Ավանդական բժշկություն Մատնոցուկ ժանգային - Наперстянка ржавая - Digitalis ferruginea L.
Մատնոցուկ ժանգային- Наперстянка ржавая- Digitalis ferruginea L.
Հայկական տարանունները - մատնածաղիկ, մատնատունկ, մատնետունկ, մատնոցակ, պուճպուճա
Դեղաբույսի նկարագրությունը: Խլածաղկազգիների ընտանիքին պատկանող, 50-70 սմ բարձրության, կարճ կոճղարմատով ու ամուր ցողունով բազմամյա խոտաբույս է: Ծաղիկները ժանգադեղնավուն են, զանգակաձև: Տերևները երկար են, մինչև 30 սմ: Պտուղը ձվաձև, երկբուն տուփիկ է` բազմաթիվ դարչնագույն սերմերով: Ծաղկում է հունիսից, պտղակալում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Հասուն բույսերը, ծաղկում են 2 տարին մեկ անգամ: Սերմերի ծլունակությունը հասնում է մինչև 90%-ի: Բույսը վատ է տանում ցուրտը, պտղակալում է ոչ կանոնավոր: Բազմանում է սերմերով և արմատացրուկներով: Աճում է մեր հանրապետության անտառներում, ծովի մակերևույթից 1200-1800 մ բարձրության վրա, գլխավորապես` Փամբակի, Գեղամա և Արագած լեռների լանջերին, տեղ-տեղ տալով ոչ ընդարձակ բուսուտներ: Մեր հանրապետությունում աճում են 2 տեսակ, որոնցից հետազոտված և կիրառության մեջ է մտցված միայն ժանգայինը:
Ցեղի ''Դիգիտալիս'' անունը լատիներեն նշանակում է մատնոց, ելնելով այն բանից, որ ծաղիկներն իրոք նման են մատնոցի, իսկ ''ֆերրիգինեուս'' լատիներեն նշանակում է ժանգային` կապված այդ տեսակի ծաղիկների ժանգագույն լինելու հետ:
Քիմիական բաղադրությունը: Բույսի տերևներում հայտնաբերված են 31 տեսակի սրտային գլիկոզիդներ, որոնցից են` լանատոզիդ A-ն, B-ն, C-ն, D-ն, E-ն, գիտոզիդը, ացետիլդիգիտոքսին L-ն, B-ն, ացետիլգիտալոքսինը, վերոդոքսինը և այլն: Այս գլիկոզիդները խիստ անկայուն են, հեշտությամբ հիդրոլիզվելով` վեր են ածվում ագլիկոնի և շաքարի: Տերևները պարունակում են նաև տիոգնին ստերոիդ սապոնինը:
Բուժական նշանակությունը: Մատնոցուկները բժշկության մեջ սկսել են կիրառել 1775 թ., այն էլ միայն մեծ դոզաներով` փսխում առաջացնելու նպատակով: Միայն XVIII դարի վերջերին անգլիացի բժիշկ Ուիտերինգին հաջողվեց պարզել, որ մատնոցուկն ավելի շուտ միզամուղ է, քան փսխեցնող, և ավելի շուտ սրտային` քան միզամուղ: Քանի որ մատնոցուկները թունավոր են, ժողովրդական բժշկության մեջ չեն օգտագործվել:
Բուժման նպատակով հավաքում են միայն 2-ից ավելի տարիք ունեցող բույսի տերևները, որոնք արագ չորացնում են հով տեղում` միջանցուկ քամու տակ, կամ վառարանում` 40-60° պայմաններում: Չոր հումքը կազմում է նախահումքի 20-22%-ը: Այն ունի յուրահատուկ հոտ, տհաճ, դառը համ: Պահում են մետաղե կամ ապակե ամաններում, չոր տեղում: Տերևները տարվա ընթացքում հավաքում են 2 անգամ, առաջինը` հուլիսի երկրորդ կեսից, երբ դեղաբույսը դեռ չի ծաղկած, իսկ երկրորդը` լրիվ ծաղկելուց հետո: Դեղաբույսի սրտի վրա ունեցող ազդեցությունը փորձնական պայմաններում ուսումնասիրել են Ս. Հ. Միրզոյանը, Գ. Ս. Շահնազարյանը, Շ. Պ. Կվիցարիձեն և ուրիշներ: Պարզվել է, որ դեղաբույսը իր ազդեցությամբ շատ բանով հիշեցնում է ծիրանագույն մատնոցուկին: Հյութը բարձրացնում է կատուների արյան ճնշումը: Փոքր դոզաներից մեծանում է ինչպես գորտի, այնպես էլ կատվի սրտի կծկման ամպլիտուդան, միաժամանակ` դանդաղում ռիթմը: Հյութի ազդեցությունից սեղմվում են կատվի մեկուսացված ականջի անոթները, մեծանում պսակաձև անոթների արյան հոսքի ծավալային արագությունը: Ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ հյութի ազդեցության տակ բուժվել է կատուների մոտ փորձնականորեն առաջ բերված միոկարդիտը, դանդաղել է սրտի ռիթմը, վերականգնվել նախասիրտ-փորոքային հաղորդականությունը: Շ. Պ. Կվիցարիձեի կլինիկական հետազոտությունները պարզել են, որ ժանգային մատնոցուկի պատրաստուկներն արդյունավետ են ներգործում II և III աստիճանի սրտային անբավարարությունների դեպքում, սակայն իրենց կումուլյատիվ հատկությամբ այդ պատրաստուկները գերազանցում են ծիրանագույն մատնոցուկին:
Բ. Ե. Վոտչալի տվյալներով, մատնոցուկների պատրաստուկները` կիրառելով սրտային տարբեր բնույթի անբավարարությունների ժամանակ, մեծացնում են հոգնած սրտամկանի օգտակար գործողության գործակիցը, արյան րոպեական և պսակային շրջանառության ծավալները, լավացնում սրտամկանի սնուցումը: Իսկ ընդհանուր առմամբ, մատնոցուկային խմբի դեղամիջոցներն իջեցնում են երակային ճնշումը, որը հաճախ բարձր է լինում սրտային անբավարարությունների ժամանակ, կարգավորում են զարկերակային արյան ճնշումը, փոքրացնում շրջանառության մեջ գտնվող արյան քանակը, բարձրացնում արյան հոսքի արագությունը: Այս բոլորի հետևանքով լավանում է սրտամկանի սնուցումը: Շատ կարևոր հանգամանք է այն, որ բուժման շնորհիվ ավելանում է դիուրեզը, տոնուսավորվում ստամոքսաղիքային տրակտի, լեղապարկի և բրոնխների մկանները (Ե. Ռոզանով, Մ. Դ. Մաշկովսկի):
Մատնոցուկի պատրաստուկները լայնորեն ցուցված են սրտային սուր և քրոնիկական անբավարարությունների ժամանակ, որոնք հիմնականում նկատվում են սրտային արատների, սրտամկանի աթերոսկլերոտիկ ախտահարումների, հիպերտոնիկ հիվանդության, ինֆեկցիոն հիվանդություններից և այլ պատճառներից առաջ եկած ինտոքսիկացիաների, շողացող առիթմիաների ժամանակ և այլն: Էդենսը, որը երկար ժամանակ զբաղվել է մատնոցուկների բուժման հարցերով, գտել է, որ ''մատնոցուկը թերապևտի ձեռքին այն է, ինչ դանակը վիրաբույժի ձեռքին’’: Ավելի պատկերավոր է ասել Բ. Ե. Վոտչալը. - ''մատնոցուկը սրտի համար ավելի շուտ վարսակ է, քան մտրակ'':
Սակայն այս խմբի դեղամիջոցների կումուլյատիվ ներգործության հետևանքով` առանձին դեպքերում, բուժման ընթացքում առաջ են գալիս ինտոքսիկացիայի երևույթներ, որոնք արտահայտվում են դանդաղասրտության, դիսպեպտիկ երևույթների (նեղկանք, անորեքսիա և այլն), դիուրեզը պակասելու, որոշ դեպքերում նույնիսկ նեյրոհոգեկան որոշ շեղումների ձևով և այլն: Դեղամիջոցի դոզայի պակասեցնելը կամ ժամանակավորապես չընդունելը հեշտությամբ վերացնում են այդ անցանկալի երևույթները: Ժանգային մատնոցուկի տերևներից պատրաստում են նորագալենյան դեղամիջոց` դիգալեն նեոն, որը թափանցիկ, բաց դեղնավուն, դառնահամ հեղուկ է, ունի 2,7-3,3 գորտային կամ 0,45-0,55 կատվային միավոր (գորտային կամ կատվային միավոր ասելով հասկանում ենք դեղամիջոցի այն քանակը, որը կարող է առաջ բերել գորտի կամ կատվի սրտի կանգ): Սատիտուրանի պատրաստուկը պարունակում է ժանգայիմն մատնոցուկի գլիկոզիդների հանրագումարը` 3 գորտային միավոր ակտիվությամբ, իսկ սուկկուդիֆերը դեղաբույսի տերևների կոնսերվացված հյութն է, որի 1 մլ-ը ունի 5-6 գորտային միավորի ակտիվություն: Բոլոր այս դեղամիջոցները հակացուցված են արտահայտված դանդաղասրտության, նախասիրտ-փորոքային բլոկադաների, հաճախակի կրկնվող կրծքահեղձուկի նոպաների ժամանակ և այլն: Մեր կողմից, Գեղամա լեռների լանջերից հավաքված ժանգային մատնոցուկի տերևները` 0,1 գ փոշու ձևով (40-100 գորտային միավոր), օրական 3 անգամ օգտագործվել է տարբեր ծագման սրտային անբավարարությունների ժամանակ: Միաժամանակ, առանձին խմբի նույնատիպ հիվանդների մոտ օգտագործել ենք դիագլեն նեո` ներարկումների ձևով: Նշենք, որ այս պատրաստուկներն օժտված են սրտի աշխատանքը կարգավորող ներգործությամբ: Այսպես, դեղամիջոցների ազդեցության տակ նորմալացել են երակային և զարկերակայի արյան ճնշումները, ավելացել դիուրեզը, կրճատվել են լյարդի չափերը, սրտի ռիթմը վերականգնվել է լիովին կամ առաջ է եկել բրադիառիթմիկ վիճակ` պուլսային ոչ մեծ դեֆիցիտով: Ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ այս բուժումը, երբ զուգորդել ենք թթվածնաբուժությամբ և կալիումական աղերի ներմուծումով օրգանիզմ, հիվանդների մոտ կողմնակի անցանկալի երևույթներ քիչ են նկատվել և ամենակարևորը` պատրաստուկները այս ֆոնի վրա ցուցաբերել են ավելի լավ ներգործություն, որը հիմնականում արտահայտվել է սրտամկանի սնուցման լավացման ձևով:
Կիրառման եղանակները: Դիգալեն նեոն, որ բաց է թողնվում 1 գ-անոց ամպուլներով, ներարկվում է ենթամաշկային կամ միջմկանային: Դեղամիջոցի կաթիլները ընդունում են 10-15-ական կաթիլ` օրական 2-3 անգամ: Սատիտուրանին բաց է թողնվում հաբերի ձևով. ընդունում են 1-2 հաբ` օրական 2- 3 անգամ: Տերևափոշին ընդունում են 0,1-ական գ` օրական 3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները: Դեղաբույսը` շնորհիվ իր հմայիչ տեսքի, դեկորատիվ է. աճեցնում են այգիներում, ծաղկանոցներում և այլուր: տալիս է առատ ծաղկափոշի: Թունավոր խոտաբույս է, անասունները չեն ուտում:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն