Առաջին օգնություն Վիրակապեր, վիրակապական նյութեր
Կարդալուց հետո դուք կկարողանաք.
- ճանաչել վիրակապական նյութերի տեսակները։
- Թվարկել վիրակապման նպատակները։
- Թվարկել վիրակապման հիմնական սկզբունքները։
- Կատարել վիրակապման ձևի ճիշտ ընտրություն և վիրակապել վնասված մասը։
- Բացատրել Առաջին օգնության արկղիկի անհրաժեշտությունը և գիտենալ նրա պարունակությունը։
Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարմնի համակարգերի վերաբերյալ (տե'ս "ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ")։
Տարբեր իրավիճակներում տուժածին օգնություն ցուցաբերելիս կարող է առաջանալ վիրակապման անհրաժեշտություն։ Ճիշտ և հմուտ վիրակապումը նպաստում Է տուժածի վիճակի բարելավմանը և կանխում վնասվածքի անցանկալի բարդությունները։
ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Վիրակապական նյութերը միջոցներ են, որոնք օգտագործվում են վերքից արյանը և այլ հեղուկները ներծծելու, արյունահոսությունը դադարեցնելու, վերքը վարակից պաշտպանելու, ինչպես նաև մարմնի վնասված մասը անշարժացնելու նպատակով։
Արտադրվող վիրակապական նյութերը նախատեսված են տարբեր նպատակների համար և լինում են տարբեր տեսակների և չափերի (աղյուսակ 8.1)։ Վիրակապական նյութերը լինում են ստերիլ և ոչ ստերիլ։ Ստերիլ վիրակապական նյութերը հատուկ մշակում անցած, վարակազերծված վիրակապական նյութերն են։
Աղյուսակ 8.1 Վիրակապական նյութերի տեսակները և դրանց կիրառումը.
Ստերիլ անձեռոցիկ (1) |
Պատրաստված է մի քանի շերտ թանզիֆից կամ այլ գործվածքներից: Նախատեսված է արյունը և այլ հեղուկները ներծծելու և վերքը վարակից պաշտպանելու համար։ Տեղադրվում է անմիջապես վերքի վրա։ Կան անձեռոցիկներ, որոնք պատված են հատուկ նյութով կամ ունեն ծակոտկեն պլաստիկ թաղանթ, որի շնորհիվ վերքին չեն կպչում։ |
---|---|
Կպչուն ժապավեն (2) |
Որևէ գործվածքից պատրաստված ժապավեն է, որի մի կողմը պատված է կպչուն նյութով: Օգտագործվում է վիրակապական նյութերն ամրացնելու համար։ |
Կպչուն սպեղանի (3) |
Կպչուն ժապավենի մի հատված է, որի միջին մասում ամրացված է ներծծող ստերիլ բարձիկ։ Նախատեսված Է փոքր վերքերի վրա տեղադրելու համար։ |
Փաթույթային վիրակապ (4) |
Բամբակյա կամ արհեստական մանրաթելերից պատրաստված ժապավենի փաթույթ է։ Կարող Է լինել ստերիլ և ոչ ստերիլ։ Փաթույթային վիրակապերը կիրառվում են վերքը ծածկելու, անձեռոցիկը վերքի վրա ամրացնելու և մի շարք այլ նպատակներով։ Փաթույթային վիրակապերը լինում են տարբեր լայնության և երկարության։ Վիրակապերի չափերի ընտրությունը կախված Է մարմնի վրա վերքի տեղակայումից և չափերից։ |
Անհատական վիրակապական փաթեթ (5) |
Ստերիլ փաթույթային վիրակապ Է, որի սկզբնամասում ամրացված Է ստերիլ վիրակապական անձեռոցիկ։ Անձեռոցիկը տեղադրվում Է անմիջապես վերքի վրա և ամրացվում փաթույթային վիրակապով։ Անհատական վիրակապական փաթեթի տարատեսակներից է: Աոաջին օգնության զինվորական փաթեթը (դաշտային վիրակապ), որը պարունակում Է երկու անձեռոցիկ։ |
Առաձգական վիրակապ (6) |
Ձգվող, առաձգական գործվածքից պատրաստված փաթույթային վիրակապ Է։ Օգտագործվում է ճնշում գործադրելու, շարժումները սահմանափակելու, այտուցը կանխելու և նվազեցնելու նպատակով։ |
Եռանկյունաձև վիրակապ (7) |
Որևէ գործվածքի (մոտավորապես գլխաշորի չափ) եռանկյունաձև կտոր է։ Օգտագործվում է մարմնի վնասված մասի շարժումները սահմանափակելու, անշարժացնելու, վիրակապելու, բեկակալները ամրացնելու և մի շարք այլ նպատակներով։ |
Խողովակաձև վիրակապ (8) |
Ձգվող, առաձգական թելերից պատրաստված խողովակաձև վիրակապ է։ Այն կարող է պատրաստված լինել խիտ կամ ցանցավոր գործվածքից։ Վերջինս կոչվում է ցանցավոր վիրակապ։ Օգտագործվում է վիրակապական միջոցները տեղում ամրացնելու համար։ |
ՎԻՐԱԿԱՊՈՒՄ
Վիրակապը վնասված հատվածին տեղադրված և ամրացված վիրակապական նյութերն են։ Վիրակապը սովորաբար բաղկացած Է լինում երկու մասից՝ անմիջապես վերքի վրա դրվող և ամրացնող վիրակապական նյութերից։
Ցանկալի է, որ անմիջապես վերքերի վրա տեղադրվող վիրակապական նյութերը լինեն ստերիլ։ Այդ նպատակների համար արտադրվում են տարբեր տեսակի ստերիլ անձեռոցիկներ: Եթե ձեռքի տակ չունեք ստերիլ վիրակապական նյութեր, ապա կարող եք օգտագործել որևէ մաքուր գործվածք, օրինակ՝ արդուկած թաշկինակ։ Որպես ամրացնող նյութ սովորաբար օգտագործվում են փաթույթային վիրակապերը (բինտ), կպչուն ժապավենը, եռանկյունաձև և խողովակաձև վիրակապերը։
Վիրակապման նպատակներն են՝
- դադարեցնել արյունահոսությունը,
- պաշտպանել վերքը աղտոտումից և վարակից,
- ամրացնել վիրակապական նյութերը կամ բեկակալները,
- կանխել և նվազեցնել այտուցը,
- անշարժացնել կամ սահմանափակել վնասված մասի շարժումները։
ՎԻՐԱԿԱՊՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- Վիրակապումից առաջ և հետո լվացեք ձեռքերը։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ձեռնոցներ։ Մաքուր պահեք վիրակապը և վերքի շրջանը։ Չի կարելի շնչել, հազալ կամ փռշտալ վերքի և վիրակապի վրա։ Ցանկալի է, որ վիրակապողը բերանը և քիթը ծածկի որևէ գործվածքով։
- Տուժածը պետք է լինի հարմար դիրքում՝ նստած կամ պառկած: Որպեսզի վիրակապը հետագայում չսահի, վիրակապման ընթացքում տուժածի մկանները պետք է լինեն առավելագույն չափով թուլացած։
Վիրակապվող վերջույթը պահեք այն դիրքում, որում այն պետք է գտնվի վիրակապումից հետո։ Խնդրեք տուժածին վիրակապման ընթացքում չշարժվել։ - Վիրակապման ընթացքում աշխատեք կանգնել տուժածի դիմաց։ Վիճակը որոշելու համար միշտ հետևեք նրա դեմքի արտահայտությանը, քանի որ ցավից, արյան կամ վնասվածքի տեսքից տուժածը կարող է իրեն վատ զգալ և կորցնել գիտակցությունը։
- Վերքը ծածկեք ստերիլ անձեռոցիկով՝ մոտ 2 սմ ծավալվելով վերքի շուրջը։
- Վերջույթների վրա վիրակապ դնելիս վիրակապումը սկսեք նեղ մասից։ Վիրակապելուց հետո հանգուցեք կամ ամրացրեք վիրակապի ծայրը անգլիական քորոցով, կպչուն ժապավենով։
- Վիրակապը դնելուց հետո պարբերաբար ստուգեք արյան շրջանառությունը վիրակապից ներքև։ Վիրակապված վերջույթի արյան շրջանառությունը միշտ համեմատեք առողջ կողմի հետ։
ՎԻՐԱԿԱՊՎԱԾ ՎԵՐՋՈՒՅԹԻ ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
Վիրակապը դնելուց հետո միշտ համոզվեք, որ այն շատ ձիգ չէ և չի խանգարում վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությանը։ Վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը ստուգեք վիրակապը դնելուց անմիջապես հետո և յուրաքանչյուր 10 րոպեն մեկ, կամ երբ տուժածը գանգատվում Է: Թուլացրեք կամ ուղղեք վիրակապը, եթե այն խանգարում Է արյան շրջանառությանը;
Վիրակապից ներքև արյան շրջանառությունը ստուգում են հետևյալ կերպ՝
- Վիրակապից ներքև սեղմեք ձեռքի կամ ոտքի եղունգը, մինչև այն սպիտակի։
- Եղունգը բաց թողնելուց հետո հետևեք նրա գույնի վերականգնմանը։ Եթե սեղմած եղունգի գույնն արագ չի վերականգնվում, նշանակում Է՝ վիրակապը չափից ավելի ձիգ Է, և արյան շրջանառությունը խանգարված Է։ Այդ դեպքում անհրաժեշտ Է թուլացնել վիրակապը։ Կան նաև վերջույթի արյան շրջանառության խանգարման այլ նշաններ՝
- Տուժածը վերջույթում ցավ Է զգում։
- Մատները սառն են։
- Վիրակապված վերջույթում անոթազարկը բացակայում Է կամ թույլ Է։
- Տուժածը չի կարողանում շարժել վիրակապված վերջույթի մատները։
ՎԻՐԱԿԱՊԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
- ԿՊՉՈՒՆ ՍՊԵՂԱՆԻՆԵՐ
Կպչուն սպեղանին կպչուն ժապավենի մի հատված Է, որի միջին մասում ամրացված Է ներծծող ստերիլ բարձիկ։ Այն նախատեսված Է փոքր վերքերի վրա տեղադրելու համար։
Կպչան սպեղանիների տեղադրում: Մինչև կպչուն սպեղանին տեղադրելը մաքրեք և չորացրեք վերքի շրջակա մաշկը։ Այնուհետև ընտրեք կամ կտրեք անհրաժեշտ չափի սպեղանի։ Առանց ստերիլ բարձիկին դիպչելու բացեք նրա եզրերի մեկուսիչ թերթիկները և տեղադրեք այն վերքի վրա։ Կպչուն սպեղանու ստերիլ բարձիկը պետք Է համաչափ ծածկի վերքը։ Սպեղանու կպչուն մակերեսը հուսալի ամրացնելու նպատակով սեղմեք մաշկին։ Կան նաև հատուկ անջրանցիկ կպչուն սպեղանիներ, որոնք հարմար են կենցաղում հաճախ հանդիպող փոքր վերքերի վիրակապման համար։ Վնասված հատվածին կպչուն սպեղանին առավել հարմար տեղադրելու և ավելորդ ծալքերից խուսափելու նպատակով նրա վրա կատարվում են եռանկյունաձև կտրվածքներ։ Նման կտրվածքներով կպչուն սպեղանիների կիրառման ձևերը պատկերված են նկ. 8.1-ում։
- ՓԱԹՈՒՅԹԱՅԻՆ ՎԻՐԱԿԱՊԵՐ
Փաթույթային վիրակապը բամբակյա կամ արհեստական մանրաթելերից պատրաստված ժապավենի փաթույթ է։
Վիրակապի լայնության ընտրությունը կախված է մարմնի վրա վերքի տեղակայումից և նրա չափերից։ Մատները վիրակապում են 2,5 սմ լայնության փաթույթային վիրակապով, ափը կամ ոտնաթաթը՝ 5 սմ, բազուկը՝ 5 կամ 6 սմ, ազդրը՝ 7,5 կամ 9 սմ, իսկ իրանը՝ 10 կամ 15 սմ լայնության փաթույթային վիրակապով։
Մկանների, կապանների ձգման, պատռման կամ այլ վնասվածքների դեպքում, երբ անհրաժեշտ է այտուցը կանխելու նպատակով ճնշում գործադրել կամ սահմանափակել վնասված մասի շարժունակությունը, կիրառվում են առաձգական վիրակապեր։ Նման վիրակապը շատ ձիգ տեղադրելու դեպքում մեծ է արյան շրջանառության խանգարման վտանգը։ Այս պատճառով նորագույն առաձգական վիրակապերի վրա պատկերված են փոքրիկ ուղղանկյուններ, որոնք վիրակապի նորմալ ձգվածության դեպքում քառակուսի տեսք են ընդունում։
Անհատական վիրակապական փաթեթ: Անհատական վիրակապական փաթեթը ստերիլ փաթույթային վիրակապ է, որին ամրացված է վիրակապական անձեռոցիկ։ Ստերիլությունը պահպանելու նպատակով այն արտադրվում է փակ ծրարով։ Անհատական վիրակապական փաթեթի տարատեսակ է Առաջին օգնության զինվորական փաթեթը (դաշտային վրրակապ), որը պարունակում է երկու անձեռոցիկ։ Անձեռոցիկներից մեկն ամրացված է փաթույթային վիրակապին, իսկ մյուսը շարժվում է վիրակապի ժապավենի երկարությամբ։ Անշարժ անձեռոցիկը դրվում Է վերքի վրա։ Վիրակապի մեկ փաթույթից հետո, վերքի վրայով անցնելիս, առաջին անձեռոցիկը ծածկում են երկրորդով։ Այս վիրակապը օգտագործում են նաև մուտքի ու ելքի անցք ունեցող թափանցող վերքերի դեպքում։ Անշարժ անձեռոցիկը դնում են վերքերից մեկին, շարժականը՝ մյուսին և վիրակապում։
Փաթույթային վիրակապերի տեղադրում
Փաթույթային վիրակապերը տեղադրելիս՝
- Վիրակապի գլանակը պետք Է պահել բացվող մասով դեպի վեր այնպես, որ վիրակապելիս փաթույթի ներքին մակերեսըդառնավիրակապի արտաքին երես (ներսից դուրս փաթաթում)։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ, վիրակապման ձևից ելնելով, վիրակապի ժապավենը պետք Է ոլորել։
- Վիրակապը պետք Է միշտ փաթաթված պահել՝ աստիճանաբար բացելով այն վիրակապման ընթացքում։
- Վիրակապման սկզբում վիրակապի ծայրն ամրացնելու նպատակով կատարեք մեկ կամ երկու ամբողջ պտույտ։
- Վիրակապի ամեն մի նոր պարույրը պետք Է ծածկի նախորդիմոտավորապես 2/3 մասը։
Պարույրաձև վիրակապ: Տեղադրեք վիրակապի ծայրը վերքից կամվնասվածքից ներքև և կատարեք մեկ ամբողջ պտույտ վերջույթի կամ իրանի շուրջը՝ ամրացնելով վիրակապի ծայրը (նկ. 8.2ա)։
- Կատարեք դեպի վեր ուղղված պարույրաձև փաթույթներ վերջույթի կամ իրանի շուրջը։
- Վիրակապման վերջում կատարեք մեկ փաթույթ, որնամբողջությամբ ծածկի նախորդը և ամրացրեք ծայրը (նկ. 8.2բ)։
Ութաձև վիրակապ: Որոշ դեպքերում փաթույթային վիրակապովհարմար Է դնել ութաձև վիրակապ (նկ. 8.3)։ Դրա համար՝
- Ամրացրեք վիրակապի մի ծայրը վերքից ներքև՝ կատարելով մեկ փաթույթ։
- Կատարեք մի շարք ութաձև փաթույթներ վերջույթի շուրջը։
- Ամրացրեք վիրակապի ծայրը։
Արմունկի կամ ծնկի վրա դրվող վիրակապ: Արմունկին կամ ծնկին փաթույթային վիրակապ դնելու համար՝
- Խնդրեք տուժածին պահել վերջույթն ամենահարմար դիրքում։ Տեղադրեք վիրակապի ծայրը վնասված վերջույթի արմնկափոսում կամ ծնկափոսում և ամրացնելու նպատակով կատարեք մեկ ամբողջ փաթույթ։
- Հաջորդ փաթույթը կատարեք հոդից վերև՝ ծածկելով նախորդ փաթույթի 2/3 մասը, որից հետո՝ հոդից ներքև՝ նույնպես ծածկելով նախորդի 2/3 մասը (նկ. 8.4ա)։
- Կատարեք իրար հաջորդող փաթույթներ՝ ծավալվելով հոդից վերև և ներքև (նկ. 8.4բ)։
- Վերջին փաթույթով ամբողջությամբ ծածկեք նախորդը և ամրացրեք վիրակապի ծայրը։
Դաստակի կամ ոտնաթաթի վրա դրվող վիրակապ: Դրեք առաջին փաթույթը դաստակային հոդին։
- Փաթաթեք վիրակապը ձեոքի արտաքին երեսով՝ անկյունագծով անցնելով դեպի ճկույթի (ցուցամատի) հիմքը։ Այնուհետև ափի կողմով վիրակապը դուրս բերեք դեպի ցուցամատի (ճկույթի) հիմքը, որից հետո փաթույթն անկյունագծով նորից ուղղեք դեպի դաստակային հոդը: Կատարեք այս գործողությունները՝ վիրակապելով ութաձև։
- Դաստակն ամբողջությամբ փակելու համար շարունակեք կատարել ութաձև փաթույթներ։ Մատների ծայրերը բաց թողեք։ Վերջին փաթույթը դրեք մեկ ամբողջ պտույտով դաստակային հոդին (նկ. 8.5) և ամրացրեք վիրակապի ծայրը։
Նույն ձևով կարելի է վիրակապել ոտնաթաթի վնասվածքները (նկ. 8.6)։
Ուսահոդի շրջանի հասկաձև վիրակապ: Ուսահոդի շրջանի, թիակի վերին հատվածի և բազկի վերին երրորդի վիրակապումների դեպքում դրվում է հասկաձև վիրակապ։ Դրա համար կանգնեք տուժածի կողքին վնասված վերջույթի կողմից և փաթույթային վիրակապով երկու ամրացնող փաթույթ կատարեք բազկի վերին երրորդի շուրջը։ Այնուհետև վիրակապի գլանակը, դուրս բերելով անութափոսից, տարեք դեպի ուսահոդը և մեջքի վրայով թեք իջեցրեք ներքև՝ դեպի առողջ կողմի թևատակը։ Այնուհետև կրծքի վրայով գլանակը տարեք դեպի վնասված ուսահոդը (նկ. 8.7ա)։ Վիրակապելով անցեք բազկի վրայով և նորիցգլանակն ուղղեք դեպի ուսահոդ՝ ամեն անգամ վիրակապի փաթույթը դնելով մի փոքր ավելի բարձր (նկ. 8.7բ)։ Այսպեսշարունակեք՝ աստիճանաբար բարձրանալով և ծածկելով ուսահոդը (նկ. 8.7գ)։
Կոնքազդրային հոդի վիրակապ: Կոնքազդրային հոդի վիրակապման դեպքում դրվում է հասկաձև վիրակապ (նկ. 8.8) այնպես, ինչպես ուսահոդի շրջանում։
Կրծքավանդակի վիրակապ: Կրծքավանդակի վիրակապման դեպքում դնում են ութաձև վիրակապ (նկ. 8.9)։ Վիրակապի սկզբնական փաթույթները դրվում են կրծքավանդակի շուրջը, այնուհետևհերթով խաչաձև անցնում են երկու ուսերի վրայով։
Աչքի վրա դրվող վիրակապ: Տուժածի աչքը վիրակապելու համար փաթույթային վիրակապի երկու պտույտով վիրակապը ամրացրեք ճակատին։Այնուհետևվիրակապի գլանակը ծոծրակի կողմից անցկացրեք ականջի տակով և, աչքի վրայով ուղղելով դեպի ճակատ, նորից վերադարձեք դեպի ծոծրակ (նկ. 8.10)։
Գլխի վիրակապ: Գլխի վիրակապը դնում են թասակի ձևով։ Փաթույթային վիրակապի կամ որևէ գործվածքի մոտ 1 մ երկարությամբ ժապավենը դրեք գլխի գագաթային մասին և ծայրերն իջեցրեք ականջների մոտով։ Վիրակապման հարմարության տեսակետից ցանկալի է, որ տուժածը կամ մեկ ուրիշը պահի այդ ժապավենի ծայրերը։ Այնուհետև փաթույթային վիրակապով վիրակապեք՝ ճակատով և ծոծրակով պարուրելով գլուխը։ Ամեն անգամ փաթույթի գալարը բերելով դեպի ականջ՝ անցկացրեք այն ժապավենի վրայով և, դուրս բերելով տակից,շարունակեքվիրակապումը (նկ. 8.11ա)։ Վիրակապելով աստիճանաբար ծածկեք ամբողջ գլուխը։ Ամրացրեքվիրակապի ծայրը ժապավենին, որից հետո ժապավենի ծայրերը հանգուցեք տուժածի կզակի տակ (նկ. 8.11բ)։
- ԵՌԱՆԿՅՈՒՆԱՁԵՎ ՎԻՐԱԿԱՊ
Եռանկյունաձև վիրակապն իրենից ներկայացնում է գործվածքի եռանկյունաձև կտոր (մոտավորապես գլխաշորի չափ)։ Եռանկյունաձև վիրակապն օգտագործվում է մարմնի վնասված մասի շարժունակության սահմանափակման, անշարժացման, վիրակապական նյութերի կամ բեկակալների ամրացման նպատակով։
Եռանկյունաձև վիրակապի երկար կողմը կոչվում է հիմք։ Հիմքի դիմացի անկյունը կոչվում է գագաթ, իսկ մյուս երկու անկյունները՝ ծայրեր։ Անհրաժեշտության դեպքում, ծալելով եռանկյունաձև վիրակապը, կարելի է ստանալ լայն կամ նեղ ժապավեն (փողկապ)։
Դաստակի կամ ոտնաթաթի վիրակապ: Ծածկեք վերքը վիրակապական անձեռոցիկով, տեղադրեք ձեռքը եռանկյունաձև վիրակապի վրա՝ մատներով դեպի վիրակապի գագաթը։ Անհրաժեշտության դեպքում, երբ ձեռքը փոքր է, վիրակապի հիմային մասը ծալեք դաստակի վրա։
- Շրջեք վիրակապի գագաթը և ծածկեք ձեռքը՝ այն հասցնելով մինչև դաստակ (նկ. 8.12ա)։
- Այնուհետև խաչեք վիրակապի ծայրերը և հանգուցեք գագաթի վրա
Գագաթի վերջույթը հանգույցի վրայով ետ շրջեք և, անցկացնելով հանգույցի տակ, ամրացրեք (նկ. 8.12բ)։ Նույն ձևով կարելի է վիրակապել ոտնաթաթի վնասվածքների դեպքում։
Արմունկի կամ ծնկի վիրակապ: Եռանկյունաձև վիրակապը դրեք ծնկանը՝ հիմքով սրունքի վրա, գագաթնուղղված դեպի ազդրը։
- Ընդգրկելով ծունկը՝ եռանկյունաձև վիրակապի ծայրերն անցկացրեք ծնկափոսով և, առաջ բերելով, հանգուցեք ծնկից վեր` ագդրի վրա։
- Եռանկյունաձև վիրակապի գագաթը ձգեք և շրջելով՝ մտցրեք հանգույցի տակ (նկ.8.13)։
Նույն ձևով կարելի է վիրակապել արմունկը։
Գլխի վիրակապ: Եռանկյունաձև վիրակապը կարելի է օգտագործել գլխի վրա` վիրակապական նյութը պահելու համար։
- Հիմքը մեկ տակ ծալելով՝ վիրակապը տեղադրեք ճակատին, հոնքերից վերև այնպես, որ այն ծածկի գլուխը, իսկ վիրակապի գագաթը հասնի ծոծրակին։
- Անցկացնելով վիրակապի ծայրերn ականջների վրայով՝ խաչեք գլխի հետևում, այտոսկրերի մակարդակի վրա (նկ. 8.14ա)։
- Վիրակապի ծայրերը առաջ բերեք և ծովային հանգույցով ամրացրեք ճակատին (նկ. 8.14բ)։
- Վիրակապը գլխի վրա ավելի ձիգ դնելու նպատակով մի ձեռքով պահեք գլուխն այնպես, որ վիրակապի հիմքը չսահի։ Մյուս ձեռքով քաշեք վիրակապի գագաթը դեպի ներքև։ Շրջեք վիրակապի գագաթային մասը և ամրացրեք այն խաչված ծայրերի տակ։
Եռանկյունաձև վիրակապի օգնությամբ կարելի է նաև վիրակապել ուսահոդի շրջանը (նկ.8.15ա), կոնքի շրջանը (նկ. 8.15բ) և իրանի ցանկացած մասը։
Եռանկյունաձև վիրակապն օգտագործում են նաև վնասված վերջույթը անշարժացնելուհամար։
Օղակաձև վիրակապ: Եռանկյունաձև վիրակապից պատրաստեք ժապավեն։ Ժապավենը փաթաթեք ձեր ձեռքի չորս մատների շուրջը՝ մի ծայրը թողնելով ազատ (նկ. 8.16ա): Այնուհետև ազատ թողնված ծայրը փաթաթեք ստացված օղակի շուրջը (նկ.8.16բ, գ)։
Ծովային հանգույց
Վիրակապերի ծայրերն ամրացնելու համար ցանկալի է դրանք կապել ծովային հանգույցով։
Ծովային հանգույցը հուսալի է, ինքնուրույն չի քանդվում, անհրաժեշտության դեպքում հեշտ է արձակվում, համեմատաբար հարթ է և տուժածին անհարմարություն չի պատճառում։ Ծովայինհանգույցը կապվում է հետևյալ ձևով՝
- Եռանկյունաձև վիրակապի ձախ ծայրը տարեք աջ ծայրի վրայով, այնուհետև, անցկացնելով վերջինիս տակից, դուրս բերեք և շարունակեք ծայրերը տանել իրենց նախկին ուղղությամբ (Ա)։
- Այնուհետև, շրջելով ծայրերը, կրկնեք վերը նշված գործողությունները։ Այս անգամ աջ կողմում հայտնված եռանկյունաձև վիրակապի ծայրը տարեք ձախ ծայրի վրայով և, անցկացնելով վերջինիս տակից, դուրս բերեք և շարունակեք ծայրերը տանել իրենց նախկին ուղղությամբ՝ ստանալով հանգույց (Բ)։
Հանգույցնարձակելու համար ամուր բռնեք հանգույցից դուրս եկող վիրակապի ցանկացած ծայրից և, ետ շրջելով, ձգեք հակառակ ուղղությամբ այնպես, որ զգաք, թե ինչպես է «շրջվում» հանգույցը (Գ)։ Դրանից հետո մի ձեռքով բռնեք հանգույցից, իսկ մյուսով, հակառակ ուղղությամբ ձգելով վիրակապը, քանդեք այն:
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՐԿՂԻԿՆԵՐ
Արտակարգ իրավիճակներում վնասվածքների վիրակապումը հնարավոր է կազմակերպել ձեռքի տակ եղած միջոցներով։ Սակայն վարակի ներթափանցման նվազեցման տեսակետից առաջին օգնություն ցուցաբերելիս ցանկալի է օգտագործել համապատասխան ստերիլ միջոցներ։ Շատ կարևոր է հասանելի տեղում ունենալ հնարավոր զանազան վնասվածքների դեպքում առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ միջոցներ և պարագաներ։ Այս առումով ձեռքի տակ ունեցեք տարբեր տեսակի, չափերի և նշանակության վիրակապերի ու վիրակապական նյութերի հավաքածու՝ Առաջին օգնության արկղիկ։ Առաջին օգնության արկղիկի պարունակության մոտավոր ցանկը բերված է ստորև (աղյուսակ 8..2)։ Առաջին օգնության արկղիկներ ցանկալի է ունենալ տանը, աշխատանքի վայրում, մեքենայի մեջ։ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն առաջարկում է տարբեր նշանակության Առաջին օգնության արկղիկներ։ Առաջին օգնության արկղիկները պետք է պահել հարմար, հասանելի և չոր տեղում։ Ձեր ընտանեկան Առաջին օգնության արկղիկի պարունակությունը կարող եք ինքներդ որոշել՝ ելնելով ընտանիքի անդամների տարիքից, նրանց առողջական վիճակից։ Եթե ընտանիքի որևէ անդամ տառապում է հիվանդությամբ, ապա արկղիկում ընդգրկեք նաև բժշկի կողմից նրան նշանակված դեղամիջոցները։
Աղյուսակ 8.2 Առաջին օգնության արկղիկի պարունակության օրինակելի ցանկ
Անհրաժեշտ պարագաներ |
Որոշ լրացուցիչ պարագաներ |
|
|
ԱՄՓՈՓՈՒՄ
Վիրակապերն օգտագործվում են արյունահոսության դադարեցման, վարակի ներթափանցման նվազեցման, այտուցի կանխման, վիրակապական նյութերի և բեկակալների ամրացման, մարմնի վնասված մասի անշարժացման նպատակներով։ Վիրակապելիս միշտ հետևեք վիրակապման սկզբունքներին։
- Վիրակապումից առաջ և հետո պետք է լվանալ ձեռքերը։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ձեռնոցներ։ Մաքուր պահեք վիրակապը և վերքի շրջանը։ Չի կարելի շնչել, հազալ կամ փռշտալ վերքի և
վիրակապի վրա։ Ցանկալի է, որ վիրակապողը բերանը և քիթը ծածկի որևէ գործվածքով։ - Տուժածը պետք է գտնվի հարմար դիրքում՝ նստած կամ պառկած։ Որպեսզի վիրակապը հետագայում չսահի, վիրակապման ընթացքում տուժածի մկանները պետք է լինեն առավելագույնս թուլացած։ Վիրակապվող վերջույթը պահեք այն դիրքում, որում այն պետք է գտնվի վիրակապումից հետո։ Խնդրեք տուժածին վիրակապման ընթացքում չշարժվել։
- Վիրակապման ընթացքում աշխատեք կանգնել տուժածի դիմաց։ վիճակը որոշելու համար միշտ հետևեք նրա դեմքի արտահայտությանը, քանի որ ցավից, արյան կամ վնասվածքի տեսքից տուժածը կարող է իրեն վատ զգալ և կորցնել գիտակցությունը։
- Վերքը պետք է ծածկել ստերիլ անձեռոցիկով՝ մոտ 2 սմ ծավալվելով վերքի շուրջը։
- Վերջույթների վրա վիրակապ դնելիս վիրակապումը սկսեք նեղ մասից։ Վիրակապելուց հետո հանգուցեք կամ ամրացրեք վիրակապի ծայրն անգլիական քորոցով կամ կպչուն ժապավենով։
- Վիրակապը դնելուց հետո պարբերաբար պետք է ստուգել արյան շրջանառությունը վիրակապից ներքև։ Վիրակապված վերջույթի արյան շրջանառությունը միշտ համեմատեք առողջ կողմի հետ։
Տանը և աշխատանքի վայրում պահեք Առաջին օգնության արկղիկներ։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն