Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)
Ի՞նչ է քնի բժշկությունը: Քնի խանգարումները և նրանց բուժումը
Քունը` ոչ հանուն առույգության, այլ` հանուն կյանքի
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Երիտասարդ նյարդաբանների լիգայի նախագահ Սամսոն Խաչատրյանի հետ` նվիրված քնի բժշկությանը:
- Ի՞նչ է քնի բժշկությունը:
- Սա համեմատաբար նոր ուղղություն է ժամանակակից բժշկության մեջ, որն առաջացել և ձևավորվել է անցյալ դարի 60-ական թվականների վերջերում և 70-ական թվականների սկզբին, և այսօր արդեն զարգացած երկրներում քնի խանգարումների բուժումը հանդիսանում է առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը:
- Որո՞նք են քնի խանգարումները:
- Քնի խանգարում են համարվում այն բոլոր վիճակները, որոնք առաջանում են քնի պակասից, քնի ավելցուկից կամ քունը խանգարող տարբեր հանգամանքներից: Գոյություն ունեն քնի խանգարումների հետևյալ հիմնական տեսակները`
1) անքնություն (ինսոմնիա),
2) քնի շնչառական խանգարումներ (հիմնականում քնի ապնոէ),
3) քնի ժամանակ շարժողական խանգարումներ (անհանգիստ ոտքերի համախտանիշ և այլն),
4) պարասոմնիաներ (գիշերամիզություն, ատամները կրճտացնելը, գիշերաշրջություն և այլն),
5) հիպերսոմնիաներ (ցերեկային գերքնկոտության վիճակներ` նարկոլեպսիա և այլն),
6) հաճախ անտեսվում է` ցիրկադային ռիթմի (ՙ''կենսաբանական ժամացույցի'') խանգարումները:
Վերջին տարիներին հատկապես լրջորեն են ուսումնասիրվում քնի խանգարումները կանանց, հոգեկան խանգարումներով տառապող անձանց, երեխաների և հերթափոխային աշխատողների մոտ: Ինչպես տեսնում ենք, քնի խանգարումները բավականին բազմաբնույթ են, և նրանց բուժման գործընթացը ներառում է բժշկության ամենատարբեր մասնագիտությունները` նյարդաբանությունը, թոքաբանությունը, քիթ-կոկորդ-ականջաբանությունը, հոգեբուժությունը, հոգեբանությունը, սրտաբանությունը, էնդոկրինոլոգիան: Նույնիսկ ատամնաբույժներին ու դիմածնոտային վիրաբույժներին է հետաքրքրում այս ոլորտը: Քնի խանգարման տեսակներից ամենատարածվածներն են անքնությունը, քնի ապնոէն և անհանգիստ ոտքերի համախտանիշը, որոնց կցանկանայի անդրադառնալ ավելի հանգամանորեն, քանի որ հենց այս խանգարումներով հիվանդներն են հիմնականում կազմում քնի խանգարումների բուժման մասնագիտացված կենտրոնները հաճախողների հիմնական մասը:
- Ո՞ր մասնագետին է պետք դիմել, եթե կա քնի խանգարման գանգատ:
- Քանի որ քնի բժշկությունը արդեն երկու տասնամյակ է, ինչ ձևավորվել է որպես բժշկության առանձին ճյուղ, առաջացել է պահանջ նոր մասնագետների` քնի մասնագետների:
Այն բոլոր մասնագետները, ովքեր անկախ իրենց նախկին մասնագիտացումից զբաղվում են քնի խանգարումների բուժման խնդիրներով, պետք է ստանան քնի մասնագետի որակավորում և պարտավոր են միաժամանակ զբաղվել վերը նշված բոլոր խնդիրներով:
- Արդյո՞ք քնի խանգարումներն ունեն հատուկ ախտորոշման միջոցներ, թե ամեն ինչ հիմնված է հիվանդի և նրա հարազատների հետ զրույցի վրա:
- Անշուշտ, հիվանդի և նրա մերձավորների հետ զրույցից շատ բան է կախված ճիշտ ուղղություն ընտրելու համար, սակայն հավաստի տվյալները ստացվում են միայն օբյեկտիվ քննությունների շնորհիվ: Գոյություն ունեն ախտորոշման բազմաթիվ ուղիներ, որոնք անչափ կարևոր են քնի խանգարման տեսակները իրարից և այլ հիվանդություններից տարբերակելու համար:
Պոլիսոմնոգրաֆիան առաջնային տեղ է զբաղեցնում դրանց մեջ և արժանիորեն համարվում է ՙոսկե ստանդարտ՚: Այն իրենից ներկայացնում է օրգանիզմի ամենատարբեր պարամետրերի միաժամանակյա գիշերային գրանցում` ընդգրկելով էլեկտրաէնցեֆալոգրաֆիան (գլխուղեղի ակտիվության գրանցում), ակնագնդերի, վերջույթների շարժումների, շնչառական ցուցանիշների, կրծքավանդակի և որովայնի շարժումների, խռմփոցի, ինչպես նաև արյան թթվածնային հագեցվածության գրանցումը, էլեկտրամկանագրությունը, էլեկտրասրտագրությունը և, իհարկե, հետազոտության ընթացքում հիվանդի տեսագրումը: Բացի այդ, գոյություն ունեն ավելի սահմանափակ քանակով պարամետրեր գրանցող սարքեր: Ունենալով պոլիսոմնոգրաֆիկ հետազոտության արդյունքները` համապատասխան մասնագետը կարող է ախտորոշել քնի խանգարումն ու դրա տեսակը և համապատասխան բուժում առաջարկել:
- Ի՞նչ է քնի ապնոէն, որից այդքան սարսափում են և' բժիշկները, և' հիվանդների հարազատները, իսկ իրենք` հիվանդները, քնած ժամանակ գրեթե չեն զգում դրա առկայությունը:
- Քնի ապնոէն շնչառության կանգն է քնի ժամանակ, որը կարող է լինել կարճ կամ երկարատև` հասնելով մինչև 10-30 վրկ-ի: Ապնոէի պատճառն է հիմնականում կոկորդ-ըմպանի մկանների թուլությունից առաջացող շնչառական ուղու փակումը, որի հետևանքով օդը չի անցնում դեպի թոքեր: Այս տիպի ապնոէն կոչվում է քնի օբստրուկտիվ ապնոէ, իսկ դրա հաճախակի կրկնվող վիճակը` քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշ: Այն բերում է հետևյալ հիմնական հետևանքների: Նախ կարող է ընկնել արյան թթվածնային հագեցվածությունը` առաջացնելով օրգանիզմի և հատկապես գլխուղեղի թթվածնային քաղց (հիպօքսիա), քրտնարտադրություն: Դրան գումարած` առաջանում են կարճատև արթնացումներ, որոնք, այնուամենայնիվ, բերում են քնի ֆրագմենտացիայի (մասնատման), ինչը չի կարող չարտահայտվել հիվանդի ցերեկային ակտիվության վրա: Եվ իրոք, հիվանդը ցերեկվա ժամերին դառնում է գերքնկոտ` երբեմն ունենալով այսպես կոչված քնի գրոհներ (հանկարծ վրա հասնող անսպասելի քուն` անհամապատասխան իրավիճակներում` օրինակ մեքենա վարելիս, կարևոր հանդիպման ժամանակ և այլն): Նման դեպքերում սովորաբար հիվանդը հոգնածություն է զգում, գրգռված է, գանգատվում է առավոտյան գլխացավերից, հիշողության և կոնցենտրացիայի վատացումից. կարող է նկատվել նաև իմպոտենցիա: Ընդհանուր առմամբ ընկնում է կյանքի որակը: Ավելին, քնի արտահայտված օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը կարող է բարձրացնել այնպիսի սուր վիճակների զարգացման ռիսկը, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտի ռիթմի խանգարումները, ինսուլտը և քնի ժամանակ հանկարծամահությունը: Այս հիվանդության տարածվածությունը բնակչության շրջանում բավականին մեծ է տղամարդկանց մոտ` մոտավորապես 4%, իսկ կանանց մոտ` 2%: Պատահական չէ, որ զարգացած երկրների առողջապահական համակարգերը մեծ ուշադրություն են դարձնում այս խնդրի կարգավորման վրա:
- Որո՞նք են այս հիվանդության բուժման ուղիները:
- Մոտեցումները տարբեր են և ավելի արդյունավետ են, երբ կիրառվում են միասին: Առաջին հերթին պետք է պայքարել ավելորդ քաշի դեմ: Այս համախտանիշի զարգացման հիմնական գործոններից մեկն է հանդիսանում հատկապես գիրությունը: Գոյություն ունեն բազմաթիվ բժշկական սարքեր, որոնք առաջ են բերում ստորին ծնոտը և կանխում վերին շնչուղիների փակումը: Կան նաև բազմաթիվ վիրաբուժական մոտեցումներ, որոնց հիմնական նպատակն է վերին շնչուղիների լայնացումը կամ ըմպանի փափուկ հյուսվածքների ծավալի իջեցումը: Սակայն այս դեպքում կարիք կա հիվանդների նախավիրահատական խիստ ընտրության, քանի որ միջամտության արդյունավետությունը առայժմ չի գերազանցում 40%-ը:Ներկայումս ամենաարդյունավետ բուժումն է համարվում (մոտ 90% արդյունավետությամբ) այսպես կոչված CPAP (սիփափ)-թերապիան, որը իրենից ներկայացնում է դիմակախողովակային համակարգ, որտեղ հատուկ սարքի միջոցով (CPAP-machine) ստեղծվում է օդի դրական (ավելի բարձր, քան մթնոլորտայինն է) ճնշում, որը թույլ չի տալիս, որպեսզի վերին շնչուղիները փակվեն:
Անդրադառնալով քնի խանգարումների մյուս տեսակներին` պետք է առանձնացնել անքնությունը և անհանգիստ ոտքերի համախտանիշը: Անքնությունը ներկայումս շատ լուրջ առողջապահական քննարկումների առիթ է դարձել, և պատահական չէ, քանի որ բնակչության 10-40%-ը տառապում է անցողիկ անքնությամբ, իսկ 10-15%-ը ներկայանում են բժիշկներին ամիսներ-տարիներ տևող արդեն երկարատև (քրոնիկ) անքնությամբ: Ունենալ անքնություն, նշանակում է ունենալ ցերեկային ցածր աշխատունակություն, հոգնածություն: Այս դեպքում բժիշկը պետք է ուշադիր լինի և անընդմեջ չնշանակի քնաբեր դեղեր, քանի որ շատ դեպքերում լավ արդյունքների կարելի է հասնել հիվանդի օրվա ռեժիմը և քունը խանգարող որոշ հանգամանքների փոփոխության և վերացման միջոցով: Անկասկած, պետք է ամեն կերպ նպաստել հիվանդի քնի տևողության երկարացմանը:
- Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում անհանգիստ ոտքերի համախտանիշը:
- Այս համախտանիշը ամենևին էլ հոգեհուզական բնույթի չէ, ինչպես կարծում են շատերը (նույնիսկ բժիշկները), այլ հանդիսանում է շարժողական խանգարում, որի հիմնական պատճառներն են ոտքերում կամ երբեմն էլ մարմնում և վերին վերջույթներում առաջացող տարբեր բնույթի տհաճ զգացողությունները, որոնք ստիպում են հիվանդներին շարժել ոտքերը և դրա շնորհիվ թեթևացնել այդ անցանկալի ծակծկոցները, մզզոցները, ցավերը: Ավելին, քանի որ նշված երևույթները ուժեղանում են երեկոյան ժամերին, հիվանդը չի կարողանում քնել, իսկ եթե նույնիսկ հաջողվում է քնել, ոտքերի շարժումները կարող են կրկնվել նաև քնի ընթացքում` ընդհատելով այն: Այս համախտանիշի տարածվածությունը բնակչության շրջանում 5-15% է կազմում: Նշենք, որ հիվանդացության տարածվածության որոշման նպատակով Հայկական բժշկական ասոցիացիայի և նրա կազմում գործող Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգայի ջանքերով 2006 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացվեց հեռախոսային հարցում, որին մասնակցեց մոտ 2 հազ. բնակիչ: Այդ հարցման արդյունքներից պարզվեց, որ Հայաստանում ևս անհանգիստ ոտքերի համախտանիշի տարածվածությունը բավականին բարձր է և կազմում է մոտավորապես 8%: Ուստի պատահական չէ, որ այս խանգարումը դառնում է ամենատարածված նյարդաբանական հիվանդությունը և նույնպես պահանջում է մեծ ուշադրություն: Մեզ մոտ կան նաև այլ ծրագրեր, որոնց հիմնական նպատակն է բարձրացնել քնի խանգարումների հանդեպ ուշադրությունը, և առողջապահական ոլորտում տեղեկատվություն տարածել խնդրի կարևորության վերաբերյալ:
- Որո՞նք են այդ ծրագրերը:
- Նախատեսել ենք նմանատիպ եղանակով անցկացնել նաև քնի շնչառական խանգարումների տարածվածության գնահատում: Քնի բժշկությունը առանց համապատասխան ախտորոշման պատկերացնելը անհնարին է, և շատ շուտով Երևանում` սրտաբանության ՀԻ-ում, կբացվի քնի առաջին ժամանակակից լաբորատորիան, որի դերը, վստահ ենք, շատ մեծ է լինելու քնի խանգարումներով հիվանդների հայտնաբերման և նրանց հետագա որակյալ բուժումը կազմակերպելու գործում:
Բացի այդ, ՙ''Քնի հետազոտության եվրոպական միության'' հովանավորությամբ այս տարվա մայիսի 18-19-ին Երևանում Հայկական բժշկական ասոցիացիան անցկացրեց քնի բժշկությանը նվիրված տարածաշրջանային սիմպոզիում, որի ժամանակ դասախոսություններով հանդես եկան քնի հայտնի մասնագետներ Եվրոպայից: Հրավիրված էին նաև մասնագետներ հարևան երկրներից: Օգտագործելով այս բացառիկ առիթը` միջոցառման կազմակերպիչները քնի բժշկության գաղափարները և հիմնական դրույթները առավելագույնս փորձեցին լայնորեն տարածել մեր բժիշկների և բնակչության շրջանում:
Կարդացեք նաև
Հարգելի խմբագրություն,
նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայաստանյան շուկայում առկա կեղծ դեղորայքների և կենսաբանական...
Քթի և հարակից խոռոչների ալերգիկ հիվանդությունները համարվում են ամենատարածված ալերգիկ պաթոլոգիան։ Աշխարհի տարբեր երկրների վիճակագրական տվյալները վկայում են, որ ներկայումս ալերգիկ ռինիտով...
Բնօրինակ և կեղծ տարբերակ... Այս երկուսի միջև եղած հավերժ բախումը... Պատկերացրեք` ինչ կատաղության մեջ կհայտնվեր մասնավոր հավաքածու ունեցող մեկը, որը Ռենուարի բնօրինակի փոխարեն...
Կարելի է շատ հետաքրքիր կապ տեսնել, եթե ուսումնասիրեն դեղագործական ընկերությունների մարքեթինգային քաղաքականությունը։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է նոր դեղեր մշակող հզոր գիտաարտադրական...
«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...
Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...
Լևոն Սարգսյանը ծնվել է 1930 թ.` Երևանում, ծառայողի ընտանիքում։ 1943 թ. ընդունվել է Երևանի բժշկական տեխնիկումի դեղագործական բաժինը, որն ավարտել է 1946 թ.` ստանալով դեղագետի օգնականի որակավորում...
Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկական դպրոցի հետ է կապված Մխիթար Հերացու գիտական և բժշկական բեղմնավոր գործնեությունը: «Մեծն Մխիթար» են կոչել նրան իր ժամանակակիցները ու հետագա...
Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը շարունակում է գրավել գիտնականների ուշադրությունը։ Իրաքի գիտնականները տասնվեցօրյա փորձ են կատարել, որի ընթացքում կենդանուն ջուր չեն տվել...
Այս հիվանդության անվանումը ծագում է հունարեն eczeo` եռալ բառից։ Տվյալ հիվանդության դեպքում մաշկի վրա գոյանում են բազմաթիվ մանր բշտիկներ, որոնք եռացող ջրի պղպջակների նման պայթում են` առաջացնելով...
Այս հիվանդությանը թե՛ մերօրյա քաղաքակրթության հետևանք և թե՛ տեխնիկական առաջընթացի տխրահռչակ ''ձեռքբերում'' են անվանում։ Այն սկսվում է աննկատ, զարգանում աստիճանաբար և դժվարությամբ է ախտորոշվում...
Մենք բոլորս խաղաղասեր մարդիկ ենք, օժտված ենք իրավիճակներին լիովին համապատասխան գնահատական տալու և երկխոսության գնալու կարողությամբ։ Սակայն կյանքում ամեն բան պատահում է, և հարց է առաջանում...
Ֆոլացինը` որպես համաֆերմենտ, մասնակցում է տարաբնույթ ֆերմենտային ռեակցիաներին, կարևորագույն դեր և նշանակություն ունի ամինաթթուների նյութափոխանակության, պուրինային և պիրիմիդինային հիմքերի...
«Ծերությունը վերափոխենք մշտնջենական երիտասարդության»; Մատուցվող հոդվածի վերնագիրը մեջբերված է հին եգիպտական ձեռագրերից#։ Գրվածքը վերաբերում է դիմահարդարանքին, և նշված...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն