Ավանդական բժշկություն Գիհի — Можжевельник — Juniperus L.
Գիհի (gihi) - Можжевельник- Juniperus L.
Հայկական տարանունները - ակռի, արոտակ, արտուճ, գենի, գի, հարար, ձխնի, մատիտածառ, ցրդենի
Դեղաբույսի նկարագրությունը
Մշտադալար փշատերև թուփ է կամ ծառ` նոճազգիների ընտանիքից, մինչև 16 մ բարձրության: Տերևներն ասեղնաձև են: Ծաղկում է մայիսին, իսկ կոնապտուղները հասունանում են միայն երկրորդ տարվա աշնանը: Ահա թե ինչու նույն ճյուղի վրա կարելի է տեսնել բոլորովին խակ և հասուն կոնապտուղներ: Բույսը բավական լուսասեր է, բայց ոչ պահանջկոտ հողի նկատմամբ, աճում է նույնիսկ այնպիսի չորուտներում և աղքատ հողերում, ուր այլ բուսատեսակներ կամ բոլորովին չեն աճում կամ աճում են շատ վատ: Աճում է շատ դանդաղ, տարվա ընթացքում հազիվ տալով մի քանի սմ աճ: Գիհին երկարակյաց է, առանձին տեսակներ ապրում են 300 տարուց ավելի:
«Յունիպերուս» անունը հանդիպում է Պլինիուսի և Վերգիլիոսի մոտ: Կարծում են, որ այն ծագել է կելտական «ենեպրուս» (փշոտ) բառից, կամ լատիներեն «իունիոտ» (կրտսեր) և «պարիո» (ծնում եմ) բառերից, ելնելով այն բանից, որ նույն ծառի վրա դեռ հասուն կոնապտուղները չթափված, կարելի է տեսնել նորերին:
Գիհու բազմաթիվ տեսակներից մեր հանրապետությունում աճում են միայն 5-ը, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով բուժական նշանակություն ունեն:
Քիմիական բաղադրությունը
Բույսի բոլոր մասերը պարունակում են եթերայուղ, որի քանակը կոնապտուղներում հասնում է 2, ճյուղերում` 0,25, տերևներում` 0,18, կեղևում` մինչև 0,5%: Այն իր մեջ ունի ալֆա և d - պինեններ, կադինեն, կամֆեն, ալֆա-տերպինեն, ալֆա-ֆելանդրեն, դիպենտեն, սաբինեն, տերպինեոլ, բորնեոլ, իզոբորնեոլ, ցիդրոլ և այլն: Կոնապտուղներում, բացի վերոհիշյալ նյութերից, պարունակվում են նաև մինչև 40% ինվերտոզա, 9,5% կուպր, ներկանյութեր (յունիպերին), ճարպայուղ, մրջնաթթու, խնձորաթթու, քացախաթթու, իսկ քիմիական տարրերից` մանգան, երկաթ, պղինձ, ալյումին: Կեղևի մեջ հայտնաբերված են մինչև 8% դաբաղանյութեր, փշատերևում` մինչև 266% C վիտամին, մոմ, պեկտին:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են իգական հասուն կոնապտուղները, որոշ չափով` փշատերևը և բնափայտից ստացվող կուպրը: Սակայն առանձին տեսակների կոնապտուղները (խոսքը կազակական գիհու մասին է) թունավոր են: Անհրաժեշտ է իմանալ, որ թունավոր գիհու կոնապտղի մեջ կա միայն 2 սերմիկ, այն սև-կապտավուն է` ծածկված մոմանման փառով, իսկ փշատերևը կնճռոտված է, առանց ակոսիկների: Մինչդեռ բուժական լայն կիրառում ունեցող գիհիների իգական կոնապտուղները սև գորշավուն են, պարունակում են 3 սերմիկ, տերևները սուր ասեղանման են, վերևից ակոսավոր: Կոնապտուղները հավաքում են աշնանը: Հումքը չորացնում են ստվերում, միջանցուկ քամու տակ, պահում թղթով պաստառված ամաններում կամ պարկերի մեջ: Կոնապտուղների մակերեսը հարթ է, փայլուն, անթափանց, գնդաձև կամ ձվաձև, գորշ սևավուն, յուրահատուկ դուրեկան հոտով, քաղցր համով: Հումքը պիտանի է օգտագործման 2-3 տարի:
Գիհին բժշկության մեջ կիրառվում է շատ վաղուց: Այն օգտագործվել է գեղձախտի, լնդախտի, ջրգողության, մալարիայի, նյարդային և մի շարք կանացի հիվանդությունների, արտաքին` քոսի, ռևմատիզմի, պոդագրայի և այլ դեպքերում: Ավիցեննան դեղաբույսը հիմնականում խառնուրդների ձևով օգտագործել է ջերմային վիճակի հետ կապված քնկոտության, բրոնխիալ ասթմայի, ստամոքսի սուր և քրոնիկական բորբոքումների ժամանակ և այլն:
Գիհու մասին ուշագրավ տվյալներ է նշել Ամիրդովլաթը: Նա գրում է. «գիհին «քնքուշ այնող է, յուր հոտը օգտե ըխտավորին և պիղծ պուխարն ի գլխոյն տանի և չի թողուր, որ ականջն ծանրանայ և իր հոտն օգտե կրծոց ցավին և թե ծխես ամենայն գազանահարին օգտե»:
Բացի այն, որ գիհու կոնապտուղներն, ըստ Ամիրդովլաթի, օգտակար են ընկնավորությանը և քոսին, հեղինակը նշում է նաև նրանց ճիճվամուղ, դաշտանը բացող և լսողությունը լավացնող հատկությունների մասին: Դեղաբույսից ստացվող յուղը նա առաջարկում է մարմնամասերի ցրտահարության և այրվածքների ժամանակ: Ըստ Կ. Գաբիկյանի տվյալների, եթե բույսի կեղևը մանր կտրտված սոխի հետ երկար ժամանակ եփել փակ ամանում, որից հետո այդ գոլորշով շոգեհարել վատ լսող ականջը, դրանից կլավանա լսողությունը, կամ` եթե փշատերևը տրորել քացախով և քսել մաշկի մազաթափ օջախին, ապա մազերը կվերաճեն: Նույն հեղինակը նշում է, որ գիհու պտուղը խիստ համեմիչ է, մարսողությունը լավացնող, օգտակար է կրծքի հիվանդությոթւններին: Հայկական ժողովրդական բժշկության մեջ նշվում է. «եթե փշատերևը մանր աղալ, խառնել մեղրի հետ և դիմակի ձևով դնել դեմքին, դրանից մաքրվում են դեմքի լաքաները և վերանում սևությունը»: Արմատի եփուկն օգտակար է ցրտահարության և այրվածքների ժամանակ: Ըստ Մ.Ա. Նոսալի, ուտելով պտուղները, լավանում է ախորժակը, վերանում աղեփքությունը, կարգավորվում լեղու արտահոսը և լեղուղիները վարակազերծվում են: Ականջի ցավի դեպքում նա առաջարկում է պտուղների ոգեթուրմով թրջոցալաթը դնել անմիջապես հիվանդ ականջի վրա: Բուլղարիայում և Լեհաստանում բույսի պտուղները օգտագործվում են որպես միզամուղ, երիկամների և միզապարկի մի շարք քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև լյարդի և մաշկային հիվանդությունների, ռևմատիզմի դեպքերում: Գերմանիայում, բացի վերոհիշյալից, պտուղներն օգտագործում են նաև ստամոքսաաղիքային հիվանդությունների, քոսի, որքինի, մաշկային բծերի դեպքերում: Ֆրանսիայում գտնում են, որ առողջության համար օգտակար են բույսի բոլոր մասերը: Գիհու պատրաստուկներն օգտակար են երիկամային և հոդային ախտահարումների ժամանակ:
Գիտական բժշկությունը վաղուց բացահայտել է գիհու բուժիչ հատկությունները: Օգտագործվում են պտուղները, նրանցից ստացվող յուղը, սպիրտը և ոգեթուրմը: Հասուն, չոր պտուղները, գլխավորապես քացախաթթվական կալիումի հետ, օգտագործվում են միզամուղ նպատակով: Եթերայուղը, որն անգույն կամ դեղնավուն, գիհու բնորոշ հոտով, թափանցիկ հեղուկ է` գրգռելով մարսողական տրակտի լորձաթաղանթն, ուժեղացնում է ստամոքսաաղիքային տրակտի շարժունակությունը, դրդում բրոնխիալ գեղձերի սեկրեցիան, ջրիկացնում խուխը և նպաստում նրա հեշտ արտազատմանը:
Եթերայուղը հիմնականում դուրս է գալիս երիկամներով, չափավոր գրգռելով վերջիններիս կծիկները, ուժեղացնում է միզարձակումը: Մինչդեռ, մեծ դոզաներով եթերայուղը հիվանդագին ձևով գրգռում է երիկամները, միաժամանակ նվազեցնելով բրոնխիալ գեղձերի սեկրեցիան: Մաշկի քաղցկեղի բուժման ընթացքում եթերայուղի օգտագործումը հաջողությամբ զուգակցվում է վիրահատական և ճառագայթաբուժման մեթոդների հետ: Եթերայուղը` արտաքին քսելու ձևով, արդյունավետ կերպով ներգործում է տարբեր բնույթի հոդաբորբերի, վերջույթների պարալիզի և նևրալգիաների բուժման դեպքում: Մաշկային ցաների բուժման, ախորժակի լավացմա և արյան կազմը նորմալացնելու նպատակով գարնան ամիսներին ուտում են պտուղները, սկսելով մեկից, ամեն օր ավելացնելով մեկական պտղահատիկ, այսպես հասցնելով մինչև 15-ի, որից հետո պտուղների քանակն` օրական մեկական նվազեցնելով, հասցնում են մեկի: Գիհու պատրաստուկները սովորաբար հակացուցված են սուր նեֆրիտների և նեֆրոզների ժամանակ` երիկամների պարենխիման գրգռելու հետևանքով: Ն.Գ. Կովալևան գիհու պտուղները փոքր դոզաներով օգտագործում է որպես վարակազերծիչ և դիուրետիկ միջոց լեղաքարային և միզաքարային հիվանդությունների, ինչպես և անեմիաների ժամանակ: Գիհուց ստացվող կուպրը, որն ունի վերականգնող, քորը հանգստացնող, անզգայացնող, անոթասեղմիչ, վարակազերծող և հակաբորբոքիչ հատկություններ, խառնված այլ դեղամիջոցների հետ, լայնորեն օգտագործվում է էկզեմայի, թեփոտվող որքինի, եռուքորի, սնկային հիվանդությունների և քոսի ժամանակ: Այն դրականապես է ներգործում վատ գրանուլացված և թարախակալված վերքերի վրա: Եթերայուղը պիտանի է մաշկի պարազիտային հիվանդությունների բուժման, մժեղներին և այլ միջատներին վանելու համար: Նրա որոշ տեսակներ մանրադիտակային պրակտիկայում կարող են փոխարինել իմմերսիոն յուղին: Պտուղները մտնում են Զդրենկոյի հանրածանոթ խառնուրդի մեջ: Գիհին հիանալի ֆիտոնցիդ է: Պատկերավոր է ասված, որ 1 հ գիհու անտառը կարող է այնքան ֆիտոնցիդներ արտադրել, որ դրանով հնարավոր է վարակազերծ պահել մի խոշոր քաղաք: Գիհու մեկ ծառը մեկ օրում կարող է արտադրել մի քանի կգ ֆիտոնցիդ:
Գիհու պտուղների եփուկը` 1-1,5 ամիս տևողությամբ, օգտագործել ենք քրոնիկական խոլեցիստիտների դեպքում: Բուժման հետևանքով աստիճանաբար մեղմացել և վերացել են հիվանդների մեծ մասի աջ թուլակողի շրջանի ցավերը, ճնշման և ծանրության զգացումը, նողկանքը, բերանի դառնահամությունն ու չորությունը, ենթաջերմային վիճակը: Մյուս կողմից, լեղու պարբերաբար քննությունը պարզել է նրա արտահոսի հեշտացում, բաղադրատարրերի նորմալացում, պաթոլոգիական երևույթների պակասում: Մեր տվյալներով` գիհու պտուղներն օժտված են ոչ միայն լեղամուղ, այլև հակաբորբոքիչ հատկություններով:
Կիրառման եղանակները
Պտուղներից թուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ չոր, մանրացրած հումքը 1 բաժակ եռման ջրում թրմում են 2 ժամ, որից հետո այն ըմպում որպես միզամուղ` ամբողջ օրվա ընթացքում, կամ` 10 գ չոր պտուղը 200 մլ եռման ջրում 2 ժամ թրմելուց հետո ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Թուրմին 15 գ քացախաթթվական կալիում ավելացնելիս զգալի չափով ուժեղանում է դեղամիջոցի միզամուղ հատկությունը: Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար 10 գ հումքը մեկ բաժակ եռման ջրում թրմում են 2 ժամ և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Պտուղներից եփուկ պատրաստելու համար 100 գ չոր հումքը եռացնում են 400 մլ ջրում, մինչև պտուղների փափկելը: Ըստ համի` ավելացնելով շաքար, այն ըմպում են 1-ական թեյի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց առաջ, կամ` 15 գ չոր հումքը 200 մլ ջրում եռացնում են 30 րոպե, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ:
Պտուղներից օշարակ պատրաստելու համար 100 գ հումքը 400 մլ ջրում եռացնում են 30 րոպե, հեռացնում մնացորդը, ըստ համի ավելացնում շաքար, հետո շարունակում եռացնել մինչև հեղուկի թանձրանալը: Այն ընդունում են 1-ական թեյի գդալ, օրական 3 անգամ` ստամոքսաաղիքային հիվանդությունների ժամանակ, կամ` 1 կգ պտուղները տրորում են ու ավելացնում 3 լ 40º ջերմության ջուր, խառնում 15 րոպե, հետո քամում: Ստացված հեղուկը քաղցր է շաքարի ճակնդեղի հյութից և միաժամանակ բուժիչ է. այն օգտագործում են կիսելի, դոնդող, մեղրաբլիթ, կարկանդակ պատրաստելու համար, ինչպես նաև խառնում են թեյին ու սուրճին: Ոգեթուրմ պատրաստելու համար պտուղը և սպիրտը վերցնում են 1:5 հարաբերությամբ և այն ընդունում 10-15-ական կաթիլ` օրական 3 անգամ: Վերցնում են 200 գ պտուղ, մեկ լիտր ջրում եռացնում 30 րոպե, որից 4-5 ճաշի գդալ օգտագործում մեկ լոգանքի համար` պոդագրայի և ռևմատիզմի ժամանակ: Լոգանքների համար պտուղների հետ կարելի է վերցնել նաև փշատերև:
Միզամուղ № 2 թեյի մեջ մտնում են 4-ական մաս գիհու պտուղներ և արջխաղողի տերևներ, 1 մաս մատուտակ, № 3-ի մեջ` 2-ական մաս գիհու պտուղներ, ձիաձետ և 1 մաս սեզի կոճղարմատ, № 4-ի մեջ` 4 մաս գիհու պտուղներ, 3-ական մաս տերեփուկ և հրեշտակախոտի արմատ: Որպես միզամուղ այս թեյերն օգտագործվում են այսպես. 1 ճաշի գդալ հումքը` 15 րոպե թրմելով 2 բաժակ եռման ջրում, ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Խոլեցիստիտների և խոլանգիտների ժամանակ վերցնում են հավասարաչափ գիհու և ծորենու պտուղներ, կեչու տերևներ, հազարտերևուկ և օշինդր: Այս խառնուրդից 1 թեյի գդալ 30 րոպե թրմում են1 բաժակ եռման ջրում, ըմպում միանվագ` առավոտյան և երեկոյան ժամերին:
Այլ օգտակար հատկանիշները
Գիհու պտուղներից պատրաստում են օղի, անգլիական ջին, կոնյակ, գարեջուր, պտղահյութ: Պտուղներն օգտագործում են որպես համեմունք` մսով ճաշերի և կաղամբի թթվի մեջ, ինչպես նաև` սուրճի փոխմիջոց: Գիհու յուղը լայն կիրառում ունի պարֆյումերիայում և օճառարդյունաբերության մեջ: Բնափայտն ունի դուրեկան խեժահոտ, որը պահպանվում է նույնիսկ դարեր: Ժողովրդի մեջ շատ ընդունված է գիհու փայտը դնել հագուստեղենի մեջ ոչ միայն հաճելի հոտի, այլև շորը ցեցից պաշտպանելու համար: Նրանով ծխահարում են նկուղները` միջատների դեմ պայքարելու նպատակով:
Բնափայտն այրվելիս` տալիս է հաճելի բույր, իսկ հատուկ մշակման դեպքում` դարչնագույն և կարմիր ներկեր: Գործվածքները պտուղներից ներկվում են դեղին կամ դեղնականաչավուն, իսկ կեղևից` շագանակագույն: Բնափայտից ստանում են սև վառոդ, պատրաստում մատիտ, ձեռնափայտ, հովանոց, ատաղձագործական գործիքներ, զարդատուփեր, շախմատի ֆիգուրներ. կուպրի մշակումից ստացվում է ջնարակ ( անուշահոտ խեժ), որով լաքապատում են փայտե իրերը: Այրվող ճյուղերի ծխով ապխտում են խոզի միսը: Գիհու պտուղներով հրապուրվում են շատ թռչուններ, հատկապես կեռնեխները, որոնք և տարածում են բույսի սերմերը:
Գիհին մեղրատու է, միաժամանակ` դեկորատիվ: Նրան կարելի է տալ ցանկացած ձևավորում և գեղեցիկ կերպով զարդարել պուրակներն ու զբոսայգիները:
Հեղինակ. Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. «Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն