Ավանդական բժշկություն Սպանդ սովորական - Могильник обыкновенный - Peganum harmala L.
Սպանդ սովորական - Могильник обыкновенный - Peganum harmala L.
Հայկական տարանունները - խուճիկ, հարմալ, յուղերլիկ, շամփին, սանամ, վայրի փեգենա
Դեղաբույսի նկարագրությունը: Զուգատերևազգիների ընտանիքին պատկանող, 30-70 սմ բարձրության, հիմքից ճյուղավորված, լերկ ցողուններով բազմամյա խոտաբույս է: Տերևները նշտարաձև են, ծաղիկները` 1-3-ական, բազմաթիվ` ճյուղերի ծայրերին: Պսակը սպիտակ է կամ բաց դեղնավուն, պտուղը գնդաձև, եռափեղկ տուփիկ է, սև-դարչնագույն կամ գորշ մոխրավուն: Արմատն ունի մուգ դարչնագույն կեղև, փայտացող է և թափանցում է հողի մեջ մինչև 3-5 մ: Ամբողջ բույսն ունի սուր, տհաճ հոտ և դառը համ: Ծաղկում է մայիս-օգոստոս, իսկ սերմերը հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին:
Մեր հանրապետությունում աճում է միայն մեկ տեսակ, որի պաշարները չափազանց մեծ են: Սպանդը քսերոֆիլ մոլախոտ է, աճում է արոտավայրերում, լեռնալանջերին, ավազային, կավային և մանր խճային հողերում, հաճախ տալով ընդարձակ բուսուտներ: Մեծ պաշարներով հանդիպում է Արարատյան դաշտավայրերում, Լենինականի, Կիրովականի, Իջևանի, Աբովյանի, Ազիզբեկովի և հանրապետության այլ շրջաններում: Բույսը լավ է տանում երաշտը և ցուրտը, պտղակալում է կանոնավոր, բազմանում սերմերով:
Քիմիական բաղադրությունը: Ամբողջ բույսը` հատկապես սերմերը, պարունակում են կարբոլինային և խինազոլինային խմբի ալկալոիդներ: Գերակշռող մասը կազմում են գարմալին, գարմին և պեգանին ալկալոիդները: Բույսի մեջ հայտնաբերված է նաև կարոտին, տոկոֆերոլ, իսկ սերմերում` նաև ներկանյութ և 14-16% ճարպայուղ:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի պտուղները և նրա վերգետնյա մասն ամբողջովին: Մթերում են ապրիլ ամսին` կոկոնակալման ընթացքում, չորացնում ստվերում, քամահարվող տեղում, իսկ սերմերը հավաքում են լրիվ հասունանալուց հետո: Սպանդը բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն: Հնդկաստանում շատ հնուց հայտնի են եղել դեղաբույսի ճիճվամուղ և միջատասպան հատկությունները: Այն կիրառվել է միաժամանակ որպես օրգանիզմի ուժերը խթանող և վիժում առաջ բերող միջոց: Պարսկական բժշկության մեջ դեղաբույսը համարվել է որպես միզամուղ, քրտնամուղ և ճիճվամուղ միջոց: Աֆղանստանում բույսի ծխով ծխահարում են անդամալույծներին, իսկ տերևներից ուռուցքների վրա դնում են ջերմախյուս: Սերմերի եփուկով բուժում են ասթման, ըմպում որպես միզամուղ և քրտնամուղ: Ավիցեննան այլ դեղաբույսերի հետ խառնված պատրաստել է քսուք և օգտագործել գլխացավերի ժամանակ: Դիմաներվի պարեզի դեպքում ախտահարված հատվածը գոլորշահարել է սերմերի եփուկով, քացախի հետ խառնած դրել է ցավող ատամի վրա, իսկ ամբողջ բույսից պատրաստված խյուսը օգտագործել է լնդերի բորբոքման, եփուկը` ողողման ձևով, անգինայի ժամանակ:
Մ. Հերացին դեղաբույսի սերմերն օգտագործել է ջերմերի ժամանակ, իսկ Ամիրդովլաթը դեղաբույսի («հարմալ» անվան տակ) սերմերը` գինու հետ խառնած, օգտագործել է ընկնավորության և ռադիկուլիտի ժամանակ: Նա նշում է, որ բույսը հարբեցնող է, մեղրով շաղախված` արտաքին կիրառման ձևով ուժեղացնում է տեսողությունը, իսկ ներքին ընդունման ձևով` միզամուղ է և փքահան, օգտակար` հազին, կոկորդի հիվանդություններին և «վախին»: Դեղաբույսը բժշկապետը համարում է հակաբեղմնավորիչ, դաշտանամուղ և վիժեցնող: Այն ընդունակ է բացելու օրգանների խցանումը, չորացնում և լավացնում է խոցը, «զորություն տալիս ուղեղին, կաշի բուսցնում», իսկ օծելուց` օգնում է ոսկրացավին, քոսին և թարախաբշտիկներին:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ նշվում է սերմերի օգտակարության մասին` թթվահամ բղկոցների դեպքում: Գինու և այլ դեղաբույսերի հետ խառնված` սերմերն օգտագործում են սրտային անախորժ զգացողությունների ժամանակ:
Ա. Ալտիմիշևի մեջբերումներով, սպանդը Միջին Ասիայում լայն կիրառում ունի: Դեղաբույսի ջրաթուրմը ճանաչված է որպես հանգստացնող, ցավազրկող, հակաբորբոքիչ, ախտահանիչ, քրտնամուղ և միզամուղ միջոց: Հեղինակը գտնում է, որ դեղաբույսի հիմնական ներգործող տարրը գարմին ալկալոիդն է, որը դրդելով կենտրոնական նյարդային համակարգը, հատկապես կեղևի շարժիչ կենտրոնները, լավացնում է շնչառությունը, ծայրամասային արյան շրջանառությունը, իջեցնում արյան ճնշումը, թուլացնում ներքին օրգանների մկանային լարվածությունը: Դեղաբույսի թուրմն ու եփուկը լայն ճանաչում ունեն ցրտառական հիվանդությունների, մալարիայի, նևրասթենիայի, նյարդային և էպիլեպտիկ բնույթի նոպաների բուժման ընթացքում: Եփուկը` ողողման ձևով, օգտագործում են բերանի խոռոչի բորբոքումների, իսկ լոգանքի ձևով` ռևմատիզմի և մաշկային մի շարք հիվանդությունների ժամանակ: Այլ ժողովուրդների մոտ դեղաբույսն օգտագործում են տարբեր ծագման ջերմերի, սիֆիլիսի, քոսի, կատարակտի սկսվող ձևերի ժամանակ և այլն: Սերմերից ստացվող որոշ ալկալոիդներ (գարմինը և պեգանինը) օֆիցինալ են մեզ մոտ: Պեգանինը` ամպուլներով և հաբերի ձևով, որպես հակախոլինեսթերազային միջոց, կիրառվում է միոպաթիայի, միասթենիայի, փորկապության և տարբեր ծագման աղիքային ատոնիաների ժամանակ: Գարմինը, դարձյալ ամպուլաների և հաբերի ձևով, օգտագործվում է լեթարգիկ էնցեֆալիտի մնացորդային երևույթները (դողակաթվածը և պարկինսոնյան հիվանդությունը) բուժելու նպատակով:
Այն փաստը, որ սերմերը հայկական ժողովրդական բժշկության մեջ կիրառվում են թթվահամ բղկոցների դեպքում, մեր կողմից ենթարկվել է վերանայման: Այսպես, գերթթու և գերսեկրետոր քրոնիկական գաստրիտով հիվանդներին մենք տվել ենք սերմերի եփուկը` 3 շաբաթ տևողությամբ: Պարզվել է, որ դեղաբույսի սերմերն օժտված են ստամոքսի սեկրետոր, թթվագոյացման և պեպսինազատման ֆունկցիաները որոշակի արգելակող հատկությամբ, մի հանգամանք, որը դրական է անդրադարձել հիվանդության բուժման ընթացքի վրա, առաջին իսկ պահից մեղմացնելով կամ լրիվ վերացնելով թթվահամ բղկոցները:
Հիմնավորված է, որ դեղաբույսը նախակենդանիների վրա ունի կործանարար ազդեցություն. այսպես, պտուղների թուրմից նրանք ոչնչանում են 15, իսկ տերևների թուրմից` 8 րոպեի ընթացքում: Անասնաբուժության մեջ դեղաբույսի պատրաստուկներն օգտագործվում են քոսի տիզի դեմ:
Կիրառման եղանակները: Բույսի վերգետնյա մասից թուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Սերմերից թուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ աղացած հումքը 1 ժամ թրմում են 300 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Բույսի վերգետնյա մասից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում եփում են 5 րոպե, հովացնում, քամում և ըմպում վերոհիշյալ ձևով: Սերմերից եփուկ պատրաստելու համար 1 թեյի գդալ աղացած հումքը 20 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, թրմում 2 ժամ և ըմպում վերոհիշյալ եղանակով:
Այլ օգտակար հատկանիշները: Դեղաբույսը թունավոր է, այնպես որ կիրառման դեպքում անհրաժեշտ է զգույշ լինել: Անասունները, բացի ուղտից, այն չեն ուտում: Աղացած սեմերը` փոքր դոզաներով, որոշ տեղերում օգտագործում են որպես համեմունք: Սերմերից ստացվող ներկը բրդե, մետաքսե և բամբակե գործվացքները ներկում է դարչնագույն, դեղին կամ կարմիր: Սերմերից ստացվող ճարպայուղն օգտագործվում է օճառի և լաքերի արտադրության մեջ: Որպես հզոր միջատասպան միջոց, սպանդը օգտագործվում է գյուղատնտեսության մեջ վնասատուների դեմ պայքարելու համար:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն