Ավանդական բժշկություն Ազնվամորի – Малина – Rubus idaeus L.
Ազնվամորի (azmvamori) - Малина - Rubus idaeus L.
Հայկական տարանունները - անտառամորի, արքայամորի, ժոխենի, ժողովենի, մոռ, մոռենի
Դեղաբույսի նկարագրությունը
Վարդազգիների ընտանիքին պատկանող, 1-1,5 մ բարձրության թուփ է կամ կիսաթուփ: Տերևները բարդ են` եռմասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից` թաղիքանման ու սպիտակավուն: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը` բազմակորիզավոր:
Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում` հուլիս-օգոստոս ամիսներին: Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում` երրորդ տարում, այնպես որ ազնվամորու բուսուտներում միաժամանակ հանդիպում են նոր դուրս եկած, դեռևս չպտղակալած, պտղակալած և արդեն չորացած շիվեր: Տարբերում են վայրի (անտառամորի) և կուլտուրական ձևեր:
Ազնվամորին հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում, վատ է տանում երաշտը և խիստ ցուրտը: Աճում է անտառների բացատներում, հատված անտառամասերում, ձորեզրերին և այլուր: Կուլտուրական սորտերը աճեցվում են ամենուր: Դեղաբույսը բազմանում է սերմերով, որոնք տարածվում են թռչունների և վայրի գազանների կողմից, ինչպես նաև արմատաշիվերով` տեղանքում ստեղծելով անանցանելի մացառուտներ:
Բույսի «ռուբուս» լատինական անունը ծագել է հասուն պտուղների գույնից, որը նշանակում է կարմիր:
Քիմիական բաղադրությունը
Պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից` C (մինչև 45 մգ %), B խումբ, շաքարներից` սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա, ինչպես նաև դաբաղանյութեր, ցիանիդին- քլորիդ, բենզալդեհիդ, քիմիական տարրերից` նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ: Սերմերը պարունակում են մինչև 14,6% ճարպայուղ, 0,7% ֆիտոստերին, որն ունի հակասկլերոտիկ հատկություն, պեկտինային նյութեր, սպիտ, լորձանյութ, եթերայուղ: 100 գ պտուղը` յուրացվելով օրգանիզմում, տալիս է 41 կկալ էներգիա:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, մասնակիորեն` տերևներն ու ծաղիկները: Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չոր եղանակին, դարսում են կողովի մեջ, շերտ առ շերտ` բաժանված լայնատերև որևէ բույսի տերևներով: Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս-հուլիս ամիսներին, չորացնել հով տեղում և պահել խոշոր անցքերով տոպրակի մեջ: Պտուղները չորացնում են արևի տակ, բարակ շերտով փռելով մոմլաթի վրա կամ վառարանի ջեռոցում, 60-80° պայմաններում, մերթ ընդ մերթ զգուշությամբ շուռ տալով մշակվող հումքը: Ճիշտ չորացնելիս այն պետք է կազմի ելանյութի 18-20%-ը և ձեռք տալուց չպետք է հետքեր թողնի:
Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով: Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ: Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների, քրոնիկական ռևմատիզմի ժամանակ: Պտուղների եփուկը մեղրի հետ օգտագործվել է կարմրուկի ժամանակ: Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ: Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը` օձի կծածի դեպքերում, թրջոցների ձևով: Որոշ շրջաններում տերևներն օգտագործվում են որպես վերքամոքիչ միջոց:
Տիբեթական բժշկության մեջ պտուղների և տերևների թուրմն ու եփուկը լայն ճանաչում ունեն նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և քրոնիկական մի շարք ինֆեկցիաների բուժման բնագավառներում: Ավստրիայում պտուղներից ու տերևներից ստացված թուրմը օգտագործվել է որպես վիտամինային խմիչք, ինչպես նաև որպես հազը հանգստացնող միջոց:
Գերմանիայում բույսի տերևները, որպես լավ տտպող միջոց, ճանաչում են գտել լուծերի բուժման մեջ, և որպես ողողման միջոց` կոկորդի հիվանդությունների ժամանակ: Որպես հակաբորբոքիչ միջոց Բուլղարիայում տերևները կիրառվում են ստամոքսային արյունահոսությունների, լուծի, փսխման, դաշտանային խանգարումների և շնչական օրգանների մի շարք հիվանդությունների ժամանակ: Բազմաթիվ երկրներում ծաղիկների եփուկը` թրջոցների ձևով, օգտագործվում է դեմքի պզուկների, կարմիր քամու, աչքի պնդենու բորբոքման, ըմպելու ձևով` թութքի, մալարիայի, կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Ծաղիկները, տերևները և պտուղները որոշ տեղերում ճանաչվում են որպես հակասկլերոտիկ, հակաբորբոքիչ, ջերմ իջեցնող և հիպոտենզիվ միջոց:
Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող և դեղորայքի համը լավացնող (հատկապես մանկաբուժության մեջ) միջոց: Պտուղները մտել են պետական ֆարմակոպեայի մեջ և կազմում են № 1, № 2 և № 3 քրտնամուղ թեյերի բաղադրիչ մասը: Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմն ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն:
Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները: Պտուղների թարմ հյութը կազդուրում է ջերմող հիվանդներին: Այն միաժամանակ հիանալի հագեցնում է ծարավը և լավացնում մարսողությունը: Սակայն` պարունակելով մեծ քանակությամբ պուրինային հիմքեր, պտուղները հակացուցված են պոդագրայով և նեֆրիտով տառապող հիվանդներին: Բուժական նշանակությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին:
Կիրառման եղանակները
Պտուղներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 20 գ չոր հումք, 20 րոպե թրմում 200 մլ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Կամ` 2 ճաշի գդալ հումքը` 1 բաժակ եռման ջրին, նույն ընդունման ձևով: Կամ` 2 թեյի գդալ չոր հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանգամից` որպես թեյ: Վերջինս կարելի է կրկնել յուրաքանչյուր ժամը մեկ մեկ անգամ` բարձր ջերմությունն իջեցնելու նպատակով:
Տերևներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ չոր հումք` 1 բաժակ եռման ջրին, թողնում կես ժամ, ապա օգտագործում բերանը ողողելու համար: Դիզենտերիայի ժամանակ ազնվամորու և մոշի տերևներից պատրաստում են հոտավետ թեյ, մեկական ճաշի գդալ ամեն մի բույսից` մեկ բաժակ եռման ջրին, որն ըմպում են 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ:
Պտուղներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 30 գ չոր հումք, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, ըմպում միանվագ` որպես քրտնամուղ: Նույնը կարելի է օրվա մեջ կրկնել 2-3 անգամ: Կամ` նույն ձևով 10 գ պտուղը` 200 մլ ջրին, բերանի և բկանցքի ողողումների համար:
Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 20 գ հումք` 200 մլ ջրին, եռացնում 20 րոպե և այն ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը մեկ բաժակ ջրում 20 րոպե եռացնելուց հետո, ընդունում են նույն ձևով: Չոր տերևներից եփուկ պատրաստելու համար վերցնում են մեկ ճաշի գդալ հումք, եռացնում 20 րոպե 1 բաժակ ջրում և այն օգտագործում կոկորդի ողողումների համար և թրջոցների ձևով` մաշկային հիվանդությունների ժամանակ:
Թարախային վերքերի և դեմքի պզուկների բուժման համար թարմ տերևներից պատրաստում են քսուք` 1 մաս տերևահյութը խառնելով 4 մաս կարագի կամ վազելինի հետ:
№ 1 քրտնամուղ թեյի մեջ հավասարաչափ մտնում են ազնվամորու պտուղներ և լորենու ծաղիկներ, № 2-ի մեջ` 2 մաս ազնվամորու պտուղներ, 2 մաս տատրակի տերև և 1 մաս խնկածաղիկ, իսկ № 3 թեյի մեջ հավասարաչափ` ազնվամորու պտուղներ, ուռենու կեղև, անիսոնի սերմեր, տատրակի տերև և լորենու ծաղիկ: Այս թեյերը օգտագործվում են միանման: Այսպես. տենդային հիվանդությունների ժամանակ 2 ճաշի գդալ հումքը 1 ժամ 2 բաժակ եռման ջրում թրմելուց հետո ըմպում են միանվագ:
Հեղինակ. Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. «Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն