Բժշկի ընդունարանում
Մի՛ հապաղեք, դիմեք բժշկի. երիկամներն այնքան էլ «անմեղ» չեն. ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի երիկամային, զարկերակային հիպերտենզիայի և թոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
– Տիկի՛ն Մաթևոսյան, ո՞ր հիվանդությունների դեպքում են դիմում երիկամային և թոքային բաժանմունք:
– Այս բաժանմունքում հետազոտվում են ինչպես երիկամային և թոքային, այնպես էլ սիմպտոմատիկ հիպերտենզիայով տառապող հիվանդները: Հոսպիտալացվում են հիմնականում երիկամային (սուր և քրոնիկական գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, երիկամների ամիլոիդոզ), ինչպես նաև թոքային ախտահարումներով հիվանդները:
Այսօր բաժանմունքում աշխատում են երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներ, որոնցից մի քանիսը վերապատրաստվել են արտերկրի առաջատար կլինիկաներում: Բաժանմունքի բազայի հիման վրա գործում են Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների թիվ 2 և թիվ 4 ամբիոնները:
Մեզ մոտ ստացիոնար բուժվում են ինչպես պետպատվերի շրջանակում, այնպես էլ ապահովագրված ու վճարովի հիմունքներով դիմող պացիենտները: Բաժանմունքում մեկ տարվա ընթացքում բուժվում է 1200-ից ավելի հիվանդ: Ցավոք, երիկամային հիվանդություններ ունեցող հիվանդների ընդամենը 20%-ն է հիվանդության վաղ շրջանում դիմում բժշկի, քանի որ այս դեպքում գրեթե բացակայում են արտահայտված ախտանիշները, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել հիվանդության զարգացման և երիկամային անբավարարության:
– Ինչի՞ հետևանքով են ախտահարվում երիկամները:
– Բացի առաջնային ախտահարումներից՝ երիկամներն ախտահարվում են նաև մի շարք հիվանդությունների՝ համակարգային վասկուլիտների, արյան համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի, հոդատապի (պոդագրա), ուռուցքային ախտահարումների, ինչպես նաև` առաջին հայացքից անվտանգ թվացող, հաճախակի օգտագործվող անալգետիկ դեղերի օգտագործման հետևանքով:
– Արյան բարձր ճնշում ունեցողներին հաճախ խորհուրդ է տրվում ստուգել երիկամները: Ի՞նչ կապ կա գերճնշման և երիկամային ախտահարման միջև:
– Հայտնի է, որ ճնշման բարձրացումը կարող է հանգեցնել գլխուղեղի կաթվածի (ինսուլտ) և սրտի կաթվածի (ինֆարկտ), սակայն քչերը գիտեն, որ գերճնշումը նաև կարող է պայմանավորված լինել երիկամների հիվանդություններով, ինչպես օրինակ՝ գլոմերուլոնեֆրիտը, պիելոնեֆրիտը, երիկամային անոթների նեղացումը և այլն: Նման դեպքերում հիվանդները` առանց ախտորոշման, երկարատև և անարդյունավետ օգտագործում են ճնշման կարգավորմանն ուղղված դեղեր: Գերճնշման դեպքում անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտել նաև երիկամները, քանի որ դրանք արտադրում են հորմոն, որը մասնակցում է ճնշման կարգավորմանը:
Պատահական չէ երիկամների ախտահարման և զարկերակային հիպերտենզիայի միավորումը մեկ բաժնում: Հնարավոր է, որ ախտահարվեն երկարատև զարկերակային հիպերտենզիայով տառապող որոշ հիվանդների երիկամները, ինչը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության: Երբեմն դժվար է որոշել, թե երիկամների ախտահարումը առաջնայի՞ն բնույթի է, թե՞ զարկերակային ճնշման հետևանք է: Միայն փորձառու համապատասխան մասնագետը կարող է պատասխանել այդ հարցին և նշանակել անհրաժեշտ բուժում:
– Ճնշման ինչպիսի՞ տատանումների դեպքում հիվանդը պետք է դիմի բժշկի:
– Երբ ճնշումը բարձրանում է մինչև 140-90 (սա կոչվում է սահմանային հիպերտենզիա), պետք է անպայման բժշկի դիմել: Դա հիպերտենզիայի առաջին շրջանն է, և այդ փուլում հետազոտություններից հետո հնարավոր է առանց դեղորայքի կարգավորել ճնշումը: Սակայն, նախ պետք է պարզել ճնշման բարձրացման պատճառը: Եթե հիվանդը երիտասարդ է, ապա առաջին հերթին պետք է հետազոտել նրա երիկամները, մակերիկամները, հիպոֆիզը, հիպոթալամուսը: Եթե այդ օրգաններում հիվանդություններ կան, ապա դրանք բուժելուց հետո ճնշումն ինքնաբերաբար կկարգավորվի: Եթե երիկամային ախտահարում չկա, այլ կան ճնշման տատանումներ (հատկապես այն դեպքում, երբ մարդն ամբողջ օրն անցկացնում է համակարգչի առջև, չարաշահում է աղը, սպորտով չի զբաղվում), ապա սահմանային հիպերտենզիան հնարավոր է կանխել սննդակարգով և ֆիզիկական համապատասխան ծանրաբեռնվածությամբ: Այդպես հնարավոր է լիարժեք ապաքինման հասնել, եթե, իհարկե, հիվանդն առողջական այլ լուրջ խնդիրներ չունի: Եթե ճնշման բարձրացումը երիկամային հիվանդությունների հետևանք է (սուր կամ քրոնիկական նեֆրիտ), ապա կատարվում է դեղորայքային բուժում:
Ճնշման բարձրացում կարող է առաջանալ նաև նյարդային համակարգի գերլարվածության պատճառով: Այս դեպքում արձանագրվում է ճնշման հանկարծակի բարձրացում և նույնքան հանկարծակի իջեցում:
– Շաքարային դիաբետը կարո՞ղ է երիկամների հիվանդության պատճառ դառնալ:
– Շաքարային դիաբետն աշխարհում ամենատարածված հիվանդություններից է: Այդ հիվանդությունն ունեցող մարդկանց 50 տոկոսի շրջանում զարգանում է երիկամների ախտահարում, որը զգալի բարդացնում է հիվանդության ընթացքը, իսկ 60 տոկոսի դեպքում դառնում է մահվան պատճառ: Դիաբետիկ նեֆրոպատիան արտահայտվում է սպիտամիզությամբ, զարկերակային ճնշման բարձրացումով, այտուցներով, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել երիկամային անբավարարության:
Շաքարային դիաբետով հիվանդների շրջանում երեքից հինգ տարի անց նկատվում է անոթների ախտահարում, իսկ երիկամն անոթների կծիկ է: Հիվանդության առաջին շրջանում հիվանդը որևէ գանգատ չի ունենում: Սակայն հաճախ հիվանդի ճնշումը բարձրանում է: Այս դեպքում պետք է մանրակրկիտ հետազոտել երիկամները: Խոսքն արյան ընդհանուր հետազոտության մասին չէ, որը ցանկացած պոլիկլինիկայում իրականացնում են, այլ միկրոալբումինուրիայի որոշման հատուկ հետազոտություն, որը ցույց կտա մեզում կատարված ամենաչնչին փոփոխությունն անգամ: Հատուկ դեղերի շնորհիվ հնարավոր է պայքարել հիվանդության դեմ, որպեսզի այն չզարգանա ու չհանգեցնի երիկամային անբավարարության: Հետևաբար, եթե մարդը հիվանդացել է շաքարային դիաբետով, երեք տարի անց նա պետք է անցնի այդ հետազոտությունը, անկախ նրանից՝ ախտանիշներ կան, թե` ոչ: Իսկ սկզբնական շրջանում, որպես կանոն, ախտանիշներ չեն լինում:
– Պարբերական հիվանդությունը կարո՞ղ է հանգեցնել երիկամների ախտահարման:
– Ցավոք՝ հաճախ: Պարբերական հիվանդության ժամանակ հիվանդների 30 տոկոսի շրջանում ախտահարվում են երիկամները, ինչը խիստ վատացնում է հիվանդության ելքը, և արագ զարգանում է քրոնիկական երիկամային անբավարարություն: Երբեմն այս հիվանդությունն ունեցող մարդկանց ճիշտ չեն ախտորոշում և այլ հիվանդությունների՝ ռևմատիզմի, գաստրիտի, հոդաբորբի, նեֆրիտի դեմ ուղղված բուժում են նշանակում:
Նրանք ժամանակին չեն ստանում համապատասխան բուժում, որը կկանխի երիկամների ծանր ախտահարումը: Պետք է հիշել, որ միայն ժամանակին կատարված ճիշտ ախտորոշումը և բուժումը կարող են կանխել հիվանդության արագ զարգացումը: Նշենք, որ մեր երկարամյա հետազոտությունների արդյունքում մեզ հաջողվել է մշակել բուժման այնպիսի համակարգ, որը նպաստում է արդեն զարգացած երիկամային ամիլոիդոզի հետաճին (ռեգրեսիա):
- Այս բաժանմունքում բուժվում են նաև թոքային տարբեր հիվանդություններ ունեցող հիվանդներ: Հատկապես ո՞ր նշանների առկայության դեպքում մարդը պետք է անհանգստանա և դիմի թոքաբանի:
- Եթե հիվանդը 3-5 օրից ավելի ունենում է ջերմություն, որին ավելանում են սկզբում չոր, ապա խորխարտադրությամբ ուղեկցվող հազը, թուլությունը, քրտնարտադրությունը, կրծքավանդակի ցավերը, ապա պետք է ենթադրել, որ գործ ունենք բրոնխաթոքային համակարգի ախտահարման հետ: Հիվանդը պետք է դիմի բժշկի և ռենտգեն հետազոտություն անցնի:
Չբուժված թոքաբորբը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների. պլևրիտ՝ թոքի թաղանթի բորբոքում, էպիմեա՝ թոքի թաղանթի թարախակույտ, սեպսիս, ինչպես նաև արտաթոքային բորբոքումներ՝ սրտի ախտահարում, անգամ` մենինգիտ, որն անցնում է արյան միջոցով:
Եթե մարդը երկար տարիներ ծխում է և խորխարտադրություն ունի, ապա չբուժվելու դեպքում ձեռք է բերում քրոնիկական բրոնխիտ, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է շնչառական անբավարարության: Բուժման արդյունքում բրոնխները մաքրվում են, սակայն, եթե հիվանդը նորից սկսում է ծխել, նույն երևույթները կրկնվում են: Դրան նպաստում են նաև մրսածությունը, իմունիտետի անկումը, տարիքը և այլն:
Թոքային հիվանդություններն ակտիվանում են հատկապես ձմռանը, երբ շրջապատում սուր շնչառական հիվանդությունների բռնկում կա:
– Որոշ դեղեր բացասական հետևանքներ են թողնում երիկամների վրա: Ի՞նչ պետք է անել դրանից խուսափելու համար:
– Հատկապես ցավազրկող և ոչ սպեցիֆիկ հակաբորբոքային (դիկլոֆենակ, վուրդոն, անալգին, վոլտարեն, ադվիլ, նեմիսիլ և այլն) դեղերի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների ախտահարման: Դա արտահայտվում է հաճախամիզությամբ, մեզի քանակի նվազմամբ, գիշերամիզությամբ, սպիտամիզությամբ, արյան ճնշման բարձրացմամբ և այլն: Այս հիվանդներին հորդորում ենք չչարաշահել վերոնշյալ դեղերը: Խոսքը մեկ-երկու հաբի մասին չէ: Եթե հիվանդին դրանք անհրաժեշտ են, ապա բժիշկն այն պետք է նշանակի կարճ տևողությամբ և անպայման երիկամների վիճակը ստուգելուց հետո: Իսկ եթե այդ դեղերն օգտագործելուց հետո նկատվի արյունամիզություն կամ մեզի քանակի պակաս, ապա դրանց օգտագործումն անմիջապես պետք է դադարեցնել և դիմել երիկամաբանի:
– Ի՞նչ դիրքորոշում ունեք դեղերի գովազդի հարցում:
– Իմ կարծիքով, չի կարելի գովազդել այնպիսի դեղեր, ինչպիսիք են հորմոնները, հակաբիոտիկները, հիպոտենզիվ դեղերը և այլն: Խնդիրն այն է, որ մարդիկ, ենթարկվելով գովազդի ազդեցությանը, հաճախ որոշում են առանց բժշկի նշանակման օգտագործել դրանք, ինչն անթույլատրելի է, քանի որ նույն դեղը տարբեր հիվանդների վրա տարբեր կերպ է ազդում, հիվանդության տարբեր փուլերում տարբեր ազդեցություն է ունենում: Ի վերջո, սա մաթեմատիկա չէ, բժշկություն է: Այստեղ երկու անգամ երկուսը կարող է հավասար լինել յոթի, որովհետև մենք գործ ունենք օրգանիզմների հետ, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի: Բացի այդ, դեղերի մեծ մասը հակացուցումներ ունի, որոնք կարող են վնասել հիվանդին:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն