Հրատապ թեմա Հայաստանում
Հոգեկան առողջությունը` երկրի անվտանգության հիմնական գրավական: Հարցազրույց Երևանի Մ. Հերացու անվ. ՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր Խաչատուր Գասպարյանի հետ

– Պարոն Գասպարյան, շատ տպավորիչ է հնչում` 20-ից ավելի մասնագիտական ձեռնարկների, 70-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ, էլ չեմ խոսում Ձեր պատվավոր տիտղոսի մասին: Որտե՞ղ է այդ ամենի ակունքները: Ինչպե՞ս հայտնվեցիք Օքսֆորդում:
– Ավարտել եմ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, նույն համալսարանում 2005 թ.-ին պաշտպանել եմ թեկնածուական թեզը, մինչ այդ` 1995 թ.-ին, Օքսֆորդում ուսանելու համար կրթաթոշակ շահեցի, մասնագիտացա փախստականների և բռնի տեղահանված մարդկանց հոգեկան տրավմաների հետազոտման ուղղությամբ:
– Մոսկվայում ևս այդ ուղղությամբ եք մասնագիտացել, որը զարմանալի է, քանի որ խորհրդային ժամանակաշրջանում փախստականների մասին խոսելն անգամ արգելված էր:
– Ոչ, իհարկե, որոշել էի ուսումնասիրել արվեստի հոգեբանությունը, սակայն երկրաշարժից հետո սկսեցի զբաղվել հոգեկան տրավմաներով: Ես ծագումով վանաձորցի եմ, ու երկրաշարժի ժամանակ թեպետ ուսանող էի, Խորհրդային Հայաստանում հոգեբանական առաջին կենտրոնի, թող անհամեստ չհնչի, հիմնադիրներից մեկը եղա: Այդ մանկական կենտրոնը հիմնադրվել էր շվեյցարական բարեգործական կազմակերպության ջանքերով, կոչվում էր ՙԱրալեզ՚, գտնվում էր Վանաձորում: Օտարաբնակ մեր հայրենակիցներից շատերը, որ հայտնի հոգեբաններ են, այդ տարիներին մեծ ներդրում ունեցան Հայաստանում հոգեբանական ծառայությունների ստեղծման գործում` Հակոբ Աքիսկալն ԱՄՆ-ից, Լուիս Նազարյանը, որը մի ամբողջ տարի աշխատեց Գյումրիում և Վանաձորում, կանադահայ Ռիտա Կույումջյանը: Ի դեպ, այժմ նա զբաղվում է Կոմիտասի հոգեվիճակի և նրա հիվանդության պատմության վերլուծությամբ:
– Այդ մասնագետների հետ շփումը հիմնականում ի՞նչ տվեց Ձեզ:
– Նախ, մեզ համար նոր հորիզոններ բացվեցին, նոր պատկերացումներ` մարդու հոգեբանության վերաբերյալ, որովհետև, ասենք, խորհրդային գաղափարախոսության համար մեզ համար անընդունելի էր, որ կոմունիզմ կառուցողի երեխան կարող է դեպրեսիա ունենալ: Բացի այդ, որն ամենակարևորն է, նրանք փոխանցեցին իրենց փորձը, թե ինչպես տեսական գիտելիքները կիրառել գործնական աշխատանքում:
– «Արալեզից» հետո վերադարձաք Մոսկվա՞:
- Մեկնեցի Ղարաբաղ: Սկսվեց պատերազմը և, իմ պատկերացմամբ, յուրաքանչյուրս պետք է մեր պարտքը կատարեինք: Ի դեպ ասեմ, որ միակ զինվորականը, ով լավ էր պատկերացնում հոգեբանական օգնության անհրաժեշտությունը, Մոնթեն էր: Նրա կնոջ` Սեդայի հետ միասին հոգեբանական օգնություն էինք ցուցաբերում ոչ միայն զինվորներին, այլև ընտանիքներին, երեխաներին: Այդ տարիներին ՙԲժիշկներ` առանց սահմանների՚ կազմակերպության ջանքերով հիմնադրեցինք առաջին հոգեբանական ծառայությունը Ղարաբաղում:
– Դեռ գործու՞մ է:
– Այո, և բավական լավ պայմաններում, մանկական հիվանդանոցի տարածքում:
– Ինքներդ սթրեսի չե՞ք ենթարկվել այդ ծայրահեղ հոգեբանական լարվածություն պահանջող գործունեության ընթացքում:
– Այո, զգացի, որ ինքս էլ եմ հոգեբանական օգնության կարիք զգում` պատերազմի, երկրաշարժի հետ կապված: Երբ շահելով Օքսֆորդում ուսանելու կրթաթոշակը, մեկնեցի Անգլիա, գիտականորեն ձևակերպեցի այն բոլոր տրավմաները, որոնց ինքս էի ենթարկվել այդ տարիներին: Օքսֆորդ մեկնելիս ինձ մի տեսակ մեղավոր էի զգում, հատկապես Մարտունաշենի և Ոսկեպարի դեպքերից հետո, ուստի և դասընթացն ավարտելուց հետո անմիջապես վերադարձա հայրենիք: Այդ ժամանակ արդեն դասավանդում էի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Մի կիսամյակ դասավանդում էի, մյուսն անցկացնում Ղարաբաղում` մեր կենտրոնում:
– Հոգեբանական ծառայության դիմելը մեզ մոտ մի տեսակ ընդունված չէ...
– Նոր սերնդի համար կարծես թե փոխվել է վերաբերմունքը: Ինձ շատ են դիմում, ավելի շատ, քան կարողանում եմ ընդունել: Դարն է փոխվում, ժամանակը, մենք չենք կարող անմասն մնալ մեր շուրջը տեղի ունեցող փոփոխություններից: Ընթացքում, իհարկե, կարող ենք նաև կորցնել այն, ինչը դժվար կլինի վերականգնել:
– Մեր ժողովրդի պահվածքն ավելի ագրեսիվ է դարձել, ավելի անկանխագուշակելի, քան, ասենք, քսան տարի առաջ էր: Արդյո՞ք դա հոգեբանական խնդիրների մասին չի վկայում, նույնիսկ` հոգեբուժական:
– Ամբողջ աշխարհում բնակչության 5-7%-ը հոգեկան լուրջ խնդիրներ ունի, մեզ մոտ այն կազմում է 1,5%, սակայն դա ամենևին էլ չի խոսում այն մասին, թե հիվանդները քիչ են, պարզապես շատ հիվանդներ չեն դիմում հոգեբանի: Այդ հարցի լուծման ուղղությամբ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:
– Ո՞րն է հոգեբանության և հոգեբուժության սահմանը:
– Հոգեբանները նրա համար են թերևս, որ հոգեբույժներին դիմելը կանխեն:
– Մեզանում ընդունված է ընտանեկան բռնությունը, թեև ընդունված չէ բարձրացնել այդ խնդիրը, որն, ըստ իս, ևս հոգեբանական է:
– Բռնությունն ընդհանրապես իր բոլոր դրսևորումներով չարիք է հասարակության համար: Բռնություն ցուցաբերողը, իբրև կանոն, երբեմն ինքն է ենթարկվել բռնության: Բայց հայ ընտանիքը շատ բարդ համակարգ է, յուրաքանչյուրն ունի իր գաղտնիքը: Երբեմն մարդկանց թյուրիմացաբար թվում է, որ եթե չբարձրաձայնեն իրենց խնդիրները, ապա դրանք ինքնըստինքյան կվերանան: Սովորաբար բռնությունն ուղղված է լինում դեպի թույլ օղակը: Չեմ կարող ասել, թե ագրեսիվ ազգ ենք, բայց նոր սերնդի մեջ, ցավոք, ագրեսիվ պահերն ավելի հաճախ են դրսևորվում: Արժեքային համակարգն է փոխվել: Որքան ուզում եք հոգևոր բարձր արժեքներ քարոզեք, եթե կյանքում պատանին ուրիշ արժեքներ է տեսնում, դժվար թե նրա ագրեսիան պակասի:
– Որքան հասկացա, դասավանդելուց զատ, զբաղվում եք գործնական աշխատանքով:
– Այո, աշխատում եմ որպես գլխավոր հոգեբան նորաստեղծ ՙԻնթրա՚ հոգեբանական կենտրոնում: Այն ավելի շատ հոգեկան առողջության կենտրոն է: Այսօրվա գիտությունն ուղղված է ոչ թե հիվանդությունը բուժելուն, այլ կանխարգելիչ միջոցներին: Կենտրոնի կարևորությունը հոգեկան առողջության պահպանման գործում շատ մեծ է, չէ± որ հոգեկան առողջությունը մեր երկրի անվտանգության գլխավոր պայմաններից է:
– Անկախության կայացմանն անմիջական մասնակցություն եք ունեցել: Երբ հետադարձ հայացք եք նետում, ինչի՞ մասին եք խորհում:
– Անկախությունը հարսանիքից հետո մեղրամիսի պես մի բան է, հատկապես սփյուռքահայության համար: Մենք դեռ այդ մեղրամիսն ըմբոշխողներն ենք, բայց ընտանիքի առաջին հիասթափություններն այդ շրջանից հետո են սկսվում: Պատմության տեսադաշտից մենք դեռևս մանկական շրջանում ենք գտնվում: Իրականություն դարձած անկախությունն իր հետ խնդիրներ է բերում, այդ թվում` սոցիալական, բարոյական, մշակութային: Չհիասթափվենք. անկախությունը սկիզբն է, շարունակության կերտողները` մենք, եթե մեր ստեղծածն այն չլինի, հաղթանակած թշվառների կնմանվենք: Առողջությունը չի լինում առանց հոգեկան առողջության: Առողջ մարմինը կարող է ունենալ հիվանդ հոգի, բայց հակառակը չի լինում: Մենք պետք է մաքրենք մեր էգոն, ազատագրենք այն տրավմատիկ հիշողություններից և տեղափոխվենք անցյալից դեպի ապագա:
– «Առողջապահություն» հանդեսին ի՞նչ կցանկանայիք հոբելյանի առթիվ:
– Դեռ մանկուց միշտ տեսել եմ այն մեր տանը և ընկալել գրեթե աստվածաշնչյան ճշմարտությանը համարժեք: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում «Առողջապահությունը» ավելի պահանջված է դառնալու, քանի որ նրա այսօրվա դեմքը, այսօրվա որակը շատ համակրելի է, իսկ ինքը` հանդեսը, ընթերցողի կողմից սպասված: Մաղթում եմ, որ հանդեսը ընթերցողի կողմից միշտ սպասված լինի:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն