Ավանդական բժշկություն Մասրենի - Шиповник - Rosa L.
ՄԱՍՐԵՆԻ - Шиповник - Rosa L.
Հայկական տարանունները - ակռվուկ, մասպար, մասրավարդ, մասուրա, վայրի վարդ, փշավարդ
Դեղաբույսի նկարագրությունը: Վարդազգիների ընտանիքին պատկանող, մինչև 2 մ բարձրության թուփ է: ՈՒնի փայտանման ամուր, չոր փշերով ծածկված, կանաչ դարչնագույն կամ գորշ շիվեր: Տերևները հերթադիր են, բարդ, փետրաձև, ծաղիկները խոշոր են, երկսեռ, դուրեկան հոտով, սպիտակ, կարմիր, վարդագույն կամ դեղին: Պտուղը իլիկաձև է, տանձաձև կամ ձվաձև, խակ վիճակում կանաչ, իսկ հասունանալուց հետո` կարմիր կամ նարնջակարմիր: Այն կեղծ բազմակտիկ կամ բազմաընկուզիկ է:
Ծաղկում է մայիս-հունիս, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Բազմանում է սերմերով և արմատաշիվերով: Բավականաչափ ցրտակայուն է լուսասեր, չորակայուն, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ: Աճում է մեր հանրապետության անտառներում, թփերի մեջ, արտեզրերին, գետահովիտներում, լեռնալանջերին, գլխավորոպես` Մեղրու, Գորիսի, Ստեփանավանի, Մարտունու, Եղեգնաձորի, Իջևանի, Դիլիջանի, Շամշդինի, Նոյեմբերյանի և այլ շրջաններում, տեղ-տեղ տալով ընդարձակ բուսուտներ:
ՈՒնի շատ տարատեսակներ. մեր հանրապետությունում` մինչև 31 տեսակ, որոնց գերակշռող մասը, ըստ Ս.Յա. Զոլոտնիցկայայի, պարունակում են 1%-ից ավել C վիտամին: Դրանք բոլորն էլ ունեն այս կամ այն չափի բուժական նշանակություն:
Մասրենին բոլոր մշակովի վարդերի նախահայրն է: ''Ռոզա'' անունը հունական ''ռոդոն'' կամ կելտական ''ռոդդ'' բառերից է, որոնք նշանակում են կարմիր:
Քիմիական բաղադրությունը: Պտուղները պարունակում են 2-18 % C վիտամին, վիտամիններ` P, B1, B2, K, E պրովիտամին A, մինչև 24% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, լիկոպին, ֆլավոնոիդներ, (կվերցետին, կեմպֆերոլ, իզոկվերցիտրին), անտոցիանային, պեկտինային և դաբաղիչ նյութեր, քիմիական տարրերից` Na, K, Ca, Mg, Mn, P և Fe: Սերմերում հայտնաբերված է կարոտին, E վիտամին, ճարպայուղ, օելինաթթու, լինեոլաթթու և կարծր թթուներ: Տերևները, կեղևը և արմատը պարունակում են մեծ քանակությամբ դաբաղանյութեր: Երկաթի պարունակությամբ պտուղներն անհամեմատ գերազանցում են հաղարջին, ազնվամորուն, տանձին, խնձորին, կիտրոնին, նարնջին, և շատ այլ հատապտուղների ու մրգերի:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում են պտուղները, որոշ չափով նաև ծաղիկները , տերևները , կեղևը և արմատը: Պտուղները հավաքում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ դրանք արդեն կարմրած են, բայց ոչ փափկած, չորացնում են արևի տակ կամ վառարանում, պահում փայտե տուփերի մեջ` 2 տարի ժամկետով: 100 կգ թարմ պտուղներից ստացվում է 32-42 կգ չոր հումք: Ցրտահարված պտուղները ինչ-որ չափով կորցնում են իրենց լիարժեքությունը: Տերևները հավաքում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում հով տեղում` միջանցուկ քամու տակ: Նույն ձևով չորացնում են ծաղիկները:
Դեռևս իր ժամանակին Հիպոկրատը նշել է , որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են, իսկ միջնադարում լայնորեն օգտագործում էին արյունախխումների ժամանակ: Ավիցեննան քթային արյունահոսության ժամանակ. մասրենու տերևները խառնել է այլ դեղաբույսերի հետ, փոշու ձևով ներփչել քթի խոռոչ, իսկ ծաղիկների հյութը` թրջոցալաթի ձևով, նշանակել է գարշահոտ հարբուխի (օզենայի) դեպքում: Ամիրդովլաթը նշում է, որ պտուղները (''նասրին'', ''մալահ'' և 'վայրի վարդ'' անվանումներով)` գինով եփված, ներքին ընդունման ձևով, առաջ են բերում փորկապություն և միզակապություն: Եփուկը` լոգանքի ձևով` օգնում է մաշկային հիվանդություններին:
''Յուղը օգտե ջղաց հովության, սպանե ականջը մտած ճիճվին, բանա քթի կալվածը, տաքցնե գլուխ, մաշկին քսելուց` քրտնցնե''- նշում է բժշկապետը:
Լեհաստանում, Գերմանիայում և Բուլղարիայում պտուղներն օգտագործվում են վիտամինային թեյի ձևով` օրգանիզմի ուժերը պահպանելու նպատակով , ինչպես նաև` որպես թեթև միզամուղ միջոց: Չինական բժշկության մեջ արմատները համարվում են որպես ախորժակը լավացնող և ճիճվամուղ միջոց: Տիբեթական բժշկության մեջ պտուղներն օգտագործվում են թոքային պալարախտի, նևրասթենիայի և աթերոսկլերոզի ժամանակ: Նորվեգիայում բույսի տերևները դնում են էկզեմայով ախտահարված մաշկի վրա: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ պտուղները` եփուկի, թեյի և կիսելի ձևով` տալիս են ինֆեկցիոն մի շարք հիվանդությունների , թոքային պալարախտի, երիկամային, լյարդի և ստամոքսաաղիքային տրակտի ախտահարումների ժամանակ: Գտնում են, որ երիկամաքարային հիվանդության դեպքում պտուղների պարբերաբար ընդունումից լուծվում են քարերը: Սիբիրի ժողովրդական բժշկության մեջ պտուղներն օգտագործվում են մի շարք ցրտառական հիվանդությունների, մեղրով եփած ծաղկաթերթիկները` կարմիր քամու, իսկ արմատի եփուկը լոգանքի ձևով` ոտքերի հիվանդությունների ժամանակ: ՈՒկրաինական ժողովրդական բժշկության մեջ պտղաթեյը նշանակում են քութեշի, տիֆի, նեֆրիտների, էնտերոկոլիտների ժամանակ, ինչպես նաև կանանց մոտ` ծննդաբերության ժամանակ: Ըստ Մ. Ա. Նոսալի, պտուղները հուսալի միջոց են խոցային հիվանդության, թերսեկրետոր գաստրիտների, անեմիաների, ցիստիտների, հեպատիտների, լեղաքարային և միզաքարային հիվանդությունների ժամանակ: Հեղինակի տվյալներով, տերևների թուրմը լավացնում է ստամոքսի շարժիչ ֆունկցիան, հանգստացնում ցավերը, կտրում լուծը:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ արմատի եփուկն օգտագործում են լոգանքի ձևով` հետանցքի ցավերի և թութքի, իսկ ադրբեջանական ժողովրդական բժշկության մեջ` հոդային ախտահարումների և ռադիկուլիտի ժամանակ: ''Պտուղը ազդու միջոց է արյունախառը փորանցության դեմ''. - նշում է Կ. Գաբիկյանը: Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ մասրենու պատրաստուկներն օգտագործում են մկանային թուլության, անդամալուծության, մալարիայի, լեղաքարային և միզաքարային հիվանդությունների, ստամոքսային ցավերի, մաշկի թարախային ախտահարումների ժամանակ և այլն: Ըստ Ա. Ալտիմիշևի, մասրենու պտուղները համարվում են հիանալի հակալնդախտային միջոց, միաժամանակ օգտագործվում են աթերոսկլերոզի, հեպատիտների , խոլեցիստիտների (հատկապես թերլեղարտադրության պայմաններում), ծերունական տկարության, գաստրիտների, խոցային հիվանդության և արգանդային արյունահոսությունների ժամանակ: Ն. Գ. Կովալևայի տվյալներով, դեղաբույսը դրականորեն է ներգործում նյութափոխանակության խանգարումների, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, անացիդ գաստրիտների և խոցային հիվանդության ընթացքի վրա: Նշվում է մուգ մասրաթեյի դրական ներգործությունը համառ գլխացավերի դեպքում: Պատրաստուկների պարբերաբար ընդունումից նա նկատել է աշխատունակության, տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության բարձրացում` հատկապես երեխաների մոտ: Մասուրի կանոնավոր օգտագործումը` հատկապես ձմռան և վաղ գարնան ամիսներին, կանխում են հիպովիտամինոզը և նրա հետ կապված օրգանիզմում առաջ եկող մի շարք շեղումներ: Գիտական բժշկության մեջ պտուղները լայն կիրառում ունեն: Պարզված է նրանց հակալնդախտային, լեղամուղ, հակասկլերոտիկ, հակաբորբոքիչ, միզամուղ, ֆիտոնցիդային, մածող, վիտամինային և մի շարք այլ օգտակար հատկությունները: Դեղատներում պտուղները բաց են թողնվում չորացրած վիճակում` օշարակի, վիտամինացված օշարակի, հաբերի, վիտամինային թեյերի, կարոտոլինի, գալասկորբինի և սերմերից ստացվող յուղի ձևով: C վիտամինը , որի օրվա պահանջը հասուն մարդու համար 50 մգ է, ունի վերականգնող, օրգանիզմի կատալիտիկ պրոցեսներն ակտիվացնող, պրոտոպլազմայի և կորիզի կենսական փոխադարձ երևույթներն ուժեղացնող հատկություն: Այն` օպտիմալ դոզաներով (15 մգ/կգ քաշին), խթանում է արյունաստեղծ ապարատը, ուժեղացնում լեյկոցիտների ֆագոցիդային ընդունակությունը և լայնորեն կիրառվում է լնդախտի, հեմոռագիկ դիաթեզների, հեմոֆիլիայի քթային, թոքային, արգանդային, ստամոքսաաղիքային արյունահոսությունների, արյունազեղումներով ընթացող ճառագայթային հիվանդության, հակամակարդուկներով թունավորման, բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդությունների, հեպատոխոլեցիստիտների, Ադիսոնյան հիվանդության, երկարատև չբուժվող վերքերի և խոցերի, ոսկրային կոտրվածքների, արտադրական թույներով թունավորման ժամանակ և շատ ու շատ այլ դեպքերում: Սակայն դեղորայքի մեծ դոզաները (50 մգ/կգ քաշին) փորձնական պայմաններում առաջ են բերել օրգանիզմի դիմադրողականության ճնշում, անեմիա, լեյկոցիտների ֆագոցիտային ակտիվության նվազում, ենթաստամոքսային գեղձի ինսուլինային ապարատի ֆունկցիոնալ ընկճում, մակերիկամների ֆունկցիոնալ գրգռվածություն, կորտիկոստերոիդների քանակական ավելացում, երիկամային ֆունկցիոնալ շեղումներ: Այն` ընդհանրապես, հակացուցված է թրմբոզների ժամանակ: Սակայն, ինչպես մասրենու պտուղների, այնպես էլ նրա բաղադրիչ մասը կազմող C վիտամինի մեծ չափերով օգտագործումը վնասակար է օրգանիզմի համար, իսկ օպտիմալ դոզաները` տեղին կիրառելիս, գրեթե միշտ լավ արդյունք են տալիս: Այսպես, Ա. Վ. Բուկովսկայայի տվյալներով, 200 - 500 մգ C վիտամինի 10 օրվա ներարկումը պսակաձև զարկերակների աթերոսկլերոզով ախտահարված հիվանդներին` առաջ է բերել արյան մեջ խոլեսթերինի քանակի արտահայտված իջեցում, հիվանդների ինքնազգացման լավացում: C վիտամինի օրվա պահանջը կարելի լրացնել 1-3 մասուրով: Պտուղների մեջ պարունակվող այս կարևոր վիտամինով մասուրը 10 անգամ գերազանցում է սև հաղարջին, 100 անգամ խնձորին: C վիտամինի պակասը օրգանիզմում շատ հաճախ է լինում, որը բերում է ընդհանուր տկարություն, ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ դյուրընկալություն, լնդերի փխրունություն և արյունահոսություն, բորբոքում, խոցակալում և այլն, հատկապես ձմռան և վաղ գարնան ամիսներին: Վիտամին C-ի պահանջը` հղիների, կերակրող մայրերի և ծանր ֆիզիկական աշխատանք կատարողների համար` նորմայի համեմատությամբ, գրեթե կրկնապատիկ է: Ս. Դ. Վեզիրը և Վ. Ն. Գրուշան խոցային հիվանդներին` թթվածնային կոկթեյլի ձևով, այլ դեղաբույսերի հետ խառնված, նշանակել են նաև մասրահյութ: Ըստ հեղինակների, նորմալացել են հիվանդների ստամոքսի շարժիչ, թթվարտադրման և պեպսինազատման ֆունկցիաները: Կարոտոլինը մասրենու պտուղների փափուկ մասից ստացվող կարոտինոիդների յուղային մզվածքն է, որը պարունակում է տոկոֆերոլ, չհագեցած ճարպաթթուներ և այլն: Այն յուրահատուկ հոտով և համով, նարնջագույն հեղուկ է: Օգտագործվում է տրոֆիկ խոցերը, էկզեմաները, լորձաթաղանթի ատրոֆիկ փոփոխությունները, թեփոտվող և շերտազատվող էրիթրոդերմիաները բուժելու համար` վիրակապային քսուքի ձևով: Բաց է թողնվում 100-250 մլ սրվակներով: Մասուրի յուղը սերմերի արտամզվացքն է, որը հարուստ է հագեցած և չհագեցած ճարպաթթուներով, կարոտինոիդներով և տոկոֆերոլով: Գորշ գույնի, կանաչ երանգի, դառնահամ, բնորոշ հոտով յուղային այս հեղուկը արտաքին ձևով օգտագործվում է ստնտու կանանց պտուկների քերծվածքների և ճաքվածքնորի դեպքում, պառկելախոցերի, սրունքի տրոֆիկ խոցերի, դերմատոզների, գարշահոտ հարբուխի, իսկ հոգնայի ձևով` ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի ժամանակ: Այն բաց է թողնվում 100-250 մլ սրվակներով: Գալասկորբինը ասկորբինաթթվի և գալաթթվի կալիումական աղերի միացությունն է` ջրում հեշտ լուծվող, դեղնադարջնագույն, ամորֆ փոշու ձևով: Դեղամիջոցի ջրային լուծույթները` թրջոցալաթի ձևով, դրվում են այրվածքների, մաշկի ճառագայթային ախտահարված օջախների և ճաքվածքների վրա: Այն բաց է թողնվում նաև դեղահաբերի ձևով: Մասրենուց ստանում են նաև խոլոսաս, որը պտուղների թանձր ջրամզվածքի և շաքարի խառնուրդն է : Բաց է թողնվում 250 մլ-անոց սրվակներով: Պտուղների փոշին 0,1 դոզայով մտնում է դեղատներում բաց թողնվող ''բարդ փոշու'' բաղադրության մեջ , որն օգտագործվում է որպես լուծողական: Պտուղները կազմում են նաև Տրասկովի հակաասթմատիկ միքստուրայի բաղկացուցիչ մասերից մեկը:
Մեր տվյալներով, պտուղներից ստացվող, շաքարով փոքր ինչ համեմված ջրաթուրմը հիանալի հագեցնում է ծարավը, վերացնում վերփորի շրջանի բքնածությունը, ճնշման և ծանրության զգացումը: 1 ամիս տևողությամբ` այն նշանակելով քրոնիկական թերսեկրետոր գաստրիտով հիվանդներին, նկատվել է ստամոքսի մոտոր ֆունկցիայի զգալի աշխուժացում, ստամոքսահյութի ժամային լարվածության, աղաթթվի դեբիտ - ժամի և պեպսինային ակտիվության որոշակի բարձրացում, որոշ դիսպեպտիկ երևույթների` այրոցների, բղկոցների, նողկանքի և ցավերի մեղմացում կամ վերացում: C վիտամինը` ներերակային ձևով կիրառելով քրոնիկական կորոնար անբավարարությամբ, կրծքային հեղձուկի նոպաներով տառապող հիվանդների մոտ, էլեկտրասրտագրային տվյալների լավացման ֆոնին, արձանագրվել է հիվանդների ստենոկարդիայի նոպաների մեղմացում կամ լրիվ դադարում:
Կիրառման եղանակները; Պտուղներից թուրմ պատրաստելու համար 40-50 պտղահատիկ 1 ժամ թրմում են 1 լ եռման ջրում և ըմպում օրվա ընթացքում, կամ` 10 գ պտուղ 30 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ըմպում 1/4-1/2 բաժակ` օրական 2 անգամ: Երեխաներին այս թուրմը տալիս են կես դոզայով, կամ1 ճաշի գդալ (20 գ) մանր փշրված պտղահումքի վրա լցնում են 2 բաժակ եռման ջուր և էմալապատ, փակ ամանով 15 րոպե դնում ջրային բաղնիք, որտեղից հանելով` թողնում թրմելու 24 ժամ, հետո քամում են ու ըմպում 1/4-1/2 բաժակ` օրական 2 անգամ, կամ` 20 գ հումքը 1 ժամ թրմում են 500 մլ եռման ջրում, այնուհետև քամում ու ըմպում` ուտելուց կես ժամ առաջ, 100-ական մլ, օրը 2 անգամ, կամ` 20 գ հումքը 1 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե , ապա ըմպում 1/2-1 բաժակ` օրը 2 անգամ: Երեխաներին տալիս ենք այս եփուկի կես դոզան: Տերևներից թուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում միանգամից` որպես թեյ: Արմատից թուրմ պատրաստելու համար 2 ճաշի գդալ մանրացրած հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրական 3 անգամ:
Պտուղներից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե, ապա թրմում 4 ժամ, քամում ու ըմպում 1/2 բաժակ` օրական 2-3 անգամ, կամ` պտուղները մանրացնելով վերածում են փոշու, որից վերցնելով 1 ճաշի գդալ, 3 - 4 բաժակ ջրի մեջ` եփում են 8 րոպե, ապա ըմպում թեյի ձևով որպես վիտամինային խմիչք, կամ` տրորված պտուղներից 1 թեյի գդալ (5 գ) կես բաժակ ջրում եփում են 7-10 րոպե, հովանալուց հետո ըմպում օրական 2 անգամ , կամ`1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում եռացնում են 10 րոպե, ապա թրմում 2-3 ժամ ու ըմպում 1/4-1/2 բաժակ` օրական 2 անգամ:
Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ ջրում եփում են 20 րոպե, հովանալուց հետո օգտագործում են թրջոցների ձևով` աչքի հիվանդությունների ժամանակ: Արմատից եփուկ պատրաստելու համար 2 ճաշի գդալ մանր կտրտված հումքը 15 րոպե եփում են 200 մլ ջրում, ապա հովացնում ու ըմպում 1-ական բաժակ` օրական 3 անգամ: Վիտամինային № 1 թեյի մեջ մտնում են հավասարաչափ մասուր և սև հաղարջ, № 2 թեյի մեջ` դարձյալ հավասարաչափ մասուր և արոսենու պտուղներ, № 4 թեյի մեջ` 3-ական մաս մասուր, եղինջ, գազար և 1 մաս հաղարջ, № 5 թեյի մեջ` 1-ական մաս մասուր և հապալասենու պտուղներ ու 3 մաս եղինջ, իսկ № 6 նույնատիպ թեյի մեջ` հավասարաչափ մասուր և հապալասենու պտուղներ:
Այս բոլոր թեյերն օգտագործվում են եփուկի ձևով. այսպես, 1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե, ապա` 4 ժամ թրմելուց հետո, ըմպում են 1/2 բաժակ` օրական 2-3 անգամ: Լյարդի ցիռոզների ժամանակ վերցնում են 2-ական մաս սեզախոտի կոճղարմատ, մասուր և 1 մաս եղինջ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրական 3 անգամ: Որպես վիտամինային միջոց վերցնում են 4 մաս մասուր և 5 մաս ազնվամորի: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ լցնում են 2 բաժակ եռման ջրի մեջ, եռացնում 10 րոպե` լավ փակված ամանի մեջ, 1 օր թողնում մութ տեղում, հետո քամում ու ըմպում 1/2 բաժակ, օրը 2 անգամ` ուտելուց առաջ: Նույն նպատակով ու ձևով է օգտագործվում հետևյալ խառնուրդը. մասուր (3) , մոշ (1) և եղինջ (2): Ժողովրդական բժշկության մեջ հաճախ օգտագործվում է մասուրի լիկյորը, որը պատրաստում են հետևյալ կերպ. 1 բաժակ պտուղը լավ մանրացնում են, ավելացնում 1,5 բաժակ շաքարավազ և 3 բաժակ օղի: Այս խառնուրդը` բերանը փակ ամանով, 5 օր թողնում են արևի տակ, հետո նորից ավելացնում 2 բաժակ օղի, նորից 5 օր պահում արևի տակ: Վերջում խառնուրդը քամում են, ստացված լիկյորը օգտագործում 15-20գ, օրական 2 անգամ` ուտելուց հետո:
Դեղատան բաց թողած պտուղներից պատրաստված օշարակը տալիս են երեխաներին 1/2 թեյի գդալ կամ` 1 աղանդերագդալ` օրական 2-3 անգամ, ուտելուց հետո: Նույն ձևով տալիս են նաև պտուղների վիտամինացված օշարակը: Պտուղներից պատրաստված հաբերը ընդունում են 1-ական` օրական 3-4 անգամ, իսկ խոլոսասն ըմպում են 1-ական թեյի գդալ` օրական 2-3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները: Բացի թարմ վիճակում օգտագործելուց` մասրենու պտուղներից պատրաստում են հյութ, վիտամինային օշարակ, պյուրե, մածուկ, կոմպոտ, կիսել, մուրաբա, պովիդլո, մարմելադ, իսկ սննդի արդյունաբերության մեջ` կոնցենտրատ, կոնֆետ, դրաժե: Ծաղիկներից պատրաստում են մուրաբա, թրմօղի, գինի: Դրանցով համեմում են գինին, լիկյորը, թեյը, քացախը: Ջրագոլորշային թորման եղանակով ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որը լայն կիրառություն ունի պարֆյումերիայում և բժշկության մեջ: Որպես վիտամինային շտեմարան, մասուրը շատ բարձր է գնահատվում հատկապես մեր երկրի հյուսիսային շրջաններում, ուր այն անվանում են ''հյուսիսային նարինջ'':
Ֆրանսիայում մասուրից պատրաստում են հատուկ մուրաբա, միաժամանակ այն պահածոացվում է տուփերի մեջ:
Մասրաթուփը դեկորատիվ է, այն ունի նաև հողապաշտպան և հակաէրոզիվ նշանակություն: Պտուղները միաժամանակ կեր են ձմեռող թռչունների համար: Ծաղիկները մեղրատու են և պարունակում են առատ ծաղկափոշի:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն