Ավանդական բժշկություն Գետնամորի անտառային — Земляника лесная — Fragaria vesca L.
|
Գետնամորի անտառային - Земляника лесная - Fragaria vesca L.
Հայկական տարանունները - գետնաելակ, գետնաթութ, գետնամորուկ, իծամորի, մոր, վայրի ելակ
Դեղաբույսի նկարագրությունը
Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույս է, 5-15 սմ բարձրության: Տերևներն ունեն երկար կոթեր և բաղկացած են ատամնաեզր 3 տերևիկներից: Կոճղարմատը գորշ է, 1-2 սմ հաստության: Ծաղիկները հիմնականում երկսեռ են, սպիտակ կամ կարմրավուն: Պտուղները կլոր կամ կոնաձև են: Հասունանում են ծաղկելուց 1 ամիս հետո: Բույսը բազմանում է սերմերով և բեղիկներով: Յուրաքանչյուր բեղիկից աճում են 3-4 դուստր նոր արմատներ: Ծաղկում է մայիսից, ամբողջ ամռան ընթացքում, իսկ պտուղները հասունանում են ամռան ամիսներին: Գետնամորին աճում է մարգագետիններում, մացառուտներում, անտառի բացատներում և այլուր: Բույսը ցրտասեր է: Ցեղի անունը ծագել է լատիներեն «ֆրագարե» բառից, որը նշանակում է անուշահոտություն: Գետնամորու կուլտուրական տեսակը համարվում է հանրածանոթ ելակը:
Քիմիական բաղադրությունը
Գետնամորու պտուղներում հայտնաբերված է մինչև 6% շաքար (հիմնականում ֆրուկտոզա և գլյուկոզա), կիտրոնաթթու, խնձորաթթու, սալիցիլաթթու, ֆոսֆորաթթու, խինինաթթու, պեկտինային և դաբաղիչ նյութեր, ֆլավոնային և անտոցիանային միացություններ, ֆոլաթթու, եթերայուղ, C, B1, B2, PP վիտամիններ, կարոտին, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, մանգանի, պղնձի, քրոմի, ալյումինի, կոբալտի և այլ միկրոտարրերի աղեր, կարմիր պիգմենտ: Սերմերը հարուստ են ճարպայուղով (մինչև 19%), տերևները` C վիտամինով (մինչև 380 մգ%), իսկ արմատները և կոճղարմատը` տանինով (մինչև 9%): Բույսի մեջ հայտնաբերված է ֆրագարին գլիկոզիդը: Ա.Ա. Պոկրովսկու տվյալներով, գետնամորու 100 գրամը տալիս է 41 կկալ էներգիա և այն հարուստ է օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող սպիտներով:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են բույսի բոլոր մասերը, հատկապես պտուղները և այս առումով շատ հեղինակներ էական տարբերություն չեն դնում գետնամորու վայրի տեսակների և կուլտուրական սորտերի միջև: Պտուղները հավաքում են չոր եղանակին, առավոտյան ցողը վերանալուց հետո կամ օրվա վերջում, որովհետև թաց պտուղները շուտ են փչանում, իսկ շոգին` շուտ թորշոմում: Հավաքում են հասուն, չվնասված պտուղները և անմիջապես չորացնում հատուկ մրգաչորանոցներում կամ վառարանի ջեռոցում: Ճիշտ չորացնելիս պտուղները պահպանում են իրենց նախնական վառ կարմիր գույնը: Գերչորացումից հումքը կորցնում է լիարժեքությունը: Տերևները չորացնում են հով տեղում, միջանցուկ քամու տակ և պահում են ներսից թղթով պատրաստված պաստառված փայտյա արկղիկների մեջ: Չորացած պտուղները պահում են թիթեղյա տուփերում: Հումքի պիտանելիությունը 1- 2 տարի է: Դեռևս նախապատմական ժամանակներից մարդը գետնամորին օգտագործել է ուտելու համար, որը հիմնավորվել է պեղումների ժամանակ հնամենի կառույցներից ու դամբարաններից հանված խեցամաններում բույսի սերմերի հայտնաբերումով:
Որպես դեղաբույս գետնամորին հիշվում է XIII դարից: Այն լայնորեն օգտագործում են աշխարհի տարբեր ժողովուրդները: Այսպես, հայրենական ժողովրդական բժշկության մեջ գետնամորին օգտագործվում է ախորժակը լավացնելու, մարսողությունը կարգավորելու համար: Միաժամանակ համարվում է որպես հակաբորբոքիչ, ցավազրկող և վերքամոքիչ միջոց: Օգտագործվում է նաև միզուղիների և լեղուղիների քարային հիվանդության, պոդագրայի և հեպատիտների ժամանակ: Տերևների եփուկն օգտագործում են շնչահեղձության, արգանդային արյունահոսության, խոցային հիվանդության, գաստրիտների, ուժերի անկման, անեմիայի, հիպերտոնիկ և սրտային հիվանդությունների, աթերոսկլերոզի ժամանակ: Թարմ տերևները դնում են հնացած վերքերին, իսկ պտուղներն օգտագործում են թեյի ձևով` մարմնի ցրտառական հիվանդությունների, լնդախտի և ատամնաքարի դեպքում: Գերմանիայում այն օգտագործվում է լեղաքարային, նյարդային և փայծաղի հիվանդությունների, գաստրիտների, բրոնխիալ ասթմայի, անքնության, հոգնայի ձևով` թութքի, կոմպրեսի ձևով` թացացող և արյունահոսող վերքերի, ուտելու ձևով` բերանի վատ հոտի ժամանակ և այլն:
Լեհաստանում օգտագործում են աթերոսկլերոզի, երիկամների և միզապարկի մի շարք հիվանդությունների, հատկապես միզուղիների ավազի և քարի, պոդագրայի, մաշկային հիվանդությունների և նյութափոխանակության որոշ խանգարումների ժամանակ: Անգլիայում տերևների եփուկն օգտագործում են բերանի վերքերի և տոնզիլիտների ժամանակ` ողողման ձևով, իսկ պտուղները` տարբեր բնույթի ջերմերի և փորկապության դեպքերում: Բուլղարիայում` ամբողջական բույսը, պտուղների հետ միասին, եփուկի ձևով օգտագործում են լեղուղիների և միզուղիների քարային դիաթեզի, պոդագրայի, բրոնխիտների և կոմպրեսի ձևով` մաշկի թարախապալարների ժամանակ: Ուկրաինայում գետնամորին ունի մասսայական կիրառում: Այս տեսակետից ուշագրավ են Մ.Ա. Նոսալի տվյալները: Նա նշում է, որ եթե երիզորդով հիվանդն ընդունի մեծ քանակությամբ պտուղներ, որից հետո` սոխ և սելյոդկա, ապա որդը կընկնի գլխիկով: Բուժման այս եղանակը, որ բացարձակապես անվնաս է, իրեն արդարացնում է նաև ասկարիդային, սրատուտային և մազագլխիկային ճիճվակրությունների դեպքերում: Հարկ եղած դեպքում բուժումը կարելի է կրկնել մի քանի օր: Հեղինակը նշում է նաև դրական արդյունք էկզեմայի բուժման դեպքում, երբ դեղաբույսի հասուն պտուղները տրորում են և հաստ շերտով դնում մաշկի ախտահարված մասին: Այս դեպքում մաքրվում են կեղևները, դադարում քորը, հեղուկների արտահոսը, վերանում վատ հոտը: Մեջբերելով Կնեյպի կենսափորձը, Մ.Ա. Նոսալը նշում է, որ «այն տանը, որտեղ շատ են օգտագործում գետնամորի և հավամրգի, բժշկի կարիք չի զգացվում»:
Աշխարհի շատ ժողովուրդների կողմից գետնամորին օգտագործվում է կոլիտների, դեղնուկի, թոքային պալարախտի, ուռուցքների, հին խոցերի և մաշկի ցանավորումների, աղային փոխանակության խանգարումների, արգանդային արյունահոսությունների (բարձրացնում է արյան մակարդելիությունը), ռախիտի, գեղձախտի, որքինի, գիշերային քրտնարտադրության և այլ հիվանդությունների ժամանակ: Ն.Գ. Կովալևայի տվյալներով, պտուղների տևական կիրառումը դրականապես է անդրադառնում հիպոքրոմ երկաթ-դեֆիցիտային անեմիայով տառապող հիվանդների արյան կազմի վրա: Վերջերս ուշագրավ տվյալներ են արձանագրել Կ. Բ. Բալիցկու և աշխատակիցների կողմից: Հեղինակները բույսի տերևների եփուկի օգտագործումով որոշակի հաջողության են հասել չարորակ ուռուցքների բուժման ասպարեզում: Իսկ նույն տերևների թուրմը, Ն.Գ. Կովալևայի փորձնական տվյալներով, ներերակային կիրառման ձևով, իջեցնում է արյան ճնշումը, դանդաղեցնում սրտի ռիթմը, խորացնում վերջինիս կծկման ամպլիտուդան, լայնացնում ծայրամասային անոթները, միաժամանակ ուժեղացնում արգանդի կծկումները, ունենում միզամուղ ազդեցություն:
Գիտական բժշկության մեջ հիմնավորվել են գետնամորու միզամուղ և հակաբորբոքիչ հատկությունները, որի շնորհիվ այն առաջարկվում է միզաքարային հիվանդության և գաստրիտների բուժման համար: Հիմնավորված է նաև այն, որ պտուղները նվազեցնում են արյան միզաթթվի և նրա աղերի քանակությունը, որը դրական արդյունք է տալիս պոդագրայի բուժման ժամանակ: Պարզվել է նաև, որ դեղաբույսն օժտված է միաժամանակ հակաբիոտիկ և ֆիտոնցիդային հատկություններով (Ա.Ս. Բոնդարենկո, Ս.Ի. Զելեպուխա):
Գետնամորին մեծ կիրառում ունի նաև կոսմետիկայում` դեմքի մաշկի պեպենների, բծերի, պզուկների վերացման համար: Նման դեպքերում գետնամորու պտուղների հյութից` խառնված ձվի հարած սպիտակուցի հետ, դեմքին դնում են դիմակներ (1 թեյի գդալ պտղահյութը` 1 ձվի սպիտակուցին): Կոմպրեսի ձևով կարելի է օգտագործել նաև պտուղների ջրաթուրմը: Գետնամորու որոշ բուժական հատկանիշներ (միզամուղ, քրտնամուղ, ցավ հանգստացնող և այլն) ավելի են ուժեղանում, երբ պտուղները կամ տերևները, հավասար չափերով, խառնում են կեռասի և բալի հետ, իսկ մեր տվյալներով, դարձյալ հավասար չափերով` կատվախոտի արմատի և սրոհունդի հետ: Այդ խառնուրդից` 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում թրմելուց հետո օգտագործելիս, դրական արդյունք ենք ստացել սրտխփոցների, սրտային առիթմիաների, անքնության և ցրտառական հիվանդությունների ժամանակ: Թուրմը ընդունվել է օրական 1/2 բաժակ, 2 անգամ, 2-3 շաբաթ տևողությամբ: Խառնուրդն ունի նաև միզամուղ և քրտնամուղ հատկություններ, որոնց շնորհիվ դրական արդյունք է տալիս շնչուղիների սուր բորբոքումների ժամանակ:
Կիրառման եղանակները
Պտուղներից ստացված թարմ հյութը խմում են օրվա մեջ 4-6 ճաշի գդալ, քաղցած վիճակում: Չորացրած պտուղներից թուրմ պատրաստելու համար 2 ճաշի գդալ հումքին ավելացնում են 1 բաժակ եռման ջուր, թրմում 1 ժամ և ըմպում 1/2 բաժակ` օրական 2 անգամ: Տերևներից եփուկ պատրաստելու համար 50 գ հումքը 1 լ ջրում եռացնում են 30 րոպե, որից հետո ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ կամ` 1 ճաշի գդալ մանրացրած տերևները լցնում են 1 բաժակ ջրի մեջ, եռացնում 15-20 րոպե, հովանալուց հետո ըմպում ամբողջ օրվա ընթացքում, կամ` 3 գ չոր տերևները 400 մլ ջրում 30 րոպե եռացնելուց հետո ընդունում են կումերով` ամբողջ օրվա ընթացքում, կամ` 1 ճաշի գդալ տերևը 2 բաժակ ջրում 30 րոպե եռացնելուց հետո ընդունում են 1/2 բաժակ` օրական 2 անգամ, կամ` 20 գ տերևը 200 մլ եռման ջրում եռացնում են 5-10 րոպե, թողնում 2 ժամ և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Եփուկ կարելի է պատրաստել նաև ամբողջական բույսից (արմատով, կոճղարմատով, ցողունով, ծաղիկներով և տերևներով): 20 գ հումքը 200 մլ ջրում 30 րոպե եռացնելուց հետո կարելի է ընդունել 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ: Տերևներից, արմատներից և ծաղիկներից առանձին-առանձին կարելի է պատրաստել ջրաթուրմ: 1 թեյի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 2 ժամ թրմելուց հետո օրվա մեջ ընդունում են 2 անգամ: Ճարպակալման, դիաթեզների և կլիմակտերիկ խանգարումների ժամանակ նյութափոխանակությունը խթանելու նպատակով վերցնում են 40 գ գետնամորու տերևներ և 20-ական գրամ ուրց, գետնաստղ և պատրինջի տերևներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանվագ` օրվա մեջ 2-3 անգամ:
Լեղաքարային հիվանդության ժամանակ վերցնում են 5-ական գրամ վաղենակ, կեչու տերև, չորածաղիկ, գիհու և սամիթի սերմեր, 10-ական գրամ գետնամորու պտուղ, երիցուկ, մասրենու ծաղիկներ, 15-ական գրամ ձիաձետ, եգիպտացորենի մազիկներ, մասրապտուղ, խատուտիկի արմատ և 20 գ անթառամ: Այս խառնուրդից 6 գ եփել 0,5 լ եռման ջրում մի քանի րոպե, թրմել 30 րոպե, քամել ու ըմպել 3/4 բաժակ, օրական 3 անգամ` ուտելուց 10-15 րոպե առաջ:
Այլ օգտակար հատկանիշները
Անցյալում գետնամորու պտուղները, ծաղիկները և տերևները փոխարինել են թեյին: Հասուն պտուղներով հրապուրվում են սողուններն ու թռչունները: Գետնամորին մեղրատու է: Պտուղներն ուտում են թարմ վիճակում, շաքարով, կաթով, սերուցքով: Նրանցից պատրաստում են կոմպոտ, մուրաբա, օշարակ, պովիդլո, մարմելադ, կոնֆետի խորիզ, գինի, թրմօղի, էսենցիա, դոնդող, հովացնող խմիչքներ, պաստեղ և այլն: Թարմ պտուղները հիանալի հագեցնում են ծարավը, գրգռում ախորժակը, աշխուժացնում ստամոքսաաղիքային տրակտի գործունեությունը: Պտուղները շատ օգտակար են երեխաների համար որպես լիարժեք, ընդհանուր կազդուրիչ սնունդ:
Սակայն պատք է նշել, որ պտուղները որոշ մարդկանց մոտ առաջացնում են ծանր ալերգիկ երևույթներ, որոնք արտահայտվում են մոլոքորով, որովայնի ցավերով, նողկանքով, փսխումներով, գլխապտույտով, սրտխփոցներով, լուծով և այլն:
Գետնամորին ունի նաև տեխնիկական կիրառում. պտուղների հյութով բուրմունք են տալիս օճառին, իսկ տերևները և ծաղիկներն ունեն կաշին դաբաղելու հատկություն:
Հեղինակ. Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. «Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն