Ավանդական բժշկություն Ուրց սողացող - Тимьян ползучий - Thymus serpyllum L.
Ուրց սողացող - Тимьян ползучий - Thymus serpyllum L.
Հայկական տարանունները - դաշտուրց, թյում, խոռ, խուռ, ղռի դաղձ, վայրի ծոթրին, մեշ
Դեղաբույսի նկարագրությունը: Խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող, 10-35 սմ բարձրության, գետնի վրա փռված, խիստ ճյուղավոր, հիմքում փայտացող ցողունով կիսաթուփ է: Ունի ձվաձև տերևներ: Ծաղկաբույլերը հիմնականում գտնվում են ճյուղերի ծայրերին: Բույսը ծաղկում է մայիսից մինչև աշուն, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ամբողջ բույսն ունի սուր, հաճելի, բուրավետ հոտ: Հանդիպում է մեր հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում` քարքարոտ, արևաշատ լանջերին, քերծերին, բլուրների վրա, տափաստանային և ալպյան մարգագետիններում, սոճու և գիհու անտառներում, խամահողերում, դաշտերում և այլուր, հաճախ առաջացնելով հոծ ճմուտներ: Բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով: Պտղակալում է կանոնավոր, վատ է տանում ցուրտը: Մեր հանրապետությունում, վայրի վիճակում աճում են նաև Մարշալի և Կոչի ուրցերը, որոնք իրենց պիտանելիությամբ մոտ են սողացող տեսակին: «Թիմուս» բառը ոմանք հունարենից թարգմանում են ուժ, արիություն, ելնելով բույսի խթանող հատկություններից, ոմանք էլ` զոհաբերություն, ելնելով այն բանից, որ հին հույների մոտ զոհարանում աստվածուհի Աֆրոդիտեի պատվին միշտ այրում էին ուրց: Իսկ ընդհանրապես, մեր հեթանոս նախնիները ուրցով խունկ են ծխել աստվածների պատվին: «Սերպիլլում» հունարեն նշանակում է սողացող:
Քիմիական բաղադրությունը: Ամբողջ բույսը պարունակում է 0,5-1% եթերայուղ, որի բաղադրիչ մասը կազմում են թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, տերպինեոլը, բորնեոլը, ցինգիբերենը, ինչպես նաև դաբաղանյութեր, դառը նյութեր, խեժ, ֆլավոնոիդներ, սապոնիններ, պիգմենտ, սպիտակուցային նյութեր, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, խինաթթու, կոֆեինաթթու, քիմիական տարրերից` կալիում, կալցիում, մագնեզիում և այլն:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը դանակով կամ մանգաղով` առանց արմատը հանելու, կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա` տանիքում կամ քամահարվող սենյակում: Չոր հումքը փշրում են, մաղով հեռացնում կոշտ մասերը և պահում տուփերի մեջ, թղթով փաթաթված վիճակում: Այն կազմում է նախահումքի 25%-ը և պիտանի է օգտագործման շուրջ 3 տարի: Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն` որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց: Հին եգիպտացիներն այլ միջոցների հետ խառնված ուրցն օգտագործել են դիակներ զմռսելու համար: Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը` բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով` բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ: Ամիրդովլաթը նշում է, որ («հաշա» անվան տակ) դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի և այլ նյութերի հետ խառնված, բացում է օրգանների խցանումները, մեզը, միաժամանակ փքահան է, հալում են ուռուցքները, օգնում է դեղնուկին, զորություն տալիս ուղեղին, ստամոքսին, դադարեցնում որձկալն ու փսխումը, թքահոսությունը, կերակրի հետ ուտելուց` օգնում ատամնացավին, ասթմային, ուժեղացնում տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում շնչառությունը, լուծում խուխը, դադարեցնում արյունախխումը, լավացնում մարսողությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը: Խառնված յուղի կամ գինու հետ, ուրցը բուժում է խոցերը, իսկ ծեծված վիճակում մեղրաջրով մաքրում է ստամոքսը և լյարդը, վերացնում աղեխիթերը: Բույսը կործանարար է ազդում լվերի և ոջիլների վրա, բացում ֆլեգմոնան, վիժեցնող է, դուրս է բերում մեռած պտուղն արգանդից, գցում միզուղիների քարը: Խառնված վարդի յուղի և քացախի հետ` քսելու ձևով, կտրում է գլխացավը, սպեղանու ձևով օգնում է մեղվի խայթածին, սերմերը բացում են դաշտանը, հեշտացնում ծննդաբերությունը:
Բժշկապետը դեղաբույսն առաջարկել է նաև որպես հակաբեղմնավորիչ միջոց: Համաձայն իր մեջբերումների, Հիպոկրատն ուրցն օգտագործել է ակամա միզարձակության, Ըռուֆոսն` ատամնացավի, իսկ Էհանան` տղամարդու սեռական թուլության ժամանակ: Ըստ Մարտիրոս Սեբաստիացու, ուրցը պայծառացնում է միտքը, ուժեղացնում զգայունությունը, կտրում հազը, իսկ ըստ Կ. Գաբիկյանի, այն օգնում է ականջի ցավին և մարսողությանը, լերդացավին, մեղրաջրով օգտագործելուց` բուժում քոսը, մաշկի քորը և դեղնությունը: Հայկական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի սպիրտային թորվածքը կիրառվել է սրտային և լյարդային հիվանդությունների ժամանակ, նշում է, որ այն հակաբորբոքիչ է, վերացնում է բերանի վատ հոտը և փորկապությունը:
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է նևրալգիաների, ստամոքսաաղիքային տրակտի սպազմի, վատ քնի, կապույտ հազի, արոմատիկ լոգանքի ձևով` ռևմատիզմի և նյութափոխանակության խանգարումների, կոմպրեսների ձևով` աչքի հիվանդությունների և վերքերի, փոշին քթով շնչելու ձևով` ուշաթափության ժամանակ և այլն: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ բույսի թուրմը նշանակում են թույլ մարսողության, փորի բքնածության և երիկամային ախտահարումների ժամանակ: Ուրցն այստեղ համարում են «արյունը մաքրող», միզամուղ և ստամոքսը կազդուրող միջոց: Թուրմը թրջոցների և լվացումների ձևով օգտագործում են աչքերի բորբոքական պրոցեսների դեպքում: Ուրցի թեյը` մեղրով, տալիս են երիզորդակրության, իսկ բուսափոշին, քթով ներշնչելու ձևով` հարբուխի ժամանակ:
Բուլղարիայում դեղաբույսը նշանակում են բրոնխիալ ասթմայի, վատ ախորժակի, աղեփքանքի, դիսպեպսիաների, խոցային հիվանդության, լոգանքի ձևով` ռևմատիզմի, նյարդային և մաշկային հիվանդությունների, ողողման ձևով` անգինայի ժամանակ և այլն: Գերմանիայում այն նշանակում են հազի և վերքերի բուժման համար, Ֆրանսիայում` որպես հակասպաստիկ, հակաճիճվային, վերքամոքիչ, հյուսվածքների էպիթելիզացիան վերականգնող միջոց, հատկապես ուժեղ թթուներից առաջացած այրվածքների դեպքում: Նշվում է նաև, որ թուրմը կանխում է երեխաների փորկապության առաջացումը: Ավստրիայում ուրցը կիրառում են գաստրիտների, աղեփքանքի և ճիճվակրության ժամանակ, ինչպես նաև որպես հակացնցումնային և ախտահանող միջոց: Այստեղ գտնում են, որ դեղաբույսի երկարատև օգտագործումը, որպես բարդություն, կարող է առաջ բերել վահանագեղձի հիպոֆունկցիա: Հայաստանում դեղաբույսը համարվում է որպես մանրէասպան, հակաբորբոքիչ, հանգստացնող և ախորժակը լավացնող միջոց: Այն լայնորեն կիրառվում է լյարդի և երիկամների հիվանդությունների, նևրալգիաների, հոդային ախտահարումների, բրոնխիալ ասթմայի ժամանակ:
Արևմատաեվրոպական մի շարք երկրներում դեղաբույսն օգտագործում են գաստրիտների, համառ հազի, դաշտանային ցիկլի խանգարումների, գլխացավերի, գլխի մաշկի թեփոտության, մազաթափության, ռադիկուլիտի, հոդացավերի, անդամալուծության, էկզեմայի ժամանակ: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ ուրցը` խոտաբարձի ձևով դնելով գլխի տակ, քնելով վրան` առողջարար է և երկարացնում է կյանքը:
Դեղաբույսն օֆիցինալ է մեզ մոտ և աշխարհի շատ ու շատ երկրներում: Գիտական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես խուխամուղ և ցավը հանգստացնող միջոց և օգտագործվում է բրոխիտների, վերին շնչուղիների կատառի, ռադիկուլիտների, միոզիտների և նևրիտների ժամանակ: Այն մտնում է պերտուսին պատրաստուկի բաղադրության մեջ, որը որպես խուխամուղ և հազը փափկացնող միջոց, օգտագործվում է բրոնխիտների և վերին շնչուղիների բորբոքումների, իսկ երեխաների մոտ` նաև կապույտ հազի ժամանակ: Ուրցից ստացվող թիմոլը ուժեղ հականեխիչ միջոց է: Այն նշանակվում է ողողման ձևով` բերանի խոռոչի և բկանցքի ախտահարումների ժամանակ: Դեղամիջոցը` ներքին ընդունման ձևով, կիրառվում է երիզորդային և մազագլուխ ճիճվակրության, թոքերի ակտինամիկոզի, աղեփքանքի, լուծերի, խմորման և նեխական բնույթի էնտերիտների ժամանակ: Ստոմատոլոգիական պրակտիկայում թիմոլը համարվում է որպես դենտինը ցավազրկող միջոց և մտնում է այս նպատակով կիրառվող Գարտմանի հեղուկի բաղադրության մեջ: Մաշկային հիվանդությունների պրակտիկայում թիմոլը կիրառվում է սնկային ախտահարումների, էկզեմայի, մարմաջի և բազմաթիվ այլ քորվող դերմատիտների ժամանակ: Ուրցից ստացվող եթերայուղը համարվում է որպես հանգստացնող, խթանող և հակասպաստիկ միջոց:
Մեր կողմից, դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է քրոնիկական թերսեկրետոր գաստրիտների և քրոնիկական էնտերիտների ժամանակ: Դեղաբույսը` 1 ամիս տևողությամբ կանոնավոր ընդունելիս, բավականաչափ խթանում է ստամոքսահյութի ժամային լարվածությունը, աղաթթվի դեբիտ-ժամը և հյութի պրոտեոլիտիկ ակտիվությունը: Զգալի չափով նվազել է հյութի ph-ը, պակասել լորձի քանակը, արյան մեջ բարձրացել կարբոանհիդրազայի ակտիվությունը և լեզվի համային ռեցեպցիան` համային տարբեր գործոնների նկատմամբ: Նեխական կամ խմորման երևույթներով ընթացող քրոնիկական էնտերիտների ժամանակ մենք դրական արդյունք ստացել ենք ոչ միայն ուրցի ջրաթուրմի կիրառումից, այլև թիմոլի ներքին ձևով ընդունումից: Բուժման շնորհիվ կարգավորվել է հիվանդների աղիների գոծունեությունը, հատկապես լուծը, վերացել փորի շրջանի ցավերը, բքնածությունը, լավացել համազգացումը և ընդհանրապես հիվանդների ընդհանուր վիճակը:
Կիրառման եղանակները: Դեղաբույսից ջրաթուրմ պատրաստելու համար 5 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1 օրում` 3 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, փակ ամանի մեջ, ապա հովացնում ու քամում, ըմպում գոլ վիճակում, 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը 1 լ ջրում եփել մինչև եռալը, հովացնել ու քամել, ապա ընդունել 1/2 բաժակ, օրը 4 անգամ` նևրիտների և ռադիկուլիտների ժամանակ: Կամ` 15 գ հումքը 20 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ: Կամ` 10-15 գ հումքը 30 րոպե թրմել 1 լ եռման ջրում, հովացնել ու քամել, ապա օգտագործել թրջոցների ձևով` աչքի հիվանդությունների ժամանակ: Եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եռացնում են 20 րոպե, հովացնում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 4-6 անգամ: Լոգանքի համար 100 գ հումքը 30 րոպե թրմում են 2 լ եռման ջրում, հետո` ըստ պահանջի, ավելացնում լոգանքաջրին կամ օգտագործում կոկորդի ողողումների համար, կամ` 50 գ հումքը 1 ժամ թրմում են 1 դույլ եռման ջրում և օգտագործում լոգանքի ձևով` ռևմատիզմի, ռադիկուլիտի, նևրիտների, գեղձախտի, էկզեմայի և սալջարդների ժամանակ: Ոգոթուրմ պատրաստելու համար հումքը խառնում են 70° սպիրտի հետ` 1:5-ի հարաբերությամբ: Այն ընդունում են 15-ական կաթիլ` օրական 3 անգամ: Ոգեթուրմը` հավասար չափով խառնելով մրջնասպիրտի հետ, քսում են ախտահարված հոդերին: Ջրիկ մզվածք պատրաստելու համար 10 գ ուրցը 90 մլ եռման ջրում (կամ 2 թեյի գդալ հումք` 1/2 բաժակ եռման ջրին) եփում են այնքան, մինչև ջրի կիսվելը, խմում ( լավ է մեղրով) 1-ական թեյի գդալ` օրական 3-4 անգամ: Քսուք պատրաստելու համար 1 մաս բուսափոշին խառնում են 5 մաս վազելինի կամ 1 մաս ոգեթուրմը (կամ եփուկը) 4 մաս վազելինի հետ: Պերտուսինը, որը պատրաստի բաց է թողնվում դեղատներում, մեծերն ընդունում են 1-ական ճաշի, իսկ փոքրերը` 1/2 -1 թեյի գդալ` օրական 3 անգամ: Ժողովրդական բժշկության մեջ ալկոհոլիզմը բուժելու նպատակով վերցնում են 4 մաս ուրց, 1 մաս օշինդր և 1 մաս ոսկեհազարուկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում 30 րոպե թրմելուց հետո հիվանդն ըմպում է միանվագ` օրական 3 անգամ, 2-3 ամիս տևողությամբ:
Սուր և քրոնիկական տրախեաբրոնխիտների ժամանակ վերցնում են 5-ական գրամ տատրակի տերև, խռնդատի ծաղիկ, անիսոնի սերմ, 10-ական գրամ խիփերթի և ինքնացան կակաչի ծաղիկներ, տուղտարմատ և ուրց, 25 գ մատուտակի արմատ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 2 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, հետո եռացնում մի քանի րոպե, քամում ու ըմպում 1 օրում` 3-4 անգամ:
Բրոնխիալ ասթմայի, կապույտ հազի, բրոնխիտների և բրոնխէկտազիաների ժամանակ վերցնում են հավասարաչափ` ուրց և տուղտարմատ: Այս խառնուրդից 4 թեյի գդալ 2 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, հետո եռացնում մի քանի րոպե, հովացնում ու ըմպում 1 օրում` 3 անգամ: Նույն նպատակով և նույն եղանակով ընդունում են իրար հավասարաչափ խառնված հետևյալ հավաքածուն` բաղկացած ուրցից, տատրակից, եռագույն մանուշակից, Հեղինեի կղմուխի արմատից և անիսոնի սերմերից:
Գաստրոկարդիալ սինդրոմի ժամանակ վերցնում են 30-ական գրամ ուրց, մեղրածուծ և ոսկեհազարուկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմելով 1 բաժակ եռման ջրում, ըմպում են կումերով` օրական 2 բաժակ:
Արոմատիկ № 2 թեյի բաղադրության մեջ մտնում են 1-ական մաս ուրց, անանուխի, սև հաղարջի և տատրակի տերևներ, 3-ական մաս մոշի և գետնամորու տերևներ, իսկ արոմատիկ № 3 թեյի մեջ` 0,5 մաս ուրց, գետնաստղի ընձյուղներ, 1 մաս սև հաղարջի տերև, 3-ական մաս մոշի և ազնվամորու տերևներ: Այս երկու թեյերն էլ, որ օգտագործվում են օրգանիզմի ընդհանուր ուժերը տոնուսավորելու նպատակով, օգտագործվում են միանման: Այսպես, 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում թրմում են 10-15 րոպե, ապա ըմպում օրվա մեջ 3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները: Թարմ կամ չորացրած ուրցով համեմում են լոբով և մսով ճաշերը, երշիկը, սպասը, սոուսը, սալաթը, վարունգի թթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից խմիչքները և այլն: Ուրցը հիանալի մեղրատու բույս է, տալիս է առատ նեկտար: Եթերայուղը օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության մեջ, ինչպես նաև պարֆյումերիայում: Ճյուղերը և արմատն ունեն կաշին դաբաղող հատկություն: Չոր խոտի մեջ, մասնակի խառնուրդի ձևով, ուրցը բարենպաստ է ազդում անասունների մարսողության վրա: Բույսը դեկորատիվ է, լայնորեն կիրառվում է զարդերիզներ, ծաղկագորգեր և ալպինարիաներ պատրաստելու համար:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն