Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Նիկոլայ Վասիլիի Սկլիֆոսովսկի (1836-1904). ռուս վիրաբույժ, վաստակավոր պրոֆեսոր. Սալուտեմ ամսագիր

Նիկոլայ Վասիլիի Սկլիֆոսովսկի (1836-1904). ռուս վիրաբույժ, վաստակավոր պրոֆեսոր. Սալուտեմ ամսագիր

Ապրիլի 6-ին ծնվել է ռուս մեծ վիրաբույժ, մարդ-լեգենդ Նիկոլայ Սկլիֆոսովսկին վիրաբույժ-նորարար, որովայնի խոռոչի ռազմադաշտային վիրաբուժության մասին աշխատությունների հեղինակ Նիկոլայ Սկլիֆոսովսկին Ռուսաստանում խոռոչային վիրաբուժության հիմնադիրն է: Նա մշակել է վիրահատության արդյունավետ տեխնիկա, ուսումնասիրել որովայնի վնասվածքները` վիրահատական միջամտության ժամանակ, վիրաբուժական պրակտիկայի մեջ ներդրել և տարածել է բուժման հակասեպտիկ և ասեպտիկ մեթոդը, ինչի շնորհիվ հաջողվել է Ռուսաստանում նվազեցնել հետվիրահատական մահացության դեպքերի թիվը:
Նա առաջիններից էր, որ 1874 թ. իրականացրեց խպիպի հատման վիրահատություն, ինչը սկիզբը դրեց վահանաձև գեղձի վիրաբուժության զարգացմանը: Սկլիֆոսովսկին իրականացրեց նաև ստամոքսի մասնահատում` քաղցկեղի ժամանակ: Բացի դրանից, գիտնականը զբաղվում էր գինեկոլոգիական հիվանդություններով, ուսումնասիրում էր ձվարանի կիստաների կլինիկական դրսևորումները, ախտածնության մեխանիզմները և բուժման եղանակները:


Նիկոլայ Սկլիֆոսովսկին, ինչպես Նիկոլայ Պիրոգովը, եղել է չորս պատերազմի մասնակից, որի ընթացքում ձեռք է բերել անգնահատելի բժշկական փորձ ու մշակել վիրավորների բուժման ռազմավարությունը: Սկլիֆոսովսկին ռուս-թուրքական պատերազմի (1877-1878 թթ.) ժամանակ եղել է ռուսական բանակի առաջատար վիրաբույժը, ստացել է բժշկական ծառայութան  գեներալի կոչում:


Վիրաբուժության ոլորտում, շարունակելով Ն.Ի. Պիրոգովի անատոմիաֆիզիոլոգիական ուղղությունը, Սկլիֆո-սովսկին մշակել է տարբեր հիվանդությունների վիրահատական բուժման բազմաթիվ մեթոդներ: Նա առաջիններից էր, որ վիրահատական մեթոդով հեռացրեց ձվարանների կիստան` նպաստելով Ռուսաստանում որովայնի խոռոչի վիրաբուժության զարգացմանը: Սկլիֆոսովսկին առաջարկել է ուղեղային ճողվածքների, որովայնային պատի ճողվածքի, լեզվի և ծնոտների, ստամոքսի քաղցկեղի վիրահատական բուժում, միզապարկի քարերի վիրահատական հեռացում, մշակել է լեղապարկի հիվանդությունների վիրահատական բուժման մեթոդն ու ցուցումները:


Նա մշակել է խպիպի հեռացման, կոկորդի էքստիրպացիայի և նմանատիպ այլ վիրահատությունների մեթոդները, հատուկ ուշադրություն է դարձրել որովայնային վիրաբուժությանը: Մոսկվայում աշխատելու տարիներին նա առաջիններից էր, որ կիրառեց գաստրոստոմիան, իսկ Պետերբուրգում՝ «Մերֆիի կոճակը»:


Նրա մյուս կարևոր նորամուծություններից է ռուսական վիրաբուժության մեջ պղպջակավոր կարի կիրառումը:


Նիկոլայ Սկլիֆոսովսկին` Ի.Ի. Նասիլովի հետ համատեղ, կեղծ հոդերի դեպքում առաջարկել է երկար խողովակավոր ոսկրերի միացման նոր եղանակ, որը ստացել է «Սկլիֆոսովսկու կողպեք» կամ «ռուսական կողպեք» անվանումը:
Հետևելով եվրոպական գիտությանը՝ նա մշտապես գտնվում էր վերջինիս մակարդակին, կիրառում և ինքն էլ մշակում էր պլաստիկ վիրահատությունների նոր եղանակներ: Լայնորեն քարոզում էր անտիսեպտիկայի և ասեպտիկայի մեթոդները, և Ռուսաստանում առաջիններից էր, որ երկու մեթոդն էլ ներդրեց վիրաբուժական պրակտիկայում: 1885 թ., լինելով Պիրոգովյան առաջին համաժողովի պատվավոր նախագահ Սկլիֆոսովսկիn հանդես եկավ անտիսեպտիկային վերաբերող «Հականեխիչ մեթոդների շնորհիվ` վիրաբուժության հաջողությունները» զեկուցումով:


Ռուսաստանում դա հին վիրաբուժությունից նորին անցնելու պահն էր:


Պրոֆեսոր Սկլիֆոսովսկին հայտնի հասարակական գործիչ էր. ակտիվ մասնակցել է ռուս բժիշկների պիրոգով-յան համաժողովներին:


Նա Մոսկվայում (1897թ.) Բժիշկների 12-րդ միջազգային կոնգրեսի և նրա վիրաբուժական սեկցիայի կազմակերպիչն էր (կազմկոմիտեի նախագահ):


Նրան է պատկանում «Ռուս վիրաբույժների համաժողովի» իրականացման նախաձեռնությունը: 1900 թ. նա ռուս վիրաբույժների առաջին համաժողովի կազմակերպիչներից և նախագահներից էր: Այդ համաժողովում նրան մեծարեցին` գիտական և վիրաբուժական գործունեության քառասունամյակի կապակցությամբ:


Նիկոլայ Սկլիֆոսովսկին եղել է «Վիրաբուժական տարեգրություն» ամսագրի համախմբագիրը և «Ռուս վիրաբուժության տարեգրություն» ամսագրի, ապա «Ռուս վիրաբուժական արխիվի» հիմնադիրն ու համախմբագիրը: Հարկ է նշել, որ «Տարեգրությունը» վիրաբույժների առաջին օրգանն էր Մոսկվայում:  


Սկլիֆոսովսկին կրթել է աշակերտների և հետնորդների մեծաթիվ բանակ: Նրա սաներից են Տրաուբերը, Կուզմինը, Սպիժարնին, Սարիչևը, Յակովլևը, Զեմացկին, Աուեն, Յանովսկին, Չուպրովը և այլք:


Սկլիֆոսովսկու կազմակերպած դասընթացները Ելեպինյան ինստիտուտում նպաստեցին գործնական վիրաբուժության տարածմանը շրջանային, հատկապես գավառական բժիշկների շրջանում:


Նրա անվան գիտահետազոտական ինստիտուտը` հայտնի Սկլիֆը, վաղուց դարձել է բանահյուսության «հերոս»: Նրա մասին կեսկատակ-կեսլուրջ ասում էին, որ միակ ինստիտուտն է, որ կարելի է ընդունվել առանց քննության: Սկլիֆոսովսկին ինքն էլ մշակույթի մաս էր.  «Կովկասի գերուհին» ֆիլմում Յուրի Նիկուլինի մարմնավորած հերոսի` «Կարճ կապիր Սկլիֆոսովսկի» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք:


Բժշկության ոլորտում նրա վաստակը հնարավոր չէ գերագնահատել: Նա ստեղծել է Ռուս բժիշկների համայնքը, կլինիկան, պարբերաբար կազմակերպել է վիրաբույժների համաժողովներ, որտեղ բժիշկները բարձրացնում էին իրենց որակավորումը, ստեղծել է բժշկական պարբերականներ և առաջին մարդն էր, որ կանանց համար հասանելի դարձրեց վիրաբուժական պրակտիկան:


Սկլիֆոսովսկին չէր վախենում աշխատանքից: Նա ստանձնեց Մոսկվայի համալսարանի վիրաբուժական կլինիկայի ղեկավարումը, երբ այն ողբալի վիճակում էր, և դարձրեց Եվրոպայի լավագույն բուժական հաստատություններից մեկը:


Միայն Սկլիֆոսովսկու շնորհիվ հազարավոր հիվանդներ խուսափեցին հետվիրահատական վարակից և բարդություններից:
Իր ժամանակին Սկլիֆոսովսկին մեծ հարգանք էր վայելում: Դրա վկայությունն է նաև այն, որ հենց նա է կարողացել ստանալ Մոսկվայում Նիկոլայ Պիրոգովի արձանի տեղադրման թույլտվությունը: Այդ խնդրանքով Սկլիֆոսովսկին դիմել է կայսրին` վերջինս էլ չի մերժել: Այդպես Ռուսաստանում դրվեց գիտնականի առաջին արձանը:


Չնայած իր ձեռքբերումներին՝ Սկլիֆոսովսկին երբեք չի պարծեցել իր հեղինակությամբ և կտրականապես արգելել է տոնակատարություն կազմակերպել Մոսկվայի համալսարանում իր աշխատելու 25-ամյակի կապակցությամբ: Այդ օրը աշխարհի տարբեր անկյուններից նա շուրջ 400 շնորհավորական նամակ է ստացել:


Կյանքի վերջին տարիներին Նիկոլայ Սկլիֆոսովսկին հեռացավ աշխատանքից գլխուղեղի կաթվածի պատճառով: Նա տեղափոխվեց Պոլտավայից ոչ հեռու գտնվող իր կալվածքը և սկսեց զբաղվել այգեգործությամբ:


Նրա մահվանից գրեթե անմիջապես հետո ստացվեց նրա որդու՝ Նիկոլայի մահվան լուրը` ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում մարտական գործողությունների ժամանակ: Սկլիֆոսովսկու մյուս որդին՝ Ալեքսանդրը, անհայտ կորել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ:


Սկլիֆոսովսկու գեներալի կոչումը մահաբեր դարձավ նրա կնոջ և դուստրերի համար: 1919 թ., Պոլտավայի վրա Կարմիր բանակի հարձակման ժամանակ նրանք դաժանորեն սպանվեցին իրենց տանը: Պատճառը Սկլիֆոսովսկու ուսանկարն էր՝ գեներալի համազգեստով: Բոլշևիկները խոշտանգեցին վիրաբույժի անդամալույծ այրուն, աղջիկ-ներին տանջամահ արեցին:
...Իսկ 1923 թ. խորհրդային կառավարությունը Սկլիֆոսովսկու անունով կոչեց Մոսկվայի Շտապօգնության ինստիտուտը:


Պատում


«Պետք է լսեի ամուսնուս, պետք էր հեռանալ: Ամենուր ավազակներ են թափառում, փնտրում են խորհրդային կարգերի դեմ դավադիրների: Աստված իմ, ահավոր է: Իսկ եթե նրանք գա՞ն այստեղ: Չէ, պետք էր հեռանալ», – Տամարա Տերսկայան դուրս եկավ հսկայական դատարկ տան ծածկապատշգամբ:


«Ինչ եմ խոսում: Իսկ մայրի՞կը: Նա պարզապես չէր դիմանա արտերկիր տեղափոխվելուն: Նրան տեղաշարժելը սպանելուն հավասար է: Ինչ վախկոտն եմ ես: Մենք վախենալու հիմք չունենք, մենք որևէ կապ չունենք դավադրության հետ: Բացի այդ, մենք իրենց սիրելի Լենինի կողմից ստորագրված թուղթ ունենք: Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ մեր ընտանիքի վրա ռեպրեսիաները չեն տարածվում: Ոչ, տեղափոխման մասին խոսք անգամ լինել չի կարող», – սարսռաց երիտասարդ կինը:


Այգուց լսվում էին հարբածների գոչյունները և ձիերի խրխնջոցը: Բոլշևիկամետ ջոկատը՝ Բիբիկովի հրամանատարությամբ, մտավ Յակովների կալվածք:


Հրամանատարն արդեն մի քանի րոպե զննում էր փաստաթղթերը: Երկու կանայք՝ երիտասարդ և ծեր, սեղմվել էին միմյանց: Տան մեջ շրջում էին կեղտոտ, ցնցոտիավոր մարդիկ, որոնք հայհոյելով՝ պահարաններից իրերն էին շպրտում հատակին: Նրանցից մեկը մատնացույց արեց հոր դիմանկարը: Հրամանատարը հայացքն ուղղեց նկարին, որտեղից իրեն էր նայում գեներալի համազգեստով մի տղամարդ: «Ո՞վ է:» – հարցրեց Բիբիկովը:. «Հորս դիմանկարն է, նա 15 տարի առաջ է մահացել, նա….», – Տամարան չհասցրեց ավարտել խոսքը: Ինչ-որ մեկը հրացանի կոթով հարվածեց նրա դեմքին: «Գեներալի աղջի՞կ: Վերացնել», – կարճ հրամայեց Բիբիկովը:


Գիշերը գյուղացիները թաղեցին խոշտանգված կանանց մարմինները: Ինչ-որ մեկը, անցնելով հյուրասենյակով, մի պահ կանգ առավ դիմանկարի մոտ: «Ներեցեք, պարոն, չխընայեցին»,– մրմնջաց մորուքավոր տղամարդը և դուրս եկավ սենյակից: Ի դեպ, դիմանկարի տղամարդը երբեք զինվորական չէր եղել: Գեներալի կոչումը նրան շնորհվել էր որպես առաջնագծի բժիշկ: Նիկոլայ Սկլիֆոսովսկու տեսած մարտերը մեկով չէին սահմանափակվում: Եվ դրանցից յուրաքանչյուրում նա ձգտում էր հաղթել, հաղթել նույնիսկ մահին:


http://www.dubossary.ru/
https://medobr.com
https://24smi.org
http://www.hrono.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փետրվարի 7-ին ծնվել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի հիմնադիր Ալֆրեդ Ադլերը
Փետրվարի 7-ին ծնվել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի հիմնադիր Ալֆրեդ Ադլերը

Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870 թ. փետրվարի 7-ին Վիեննայում: Մանուկ հասակում նա մի քանի անգամ մահվան շեմին է եղել: Երբ Ալֆրեդը երեք տարեկան էր, նրա փոքր եղբայրն անկողնում մահացավ, որտեղ նրանք քնում էին միասին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը
Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը

Վլադիմիր Միխաիլի Բեխտերևը ծնվել է 1857 թ. փետրվարի 1-ին (հունվարի 20-ին): Նրա հայրը եղել է կրտսեր պետական ծառայող, Բեխտերևների հին տոհմի ներկայացուցիչ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1859 թ. հունվարի 9-ին ծնվել է ռուս հայտնի բժիշկ-հոգեբույժ Պյոտր Պետրովիչ Կաշենկոն
1859 թ. հունվարի 9-ին ծնվել է ռուս հայտնի բժիշկ-հոգեբույժ Պյոտր Պետրովիչ Կաշենկոն

Պյոտր Պետրովիչ Կաշենկոն ծնվել է 1859 թ. հունվարի 9-ին (1858 թ. դեկտեմբերի 28) Եյսկ քաղաքում (այժմ՝ Կրասնոդարի երկրամաս): Նրա հայրը եղել է ռազմական բժիշկ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 25 ծնվել է Ժյուլեն Օֆրե դե Լամետրին
Դեկտեմբերի 25 ծնվել է Ժյուլեն Օֆրե դե Լամետրին

Ժյուլեն Օֆրե դե Լամետրին ծնվել է 1709 թ. դեկտեմբերի 25-ին Սեն-Մալոյում: Փարիզում ուսումնասիրել է աստվածաբանություն: Շատերին թվում էր, որ ճակատագիրը Լամետրիի համար նախատեսել էր, որ նա դառնալու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս ռազմական բժիշկ, ռուսական համաճարակաբանության հիմնադիր Դանիել Սամոյլովիչը
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս ռազմական բժիշկ, ռուսական համաճարակաբանության հիմնադիր Դանիել Սամոյլովիչը

Դանիել Սամոյլովիչ ծնվել է 1744 թ. դեկտեմբերի 22-ին Յանովկա գյուղում, քահանայի ընտանիքում: Մեծ բժշկի ազգանունը ծնվելու ժամանակ եղել է Սուշկովսկի, սակայն Կիևի հոգևոր ակադեմիա ընդունվելիս ազգանունը փոխելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 15-ին ծնվել է մանկական հոգեբան, պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ավգուստ Կրոգը
Նոյեմբերի 15-ին  ծնվել է մանկական հոգեբան, պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ավգուստ Կրոգը

Ավգուստ Կրոգը ծնվել է  1874թ. նոյեմբերի 15-ին Գրենայում (Դանիա): Դեռ մանկուց նա հետաքրքություն էր ցուցաբերում գիտության նկատմամբ, շատ ժամանակ էր անց կացնում դրսում՝ հետևելով միջատներին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը
Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը

1493 թ. հոկտեմբերի 24-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմ): Գոգենհեյմերի ընտանիքը սերում էրհին ազնվական տոհմից: Բայց,ավելի ուշ,գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի 16-ին ծնվել է Ուիլիամ Մորտոն. մոռացված հերոսի ստվերը
Հոկտեմբերի 16-ին ծնվել է Ուիլիամ Մորտոն. մոռացված հերոսի ստվերը

Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին

Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը
Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը

Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենը (Գիյոտեն) ծնվել է 1738 թ. մայիսի 28-ին Սենտեում (Ֆրանսիա): Նա բժշկություն էր ուսումնասիրում Ռեյսում և Փարիզում՝ 1768 թ. ավարտելով Փարիզի համալսարանը: 1789 թ. մայիսի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 13-ին ծնվել է հնդիկ բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը
Մայիսի 13-ին ծնվել է հնդիկ բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը

Ռոնալդ Ռոսսը ծնվել է 1857թ. մայիսի 13-ին Ալմորում, բրիտանական բանակի սպայի ընտանիքում: Երբ տղան դարձավ 8 տարեկան, նրան ուղարկեցին Անգլիա՝ սովորելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 2-ին ծնվել է ամերիկացի մանկաբույժ Բենջամին Սփոքը
Մայիսի 2-ին ծնվել է ամերիկացի մանկաբույժ Բենջամին Սփոքը

Բենջամին Սպոկը ծնվել է 1903թ. մայիսի 2-ին ԱՄՆ-ի Նյու-Հեյվեն նահանգում: 1925թ. Սփոքն ավարտել է Յելի համալսարանը, որտեղ և 1929թ. ստացել է դոկտորի աստիճան: 1944-1946թթ. նա ծառայել է պահեստային զորքերում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը
Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը

Պոլ Օյգեն Բլեյլերը ծնվել է 1857 թ. ապրիլի 30-ին Ցյուրիխի (Շվեյցարիա) մերձակայքում գտնվող փոքր քաղաքում: Նա ուսումնասիրել է բժշկություն, ավելի ուշ սովորել է Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, որից հետո...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 11-ին ծնվել է Սովետական և ռուս գիտնական, ակադեմիկոս, լազերային բժշկության հիմնադիրներից Նիկոլայ Դևյատկովը
Ապրիլի 11-ին ծնվել է Սովետական և ռուս գիտնական, ակադեմիկոս, լազերային բժշկության հիմնադիրներից Նիկոլայ Դևյատկովը

Նիկոլայ Դմիտրիևիչ Դևյատկովը ծնվել է 1907 թ. ապրիլի 11-ին Վոլոգդում, վաճառական ծագման արհեստավորի ընտանիքում: Ավարտելով Վոլոգոդյան ռեալ ուսումնարանը՝ գնացել է Լենինգրադ, որտեղ սովորել և լաբորանտ է աշխատել Լենինգրադի ֆիզիկատեխնիկական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Բժշկագիտության զարգացման գործում ներդրում ունեցած 10 կանայք
ԵՊԲՀ. Բժշկագիտության զարգացման գործում ներդրում ունեցած 10 կանայք

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել հետաքրքիր դեպքեր ու փաստեր բժշկագիտության մասին: Այս անգամ ընտրել ենք աշխարհին հայտնի կանանց անունները, որոնք հետք են թողել այս կարևոր ոլորտի պատմության մեջ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ