Ներզատաբանություն
Վահանաձև գեղձ. ո՞ր դեպքերում է վիրահատություն կամ ամբողջական հեռացում պահանջվում. Արամ Չոմոյան
Հայաստանի Հանրապետությունը համարվում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Բարձր լեռնային դիրքը, ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, յոդով հարուստ ծովային օդի և ծովամթերքների բացակայությունը, սթրեսներով լի առօրյան նպաստում են վահանաձև գեղձի հիվանդությունների, այսպես կոչված «զոբի» առաջացմանը: Եվ չնայած դեպքերի մեծ մասում այդ հիվանդությամբ կարելի է ապրել, սակայն խաթարված նյութափոխանակությունը, անկայուն հոգեվիճակն ու մշտական հոգնածության զգացումը նկատելիորեն նվազեցնում են կյանքի որակը:
Ինչպես ժամանակին ախտորոշել և բուժել վահանաձև գեղձի հիվանդությունները և որքանով են դրանք վտանգավոր՝ պատասխանում է «Սլավմեդ ԲԿ»-ի էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյանը:
– Ի՞նչ դասակարգում ունեն վահանաձև գեղձի հիվանդությունները:
– Վահանաձև գեղձի հիվանդությունների պայմանականորեն բաժանենք երկու խմբի՝ վիրահատական բուժում պահանջող և կոնսերվատիվ բուժում կամ հսկողություն պահանջող: Վիրահատական բուժման ենթարկվում են հիմնականում հանգուցավոր ձևերը: Սովորաբար հանգուցավոր ձևերն ընթանում են առանց որևէ ախտանիշի. հանգույցները հայտնաբերվում են պատահաբար, ուրիշ հետազոտությունների ժամանակ, կամ պրոֆ-քննությունների ժամանակ, դարձյալ պատահաբար, կամ երբ արդեն երևում են, փոխում են պարանոցի արտաքին տեսքը:
Ոչ բոլոր հանգույցներն են պահանջում վիրահատական բուժում: 70-80% դեպքերում հանգույցները լինում են բարորակ, իսկ բարորակ հանգույցները վիրահատվում ենք միայն հարաճուն մեծացման պարագայում: Հսկողություն ենք սահմանում,և եթե մեծացման դինամիկա կա, հեռացնում: Կամ հեռացնում ենք, եթե պացիենտը եկել է արդեն մեծ հանգույցով, որն առաջացնում է հարակից անատոմիական էլեմենտների մեխանիկական սեղմում, դիսկոմֆորտի, խեղդոցի տհաճ զգացողություն:
– Բարորակ հանգույցը չի՞ կարող դառնալ չարորակ:
– Բժշկության մեջ հարյուր տոկոս գոյություն չունի: Բայց նայելով արդեն մեկ դարից ավել համաշխարհային բժշկության կուտակած փորձին, կարելի է ասել, որ հավանականությունը, որ բարորակ հանգույցները կվերափոխվեն չարորակի, շատ փոքր է: Միայն եթե հանգույցներն առաջանում են աուտոիմուն բորբոքումների ֆոնին, դրանք կարող են վերածվել չարորակի (ոչ մեծ տոկոս դեպքերում): Դա մի իրավիճակ է, երբ օրգանիզմը սկսում է չճանաչել վահանաձև գեղձը, ընկալում է որպես օտար մարմին և սկսում է պայքարել գեղձի դեմ:
Համակարգչային վիրուսի նման է, որը խանգարում է ճանաչել մինչ այդ համակարգչի մեջ եղած ֆայլերը:
– Ինչպե՞ս է կատարվում ախտորոշումը:
– Ախտորոշումը սկսվում է ամենաէլեմենտար և մատչելի մեթոդից՝ սոնոգրաֆիայից: Հանգուցավոր խպիպի ախտորոշման ժամանակակից ոսկե ստանդարտը բարակ ասեղի պունկցիոն բիոպսիան է, որն իրենից ներկայացնում է շատ արագ, գրեթե անցավ գործընթաց: Նման է երակային կամ մկանային ներարկման, շատ հիվանդներ նույնիսկ ավելի թեթև են տանում, քան ներարկումը: Մարդիկ շատ են վախենում պունկցիայից, և դա հասկանալի՝ այն կատարվում է անատոմիական շատ բարդ հատվածում: Բայց դա շատ լավ ախտորոշիչ մեթոդ է, վախենալ պետք չէ:Պունկցիան անպայման կատարվում է սոնոգրաֆիայի հսկողությամբ: Բարակ ասեղով հանգույցից վերցնում ենք բջիջներ և ուղարկում լաբորատորիա՝ հետազոտման: Կախված այդ հետազոտման արդյունքներից՝ ընտրում ենք հետագա բուժման տակտիկան: Բայց պունկցիոն բիոպսիան նույնպես ունի սխալի հնարավոր տոկոս: Այդ պատճառով, անգամ եթե ունենք ամենալավ պատասխանը, միևնույնն է, բոլոր հիվանդները շարունակում են գտնվել հսկողության տակ: Եթե հետագայում ինչ-որ կասկածներ են առաջանում՝ սոնոգրաֆիայի արդյունքում կամ ուղղակի բժշկի շոշափելուց, հետազոտությունը կրկնվում է: Բայց այդպիսի դեպքերը հաճախ չեն լինում:
Գոյություն ունի ևս մեկ մեթոդ՝ ներվիրահատական ցիտոլոգիական քննությունը: Այն տեխնիկապես մի քիչ բարդ է: Հենց վիրահատության ժամանակ հանգույցը հեռացնում ենք գեղձի մի կողմի հետ միասին և ուղարկում ենք էքսպրես հետազոտման: Թերությունն այն է, որ վիրահատության ժամանակ ստիպված ենք մի քիչ սպասել արդյունքին: Եթե պարզվում է, որ կան քաղցկեղածին բջիջներ, հեռացնում ենք ամբողջ գեղձը: Եթե ոչ, թողնում ենք:
– Ինչպե՞ս է նշանակվում բուժումը «Սլավմեդ» ԲԿ-ում:
– Պունկցիայի պատասխանից կախված որոշվում է՝ կա վիրահատության ցուցում, թե ոչ:
Եթե կա, հաջորդ փուլը վիրահատական ծավալը որոշելն է: Հաճախ մենք գործ ունենք մեկ հանգուցի հետ՝ վահանաձև գեղձի աջ կամ ձախ կողմից, որի մեջ մենք տեսել ենք կասկածելի կամ չարորակ բջիջներ: Այդ ժամանակ պետք է հեռացնել ամբողջ գեղձը, այնուհետև, դեպքերի մեծամասնությունում, հիվանդը պետք է անցնի նաև ռադիոյոդ թեապիա, քանի որ չենք կարող վստահ լինել, որ մեկ-երկու քաղկեցածին բջիջ չի մնացել: Ռադիոյոդ թերապիայի ժամանակ հիվանդը ստանում է ռադիոակտիվ յոդ, որը կլանում ու ոչնչացնում է մնացած բջիջները, և արդեն կարող ենք մեծամասամբ խոսել հարյուր տոկոսանոց առողջացման մասին:
Կան չարորակ ուռուցքներ, որոնք գեղձի մեջ են, և ուռուցքներ, որոնք արդեն գեղձի սահմաններից դուրս են եկել: Երկրորդ դեպքում դա լինում է հիմնականում հարակից ավշային հանգույցների ախտահարում, կամ ներաճ գեղձին անմիջապես կից մկանների մեջ: Շատ բարձիթողի դեպքերում կարող է աճել անգամ շնչափողի, կերակրափողի, անոթների մեջ, կարող են մետաստազներ լինել թոքերում:
Որքան ավելի ուշ փուլում է հայտնաբերվում պրոցեսսը, այնքան պրոգնոստիկ տվյալները նվազում են: Հիվանդներ ենք ունեցել՝ անգամ թոքերում մետաստազներով, դա չափազանց բարձիթողի դեպք է: 2-3 անգամ վիրահատվել են, 4-6 անգամ ռադիոակտիվ յոդով ճառագայթում են ստացել, վերջում առողջացել են: Բայց այս պարագայում չառողջանալու հավանականությունը շատ ավելի մեծ է: Ուստի պետք է ուշադիր լինել, լուծել խնդիրը, քանի դեռ գեղձից դուրս չի եկել:
– Վահանաձև գեղձը պատասխանատու է օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների զգալի մասի համար: Ինչպե՞ս են ապրում մարդիկ դրա հեռացումից հետո:
– 40-50 տարի առաջ սա իրոք անլուծելի խնդիր էր: Վահանձև գեղձի արտադրած հիմնական հորմոնը պատասխանատու է նյութափոխանակության, արյան հագեցվածության և շատ այլ բաների համար, և դրա պակասի դեպքում արտահայտված կլինիկական ախտանիշներ են լինում՝ աշխատունակության կորուստ, այտուցներ և այլն: Բայց այսօր կարողանում են սինթետիկ ճանապարհով ստեղծել այդ հորմոնի անալոգը: Դեղամիջոցները գնալով կատարելագործվում են, և դա շատ մեծ առավելություն է տալիս՝ վահանաձև գեղձի հեռացման հետ կապված այդ խնդիրն այլևս չկա:
– Դեղը պետք է խմել ամբողջ կյանքի ընթացքո՞ւմ:
– Այո, ամեն օր: Բայց դա այնքան սարսափելի չէ, որքան հնչում է: Դեղամիջոցի կիրառումը շատ պրակտիկ ու հարմար է. Այն խմում են օրը մեկ անգամ, առավոտյան, քաղցած ժամանակ, և ամբողջ օրվա ընթացքում այդ մասին մտածելու հարկ այլևս չկա: Դեղի հետ կարելի է օգտագործել ցանկացած սնունդ, ցանկացած այլ դեղ, կարելի է օգտագործել ոգելից խմիչքներ: Այսինքն՝ եթե մարդն ամեն առավոտ խմում է իր օրգանիզմին համապատասխան չափաբաժինը, ապա նրա կյանքի որակը բացարձակապես չի տուժում:
– Ո՞ր դեպքերում գեղձն ամբողջությամբ չի հեռացվում:
– Վահանաձև գեղձը բաղկացած է աջ ու ձախ բլթերից և դրանք իրար միացնող բարակ կամրջակից՝ նեղուցից: Երբ գործ ունենք բարորակ հանգույցի հետ, որը շատ մեծ է և գեղձի մի կողմում է, իսկ մյուս կողմում որևէ խնդիր չկա, հեռացվում է ուռուցքը՝ գեղձի տվյալ կողմի հետ միասին, իսկ մյուս կողմը մնում է:
Լինում են պունկցիայի պատասխաններ, որոնք մեզ հնարավորություն չեն տալիս լիարժեք կողմնորոշվել՝ մենք գործ ունենք բարորակ, թե չարորակ դեպքի հետ: Հետազոտության այլ, ավելի ճշգրիտ մեթոդ դեռ գոյություն չունի: Կասկածելի պատասխանի դեպքում մոտեցումը հետևյալն է. եթե հանգույցները շատ են և երկու կողմից, առանց քննարկման հեռացվում է ամբողջ գեղձը: Եթե մեկ հանգույց է մի կողմում՝ հեռացնում ենք այդ կեսը և հեռացված մասն ուղարկում ենք հետազոտության: Եթե պարզվում է, որ գործ ունենք չարորակ պրոցեսի հետ, հիվանդին պատրաստում ենք երկրորդ վիրահատությանը, հեռացնում ենք մյուս կեսը և պացիենտին ուղարկում են ռադիոյոդ-թերապիայի: Դա ստանդարտ, ժամանակակից մոտեցում է, և հիմնականում հանդիպում է վահանգեղձի ֆոլիկուլյար քաղցկեղի դեպքում:
– Չարորակ ուռուցքների քանի՞ տոկոսն է բուժվում վիրահատության արդյունքում:
– Կախված է նրանից, թե հիվանդությունը որ փուլում է հայտնաբերվել և թե որքան արմատական է իրականացվել վիրահատությունը: Եթե խոսում ենք վաղ փուլերում հայտնաբերված ուռուցքի մասին, հիմնական հանդիպող պապիլյար և ֆոլիկուլյար տեսակների դեպքում 95-100 %-ն առողջանում են: Իհարկե, եթե խոսքը գնում է գրագետ ծավալով արված վիրահատության և հաջորդիվ իրականացված ռադիոյոդ-թերապիայի մասին: Գաղտնիք չէ, որ մեր երկրում կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, և ցավոք սրտի ոչ բոլոր հիվանդներն են ի վիճակի ստանալ ռադիոյոդը: Հայաստանում դա չի արվում, մոտակա երկիրը, որտեղ կարող են ստանալ այդ թերապիան՝ հարևան Վրաստանն է, որտեղ դա նույնպես նորություն է: Եվ իհարկե, դա լրացուցիչ ֆինանսական բարդություններ է ստեղծում: Ի դեպ, եթե հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլերում և կատարվել է գեղձի ամբողջական, լիարժեք հեռացումը, հիվանդը կարող է առողջանալ նաև առանց թերապիայի:
Կան քաղցկեղի շատ հազվադեպ հանդիպող տեսակներ, օրինակ՝ մեդուլյար քաղցկեղը, որոնք պրոգնոստիկ առումով շատ վատն են:
Դրանց դեպքում վիրահատությունից հետո բուժումը շարունակելու էֆֆեկտիվ մեթոդ գոյություն չունի, բացի այդ, այն շատ ագրեսիվ է:
Եթե կա մեդուլյար քաղցկեցի կասկած, վիրահատության մինիմալ ծավալը կազմում է գեղձի ամբողջական հեռացումն ու կենտրոնական խմբի ավշահանգույցների հեռացումը:
– Բուժումից հետո հիվանդը որքա՞ն ժամանակ է մնում հսկողության տակ:
– Օնկոլոգիայի դեպքում՝ առնվազն հինգ տարի: Գոյություն ունի այսպիսի կարգ, դա վերաբերում է ընդհանուր օնկոլոգիային:
Կոմբինացված բուժումից հետո (վիրահատություն + քիմիաթերապիա/ճառագայթային թերապիա), երբ կա դրական արդյունք, հիվանդը հինգ տարի մնում է հսկողության տակ: Այդ ընթացքում պարբերաբար հետազոտվում է: Եթե հինգ տարի հետո, վերջին հետազոտությունն անելով, որ քաղցկեղի ոչ մի նշան չի հայտնաբերվել, համարվում է, որ հիվանդը լիովին առողջացել է: Եթե դրանից հետո որևէ գոյացություն է հայտնաբերվում, այն համարվում է նոր առաջացած:
Պապիլյար քաղցկեղը համարվում է չարորակ հիվանդություն՝ բարորակ ընթացքով: Այն շատ դանդաղ է զարգանում և լավ ենթարկվում է բուժման: Խնդիրն այն է, որ 95-98 % դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց որևէ ախտանիշի: Դրա համար էլ ստեղծվել են պրոֆ-քննությունները՝ մարդիկ պարբերաբար ստուգումներ են անցնում, և եթե կա խնդիր, այն ժամանակին հայտնաբերվում է:
Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն