիկամային ծագում ունեցող այտուցներով 30 հիվանդի: Արդյունքը եղել է այն, որ ավելացել է հիվանդների միզարձակումը, նվազել մեզի տեսակարար կշիռը, պակասել կամ լրիվ վերացել են այտուցները: Դեղաբույսի կիրառումից ոչ ցանկալի, կողմնակի երևույթներ չեն նկատվել: Դեղաբույսի ծաղկաբույլերը օֆիցինալ են աշխարհի 22 երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ (1961 թվականից): Ծաղիկների թուրմն օգտագործելով մեղրի հետ` ավելի է բարձրացնում թուրմի քրտնամուղ, ջերմ իջեցնող, հակառևմատիկ և այլ օգտակար հատկությունները: Ըստ որում` արմատն իր միզամուղ և քրտնամուղ արդյունքով զգալի չափով զիջում է ծաղիկներին և տերևներին:
Մեր բազմամյա կլինիկական հետազոտությունները պարզել են, որ բույսի ծաղիկներն ու պտուղներն օժտված են որոշակի բուժական ազդեցությամբ` սուր տրախեաբրոնխիտների, գրիպային վիճակի, սուր և քրոնիկական պիելոցիստիտների, հատկապես գաստրիտների և համառ փորկապությունների ժամանակ: Վերջինիս դեպքում դեղաբույսի պատրաստուկները ոչ թե առաջ են բերում լուծ, որը հաճախ վատ է անդրադառնում քրոնիկական փորկապությամբ տառապող հիվանդների վրա, այլ կանոնավորում են աղիների գործունեությունը: Ռենտգեն հետազոտությոմբ պարզվել է, որ թանթրվենու պատրաստուկների ազդեցության տակ աշխուժանում է մինչև այդ ատոնիկ վիճակում գտնվող աղիների շարժունակությունը, վերանում սպաստիկ կոլիտի պատկերը, իսկ կլինիկորեն` դադարում են ցավերն աղիների հատվածում:
Հիվանդների մեծ մասի մոտ ստացված արդյունքը եղել է տևական:
Կիրառման եղանակները: Ծաղիկներից թուրմ պատրաստելու համար 20 գ հումքը թրմում են 20 րոպե 1 լ եռման ջրում, հովանալուց հետո ըմպում 1-ական բաժակ` օրը 3 անգամ, կամ` 2 թեյի գդալ ծաղկահումքը փոշի վիճակում 1 բաժակ եռման ջրում 10 րոպե թրմելուց հետո քամում են և ըմպում օրվա մեջ 3 անգամ: Պտուղներից ու տերևներից սառը ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են կեսական թեյի գդալ, լցնում 1 բաժակ սառը ջրի մեջ, թողնում ամբողջ գիշերը և առավոտյան` քիչ տաքացնելուց հետո, ըմպում միանվագ: Թարմ ծաղիկներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 1 ճաշի գդալ կտրատված հումք, 20 րոպե թրմում 1 բաժակ եռման ջրում, քամում և ապա ըմպում 1/4 բաժակ, օրը 3-4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, կամ` 5-15 գ մանր կտրատված ծաղկահումքին ավելացնում են 200 մլ եռման ջուր, թրմում 20 րոպե, քամում, պահում սառը տեղում և ըմպում 1/4 բաժակ, օրը 3 - 4 անգամ` ուտելուց առաջ, կամ` 20 գ չոր հումքը 200 մլ եռման ջրում թրմում են կես ժամ, ապա ըմպում 2-ական ճաշի գդալ` 3 ժամը 1 անգամ:
Կեղևից ջրիկ մզվածք պատրաստելու համար մանր կտրատված հումքը հավասար քանակով ջրի մեջ եռացնում են մինչև ծավալով կիսվելը, ապա ըմպում 1- ական ճաշի գդալ, օրը 2-3 անգամ` ուտելուց հետո: Արմատից և կեղևից եփուկ պատրաստելու համար ամեն մի հումքից վերցնում են 15- ական գրամ և 20 րոպե եռացնում 1 լ ջրի մեջ, ապա ընդունում 1- ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` երիկամային հիվանդությունների , ջրգողության և շաքարախտի ժամանակ, կամ` կեղևից եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 30 րոպե եռացնում են 200 մլ ջրում, հովացնում ու ըմպում 1- ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, մեղրի հետ, կամ` վերցնում են մատղաշ ճյուղերի կեղև` 9-12 գ, իսկ եթե կեղևափոշի` 6-7 գ, լցնում 3 բաժակ եռման ջրի մեջ, շոգեխաշում ջեռոցում 5-6 ժամ, իսկ փոշու դեպքում` 2-3 ժամ, ապա ըմպում կեսական բաժակ, օրական 5-6 անգամ ` սկսվող ջրգողության ժամանակ:
Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 1 բաժակ եռման ջրում եռացնում են 10 րոպե, ավելացնում մեղր ու ըմպում 1/4 բաժակ, օրական 3-4 անգամ` ուտելուց 15 րոպե առաջ: Տերևներից և արմատից եփուկ պատրաստելու համար հավասար չափով իրար խառնված հումքերից վերցնում են 20 գ, 1 բաժակ ջրի մեջ եռացնում 20 րոպե, ապա ըմպում 1- ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, մեղրով: Որովայնի տարբեր բնութի ցավերի ժամանակ պատրաստում են մեղրով թեյ` 1,5 լ ջրին ավելացնելով 15- ական գրամ թանթրվենու ծաղիկ, անանուխ, հազարատերևուկ և քիչ քանակությամբ մանրացրած կոճապղպեղ (իմբիր) : Խառնուրդը եռացնում են 10 րոպե, ապա ըմպում կեսական բաժակ` օրական 6 անգամ: Պտուղներն օգտագործում են նաև թեյի, կիսելի, պովիդլոյի, մուրաբայի կամ օշարակի ձևով: Պտուղներից օշարակ պատրաստելու համար շոգեխաշած հումքից հանում են հյութը, ավելացնում շաքարի օշարակ և եփում մինչև թանձրանալը:
Այլ օգտակար հատկանիշները: Հասուն պտուղները համեղ են և պիտանի ուտելու համար: Դրանցից կարելի է պատրաստել մարմելադ, ժելե, մուրաբա, օշարակ, ջեմ, քացախ. դրանք կարող են նաև փոխարինել թեյին և սուրճին: Ծաղիկներն ու պտուղներն օգտագործում են լիկյորի և կոնյակի արտադրության մեջ, պարֆյումերիայում, դրանցով գինուն տալիս են մշկընկույզի համ ու հոտ, իսկ խմորին` նշի հոտ: Պտուղները սուպի մեջ օգտագործում են որպես համեմունք. դրանցից պատրաստում են թանաք, հատուկ ներկ, որով գույն են տալիս սննդամթերքին: Եվրոպայում թանթրվենին դեկորատիվ նպատակով աճեցվում է պուրակներում, զբոսայգիներում և այլուր: Բնափայտը շատ թեթև է ու ամուր, օգտագործվում է մանր իրեր ու գործիքներ պատրաստելու համար, միջուկն օգտագործվում է մանրադիտակային քննության տեխնիկայում: Փայտը լավ դիմանում է խոնավությանը, օգտագործվում է խաղողի այգիներում` հենարանի նպատակով, իսկ լավ հղկված փայտը` ժամացույցների փայտյա մասերի արտադրության մեջ: Թանթրվենու հոտը բնակարաններից վանում է ուտիճներին ու փայտոջիլներին: Պտուղները կերի հրաշալի պաշար են թռչունների համար, իսկ բույսը պիտանի է հեղեղատների ամրացման գործում: Այն ունի արտահայտված ֆիտոնցիդային հատկություն և ոչնչացնում է մի շարք հիվանդագին մանրէների: Պտուղներից ստացվող ներկը մետաքսը ներկում է կարմիր և ձիթապտղագույն:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն