Երեխա Էպիդեմիկ պարոտիտ (մանկական տարիքի)
(ԽՈԶՈՒԿ)
Սուր վիրուսային տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է մեկ կամ մի քանի թքագեղձերի բորբոքումով, որոշ դեպքերում նաև այլ օրգանների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով։
Էպիդեմիոլոգիան։ Հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է, որը վարակիչ է համարվում հիվանդության թաքնված շրջանի վերջին օրերից և կլինիկական երևույթների զարգացման առաջին 5-6 օրերին։ Վարակը տարածվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով, սակայն չի բացառվում նաև միջնորդավորված վարակումը։ Ընկալությունը բարձր է, հիմնականում հիվանդանում են երեխաները՝ մասնավորապես մարտ-ապրիլ ամիսներին։
Էթիոլոգիան։ Հարուցիչը պատկանում է պարամիքսովիրուսների շարքին և օժտված է արյունափաթիլավորող և արյունալուծիչ հատկություններով։ Արտաքին միջավայրում անկայուն է։
Պաթոգենեզը։ Վիրուսն օդակաթիլային ճանապարհով ներթափանցելով վերին շնչուղիների և նշիկների լորձաթաղանթները, հետագայում արյան ճանապարհով տարածվում է օրգանիզմում և հիմնականում տեղակայվում գեղձային օրգաններում (թքագեղձեր, ամորձիներ, ձվարաններ, ենթաստամոքսային գեղձ և այլն) ու նյարդային համակարգում։ Հիվանդության ընթացքում գոյանում են ախտահատուկ հակամարմիններ, որոնք արյան մեջ մնում են ցմահ։ Չնայած այդ առումով իմունիտետը հիմնականում լինում է կայուն և տևական, սակայն եզակի դեպքերում կարող են հանդիպել կրկնահիվանդացման դեպքեր։
Կլինիկան։ Թաքնված շրջանը 11-23 օր է (միջինը 15-19 օր), երբեմն կարող է երկարել մինչև 26 օր։ Հիվանդությունը հիմնականում սկսվում է սուր, որոշ դեպքերում 1-2-օրյա նախանշանային շրջանով՝ ջերմության բարձրացում, թքագեղձերի շրջանի արտահայտվածություն, ծամելու ժամանակ ցավոտության, բերանի չորություն։ Գեղձային ախտահարումները սովորաբար սկզբում լինում են միակողմանի, որը 1-2 օրից հետո կարող է անցնել հաջորդ գեղձին։ Զարգացող այտուցը ընդգրկում է հետծնոտային փոսը, որը ծանր դեպքերում կարող է տարածվել նաև պտկաձև ելունի վրա, պարանոցի շրջանը, անգամ կրծքավանդակի վերին հատվածները։ Այտուցի հետևանքով ականջի բլթակը հրվում է դեպի վեր։ Բացի հարականջային գեղձերից պրոցեսի մեջ կարող են ընդգրկվել նաև ստործնոտային և ենթալեզվային թքագեղձերը։ Գեղձային այտուցները սովորաբար վերանում են 6-9 օրվա ընթացքում։ Այտուցված գեղձերը անշարժ են, շոշափման ժամանակ` ցավոտ։ Բերանի խոռոչի զննման ժամանակ թքածորանների բացվածքի շրջանում նկատվում է թեթևակի այտուց՝ գերարյունության օղակով (Մուրսոնի ախտանիշ)։
Էպիդեմիկ պարոտիտի կլինիկական ձևերի դասակարգումը (ըստ Ն.Ի. Նիսևիչի)
Տիպիկ ձևեր |
Ծանրության աստիճանը |
|
Թեթև, միջին ծանրության և ծանր Ծանրության ցուցանիշեր
|
Պարոտիտային օրխիտ։ Սովորաբար զարգանում է թքագեղձերի ախտահարման ֆոնի վրա, սակայն կարող է լինել նաև մեկուսացված ձևով։ Հիմնականում հանդիպում է դեռահասների և երիտասարդների մոտ։ Ամորձին հաճախ միակողմանի լինում է այտուցված, ցավոտ՝ հատկապես քայլելու ժամանակ, մաշկի շրջանը` գերարյուն։ Հայտնվում է ջերմություն, երբեմն` փսխում։ Ամորձու փոփոխությունները վերականգնելի են և վերանում են 1-2 շաբաթվա ընթացքում։ Ամորձիներում պրոցեսը երբեմն կարող էլ լինել երկկողմանի։ Հազվադեպ կարող է հանդիպել նաև ձվարանների, կաթնագեղձերի և բարթոլինյան գեղձերի պարոտիտային բնույթի ախտահարումներ։
Պարոտիտային պանկրեատիտ։ Կարող է առաջանալ ինչպես ինքնուրույն, այնպես էլ գեղձային մյուս պրոցեսների հետ համակցված։ Հիվանդները գանգատվում են գոտևորող բնույթի ցավերից, սրտխառնոցի (նողկանքի) և սննդի նկատմամբ զզվանքի զգացումից, փսխումներից, գլխացավերից, բարձր ջերմությունից, լեզվի փառակալումից։ Համակցված դեպքերում ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում, սակայն մեկուսացված պանկրեատիտի դեպքում ախտորոշումը բավականին դժվարանում է։ Վերջինիս դեպքում կարևոր տեղ է տրվում դիաստազայի և արյան մեջ ամիլազայի ակտիվության որոշմանը։ Ելքը բարենպաստ է։ Բուժման ժամանակակից միջոցների ֆոնի վրա պրոցեսը վերանում է 10-15 օրից։
Պարոտիտային շճային մենինգիտ։ Հաճախ է հանդիպում և հիմնականում զարգանում է որպես համակցված պրոցես (պարոտիտ-մենինգիտ, սուբմաքսիլիտ-մենինգիտ և այլն)։ Հիվանդի մոտ լինում են արտահայտված մենինգեալ ախտանիշներ, որոնք բուժման ֆոնի վրա 3-8 օրվա ընթացքում աստիճանաբար վերանում են։ Ախտորոշման համար կարևոր նշանակություն է ստանում ողնուղեղային հեղուկի հետազոտությունը։ Ողնուղեղային հեղուկը հոսում է մեծ ճնշման տակ, թափանցիկ է, բջջակազմը՝ 300-700, լիմֆոցիտային բնույթի, շաքարի քանակը նորմայի սահմաններում կամ բարձր (որով և տարբերվում է տուբերկուլոզային մենինգիտից)։ Սպիտակուցի քանակը լինում է 0,3-0,9 գ/լ: Ելքը բարենպաստ է, երբեմն կարող է զարգանալ տևական ասթենիզացիա, հազվադեպ՝ լսողական նյարդի ախտահարում։
Պարոտիտային էնցեֆալիտ։ Հանդիպում է հազվադեպ։ Նկատվում են արտահայտված օջախային ախտահարման երևույթներ, կլոնիկ-տոնիկ բնույթի ցնցումներ, անզուսպ փսխումներ (կապ չունի սննդի ընդունման հետ), գիտակցության խանգարումներ։ Բուժման ֆոնի վրա ելքը բարենպաստ է և առանց մնացորդային երևույթների։ Հաճախ հանդիպում է մենինգոէնցեֆալիտի պատկեր։ Կլինիկական ընթացքում կարող են լինել ջնջված, թեթև, միջին ծանրության և ծանր ձևեր։ Ծանր ձևերը, որպես կանոն, ընթանում են արտահայտված թունավորումով։
Ախտորոշումը։ Տիպիկ ընթացքի պարոտիտների ախտորոշման հարցը, հաշվի առնելով բնորոշ ախտանիշների առկայությունն ու էպիդեմիոլոգիական անամնեզը, դժվարություններ չի ներկայացնում։
Դժվարություն է առաջացնում առաջնային մենինգիտներից, պանկրեատիտից, օրխիտից և այլ հիվանդություններից նրա տարբերակիչ ախտորոշումը։ Նման դեպքերում կարևոր են վիրուսաբանական, շճաբանական (կոմպլեմենտի կապման, հեմագլյուտինացիայի ռեակցիաները) հետազոտությունների տվյալները և մանրակրկիտ էպիդեմիոլոգիական անամնեզը։ Պարոտիտային վարակի կլինիկական ելքը ընդհանրապես բարենպաստ է, սակայն որոշ դեպքերում, մասնավորապես ամորձիների և ձվարանների երկկողմանի ախտահարման ժամանակ, կարող է զարգանալ ամլություն։ Ծանր մենինգոէնցեֆալիտներից հետո կարող է ծագել լսողական և հավասարակշռության օրգանների ախտահարում։
Բուժումը։ Ախտահատուկ բուժում չկա։ Բուժումը կրում է ախտանշային բնույթ։ Առաջին հերթին պետք է մեկուսացնել հիվանդին, իսկ թեթև դեպքերում կարելի է պահել տնային պայմաններում։ Հիվանդը պետք է ստանա լիարժեք հեղուկ դիետա։ Բորբոքված թքագեղձերի վրա դրվում են չոր, տաք միջոցներ։ Նշանակում են սալիցիլատներ։ Սովորաբար հիվանդագին երևույթները վերանում են 3-4 օրվա ընթացքում։ Ծանր դեպքերում պարտադիր է հիվանդի հոսպիտալացումը։ Ամորձիների բորբոքման դեպքում՝ պարտադիր անկողնային ռեժիմ և ամորձիների կախակալ կապան, հակաբորբոքային պատրաստուկների կիրառում, գլյուկոկորտիկոստերոիդներ։
Պանկրեատիտների ժամանակ անպայման պետք է նշանակել ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների ակտիվությունն ընկճող պատրաստուկներ: Կատարվում են հոգնաներ։ Արտահայտված թունավորումների դեպքում դեզինտոքսիկացնող միջոցառումներ, վիտամիններ։
Մենինգիտների և մենինգոէնցեֆալիտների դեպքում բուժական և ախտորոշիչ նպատակով պարտադիր է ողնուղեղային պունկցիայի կատարումը։ Կազմակերպվում են դեհիդրատացիոն և ռեհիդրատացիոն թերապիա, նշանակվում են հակաբիոտիկներ՝ ընդունված չափավոր դեղաչափերով, հորմոնաթերապիա։
Կանխարգելումը։ Հիվանդների վաղաժամ մեկուսացում՝ սկսած հիվանդության սկզբից 9 օր։ Մինչև 10 տարեկան չհիվանդացած երեխաների նկատմամբ պետք է սահմանել 21-օրյա կարանտին՝ հաշված կոնտակտի վերջին օրվանից։ Որոշ հեղինակներ խորհուրդ են տալիս կոնտակտավորներին ներարկել պլացենտային գամագլոբուլին՝ 1,5-3մլ։ Պարոտիտի օջախում վերջնական վարակազերծում չի կատարվում։
Սպեցիֆիկ պրոֆիլակտիկայի նպատակով 15-18 ամսական երեխաներին ներարկվում է հակապարոտիտային թուլացրած կենդանի պատվաստանյութ՝ 0,1 մլ ներմշակային կամ 1:5 նոսրացումով 0,5 մլ, ենթամաշկային։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն