Նոյեմբերյանում 1932 թ. ստեղծվեց առաջին բժշկական ծառայություններ մատուցող հաստատությունը, որը կոչվեց «Նոյեմբերյանի ԲՄ»: 1967թ. հիվանդանոցը տեղափոխվեց համեմատաբար նորագույն սարքվորումներով հագեցած նորակառույց տիպային շենք: 2011թ. հուլիսի 7-ին Նոյեմբերյանի բուժմիավորումը, որը սպասարկում էր Նոյեմբերյանի շրջանի 32.000 ազգաբնակչությանը, վերանվանվեց «Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ: 2009թ. սեպտեմբերից բժշկական կենտրոնի տնօրենն է Ա.Գյոզալյանը: 2009-2010թթ. Համահայկական հիմնադրամի միջոցներով, արդի պայմաններին ու պահանջներին համապատասխան, հիմնանորոգվել է ընկերության գլխավոր մասնաշենքը: Մասնաշենքը վերազինվել է նորագույն սարքավորումներով ու գույքով՝ ՀՀ առողջապահության նախարարության, գերմանահայ բարերարների, «Մաքուր ջուր» կազմակերպության, Վիվասել-ՄՏՍ-ի, UNISEF-կազմակերպության, «Հրանտ Հոլդինգ» ընկերության միջոցներով և Տավուշի մարզպետ՝ Ա.Ղուլարյանի անմիջական միջնորդությամբ ու հետևողականությամբ:
Ներկայումս բժշկական կենտրոնում գործում են թերապևտիկ-մանկական, վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, ինֆեկցիոն, հեմոդիալիզային բաժանմունքներ, շտապ օգնության, պոլիկլինիկական, լաբորատոր-գործիքային ծառայություններ, արյան փոխներարկման կաբինետ: Բաժանմունքները ապահովված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով:
|
Թերապևտիկ բաժանմունքը սպասարկում է միջին հաշվով տարեկան մոտ 320, մանկական բաժանմունքը՝ մոտ 200-220, ինֆեկցիոն բաժանմունքը՝ 62, հղիություն պաթոլոգիան՝ 70 հիվանդի, իսկ մանկաբարձական բաժանմունքում տարեկան միջին հաշվով ծնվում է 285-300 երեխա: Վիրաբուժական բաժանմունքը սպասարկում է մոտ 600 հիվանդի, որից 200-ը՝ ստացիոնար պայմաններում: Բաժանմունքում կատարվում է շուրջ 75 խոռոչային վիրահատություն, 10-15-ը՝ տրավմատիկ բնույթի: Որոշակի տոկոս են կազմում սահմանային միջադեպերի հետևանքով առաջացած վիրաբուժական միջամտությունները:
Տնօրենի անձնական նախաձեռնությամբ 2011թ-ից գործում է դիալիզի բաժանմունքը, որը սպասարկում է 12 հիվանդի՝ սկզբնական շրջանում երկու, ներկայում չորս` Bi-Braun դիալիզի և մեկ Հեռկո ջրամաքրման օսմոս սարքավորումներով: Հեմոդիալիզային ծառայության ջուրը, որպես որակյալ ջուր երեք օրը մեկ ներկրվում է 30 կմ հեռավորությամբ գտնվող Այրումի պոմպակայանից:
|
Սոնոգրաֆիկ կաբինետում կատարվում է տարեկան շուրջ 4178 սոնոգրաֆիկ հետազոտություն, ընկերությունն ունի նաև ստացիոնար սոնոգրաֆ:
Պոլիկլինիկական բաժանմունքում աշխատում են երեք ընտանեկան բժիշկ, գործում են նեղ մասնասնագետների կաբինետները: Այստեղ սպասարկվում են շուրջ 6000 բնակիչ:
Շտապ բուժօգնության ֆելդշերական բրիգադն իրականացնում է տարեկան միջին հաշվով 2800-3000 կանչ:
|