Ավանդական բժշկություն Տերեփուկ կապույտ - Василек синий - Centaurea cyanus L.
Տերեփուկ կապույտ - Василек синий - Centaurea cyanus L.
Հայկական տարանունները – ապուրի ծաղիկ, բոխոլոճ, բոցտան ծաղիկ, թերեփուկ, ժենկեռի ծծուկ, ծծմոր, կոճակ ծաղիկ, մարգրտի մեր, մաքու թշեկ, ոչխարի աչք, չերքեզ-գլոխ, պսակ ծաղիկ, սմնակ, օղ ծաղիկ
Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 60 սմ բարձրության, ուղիղ, ճյուղավոր, թավոտ ցողունով միամյա խատաբույս է: Միջին տերևները նշտարաձև են, իսկ ծայրերին` գծային կամ նեղ գծային, թույլ քավոտ: Եզրային ծաղիկները կապույտ են, իսկ խողովակային ծաղիկները` կարմրամանուշակագույն: Սերմիկները գորշ կամ գորշադեղնավուն են` փուփուլակիր: Բույսը բազմանում է սերմերով, որոնց կենսունակությունը պահպանվում է մինչև 10 տարի: Ծաղկում է հունիս-հուլիսին, կանոնավոր պտղակալում` օգոստոսին: Տիպիկ դաշտային մոլախոտ է, առատորեն աղբոտում է հացաբույսերի ցանքերը: Հանդիպում է նաև անմշակ հողերում, խոզաններում, խոտաբույսերի մեջ, թփուտներում և այլուր: Գերադասում է ավազանային և ավազակավային հողերը: Մեր հանրապետությունում տարածված խոտաբույս է: Ցեղի «Ցենտաուրեա» անվանումը հուներեն «կենտաուռեիոս» բառից է, որը տվել է Արիստոտելը: Ըստ Պլինիոսի, այդ անունը ծագել է «կենտավր» բառից. Ըստ հին հունական դիցաբանության, կենտավր (ձիaմարդ) Խիրոնը թունավոր նետով վիրավոր Հերկուլեսին իբր թե բուժել է տերեփուկով: Ի պատիվ կենտավր Խիրոնի, ծագել է բույսի անունը, իսկ «ցիանուս» հուներեն նշանակում է կապույտ:
Քիմիական բաղադրությունը: Բույսի եզրային ծաղիկները պարունակում են ֆլավոնոիդ պլեարգոնին քլորիդ, անտոցիաններ, ցիանիդիններ, չուսումնասիրված գլիկոզիդներ (ցինարին, ցենտաուրին), պոլիացետիլենային միացություններ (պոլիիններ և պոլիեններ), իսկ պտուղները` դառը ալկալոիդներ, լորձ, մոմ, կարոտին, C վիտամին:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են միայն եզրային, ձագարաձև, կապույտ ծաղիկները, որոնք հավաքում են ձեռքով` լրիվ բացվելուց հետո, այսինքն` հունիս-հուլիս ամիսներին: Հավաքված հումքը չորացնում են անմիջապես, ստվերում` լավ քամահարող տեղերում: Ճիշտ մշակման դեպքում հումքը պետք է պահպանի բնական գույնը` կազմի իր նախնականի 22-23%-ը: Տերեփուկը ժողովրդական բժշկության հանրահայտ դեղաբույսերից մեկն է: XII դարի բժշկական ձեռագրում նշված է, որ դեղաբույսի տրորված սերմերը բուժում են գորտնուկը, իսկ ծաղակաթերթիկների եփուկն օգտակար է սրտխփոցների, դեղնուկի և լյարդի հիվանդությունների ժամանակ:
Ամիրդովլաթը («ղանտարիոն» կամ «ղանտուրիոն» անվանումների տակ) դեղաբույսը խառնելով կաղնու պտուղների և այլ միջոցների հետ, նշանակել է միզակապության ժամանակ: Վերոհիշյալ եփուկին ավելացնելով նաև սպանդ, Ֆոլոսն այն նշանակել է ակամա միզարձակության դեպքում: Տերեփուկի եփուկը Ամիրդովլաթը նշանակել է նաև դաշտանի բացակայության ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի ծաղիկներն օգտագործել են աչքի հիվանդությունների դեպքերում: Բույսի ծաղիկները Հնդկաստանում օգտագործում են որպես ցավազրկող միջոց` կոնյունկտիվիտների ժամանակ, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր ուժերի թուլացման դեպքում: Չեխական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են դեղնեւկի և աչքի հիվանդությունների ժամանակ: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկների թուրմն օգտագործում են որպես ստամոքսը տոնուսավորող և ախորժակը գրգռող միջոց: Ըստ Մ.Ա. Նոսալի, տերեփուկի ծաղիկները` խառնված այլ միջոցների հետ, օգտակար են կրկնվող Ֆուրունկուլյոզի դեպքում (ստորև տես` հեղինակի դեղատոմսը):
Ա.Պ. Պոպովը նշում է դեղաբույսի միզամուղ, լեղանուղ և քրտնամուղ հատկությունների մասին, որի շնորհիվ, ինչպես նշում է հեղինակը, այն լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ` ջրգողության, դեղնուկի, նեֆրիտների, ցիստիտների և ցրտառական մի շարք հիվանդությունների ժամանակ: Ծաղիկների եփուկից աչքերի վրա դրվող թրջոցն ունի հակաբորբոքիչ, խարող և ախտահանիչ ազդեցություն: Եփուկը` ներքին և արտաքին կիրառաման ձևով, տարածված է հավկուրությունը բուժելու պրակտիկայում: Աչքի լորձաթաղանթի բորբոքման և արցունքահոսության ժամանակ ծաղիկներից պատրաստված ջրաթուրմը` թրջոցների ձևով, լավ արդյունք է տալիս: Կան տվյալներ, որ դեղաբույսը դրականորեն է անրադառնում պարոքսիզմալ տախիկարդիայի նոպաների, ցրտառական և միզամուղների մի շարք հիվանդությունների վրա: Ա.Ֆ. Բաշմարինի կլինիկական հետազոտությունները պարզեցին, որ տերեփուկի պատրաստուկները բարձրացնում են դիուրեզը, ուժեղացնում լեղարտադրությունը, միաժամանակ ունեն հակամիկրոբային ակտիվություն: Ծաղիկների ջրաթուրմը կամ եփուկն օգտագործում են նեֆրիտների, նեֆրոզանեֆրիտների, ցիստիտների, ուրեթրիտների և լեղուղիների մի շարք հիվանդությունների ժամանակ:
Ծաղիկների եփուկը մենք օգտագործել ենք տարբեր բնույթի միզաքարային դիաթեզների ժամանակ: Պարզվել է, որ դեղաբույսն ունի միզամուղ, հակաբորբոքիչ և որոշակի աղալույծ հատկություններ, որոնք հիմնավորվել են մեզի լաբորատոր քննություններով: Բուժման շնորհիվ մեզի մեջ զգալի չափով պակասել կամ վերացել են բորբոքական տարրերը` հատկապես աղային նստվածքները: Մեր կարծիքով, վերջինս պայմանավորված է եղել մեզի թթվահիմնային փոխհարաբերության տեղաշարժերով, որոնք հիմնականում նորմալացել են:
Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար 10 գ հումքը 10 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1/4 բաժակ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ: Կամ` 1 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ըմպում 1/3-1/2 բաժակ, օրական 2-3 անգամ` միզուղիների բորբոքումների և սպաստիկ երևույթների ժամանակ: Եփուկը պատրաստելու համար1 թեյի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե, հովացնում, քամում, ապա ըմպում 1/4 բաժակ` օրական 3 անգամ: Այս եփուկը կարելի է կիրառել նաև արտաքին` թրջոցների ձևով: Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը 1/10 հարաբերությամբ խառնում են 40° սպիրտի հետ, թրմում 1 շաբաթ, ապա քամում ու ընդունում 20-ական կաթիլ` օրական 3 անգամ, ուտելուց առաջ: Մ.Ա. Նոսալը կրկնվող ֆուրունկուլյոզի դեպքում վերցնում է15-ական գրամ տերեփուկի ծաղիկ և կատվալեզու, 10-ական գրամ եղինջ, վաղենակ, ընկույզի տերև, ձիաձետ և բերենիկե, 20 գ եռագույն մանուշակ: Այս խառնուրդից 4 ճաշի գդալ ավելացնում են 1 լ ջրին, թողնում թրմելու ամբողջ գիշեր, առավոտյան եփում 5-7 րոպե, ապա տալիս հիվանդներին` ըմպելու 1 օրում, 5 անգամ: Բուժման կուրսը տևում է 6 շաբաթ:
Որպես հակառևմատիկ միջոց, վերցնում են 5-ական գրամ տերեփուկի, վաղենակի և քաջվարդի ծաղիկներ, գիհու պտուղներ, դառնանուշ մոմի ընձյուղներ, բեկտենու կեղև, 10- ական գրամ թանթրվենու ծաղիկ, եղինջ և 20-ական գրամ ուռենու կեղև, ձիաձետ և կեչու տերևներ: Այս խառնուրդից 3 ճաշի գդալ ավելացնում են 1/2 լ եռման ջրին, 10 րոպեից հետո եռացնում ու քամում: Ստացված թուրմը ըմպում են օրվա մեջ 5-6 բաժակ:
Միզամուղ № 1 թեյի մեջ մտնում են 10–ական գրամ տերեֆուկի ծաղիկներ և մատուտակի արմատ, 30գ արջի խաղող: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե, հովացնում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ, ուտելուց առաջ: Միզամուղ № 4 թեյի մեջ մտնում են 3-ական մաս տերեփուկի ծաղիկներ և հրեշտակախոտի արմատ, 4 մաս գիհու պտուղներ: Այս Խառնուրդից 1 ճաշի գդալ 15 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: №5 նույնատիպ թեյի մեջ, որը պատրաստվում և ընդունվում է վերոհիշյալ եղանակով, մտնում են 1-ական մաս տերեփուկի ծաղիկներ, մաղադանոսի սերմ, կեչու բողբոջներ և Հեղինեի կղմուխի արմատ, 2 մաս արջի խաղող և 4 մաս ջրառվույտ:
Այլ օգտակար հատկանիշները: Տերեփուկը տալիս է առատ նեկտար և ծաղկափոշի: Ստացվող մեղրը դեղնականաչավուն է, նշաբույր, յուրահատուկ, քիչ դառնավուն համով: Բույսից ստացվում է վառ երկնագույն ներկ, որն օգտագործվում է պարֆյումերիայում և սննդի արդյունաբերության մեջ: Նրանով ներկում են նաև բրդեղենը: Անասուններն այն չեն ուտում, արածելիս երբեմն լինում են թունավորման դեպքեր:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն