Ավանդական բժշկություն Տատրակ սովորական - Мать-и-мачеха - Tussillago farfara L.
Տատրակ սովորական- Мать-и-мачеха- Tussillago farfara L.
Հայկական տարանունները - դդմաճ, իշատոտիկ, խոճիկ, խոճկորիճ, հազի խոտ, ձիու եղունգ, փուղր
Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 10-25 սմ բարձրության, թեփուկաձև, մանր տերևներով պատված, ծաղկակիր ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի երկար կոթուններով, ատամնաեզր, արմատամերձ տերևներ: Ծաղիկները ոսկեդեղին են, իսկ պտուղը փուփուլավոր սերմիկ է: Ունի երկար-սողացող արմատներով կոճղարմատ: Ծաղկում է մարտ-ապրիլ, պտղակալում` ապրիլ-մայիս ամիսներին: Բազմանում է ինչպես սերմերով, անպես էլ խիստ կենսունակ կոճղարմատով: Տատրակը հանրահայտ մոլախոտ է, լայնորեն հանդիպում է ամենուր: Աճում է գետեզրերին, գետափերին, փլվածքներում, խոնավ ձորերում, թարմ, բերովի կավահողերում, խոնավ հանդամասերում և այլուր, հաճախ տալով մեծ բուսուտներ: Բույսը ցրտադիմացկուն է, ծաղկում և պտղակալում է կանոնավոր: Ցեղի «Տուսսիլագո» անվանումը լատիներեն է, որը նշանակում է ալրոտ, ելնելով այն բանից, որ տերևների ստորին երեսները պատված են ալրանման խավով: Հետաքրքիր իմաստ ունի ռուսական мать-и-мачеха անվանումը, քանի որ տերևների վերին երեսը մերկ է և սառը, կոչել են «խորթ մայր», իսկ տակի երեսը` փափուկ է ու տաք` «մայր»:
Քիմիական բաղադրությունը: Ծաղկազամբյուղներում հայտնաբերված են ֆարադիոլ, արնիդիոլ, տարաքսանտին, ստիգմաստերին, սիտոստերին, հեպտակոզան, դեղին պիգմենտ և դաբաղանյութեր, տերևներում` մինչև 2.63% դառը գլիկոզիդներ (որոնցից ամենաբնորոշը` տուսսիլագինն է), սիտոստերին, ինուլին, դեքստրան, եթերայուղ, գալաթթու, խնձորաթթու, գինեթթու, սապոնիններ, կարոտինոիդներ, C վիտամին, ռուտին, լորձ և այլն:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են տատրակի տերևներն ու ծաղկազամբյուղները: Ծաղիկները հավաքում են զամբյուղների լրիվ բացվելուց հետո, իսկ տերևները` ամառվա առաջին կեսերին, քանի դեռ դալար են ու ժանգով չախտահարված: Հումքը շտապ չորացնում են հով, լավ քամահարվող տեղում: Այն լինում է անհոտ ու դառնահամ, պահում են թղթով փաթաթված, փայտե արկղերի մեջ:
Տատրակը որպես դեղաբույս ունի կիրառման հին պատմություն: Այսպես, որպես դեղաբույս դեռևս հին հռոմեացիներն այն օգտագործել են հազի դեմ, իսկ Հիպոկրատը, բացի խուխամուղ նպատակից, տատրակը ջերմախյուսի ձևով, օգտագործել է նաև թարախապալարների դեպքում: Դիոսկորիդը և Պլինիոսը դեղաբույսն առաջարկել են շնչական օրգանների հիվանդությունների ժամանակ, իսկ հազը հանգստացնելու համար նրանք առաջարկել են ներշնչել բույսի ծուխը: Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը («սոյալի» անվան տակ) օգնում է հազին, ասթմային, ինչպես խմելիս, այնպես էլ ծխելիս սրացնում է տեսողությունը: Տերևները բացում և բուժում են խոցերը: «Ինքն քան զամեն դեղերեն լավ է» - այսպես է բնորոշում տատրակը: Հայկական ժողովրդական բժշկության մեջ տերևները դնում են չիբանի, կարբունկուլի և այլ տեսակի թարախապալարների վրա` բորբոքման պրոցեսը շուտ հասունացնելու նպատակով:
Ըստ Մ.Ա. Նոսալի, ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ, բացի քրտնամուղ և խուխամուղ նպատակներից, դեղաբույսը օգտագործում են նաև ստամոքսաաղիքային տրակտի կատառի, նեֆրիտների, ցիստիտների, թոքաբորբերի, բրոնխիտների, հատկապես ձգձգվող հազի ժամանակ, արտաքին ձևով` գլխի քորի և թեփոտության, իսկ թարմ տերևահյութը հարբուխի ժամանակ տամպոնների ձևով դնում են քթանցքերի մեջ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի թուրմը և եփուկը օգտագործում են հազի, շնչահեղձության, ջրգողության և գեղձախտի ժամանակ: Տերևների և արմատների հյութը նշանակում են պալարախտով կամ մալարիայով հիվանդներին, որոնք բացի հակաբորբոքիչ լինելուց, նաև քրտնամուղ են ու լեղամուղ: Թարմ տերևները` տրորելով, դնում են բորբոքական ուռուցքներին և գլխին` գլխացավերի ժամանակ: Բուլղարական բժիշկների տվյալներով, տերևները եփուկի կամ տրորված վիճակում ցուցված են մաշկային բորբոքական պրոցոսների և ստորին վեջույթների թրոմբոֆլեբիտի ժամանակ:
Լեհաստանում և Գերմանիայում տատրակի պատրաստուկներն օգտագործում են բրոնխիալ ասթմայի, պլևրիտների, կոկորդի բորբոքումների և մարսողական տրակտի մի շարք խանգարումների ժամանակ: Տրորված թարմ տերևը դնում են այրվածքների, ուռուցքների և արյունահոսող օջախների, իսկ խյուսի ձևով` նաև բորբոքված կրծքագեղձի և երակների վրա:
Ֆրանսիայում, այլ դեղամիջոցների հետ մեկտեղ, տատրակը կազմում է կրծքային էլիքսիրի բաղադրիչ մասերից մեկը: Տերևների մզվածքը, օշարակի ձևով, այստեղ համարում են տոնուսավորող միջոց և օգտագործում են գրիպի ժամանակ: Ա.Պ. Պոպովի տվյալներով, դեղաբույսի տերևները` ջրաթուրմի, եփուկի կամ փոշու ձևով, արտաքին, կիրառում են կարմիր քամու դեպքում: Տատրակն օգտակար է նաև որպես ջերմ իջեցնող և կազդուրիչ միջոց թոքային պալարախտի սկզբնական շրջաններում, գեղձախտի և ընդհանուր թուլության ժամանակ: Ըստ Ն.Գ. Կովալևայի, դեղաբույսն օժտված է հակասկլերոտիկ հատկությամբ և օգտագործվում է աթերոսկլերոզի ու հիպերտոնիկ հիվանդության ընթացքում: Ըստ Վ. Շյոնենբերգերի, ավելի արդյունավետ ազդում է թարմ տերևահյութը, որը` հեղինակի տվյալներով, օգտակար է շնչուղիների բորբոքումների, բրոնխէկտազիայի, շնչառության թուլացման և սաստիկ հազի ժամանակ: Փորձառական եղանակներով հիմնավորվել է տերևների սպազմալիտիկ, խուխը ջրիկացնող և խուխամուղ հատկությունները: Դեղաբույսի պատրաստուկները հակաբորբոքիչ են, ուժեղացնում են բրոնխիալ գեղձերի սեկրեցիան, միաժամանակ ունեն փափկացնող և քրտնամուղ ազդեցություն: Դեղաբույսն օֆիցինալ է աշխարհի 15 երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ: Տերևները գիտական բժշկության մեջ օգտագործվում են բրոնխիտների, լարինգիտների, բրոնխէկտազիաների, թոքի աբսցեսի և գանգրենայի, վերին շնչուղիների կատառի ժամանակ` որպես փափկացնող, խուխամուղ և հակաբորբոքիչ: Դեղաբույսն օժտված է նաև մանրէասպան ներգործությամբ:
Տատրակի թարմ տերևահյութը` ֆիզիոլոգիական լուծույթով կիսով չափ նոսրացրած ինհալացիայի ձևով մենք օգտագործել ենք սուր տրախեաբրոնխիտով հիվանդների բուժման համար: Ինհալացիայի մեկ սեանսը տևել է 10-15 րոպե, այն օրվա մեջ կրկնվել է 2-3 անգամ, առանց ուրիշ դեղամիջոցների կիրառման: Բուժման առաջին իսկ օրերից փափկել է հիվանդների չոր, տանջող հազը, հեշտացել խուխարտադրությունը: Բուժման 3-4-րդ օրերում հազը պակասել կամ լրիվ վերացել է: Մյուս կողմից, դադարել են ետկրծոսկրային շրջանի և կրծքավանդակի ցավերը, գլխացավերը, նորմալացել է մարմնի ջերմությունը, վերացել տեսանելի լորձաթաղանթների հիպերեմիան:
Կիրառման եղանակները: Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 4-6 անգամ, կամ` 10-15 գ հումքը 10 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ, կամ` 20 գ հումքը 30 րոպե թրմում են 200 մլ եռման ջրի մեջ, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 5-6 անգամ, կամ` 4 թեյի գդալ մանրացրած տերևահումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1 օրում` 5-6 նվագով: Բոլոր դեպքերում, տերևների հետ կարելի է կիսով չափ վերցնել նաև ծաղկահումք` պաշտպանելով ընդհանուր դեղաչափը: Եփուկ պատրաստելու համար 10-15 գ հումքը 15 րոպե եփում են 1 բաժակ ջրի մեջ, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 ժամը մեկ անգամ: Հումքը փոշու ձևով ընդունում են 1-ական գրամ, մեղրով կամ կաթով` օրական 3 անգամ: Գլխի քորի և թեփոտության ժամանակ հավասարաչափ վերցնում են տատրակ և եղինջ: 2 ճաշի գդալ այս խառնուրդից10 րոպե եփում են 1 բաժակ ջրում, հովացնում, քամում ու գոլ վիճակում քսում գլխի մաշկին: Շնչառական օրգանների սուր և քրոնիկական բորբոքումների ժամանակ հավասարաչափ վերցնում են տատրակի տերևներ ու ծաղիկներ, քարխոտի արմատ, սեզի կոճղարմատ, լորենու, խռնդատի և թանթրվենու ծաղիկներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, հովացնում, քամում ու ըմպում օրական 3 անգամ: Կրծքային № 1 թեյի մեջ մտնում են 2-ական մաս տատրակ և տուղտի արմատ, 1 մաս խնկածաղիկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ, 3 ժամը 1 անգամ: Նույնատիպ № 2 թեյի մեջ մտնում են 4 մաս տատրակ, 3-ական մաս եզան լեզու և մատուտակի արմատ: Այս խառնուրդն օգտագործվում է նույն ձևով: Նույնատիպ № 5 թեյի մեջ մտնում են 4 մաս տատրակ, 3 մաս տուղտ, 3 մաս մատուտակ, 1 մաս մանուշակի արմատ և 2-ական մաս խռնդատի ծաղիկ ու անիսոնի սերմ: Խառնուրդն օգտագործում են № 1 թեյի նման: Նույնատիպ № 7 թեյի մեջ, հավասարաչափ, մտնում են տատրակ, անիսոնի սերմ, տուղտ և մատուտակ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմելով 1 բաժակ եռման ջրում, ընդունում են 1/2 բաժակ, ուտելուց հետո` օրական 2-3 անգամ:
Քրտնամուղ № 2 թեյի մեջ մտնում են 2-ական մաս տատրակ և ազնվամորի, 1 մաս խնկածաղիկ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա միանվագ ըմպում որպես թեյ: № 3 նույնատիպ թեյի մեջ հավասարաչափ մտնում են տատրակ, անիսոնի սերմեր, ուռենու կեղև, լորենու ծաղիկներ և ազնվամորի: Այս խառնուրդն օգտագործվում է նախորդի նման: Նույնատիպ № 4 թեյի մեջ մտնում են 2-ական մաս տատրակ և ուռենու կեղև, 1 մաս խնկածաղիկ (օգտագործումը` վերոհիշյալ ձևով): Սուր և քրոնիկական տրախեաբրոնխիտների ժամանակ վերցնում են 1 մաս տատրակ, 2 մաս եզան լեզու, 3 մաս ձիաձետ և 4 մաս գնարբուկ: 1 ճաշի գդալ այս խառնուրդից 2 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, եռացնում մի քանի րոպե, հովացնում, քամում ու ըմպում 1 օրում` 5-6 նվագով: Նույն նպատակով հավասարաչափ վերցնում են տատրակ, կղմուխի արմատ և գնարբուկի ծաղիկներ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 5 րոպե եփում են 1 բաժակ եռման ջրում, թողնում 15 րոպե, ապա քամում ու ըմպում 1 օրվա ընթացքում: Բրոնխիալ ասթմայի, կապույտ հազի և բրոնխիտների ժամանակ վերցնում են հավասարաչափ, տատրակ, եզան լեզու և սոճու բողբոջներ: Այս խառնուրդից 4 թեյի գդալ 2 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, հետո եփում ու ըմպում 1 օրվա ընթացքում, 3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները: Բույսը մեղրատու է, հարուստ` ծաղկափոշով: Տատրակի մեղրը ոսկեդեղին է, շատ թանձր, մածուցիկ, շուտ բյուրեղացող, բնորոշ ուժեղ հոտով և լավ համով: Տերևները սիլոսի համար արժեքավոր հումք են:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն