Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ

Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ

–  Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա:

 

–  Առաջին հանրապետության առողջապահական համակարգի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ երբևէ չեմ ուսումնասիրել այն, իսկ ինչ վերաբերում է խորհրդային տարիների առողջապահական համակարգին, ապա կարող եմ նշել, որ ԽՍՀՄ-ի ժամանակ հասարակության սոցիալական ապահովվածությունը և մասնավորապես առողջության առաջնային պահպանումն ու բժշկական ծառայությունները եղել են բավական բարձր դիրքերում: Իզուր չէ, որ առողջապահական միջազգային կառույցների և կազմակերպությունների կողմից այն համարվել է աշխարհում լավագույններից մեկը, հատկապես առողջության պահպանման առաջնային օղակը: 

 

Անկախություն ձեռք բերելուց հետո, հատկապես սկզբնական շրջանում, այսպես կոչված` անցումային տարիներին, ցավոք, մենք շատ բան կորցրեցինք: Կորցրեցինք ամբուլատոր օղակի լիարժեք աշխատանքը, դիսպանսեր հսկողության մի շարք ծառայություններ, ակնհայտորեն նվազեց լայն հասարակության համար մի շարք բժշկական ծառայությունների, մասնավորապես դժվարամատչելի հետազոտությունների և միջամտությունների հասանելիությունը, ինչի արդյունքում էլ ակնհայտորեն նվազեց հասարակության դիմելիությունը, որն էլ պատճառ դարձավ հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերելիության նվազման` նկատվեց մահացության աճ և որոշ հիվանդությունների երիտասարդացում:

 

Տասնամյակների հեռվից, սակայն, շատ հեշտ է նման վերլուծություններ անելը, և եթե խորաթափանց ու ազնիվ լինենք, նկատի ունենանք տնտեսական և քաղաքական ֆորմատների արագ փոփոխման արդյունքում ինչպես հասարակության, այնպես էլ շատ քաղաքական գործիչների, մեղմ ասած, անպատրաստ լինելը, պատերազմական վիճակը, աղետի գոտու հիմնախնդիրների առկայությունը, կաթվածահար եղած տնտեսությունը, ֆինանսների ակնհայտ սղությունը, իսկ շատ ծառայությունների համար` նույնիսկ իսպառ բացակայությունը, դա թերևս ընկալելի էր, որովհետև ժամանակներն էին այդպիսին: Հասկանալի և ընկալելի է, որ պետք է ունենայինք կորուստներ, ամեն ինչ կյանքում հավասարակշռության մեջ է, անկախության և այլ ձեռքբերումների ու հաղթանակների համար անհրաժեշտ էր վճարել: Մութ և ցուրտ տարիները, կաթվածահար եղած տնտեսությունը երևի թե այն նվազագույն գինն էին, որը պետք էր վճարել այդ ամենի համար: Սակայն մտահոգող է և մտորումների ու վերլուծությունների տեղիք է տալիս այն, որ ռեֆորմները, վերակառուցումները և մասնավորապես առողջապահական համակարգի վերափոխումները շատ-շատ երկար տևեցին ու հիմնականում անարդյունավետ եղան: Մենք պիտի շատ վաղուց արդեն ունենայինք առողջապահության ՙառողջ համակարգ՚: Երկար տարիներ համակարգն անտեսված է եղել, արհեստավարժորեն և սրտացավորեն չի ղեկավարվել, ինչն էլ ծնել է այն բոլոր հիմնախնդիրները և անառողջ երևույթները, որոնք այսօր տիրում են համակարգում:

 

–  Առողջապահական համակարգում ի՞նչ հաջողություններ են ձեռք բերվել անկախությունից հետո և ի՞նչ խնդիրներ կան:

 

–  Ի ուրախություն մեզ կարող եմ փաստել, որ երկար տարիներ կուտակված և նույնիսկ անհիմն կերպով անտեսված մի շարք հիմնախնդիրներ աստիճանաբար իրենց լուծումներն են ստանում: Այժմ առողջապահական համակարգը բարելավման լուրջ միտումներ ունի: Կարևոր ձեռքբերումներից է այն, որ վերջին տարիներին առաջնային օղակը դարձավ անվճար, որով մեծացավ և' հիվանդների դիմելիությունը, և' հիվանդությունների վաղ հայտնաբերման հնարավորությունը: Շատ կարևոր երկու քայլ արվեց բոլորովին վերջերս, առաջինը վերաբերում է ծննդօգնության պետական հոգածության հարցին. ակնհայտ է, որ այդ համակարգը, եթե ոչ ամբողջությամբ, ապա հնարավորինս բարելավվեց ու կոռումպազերծվեց և այժմ լավագույն աշխատող ծրագրերից է: Երկրորդը` մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժծառայության սերտիֆիկատային համակարգի ներդրումն է: Այսինքն` եթե շարունակենք այսպիսի տեմպերով և քայլերով առաջ ընթանալ, ապա մոտ ապագայում մեր առողջապահական համակարգը տարածաշրջանում կարող է լավագույններից մեկը լինել: 

 

Կարևոր եմ համարում այն գիտակցումը, որ համակարգային փոփոխություններ իրականացնողը մենք` բոլոր բուժաշխատողներս պետք է լինենք, ինքներս մեզանից նաև պիտի պահանջենք: Չպետք է ձեռքերը ծալել և սպասել, թե մի գեղեցիկ օր, գրչի մի հարվածով, ինչ-որ մեկի բարի կամքով, ցանկությամբ կամ որոշմամբ առողջապահական համակարգը կվերափոխվի և կզարգանա, առավել ևս նման բան ակնկալելը միամտություն կլինի: Բոլորս էլ պետք է ջանանք, աշխատենք, մեզ վերափոխենք, կաղապարներից ու ստրկամտությունից ձերբազատվենք` մեր գործունեությամբ գոնե մեկ վառ կետ ավելացնենք:

 

Այսօր առողջապահության համակարգում ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող բազմաթիվ ծառայություններ: Բայց մենք կարևոր խնդիր ունենք` կապված բժշկական ծառայությունների հասանելիության հետ: Ցավոք սրտի, թանկարժեք հետազոտությունները կամ միջամտությունները դեռևս հասարակության համար լիովին հասանելի չեն: Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից է նաև առողջապահությանը հատկացվող գումարների և անվճար բուժօգնության հայտարարվող ծավալների անհամապատասխանությունը, որի հետևանքով էլ համակարգում ձևավորվել են ստվերային շուկայական հարաբերություններ: Համակարգի ոչ համարժեք ֆինանսավորման և գնագոյացման մեխանիզմների անկատարության պայմաններում բուժհիմնարկների ղեկավարներն իրենց հերթին պարտադրված են բուժման ծախսերի պակասը լրացնել այլ աղբյուրների հաշվին` նպաստելով ոլորտում առկա ստվերի խորացմանը: Ըստ իս, դրա լուծման ուղիներից մեկն առողջության պարտադիր ապահովագրական համակարգի ներդրման մեջ է, ուստի անհրաժեշտ եմ համարում շուտափույթ ձեռնարկել համապատասխան քայլեր այդ համակարգի զարգացման ուղղությամբ: Պետությունը պետք է սոցիալապես անապահով խավերի համար բուժօգնության դիմաց սահմանի հստակ իրատեսական գներ` հիմնված ռեալ գնագոյացման հաշվարկների վրա, իսկ վճարունակ բնակչությունը ինքը պիտի վճարի իր առողջության պահպանման և մատուցվող բժշկական ծառայությունների համար: Ակնհայտ է, որ պետական բյուջեն չի կարող ամբողջությամբ իր վրա վերցնել այդ հոգսը: Անվճար բժշկական ծառայություն մատուցելու համար պետությունը պետք է ինքը ապահովագրի անապահով խավերին, իսկ վճարունակ բնակչությունը, իմ խորին համոզմամբ, նույնիսկ անհետաձգելի պարագաներում ինքը վճարի, կամ լինի ապահովագրված: Այդ դեպքում միայն հնարավոր կլինի չփոշիացնել և հնարավորինս արդյունավետորեն օգտագործել պետական սուղ միջոցները և խուսափել պետական պատվերի շրջանակներում նախատեսված ծավալների և ֆինանսական հնարավորությունների միջև եղած անհամապատասխանության հետևանքներից: 

 

–  Որպես սրտաբան` կցանկանայի նշեք, թե ի՞նչ է փոխվել անկախության տարիներին սրտաբանության ոլորտում և ի՞նչ խնդիրներ կան, որոնք շտապ լուծման կարիք ունեն: 

 

–  Կարող ենք փաստել, որ սրտաբանությունն այսօր Հայաստանում համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հայաստանի սրտաբանները լիիրավ ինտեգրված են միջազգային մասնագիտական կառույցներին, ակտիվորեն մասնակցում են հեղինակավոր գիտաժողովներին, համատեղ իրականացվում են բազմաթիվ գիտական ծրագրեր: Հայաստանում ստեղծված են միջազգային չափանիշներին ոչնչով չզիջող սրտաբանական ծառայություններ և կենտրոններ: Այլ հարց է, թե որքանով է այն ողջ ծավալով հասանելի հասարակության լայն և մասնավորապես սոցիալապես անապահով խավերին: Անչափ կարևոր եմ համարում նաև կանխարգելիչ սրտաբանության ներդրումը Հայաստանում, քանզի մեզ մոտ, ինչպես ամբողջ աշխարհում, ընդհանուր մահացության ավելի քան 50 տոկոսի պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են, այսինքն, մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպքի պատճառը սիրտ-անոթային բարդություններն են: Ակնհայտ է, որ երկրի անվտանգության նկատառումներից ելնելով, որի կարևորագույն բաղկացուցիչն, ի դեպ, բնակչության առողջությունն է, անհրաժեշտ է ունենալ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման պետական ծրագիր: 

 

Հայկական բժշկական ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացված «Զարկերակային գերճնշման և նրա ռիսկի գործոնների տարածվածությունը Երևան քաղաքի բնակչության շրջանում» լայնածավալ հետազոտությունը ցույց տվեց, որ սիրտ-անոթային համակարգի ռիսկի ամենալուրջ գործոնի` զարկերակային գերճնշման տարածվածությունը կազմում է մոտավորապես 30 տոկոս: Այսինքն` միայն Երևանում գրեթե 200 հազար չափահաս բնակիչ տառապում է զարկերակային գերճնշմամբ: Եվ եթե դա այսօր մենք չկանխարգելենք, ապա վաղը կունենանք խնդիրներ` սիրտ-անոթային բարդությունների տեսքով, որոնք պետության համար ոչ միայն լրացուցիչ ծախսեր են, այլև խեղված ճակատագրեր, հոգեբանական մեծ բեռ և° հիվանդի, և° նրա հարազատների համար: Բացի այդ, սիրտ-անոթային բարդությունների հետևանքով առաջանում է հասարակության հաշմանդամացում, որը նույնպես սոցիալական մեծ ծանրաբեռնվածություն է պետության համար:

 

Ստեղծված իրավիճակում հիվանդանոցային մահճակալին են հայտնվում այնպիսի բարդացած դեպքեր, որոնք կարող էին կանխարգելվել և հիվանդին բուժել բուժօգնության առաջնային օղակում: Առողջապահության հիմնական գումարները դեռևս ուղղվում են ստացիոնար համակարգում նշված բարդությունների վերացմանը, մինչդեռ դրա պատճառների վերացմանը շատ չնչին գումարներ են հատկացվում: Արդյունքում ցածր արդյունավետությամբ պայքար է տարվում միայն հետևանքների վերացման ուղղությամբ: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների համալիր կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների ներդրման միջոցով նվազեցնել հիվանդացությունը, հաշմանդամությունն ու մահացությունը: Եվ եթե մենք կանխարգելիչ սրտաբանությունը առաջնահերթ չհամարենք և չընդունենք պետական ծրագիր, ապա շատ լուրջ վտանգի տակ կդնենք հասարակության առողջությունը: Մենք պարտավոր ենք և պետք է ունենանք առողջ հասարակություն, որովհետև դրանից թանկ ոչինչ չկա: 

 

–  Անկախությունը շատ բան տվեց, բայց ինչ-որ բաներ նաև խլեց, կցանկանայի այդ ճանապարհին մեր գտածի և կորցրածի մասին խոսեիք:

 

–  Այո, մենք ձեռք բերեցինք շատ բաներ, և, ամենակարևորը` անկախության գիտակցումը, բայց, ցավոք, շատ բաներ նաև կորցրեցինք անկախության ձեռքբերման և կայացման ճանապարհին` մարդկային շատ կյանքեր կորցրեցինք, ապրեցինք խորը հիասթափություններ, ունեցանք բազմաթիվ խեղված ճակատագրեր, բարոյական արժեհամակարգի «արագընթաց» և, ըստ իս, հիմնականում արդարացում և հիմնավորում չունեցող փոփոխություններ: Այդ տարիներին հատուկ երախտիքի են արժանի հատկապես բուժաշխատողները, որոնք պատվով և անձնվիրաբար իրենց ուսերին կրեցին նաև երկրաշարժյան արհավիրքի, պատերազմական և ճգնաժամային իրավիճակների ծանր բեռը: Բժիշկը բոլոր ժամանակներում և ամենուր հասարակության ամենապատվելի կերպարն է եղել, հասարակության էլիտան, բայց այսօր, ցավոք, նկատվում են նաև որոշակի բացթողումներ և շեղումներ… Այսօր բժիշկը հանդիսանում է հասարակության ամենաանպաշտպան խավերից մեկը: Առողջապահական համակարգի ոչ կատարյալ կառավարման գործում առկա բազմաթիվ այլ հիմնախնդիրների պատճառով նա իր առաքելությունները կյանքի կոչելու ճանապարհին հաղթահարում է տարատեսակ խոչընդոտներ, ստիպված է լինում լուծել խնդիրներ, որոնք ոչ միայն կապ չունեն իր մասնագիտական գործունեության հետ, այլև շատ հաճախ հարիր չեն իր կոչմանը և չեն մտնում աշխատանքային պարտականությունների մեջ: Մինչդեռ նա պետք է լինի առողջապահական համակարգի կենտրոնում որպես կարևոր օղակ և բարիք արարող հիմնական գործող անձ: Բուժհաստատություն-բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների դաշտում բժիշկը հայտնվել է խիստ խոցելի պայմաններում, ստանձնելով այդ հարաբերությունները կարգավորողի դերը` անուղղակիորեն նպաստելով համակարգի ստվերային գործունեության ծավալմանը: Նա վերածվել է երկակի թիրախի թե´ բուժհաստատությունների ղեկավարության, և թե´ հիվանդի կողմից:

 

Լուրջ անհրաժեշտություն է զգացվում մշակել և գործողության մեջ դնել բժշկական էթիկայի կանոնակարգը, կամ, այլ կերպ ասած` բժշկի էթիկայի կոդեքսը: Վերջինս կարող է դառնալ մասնագիտական գործունեության վարքի կանոնների հիմնական ուղեցույցներից մեկը: Ոլորտում դեռևս առկա է համահարթեցման սկզբունքը, որի հետևանքով բարեխիղճ և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող բժիշկները չեն ստանում համարժեք վարձատրություն և հայտնվում են ստվերային տնտեսավարման դաշտում: Մինչդեռ իր գիտելիքները մշտապես կատարելագործող և էթիկայի կանոններով առաջնորդվող բժիշկները պետք է ստանան բարձր վարձատրություն: 

 

Ցանկանում եմ, որ բժշկի սպիտակ խալաթը կրկին ձեռք բերի իր արժանի հարգանքը, որում մենք մեծ դերակատարում ունենք: Ավելին, բժիշկը նախ ինքը պիտի հարգի իր սպիտակ խալաթը: Ցանկանում եմ, որ մենք բոլորս մաքրվենք, ազնվանանք, հարգենք ինքներս մեզ… Միշտ լինենք այնպիսին, ինչպիսին էինք 1988 թ. փետրվարին…. Այն ժամանակ ազգային զարթոնքի և ինքնագիտակցման ֆոնի վրա ժողովուրդը մեկ ուժ էր դարձել և ամեն ինչ կարող էր անել: Աստիճանաբար դա մենք կորցրինք: Պետք է կարողանանք ինքնամաքրվել, բյուրեղանալ ու երբ կրկին դառնանք այնպիսին, ինչպիսին 1988թ. փետրվարին էինք, այդ դեպքում մենք սարեր շուռ կտանք, ցանկացած համակարգ կարող ենք նորովի կառուցել և ծաղկեցնել:

 

–  Որպես Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ` կուզենայի հակիրճ անդրադառնայիք կազմակերպության գործունեությանը և նպատակներին:

 

- Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) հիմնադրվել է 2002 թ.: Կառույցի հիմնական նպատակն է իր գործունեությամբ նպաստել բժշկագիտության, գործնական բժշկության և հանրային առողջության զարգացմանը և Հայաստանում արդի չափանիշներին համապատասխան առողջապահական համակարգի ձևավորմանը: Այսօր ասոցիացիային անդամակցում են 14 երկրներ նարկայացնող ավելի քան 600 բժիշկներ: 2005 թ. ՀԲԱ-ին միաձուլվեց «Հայ բժիշկների միություն» հասարակական կազմակերպությունը: Իր գործունեության 9 տարիների ընթացքում ասոցիացիան կազմակերպել և անցկացրել է մի շարք միջազգային գիտաժողովներ, որոնց թվում կարելի է առանձնացնել`«Երիտասարդ բժիշկների I-IV գիտաժողովները»,Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի հետ համատեղ իրականացված տարածաշրջանային կոնֆերանսը, քնի հետազոտության եվրոպական միության տարածաշրջանային սիմպոզիումը և այլն: Կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ` նվիրված կենսավիճակագրության և ապացուցողական բժշկության հիմունքներին, ինչպես նաև առողջապահական արդի հիմնախնդիրների մի շարք քննարկումներ: 

 

ՀԲԱ-ն հրատարակել և տպագրության է պատրաստում բժշկագիտության տարբեր կարևոր հարցերի վերաբերյալ մեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ, պարբերաբար իրականացնում է կլինիկական այցեր Հայաստանի հեռավոր բնակավայրեր, ինչպես նաև հանրային առողջությանն ուղղված միջոցառումներ, առողջ ապրելակերպի քարոզչություն, մասնավորապես իրականացնելով ծխախոտի, թմրամոլության դեմ ուղղված ծրագրեր: 

 

ՀԲԱ-ն լայնորեն համագործակցում է հայրենական և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ու կառույցների հետ: 2003 թ.-ից այն Համաշխարհային բժշկական ասոցիացիայի անդամ է և պաշտոնական միակ ներկայացուցիչը Հայաստանում: Ասոցիացիան նաև Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի անդամ է: ՀԲԱ նախագահը վերջինիս վարչության անդամ է: 2012 թ. ապրիլին նախատեսվում է Երևանում անցկացնել այս հեղինակավոր կառույցի վեհաժողովը, որին կմասնակցեն եվրոպական երկրների ազգային բժշկական ասոցիացիաների նախագահները: 

 

–  Ի՞նչ է տալիս նման մասնակցությունը և ինչպիսի ակնկալիքներ կարող է ունենալ հայկական կողմը` ակտիվորեն մասնակցելով առողջապահական միջազգային կառույցների աշխատանքներին:


–  Օրեցօր զարգացում ապրող բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում ցանկացած պետություն պետք է ձգտի առավելագույնս ինտեգրվել միջազգային գործընթացներին: Բնական է, որ ցանկացած ոլորտում մեկուսացումը ենթադրում է այդ նույն ոլորտում ճահճացման անդառնալի գործընթաց: Ցավոք, ներկայումս Հայաստանը բժշկական միջազգային անցուդարձում ավելի քան համեստ դեր է ստանձնել: Մեր տվյալներով, միայն հայ հոգեբույժներն են, որ պատշաճ կերպով ներկայացված են միջազգային մասնագիտական կառույցներում: Հենց այս լույսի ներքո պետք է դիտարկել Հայկական բժշկական ասոցիացիայի ներգրավումը այնպիսի լուրջ կառույցի աշխատանքներին, ինչպիսին է Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումը: Նման ինտեգրումը թույլ կտա Հայաստանը ներգրավել մի շարք միջազգային ծրագրերում, բացի այդ, հնարավոր կլինի սեփական տեսանկյունը ներկայացնել ոչ միայն մեր երկրի ներսում, այլև եվրոպական ամբողջ տարածաշրջանում: Բարեբախտաբար, Հայաստանը ներկայացնելու բավական նյութ ունի` թե գիտական հետազոտությունների, և թե առավել ևս գիտական մտքի ու պոտենցիալի առումով, որի պակաս մեր երկիրը հաստատ չունի: Անհրաժեշտ է նշել, որ միջազգային չափանիշներին համապատասխան կադրերի առումով Հայաստանը երբեք պակաս չի ունեցել, սակայն մշտապես առկա է եղել այդ կադրերին ու նրանց աշխատանքի արդյունքները միջազգային լուրջ կառույցներում ներկայացնելու և ներգրավելու խնդիրը: 

 

–  «Առողջապահություն» հանդեսը 55 տարեկան է: Ինչպե՞ս եք գնահատում նրա անցած ճանապարհը և ի՞նչ կցանկանայիք փոխել հանդեսում: 


–  «Առողջապահությունը» բավական երկար ճանապարհ է անցել և իր ներդրումն ունի ոչ միայն առողջապահական համակարգի աշխատողների շարունակական կրթության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման առումով, այլև հասարակությանն առողջ ապրելակերպի քարոզման հարցում: Ակնհայտ է, որ հասարակության առողջության կարևորագույն գրավականներից մեկը հիվանդությունների կանխարգելումն է, իսկ դրա մեջ շատ մեծ դեր ունեն լրատվամիջոցները, հատկապես` մասնագիտական ուղղվածություն ունեցողները, որոնք առավել արհեստավարժ տեղեկություններ կարող են տրամադրել: Այդ առումով չափազանց կարևորում եմ հանդեսի հանրամատչելի հավելվածը, որտեղ ներկայացվում են առողջ ապրելակերպի հիմունքները, կարևորում եմ, որովհետև այսօր, ցավոք, մեր զանգվածային լրատվամիջոցներով և հատկապես հեռուստատեսությամբ քարոզվում է ամեն ինչ, բացի առողջ ապրելակերպից:

 

Հանդեսը խորհրդային տարիներին ուներ տասնյակ հազարների հասնող տպաքանակ, որը վկայում է նրա բարձր հեղինակության, լայն ճանաչվածության և պահանջվածության մասին: Ի ուրախություն մեզ, վերջին տարիներին նորից նկատվում է հանդեսի տպաքանակի աճ: Ցանկանում եմ, որ հանդեսի տպաքանակը տարեցտարի ավելի աճի, դառնա ավելի պահանջված և պիտանի, սպասելի ինչպես բուժաշխատողների, այնպես էլ հասարակության լայն խավերի համար: 

 

Կցանկանայի իմ անկեղծ և ջերմագին շնորհավորանքները հղել «Առողջապահություն» հանդեսի բոլոր աշխատողներին և շնորհակալություն հայտնել իրենց արհեստավարժության, պատրաստակամության և անմնացորդ նվիրվածության համար: Կարծում եմ, որ հանդեսն ունի շատ մեծ պոտենցիալ և շատ արագ կարող է վերադարձնել նախկինում ունեցած բարձր հեղինակությունը:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ