Ավանդական բժշկություն Շնալեզու դեղատու - Чернокорень лекарственный - Cynoglossum officinale L.
Շնալեզու դեղատու - Чернокорень лекарственный - Cynoglossum officinale L.
Հայերեն անվանումը - պորտնուկ
Դեղատու շնալեզուն երկամյա (երբեմն էլ բազմամյա) խոտաբույս է: Պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae ) ընտանիքին: Ունի մինչև 1 մ բարձրություն: Այս բույսն ամբողջությամբ թավշապատ է: Մազիկներն աճում են համարյա անտեսանելի գորտնուկներից (խիլերից): Արմատն առանցքային է, ուղղահայաց, թույլ ճյուղավորված, 2,5 սմ տրամագծով: Ցողունները (2-3) ուղիղ են, վերևի մասում` ճյուղավորված, թույլ թավշապատ:
Տերևները հերթադիր են, նշտարաձև, սեղմված և թավշանման: Ստորին տերևներն ունեն երկար կոթուններ: Միջին և վերին դասավորված տերևները համարյա «նստած» են ցողունի վրա: Ծաղիկները դժգույն, մուգ վարդագույն են, երբեմն` սպիտակ կամ կապույտ երանգավորումով: Ծաղիկները խոպոպներով հավաքված են ցողունի գագաթային մասում, կազմում են ծաղկավելավոր ծաղկաբույլեր: Պտուղը բաղկացած է տափակավուն ընկույզիկներից, որոնց մակերեսը ծածկված է կեռաձև փշիկներով:
Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին: Բույսի բոլոր մասերն ունեն տհաճ մկնահոտ: Չորանալուց հետո այդ հոտը վերանում է:
Դեղատու շնալեզուն տարածված է ԱՊՀ եվրոպական մասում, Կովկասում, Արևմտյան և Արևելյան Սիբիրում, Միջին Ասիայում: Աճում է լանջերին, ժայռերի վրա, տափաստանային մարգագետիններում: Որպես մոլախոտ հանդիպում է խոպան հողերում, երկաթգծերի և ճանապարհների երկայնքով, բնակավայրերի շրջակայքում, երբեմն էլ` սոճուտների բացատներում և գետերի ափերին:
Բույսը թունավոր է:
Դեղատու շնալեզվի բուժական հատկությունները հայտնի են դեռ հին ժամանակներից: Ամիրդովլաթ Ամասիացին գրել է, որ եթե գլխացավի ժամանակ այս բույսի արմատը կախեն պարանոցից, ապա գլխացավը կանցնի, իսկ եթե պատրաստվի քսուք և քսվի խոցին, ապա այն կփակվի:
Հումքի հավաքումը և չորացումը
Բուժական նպատակով օգտագործում են դեղատու շնալեզվի արմատները և տերևները: Արմատները փորում և հանում են ամառվա վերջին կամ էլ` աշնան սկզբին: Մաքրում են հողից և ցողուններից ու չորացնում լավ օդափոխվող տարածքներում: Տերևները հավաքում են բույսի ծաղկման շրջանում ու չորացնում բաց օդում, ստվերի տակ: Հումքն իրենից ներկայացնում է երկար նեղ տերևներ` կոթուններով և առանց կոթունների: Պատրաստի հումքն ունի գորշ կանաչավուն գույն, յուրահատուկ հոտ և տտպացնող համ: Դեղատու շնալեզուն արտաքնապես նման է դեղատու շիխարին կամ հավաժիպակին (Anchusa officinalis L.): Վերջինս տարբերվում է թավշանման ավելի կոշտ մազիկներով, սակավաթիվ և մանր ստորին տերևներով, ծաղկելուց հետո չձգվող ծաղկաբույլով, մանուշակագույն կամ կապույտ ծաղիկներով, պտուղը` չծածկող կափարիչով և թաքնված պտղիկներով:
Քիմիական կազմը
Արմատների մասը պարունակում է ածխաջրեր, օրգանական թթուներ (լիմոնաթթու, խնձորաթթու, սաթաթթու, ֆումարաթթու), մոտ 0,4% ալկալոիդներ (հելիոսուպին, հելիոտրիդինի N-օքսիդ, էխինատին, էխինատինի N-օքսիդ, հելիոսուպինի N-օքսիդ, վիրիդիֆլորաթթու, ցինոգլոսին, կոնսոլիդին, կոնսոլիցին ), խոլին, ալլանտոին, ֆենոլկար-բոնաթթու, դաբաղիչ նլութեր, բարձրակարգ ճարպային յուղեր:
Բույսի վերգետնյա մասում հայտնաբերվել են ածխաջրեր (գլյուկոզա, ֆրուկտոզա) ալկալոիդներ (1,12% հելիոսուպին, հելիոտրիդինի N-օքսիդ, էխինատին և այլն), խոլին:
Ցողուններում կան մինչև 0,5% ալկալոիդներ, 0,75% ալլանտոին, խնձորաթթու, ֆումարաթթու, սաթաթթու, ֆենոլկարբոնաթթու: Տերևներում կան մինչև 0,5% ալկալոիդներ, 0,7% ալլոնտոին, դաբաղիչ նյութեր: Ծաղիկներում կա մոտ 0,9% ալլոնտոին: Պտուղներում կան մոտ 0,6% ալկալոիդներ, դաբաղիչ նյւթեր: Սերմերը պարունակում են մինչև 40% ճարպային յուղ և 0,6% ալկալոիդներ:
Ֆարմակոլոգիական հատկությունները
Բույսն օժտված է հակաբորբոքային, ցավամոքիչ, կապող, հանգստացնող, խորխաբեր, էպիթելիզացնող հատկություններով:
Արտաքին ձևով օգտագործելիս` ունի հակաքորային հատկություն, նպաստում է հյուսվածքների վերականգնմանը:
Կիրառումը բժշկությունում
Արմատային մասն օգտագործում են Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում,Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Չիլիում: Կիրառում են հոմեոպաթիայում:
Ժողովրդական բժշկության մեջ եփուկը, ջրաթուրմը, թուրմը, հյութն օգտագործում են որպես հանգստացնող` ցավերի, ջղակծկումների, հազի, ստամոքսի և լյարդի հիվանդությունների ժամանակ:
Արտաքին ձևով կիրառվում է ռևմատիզմի, կոտրվածքների, հետանցքի կոնդիլոմայի, ճարպագնդերի, ուռուցքների, այրվածքների, ֆուրունկուլների, վերքերի, օձերի կծելու ժամանակ:
Բելառուսի ժողովրդական բժշկությունում եփուկն օգտագործում են կատաղած կենդանիների կծելիս, քսուքը (արմատից պատրաստված փոշու և յուղի խառնուրդը)` ռևմատիզմի, ոսկրերում կոտրվածության զգացողության, թարախագոյացությունների դեպքում:
Օղիով պատրասված թուրմը դնում են վերքերի վրա:
Վերգետնյա մասի թուրմն օգտագործում են դիզենտերիայի, ուտերոպտոզի ժամանակ, իսկ արտաքին ձևով` սկրոֆուլյոզի դեպքում:
Տերևներն արտաքին ձևով օգտագործում են ուռուցքների և կտրվացքների ժամանակ:
Դեղաձևերը, օգտագործման մեթոդները և չափաբաժինները
- Դեղատու շնալեզվի արմատի թուրմ. 2 գ մանրացված հումքի վրա ավելացնում են 200 մլ եռման ջուր, թրմում ու քամում: Օգտագործում են ½ թեյի գդալ, օրը 3 անգամ, բժշկի հսկողությամբ:
- Դեղատու շնալեզվի արմատի հյութ. օգտագործում են թարմ հյութի 5-10 կաթիլ, օրը 3 անգամ:
Հակացուցում և հնարավոր կողմնակի ազդեցություններ
Քանի որ բույսը թունավոր է, ապա այն պետք է օգտագործել շատ զգույշ և բժշկի ցուցումով ու հսկողությամբ: Բույսն ունի կուրարենման ազդեցություն: Չափաբաժնի գերդոզավորման դեպքում բույսն առաջացնում է կենտրոնական նյարդային համակարգի կաթված: Բացի այդ, հումքից հնարավոր է հեռակա թունավորում: Հայտնի են ոչխարների թունավորման դեպքեր, երբ խոտի մեջ շնալեզվի քանակությունը կազմել է 1%-ից ավելի:
Կիրառումն այլ բնագավառներում
Դեղատու շնալեզուն ունի միջատասպան և միջատներին վանող հատկություն: Բույսը տնկում են այգիներում, որպեսզի պտղատու ծառերը և ծաղիկները պաշտպանեն մկներից ու առնետներից (կրծողները տանել չեն կարող շնալեզվի հոտը): Կրծողները փախչում են այն տնից կամ նկուղից, որտեղ դրված են այս բույսի տերևները և ցողունները: Նախկինում կրծողների դեմ պայքարելիս օգտագործել են շնալեզվի արմատի փոշին`խառնած հացի և ճարպի հետ: Արմատը գօրծվածքները ներկում է կարմիր գույնի: Մեղրատու բույս է: Խորհուրդ է տրվում շնալեզուն աճեցնել մեղվանոցների մոտ` մեղրահավաքը լավացնելու համար: Աշնանը շնալեզվի արմատնեռը և ցողունները` տերևների հետ միասին, դասավորում են արկանոցի մոտ, որպեսզի մկները մուտք չգործեն փեթակներ:
Թարգմանությունը` Լևոն Մաշուրյանի
Ռուսերեն աղբյուրը` lekmed.ru
Հայերեն աղբյուրը` med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն