Ավանդական բժշկություն Հալևորիկ ռոմբատերև - Крестовник ромболистный - Senecio rhombifolius (Willd), Sch. Bip.
Հալևորիկ ռոմբատերև - Крестовник ромболистный - Senecio rhombifolius (Willd), Sch. Bip.
Հայկական տարանունները - ալևորիկ, ալևորուկ, հալևորուկ, սարի ալևորիկ
Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 50-150 սմ երկարության, բազմամյա խոտաբույս է: Ունի արտաքինց գորշ մոխրավուն, ներսից փուխր միջուկով կամ սնամեջ, երկար կոճղարմատ: Կոճղարմատից դուրս են գալիս վերին մասերում ճյուղավոր բազմաթիվ ցողուններ: Տերևները մանր են, ձվաձև կամ նշտարաձև, հերթադիր, ատամնաեզր: Ծաղիկները մանր են, դեղին: Պտուղը փուփուլավոր սերմիկ է: Բույսը ծաղկում է հունիս-օգոստոս, իսկ պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Բազմանում է հիմնականում սերմերով, որոնք տարածվում են քամու միջոցով: Աճում է մեր հանրապետության լեռնանտառային և ենթալպյան գոտիներում` հատկապես Սպիտակի, Սևանի, Կիրովականի և Դիլիջանի շրջաններում, հարուստ և բավարար խոնավ հողերում, տեղ-տեղ տալով հոծ բուսուտներ: Հալևորիկի տասնյակ տեսակներից դեղորայքային նշանակություն ունի հիմնականում ռոմբատերև տեսակը: Ցեղի «սենեցիո» անունն առաջ է եկել լատիներեն «սենեքս» բառից և նշանակում է ալևոր:
Քիմիական բաղադրությունը: Բույսի բոլոր մասերում, հատկապես արմատում և կոճղարմատում հայտնաբերված են պլատիֆիլին, նեոպլատիֆիլին, սենեցին, սենեցիոնին ալկալոիդներ, ինչպես նաև C վիտամին, անազոտ նյութեր և այլն:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը և կոճղարմատը: Արմատը հանում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին, մաքրում հողից, լվանում սառը ջրով և չորացնում բացօթյա` քամհարվող տեղում: Հավաքում են միայն 2-ից ավելի տարիք ունեցող բույսերը: Վերգետնյա մասը հողից կտրում են 5-10 սմ բարձրության վրա, փռում ցանցի վրա բարակ շերտով, չորացնում բացօթյա կամ հատուկ չորանոցներում:
Ամիրդովլաթը «մարմախոտ» կամ «մարմահուզ» անվան տակ դեղաբույսն օգտագործել է որպես ցավ հանգստացնող, քնաբեր և «սիրտը զորացնող» միջոց: Հայկական ժողովրդական բժշկության մեջ` Հ. Սեպետճյանի մեջբերումով, բույսի արմատի եփուկն օգտագործվել է կանանց չբերության դեպքում, իսկ Ս.Ա. Վարդանյանի մեջբերումով` տարբեր տեսակի ուռուցքները բուժելու համար: Ֆրանսիական ժողովրդական բժշկության մեջ` բույսի եփուկը կամ չոր զանգվածը կարագի հետ տրորված, օգտագործվում է կրծքագեղձի բորբոքման, թութքի, մաշկային թարախային ախտահարումների, իսկ հյութը` ներքին ընդունման ձևով, ճիճվակրության, հիսթերիկ ցնցումների և որովայնային օրգանների խիթերի ժամանակ:
Ռուսական և եվրոպական մի շարք երկրների ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը ճանաչվում է որպես հակացնցումնային, հակաբորբոքիչ, անզգայացնող, փափկացնող, ճիճվամուղ, դաշտանը կարգավորող, հեմոստատիկ, հազը հանգստացնող և վերքամոքիչ միջոց: Դեղաբույսը գիտական բժշկության մեջ հաստատապես հիմնավորվել է 1935 թ., երբ առաջին անգամ Բակուրիանիից տարված նմուշից ակադ. Ա.Պ. Օբուխովի լաբարատորիայում անջատվեցին պլատիֆիլինը և սենեցիֆիլինը, իսկ ավելի ուշ` սառռացին ալկալոիդները: Ամբողջ բույսն օգտագործվում է վերոհիշյալ ալկալոիդները` հատկապես պլատիֆիլին, ստանալու համար: Պլատիֆիլինն, ըստ Մ.Դ. Մաշկովսկու, ունի խոլինոլիտիկ ազդեցություն` որոշ չափով հիշեցնելով ատրոպինը, սակայն ավելի ուժեղ, քան վերջինս, ճնշում է վեգետատիվ հանգույցների խոլինոռեակտիվ համակարգը: Կենտրոնական նյարդային համակարգի, հատկապես անոթաշարժիչ կենտրոնի վրա, պլատիֆիլինը ցուցաբերում է հանգստացնող ներգործություն: Պատրաստուկն օժտված է նաև սպազմալիտիկ (պապավերինանման) ազդեցությամբ և կլինիկական պրակտիկայում լայնորեն կիրառվում է խոցային հիվանդության, բրոնխիալ ասթմայի, հիպերտոնիկ հիվանդության և կրծքային հեղձուկի ժամանակ: Որպես սպազմալիտիկ և ցավը հանգստացնող միջոց, պլատիֆիլինը դրականապես է անդրադառնում սպաստիկ փորկապությունների, կոլիտների, լյարդի և երիկամների խիթերի, խոլեցիստիտների, ուղեղի և ծայրամասային արյան շրջանառության խանգարումների ժամանակ: Պրակտիկայում լայնորեն կիրառվել է նաև աչքի բիբը լայնացնելու և աչքի հատակը զննելու համար: Ըստ որում, երբ դեղամիջոցը համակցվում է մագնեզիում սուլֆատի փոքր դոզաների հետ, արագանում և խորանում է քունը, իսկ ֆենոբարբիտալի հետ զուգակցելիս` քունը երկարում է: Պլատիֆիլինը 11-12%-ով իջեցնում է շաքարի քանակությունն արյան մեջ, վերացնում պիլոկարպինային ռեակցիան: Այն մտնում է տեպաֆիլինի, պալյուֆինի և պլավեֆինի բաղադրությունների մեջ, որոնք գլխավորապես օգտագործվում են ծովային և օդային հիվանդությունների ժամանակ` լաբիրինթապաթիայի երևույթները կանխելու նպատակով: Սակայն պլատիֆիլինի մեծ դոզաներից առաջ են գալիս կողմնակի երևույթներ, ինչպիսիք են բերանի չորությունը, ակոմոդացիայի խանգարումը, սրտխփոցները, դիսուրիան և այլն: Դեղաբույսի ջրիկ մզվածքն ունի արյունահոսությունը դադարեցնող և դաշտանային ցիկլը կանոնավորող ներգործություն: Մեր կողմից դեղաբույսի արմատը և կոճղարմատը` ջրաթուրմի ձևով, օգտագործվել է ստամոքսաաղիքային տրակտի, լեղուղիների և միզուղիների կծկողական ցավերի ժամանակ: Նշենք, որ դեղաբույսը բոլոր հիվանդները լավ են տարել և եփուկը ընդունելուց 15-20 րոպե հետո նկատվել է հիվանդների մեծ մասի սպաստիկ ցավերի մեղմացում, իսկ 5-6 օր հետո ստացվել է կլինիկական լավ արդյունք: Մյուս կողից, պլատիֆիլինի կիրառման մեր բազմամյա փորձը ցույց է տվել, որ պատրաստուկն ունի արտահայտված սպազմալիտիկ և ցավերը հանգստացնող հատկություններ: Խոցային հիվանդության և քրոնիկական գերսեկրետոր, գերթթու գաստրիտների ժամանակ այն չափավոր կերպով նվազեցնում է ստամոքսահյութի ժամային լարվածությունը և աղաթթվի դեբիտ-ժամը` էապես չներգործելով հիպերպեպտիկ ցուցանիշների վրա: Նման հիվանդների մոտ պլատիֆիլինի կուրսային կիրառումը (2-3 շաբաթ) տալիս է կլինիկական շոշափելի արդյունք:
Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 1 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ: Եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 1 բաժակ ջրի մեջ, հովացնում ու քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ: Ոգեթուրմի համար հումքը 1/5-ի հարաբերությամբ խառնում են 70° սպիրտի հետ, թողնում 1 շաբաթ, քամում, ապա ընդունում 30-40-ական կաթիլ, ջրով` օրական 3 անգամ: Պլատիֆիլինը բաց է թողնվում դեղատներում` փոշու, հաբերի, կաթիլների և ամպուլների ձևերով:
Այլ օգտակար հատկանիշները: Քանի որ ամենամյա խոշոր չափերի մթերումները սպառնում են դեղաբույսի արեալների պահպանմանը, այն վաղուց արդեն մշակվում է: Հալևորիկը մեղրատու է. վերգետնյա մասերից ստացվող ներկերով գործվածքները ներկում են կանաչ գույնի:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն