Երեխայի սնուցումը
Վաղ տարիքի երեխաների սնուցման կարգավիճակը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման շրջանում
Բանալի բառեր. վաղ տարիքի երեխաներ, սնուցում, անթրոպոմետրիա, թերսնուցում, թերաճություն, թերքաշություն, սակավարյունություն
Համըդհանուր ճանաչում գտած ճշմարտություն է այն փաստը, որ զուտ բժշկական գործոնները առողջության պահպանման գործում չեն կարող վճռորոշ լինել, հատկապես եթե հանրությունը գտնվում է անբարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններում: Նման իրավիճակներում անխուսափելիորեն ընկնում է բնակչության կենսամակարդակը, ինչն արտահայտվում է բնակչության առավել խոցելի խմբերի` երեխաների և կանաց սնուցման վիճակի վատացմամբ: Վերջինս ավելի քան ցայտուն է դրսևորվում վաղ տարիքի երեխաների առողջության ցուցանիշներում [1, 7-9]:
Ասվածի համատեքստում առավել կարևորվում են վաղ տարիքի երեխաների առողջապահական հիմնախնդիրները: Մանկան կյանքի առաջին 5 տարիները հատկապես վճռորոշ են նրա հետագա առողջության և կյանքի որակի համար և, ցավոք, այս տարիներին կորցրածը անհնար է փոխհատուցել ապագայում` անգամ լավագույն խնամքի կամ սնուցման պարագայում: Խիստ կարևոր է մանկան ռացիոնում հիմնական սննդային բաղադրամասերի` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրատների ճիշտ հարաբերակցության պահպանումը [13]: Անհնար է ապահովել մանկան օրգանիզմի ներդաշնակ զարգացումը առանց բալանսավորված և ռացիոնալ սնուցման կազմակերպման [3, 4, 6]: Եվ չնայած այս հայտնի ճշմարտությանը, ամեն տարի աշխարհում մահանում է մինչև 5 տարեկան շուրջ 11 մլն. երեխա: Այդ դեպքերի ավելի քան 60 %-ի ուղղակի կամ անուղղակի պատճառը թերսնուցումն է: Աշխարհում ավելի քան 40 մլն. նախադպրոցական հասակի երեխաներ տառապում են սուր և ավելի քան 120 մլն.` խրոնիկական թերսնուցումով: Աշխարհի բնակչության 20 %-ը ենթակա է միկրոսնուցող նյութերի, մասնավորապես` վիտամին `-ի, յոդի, երկաթի դեֆիցիտի, որի հետևանքով զարգանում են մի շարք ծանր և անդարձելի ախտաբանական վիճակներ, որոնք հաճախ ուղեկցվում են հաշմանդամությամբ, երբեմն էլ ավարտվում մահվամբ [4, 9,13]:
Հայաստանի Հանրապետությունում նկատվող սոցիալ-տնտեսական անկումը 90-ականների կեսերին բերեց սննդամթերքների բազմաթիվ տեսակների դժվարամատչելիության և սնուցման միօրինակության: Ըստ էության հիմնականում ածխաջրատներից կազմված ռացիոնը բավարարում էր օրգանիզմի էներգետիկ, բայց ոչ կառուցողական պահանջները, իսկ վերջիններս առաջնային են պտղի և մանկան ինտենսիվ աճող եւ զարգացող հյուսվածքների համար [1-3,11]: Չբալանսավորված սնուցումը և ոչ լիարժեք, անհամամասն սննդատեսակների օգտագործումը վաղ հասակի երեխաների մոտ նպաստում են սնուցման խրոնիկական խանգարումների, սակավարյունության, վիտամինային դիսբալանսի, սննդային ալերգոզների, ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների դեպքերի աճին: Գաղտնի և բացահայտ թերսնվածությունը, սակավարյունությունը ուղեկցվում է մանկան օրգանիզմի դիմադրողականության անկմամբ և ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ ընկալունակության բարձրացմամբ [2, 7,13]: Թերսնուցման դերը, որպես մանկական մահացության ռիսկի գործոն, բազմիցս ապացուցված է: Նորմալ սնված երեխաների համեմատությամբ, մահվան ռիսկը 2 անգամ ավելի բարձր է միջին թերսնվածությամբ և 5-8 անգամ ավելի բարձր` ծանր թերսնվածությամբ երեխաների մոտ [14,15]:
Վերոհիշյալի համատեքստում շատ կարևոր էր բացահայտել խնդրո առարկա հարցի շուրջ իրավիճակը Հայաստանում` երկրի սոցիալ-տնտեսական անցումային շրջանի ազդեցության գնահատման տեսանկյունից: Հարկ է նշել, որ վաղ տարիքի երեխաների սնուցման և սակավարյունությունների վերաբերյալ առկա պաշտոնական տվյալները շատ աղքատիկ են, առավելապես կենտրոնացած են 0-1տ երեխաների վրա և ոչ միշտ են արտացոլում իրավիճակի իրական պատկերը [1,4]:
Մոր և մանկան առողջապահական ցուցանիշների, մասնավորապես երեխաների սնուցման կարգավիճակի այլընտրանքային գնահատման մի քանի փորձ է կատարվել 1990-2005թթ. ժամանակահատվածում: Բոլոր այս հետազոտություններում երեխաների սնուցման գնահատման համար կիրառվել է մեկ ընդհանուր մեթոդաբանություն` անթրոպոմետրիա (քաշի և հասակի չափումներ) և/կամ հեմոգլոբինի որոշում: Հասակի և քաշի վերաբերյալ տվյալներն օգտագործվել են սնուցման կարգավիճակի երեք գումարային ցուցանիշների հաշվարկման համար` հասակն ըստ տարիքի, քաշն ըստ հասակի և քաշն ըստ տարիքի: Ընդհանուր առմամբ այս երեք ցուցանիշների հիման վրա որոշվում է երեխաների թերսնվածությունը, նրանց հակվածությունը հիվանդությունների նկատմամբ և գոյատևման հնարավորությունը:
Սնուցման գնահատումը ըստ նշված երեք ցուցանիշների վերլուծվել են ստանդարտ պոպուլյացիայի ցուցանիշների համեմատությամբ (որպես ստանդարտ վերցված է ԱՄՆ Հիվանդությունների հսկողության կենտրոնի (CDC) կողմից առաջարկվող միջազգային բազային բնակչության համար հաշվարկված միջին վիճակագրական ցուցանիշները (Z-Score), ընդունված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից): Համաձայն օգտագործված ծրագրի, նշված երեք ցուցանիշները համարվում են միջին ստանդարտից ցածր, եթե հիմնական ցուցիչը` (Z-Score) փոքր է միջինից 2 և ավելի ստանդարտ շեղումով և շատ ցածր, եթե այն փոքր է 3 և ավելի ստանդարտ շեղումով:
Հասակ-տարիքային ցածր գործակիցը (Z-Score< -2) վկայում է երեխայի աճի դանդաղման մասին, որն ինքնին հավաստում է տևական/խրոնիկական թերսնուցման և սպիտակուցի դեֆիցիտի փաստը: Ողջ պոպուլյացիայի մակարդակով այն համարվում է խնդիր, եթե այդ ցուցանիշը գերազանցում է հետազոտված երեխաների 10 %-ը:
Քաշ-հասակային ցածր գործակիցը կապված է ոչ վաղ անցյալում տարած հիվանդության հետ, իսկ զարգացող երկրներում այն կարող է վկայել սուր թերսնուցման մասին` կապված ինչպես հիվանդության, այնպես էլ սննդի անբավարարության հետ: Նշված ցուցանիշը, եթե գերազանցում է երեխաների 5%-ը, ապա դա հավաստում է տվյալ պոպուլյացիայում առողջական և սնուցման հետ կապված լուրջ վտանգը:
Քաշ-տարիքային գործակիցը կարող է ցածր լինել ախտաբանական տարբեր վիճակներով (էնդոկրին կամ ժառանգական), փոքր մարմնակազմությամբ երեխաների մոտ: Այս ցուցանիշը տալիս է գրեթե նույն սոցիալական ինֆորմացիան, ինչ որ հասակ-տարիքային գործակիցը և ավելի քիչ կիրառելի է սնուցման վիճակը նկարագրելու համար [1,3,4,7,11]:
Երևանում 1993 – 1995թթ.-ի ընթացքում ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի և ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) կողմից կատարվել են հետազոտություններ 3-ից 59 ամսական երեխաների սնուցման վիճակի պարզաբանման ուղղությամբ: Քաշի, հասակի և տարիքի վերաբերյալ տվյալները հավաքագրվել են 3 տարիների ընթացքում, տարբեր երեխաներից` վերջիններիս պոլիկլինիկա կատարած ամենօրյա այցելությունների ժամանակ:
Ըստ երեք տարիների հետազոտությունների արդյունքների, հետազոտված խմբերում քաշի անկում և ակնհայտ սուր թերսնուցման երևույթներ գործնականում չեն գրանցվել: Սակայն նկատվել է աճի տեմպերի արտահայտված դանդաղում միջին վիճակագրական ստանդարտ պոպուլյացիայի համեմատությամբ, ինչը հավանաբար պայմանավորված է չբալանսավորված սնուցմամբ, սպիտակուցների և վիտամինների պակասով [11]: Իհարկե այդ արդյունքները վերջնական չէին, իսկ հետևությունները` ոչ միանշանակ: Միակողմանի` հիմնականում ածխաջրատներով հագեցած սնունդը կարող էր ժամանակավորապես նպաստել երեխաների քաշի ավելացմանը, սակայն սպիտակուցների պակասը, դեռևս չարտահայտվելով այս տարիքային խմբի մանուկների աճի տեմպերի վրա, կարող է բացասաբար անդրադառնալ նրանց առողջական վիճակի և օրգանիզմի հարմարողական հնարավորությունների վրա ավելի հեռավոր դրսևորման ձևերով:
1998թ.-ին ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում (300 տնտեսություններում) անցկացվեցին հետազոտություններ կանանց և երեխաների սնուցման վիճակի գնահատման նպատակով [16]: Ըստ այդ հետազոտությունների տվյալների երեխաների 4%-ի մոտ գրանցվել է սուր թերսնուցում (1995թ. – 1%,) երեխաների շուրջ 12,5%-ի մոտ նկարագրվել է հասակ-տարիքային գործակցի շեղում թույլատրելի սահմանայինից (1995թ. – 8,3%), ինչը վկայում է խրոնիկական թերսնուցման և սպիտակուցի դեֆիցիտի մասին, ընդ որում քաղաքներում այդ ցուցանիշը եղել է 9,1%, իսկ գյուղերում` 15,5% (Աղյուսակ):
Աղյուսակ
Երեխաների սնուցման բնութագրիչների դինամիկան Հայաստանում*
*Աղբյուր` Առողջապահության նախարարություն և UNICEF («Սնուցման ազգային հետազոտություն»)
Նյութը և մեթոդները
2000 և 2005թթ. ՀՀ ԱՆ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության և Ամերիկյան “Macrointernational inc” կազմակերպության (MEASURE DHS+ ծրագիր) հետ համագործակցության շրջանակներում իրականացվեցին երկու այլ ընտրանքային հետազոտություններ տնային տնտեսությունենրի մակարդակով, որոնց ընթացքում անցկացվեցին 0-5տ. երեխաների անթրոպոմետրիկ չափումներ, որոշվեց հեմոգլոբինի մակարդակը` նույն երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց մոտ, ինչը հնարավորություն տվեց այլընտրանքային գնահատման միջոցով երեխաների սնուցման իրավիճակային վերլուծությունը կատարել համակողմանի` տարածաշրջանային և սոցիալ-կենսաբանական գործոնների համատեքստում [5]:
2000թ.-ի հետազոտության շրջանակներում հասակի և քաշի չափումները կատարվել են ընտրանքում ընդգրկված տնային տնտեսություններում առկա 0-5 ամսական 1463 երեխաների մոտ (օգտագործվել են հատուկ շարժական Short Bo`rds հասակաչափեր և Sec` էլեկտրոնային կշեռքներ): 2005թ.-ի ընտրանքը կազմել է` 1265 երեխա: Ստացված տվյալները վերլուծվել են ըստ հիմնական ժողովրդագրական բնութագրիչների:
Արդյունքները և դրանց քննարկումը
Արդյունքների գնահատումը կատարվել է ԱՀԿ-ի կողմից առաջարկված չափորոշիչների համապատասխան: Այն է` եթե հասակ-տարիքային գործակիցը 2 ստանդարտ շեղումով ցածր է եղել միջին վիճակագրական ստանդարտից, ապա երեխան գնահատվել է թերաճ կամ կարճահասակ: Այն երեխաները, որոնց քաշ-հասակային գործակիցը ստանդարտ բնակչության մեդիանից երկու ստանդարտ շեղումով ցածր է եղել, համարվել են թերսնված կամ նիհար, իսկ այն դեպքում, երբ քաշ-տարիքային ցուցանիշն է ցուցաբերել - 2 ստանդարտ շեղում մեդիանից, երեխաները համարվել են թերքաշ: Այս վերջին ցուցանիշը չի առանձնացնում խրոնիկական (տևական) թերսնվածությունը (թերաճ) և սուր թերսնվածությունը (թերսնված): Այն կարող է պայմանավորված լինել և կարճահասակությամբ, և թերսնվածությամբ, ինչպես նաև երկու պատճառներով միաժամանակ: Այն ավելի ինտեգրալ ցուցանիշ է և արտացոլում է պոպուլյացիայի ընդհանուր առողջական վիճակը:
Թերսնուցումը վաղ տարիքի երեխաների մոտ, ռիսկի գործոնները
2000թ.-ի հետազոտությամբ ստացված տվյալները վկայել են, որ մինչև 5 տարեկան երեխաների 13 %-ը կարճահասակ է (Z-Score` -2), իսկ 3 % շատ կարճահասակ(Z-Score` - 3): Ընդ որում, ընտանիքի կրտսեր և բարձր թվային կարգի ծնունդով, ինչպես նաև գյուղական բնակավայրի և ցածր կրթական մակարդակով մայրերի երեխաներն ավելի են հակված կարճահասակության:
Նկ. 1. Երեխաների թերսնուցման կարգավիճակը` ըստ միջազգային չափորոշիչների
Օրինակ, եթե հիմնական ընդհանուր կրթությամբ մայրերի երեխաների 21%-ի մոտ է արձանագրվել թերաճություն, ապա բարձրագույն կրթությամբ մայրերի դեպքում երեխաների թիվը գրեթե երեք անգամ պակաս է (7.9%): Այս տարբերությունը վիճակագրորեն հավաստի է և չի կրում պատահական բնույթ (P< 0.001): Չորրորդ և ավելի ծննդաբերությունից ծնված թերաճ երեխաների թիվը (22.6%) երկու և ավելի անգամ մեծ է առաջին ծնունդից ծնված երեխաների նույն ցուցանիշից (9.6%, P< 0.05): Գյուղաբնակ երեխաները 1/3-ով ավելի կարճահասակ են քան քաղաքաբնակները (16%` 10.1%-ի դիմաց): Ընդ որում, վիճակագրորեն հավաստի տարբերություններ են արձանագրվել ըստ մարզերի` ամենաբարձրը` Գեղարքունիքի (32%) և ամենացածրը` Կոտայքի մարզում (8%, P‹ 0.001):
Թերաճության տարածվածության միջին հանրապետական ցուցանիշը (13%) փաստում է, որ պոպուլյացիայի մակարդակով մենք ունենք լուրջ խնդիրներ (ավելի է սահմանային 10 %-ից), ինչն անխոս բացատրվում է երկրի սոցիալական վիճակի տևական վատթարացմամբ և երեխաների չբալանսավորված սնուցման և սննդի որակական հատկանիշների վատացմամբ, հիմնական բաղադրիչների, մասնավորապես սպիտակուցի դեֆիցիտով: Սպիտակուցի դեֆիցիտը, անմիջականորեն չանդրադառնալով երեխայի քաշի վրա, առավել հեռավոր դրսևորումներով արտահայտվում է մանկան աճի տեմպերի վրա, արտահայտվելով թերաճությամբ:
Ասվածի ապացույցն է մեր կողմից ստացված տվյալները` -2SD-շեղումով քաշ-հասակային և քաշ-տարիքային գործակիցները, որոնց միջին հանրապետական ցուցանիշները չեն գերազանցում 3 %-ը (նկ. 1):
Նկ. 2. Թերաճության տարածվածությունն ըստ մարզերի, 2000թ.
Վերջինս նաև նշանակում է, որ այս ցուցանիշի առումով, Հայաստանի երեխաները պոպուլյացիայի մակարդակով ավելի վատ վիճակում չեն միջազգային ստանդարտ պոպուլյացիայի համեմատությամբ (սահմանային ցուցանիշը` 5 %): Ինչպես և թերաճության դեպքում, թերքաշության ցուցանիշներն առավել բարձր են բարձր կարգային թվով ծնունդի և առավել ցածր կրթական ցենզով մայրերի երեխաների մոտ: Այսպիսով, երեխաների սնուցման կարգավիճակը սերտորեն կապված է մոր կրթական մակարդակի և մանկան ծննդյան կարգի հետ: Պատկերը ավելի վատ է գյուղական, քան քաղաքային բնակության երեխաների մոտ:
2005թ.-ի հետազոտությամբ ստացված պատկերը էականորեն չի տարբերվել 2000թ.-ին ունեցածից: ՀԺԱՀ-2005-ի արդյունքում ստացված տվյալների համաձայն մինչև 5 տարեկան երեխաների 13 %-ը կարճահասակ է, իսկ 3%-ը` շատ կարճահասակ, ինչը վկայում է այն մասին, որ 2000թ-ից ի վեր չի նկատվել այս ցուցանիշների որևէ բարելավում:
Ցուցանիշի ուսումնասիրությունն ըստ տարբեր տարիքային խմբերի ցույց է տալիս, որ առաջին տարվա ընթացքում շեղումն աճում է տարիքին զուգընթաց 7 %-ից` 0-6 ամսականների համար, մինչև 12 %` 9-11 ամսականների շրջանում, և հասնում է իր գագաթնակետին 12-17 %`18-23 ամսականների մոտ (հինգից մեկ երեխան կարճահասակ է), ապա նվազում է ավելի բարձր տարիքային խմբերում` միջինում կազմելով մոտ 12 %:
Ընդհանուր առմամբ, կրթական ցածր մակարդակ ունեցող մայրերի երեխաների շրջանում ավելի տարածված է կարճահասակությունը: Ըստ մարզերի կարճահասակությունը տատանվում է ամենացածրը` 5 %-ից Արմավիրում, մինչև ամենաբարձրը` 19 % Արագածոտնում (նկ. 2):
Նկար 3-ը ցույց է տալիս ՀԺԱՀ-2000 և ՀԺԱՀ-2005-ի արդյունքների համեմատականը: Ստացված արդյունքների համաձայն մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում հասակն ըստ տարիքի ցուցանիշը չի փոխվել, մինչդեռ քաշն ըստ հասակի և քաշն ըստ տարիքի ցուցանիշները փոքր-ինչ վատթարացել են:
Նկ. 3. Երեխաների սնուցման կարգավիճակի միտումներ
Սակավարյունության տարածվածությունը վաղ տարիքի երեխաների մոտ
Սակավարյունությունը պայմանավորված է արյան մեջ հեմոգլոբինի նվազող խտությամբ: Սակավարյունության հետևանքով առաջանում է ընդհանուր թուլություն, հաճախակի հոգնածություն և հիվանդությունների նկատմամբ ցածր դիմադրողականություն [7,10,12]: Սակավարյունությունը հատկապես մտահոգիչ է վաղ տարիքի երեխաների պարագայում, քանզի այն ուղեկցվում է մտավոր և ֆիզիկական թերզարգացվածությամբ, հիվանդացության և մահացության բարձր ռիսկով [13]:
2000 և 2005թթ.-ին իրականացված ժողովրդագրական-առողջապահական հարցերի հետազոտությունների շրջանակներում դրված խնդիրներից մեկը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում սակավարյունության տարածվածության բացահայտումն էր:
Սակավարյունության մակարդակի որոշման նպատակով չափվել է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Հեմոգլոբինը որոշվել է ընտրանքում ընդգրկված 6-59 ամսական երեխաների մոտ, “ՀեմոՔյու” սարքի միջոցով (2000թ.-ին 1334 և 2005թ.-ին`1106 երեխա):
Համաձայն ԱՀԿ դասակարգման, սակավարյունության մակարդակները (ըստ հեմոգլոբինի) դասակարգվել են որպես ծանր` HB մինչև 7 g/dl, միջին` HB 7.0-ից 9.9 g/dl) և թեթև` HB-10.0-10.9 g/dl [12]: Հաշվի առնելով, որ հեմոգլոբինի մակարդակը փոխվում է ըստ ծովի մակերևույթի նկատմամբ բարձրության, իսկ Հայաստանը բարձր լեռնային երկիր է, ստացված տվյալները ճշտվել են յուրաքանչյուր ընտրանքային միավորի համար` ըստ բնակավայրի բարձրության:
Ըստ 2000թ.-ի հետազոտության տվյալների, մինչև 5 տարեկան երեխաների մոտ սակավարյունության տարածվածությունը կազմել է 24 %, որից 10 %-ի մոտ միջին, իսկ 0.4 %-ի մոտ ծանր: Կեսից ավելի դեպքերում (14%) սակավարյունությունը եղել է թեթև արտահայտված: Ըստ էության վաղ հասակի յուրաքանչյուր չորրորդ երեխան տառապել է որևէ աստիճանի սակավարյունությամբ: Հատկանշական և խիստ անհանգստացնող է այն փաստը, որ 1998թ.-ի նմանօրինակ հետազոտության տվյալների համեմատությամբ սակավարյունության այս ցուցանիշը երկու տարվա ընթացքում կրկնապատկվել է [16]: Եթե այն 1998թ.-ին կազմել է 12%, ապա 2000թ.-ին` 24% (նկ. 4):
Նկ. 4. Սակավարյունության տարածվածությունը երեխաների մոտ 2000թ.
Սակավարյունության ցուցանիշը զգալի տարբերվել է ըստ մարզերի` ամենաբարձրը` Տավուշի մարզում (39%) և ամենացածրը` Վայոց Ձորի ու Կոտայքի մարզերում (11%): Ցուցանիշների այս տարբերությունները վիճակագրորեն հավաստի են (P< 0.001) (նկ. 5):
Ընդ որում գյուղական բնակության վայրում երեխաների սակավարյունությունը երկու անգամ (33%) գերազանցում է նույն ցուցանիշը քաղաքի համեմատությամբ (10%, P< 0.001):
Մայրերի կրթական մակարդակը հետադարձ կորելացիոն կապ ունի երեխաների անեմիայի ցուցանիշների հետ: Եթե բարձրագույն կրթությամբ մայրերի երեխաների մոտ այն կազմում է 16.7%, ապա հիմնական ընդհանուր կրթությամբ մայրերի երեխաների մոտ այն 2 անգամ ավելի է` 38.3% (P< 0.05):
Հատկանշական է, որ անեմիայի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 6-11 ամսական և 12-23 ամսական երեխաների մոտ` 48.2 և 39.5% համապատասխանաբար: Ըստ էության 6 ամսականից մինչև երկու տարեկան երեխաների շրջանում անեմիայի տարածվածության միջին ցուցանիշը գերազանցում է 40 %-ը:
Նկ. 5.Սակավարյունության տարածվածությունը երեխաների մոտ ըստ մարզերի, 2000թ.
Սակավարյունությունների վերաբերյալ 2005թ.-ի հետազոտության տվյալները ավելի հուսադրող չեն: ՀԺԱՀ 2000 և 2005թթ.-ի հետազոտությունների համեմատության արդյունքում արձանագրվել է, որ երեխաների շրջանում սակավարյունության ցուցանիշը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է ավելի քան 50 %-ով (հիմնականում ցուցանիշի աճը պայմանավորված է միջին սակավարյունության մակարդակի բարձրացմամբ): Ի տարբերություն ՀԺԱՀ-2000-ին գրանցված 24 % ցուցանիշի, ՀԺԱՀ-2005-ի արդյունքների համաձայն 6-59 ամսական երեխաների 37 %-ն ունեցել է սակավարյունության որևէ մակարդակ:
Այսպիսով, սույն հետազոտության շրջանակներում ստացված տվյալների վերլուծությունը հնարավորություն է տալիս ներկայացնել վաղ հասակի երեխաների սնուցման կարգավիճակի հետևյալ գնահատականը`
- Մինչև 5 տարեկան երեխաների 13 %-ը ետ է մնում իր աճի տեմպերով, ընդ որում 2000-2005թթ. ժամանակահատվածում այս ցուցանիշի բարելավում չի արձանագրվել:
- Հայաստանի համար վաղ տարիքի երեխաների շրջանում սակավարյունությունների տարածվածությունը գերխնդիր է: Եթե 2000թ.-ին 6-59 ամսական երեխաների 24 %-ն էր տառապում սակավարյունությամբ, ապա 2005թ.-ին` 37%-ը:
- Առկա է հետադարձ կորելյացիոն կապ մայրերի կրթական մակարդակի և սնուցման կարգավիճակի միջև:
- Վաղ տարիքի երեխաների սնուցման կարգավիճակի առումով իրավիճակը ավելի վատ է գյուղական բնակության վայրերի երեխաների շրջանում:
Երեխաների աճի դանդաղման/խրոնիկական թերսնվածության և սակավարյունությունների վերաբերյալ ստացված այս պատկերը համահունչ է երկրի այդ ժամանաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակին: Այն անհանգստացնող է և ենթադրում է խնդրի շուրջ հստակ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն: Իրավիճակի այս գնահատականը «Վաղ հասակի երեխաների սնուցման բարելավման» ազգային ռազմավարության մշակման հիմք հանդիսացավ, որի հիմնական դրույթները ներառվեցին ինչպես պետական, այնպես էլ միջազգային համագործակցությամբ իրականացվող տարբեր ներդրումային ծրագրերում:
Հաշվի առնելով սակավարյունությունների բարձր տարածվածությունը հատկապես կրծքի տարիքի երեխաների մոտ «Վաղ հասակի երեխաների սնուցման բարելավման» ազգային ռազմավարությունը առաջարկում է սակավարյունությունների կանխարգելաման նպատակով հանրապետությունում ներդնել այլընտրանքաին երկու հանրային առողջապահական ծրագրերից մեկը (և/կամ հաջորդել դրանք):
Քանի որ սակավարյունությունները հիմնականում պայմանավորված են երկաթի դեֆիցիտով, ԱՀԿ հանձնարարականներին համապատասխան [17] առաջարկվում է ալյուրի համընդհանուր հարստացում (fortific`tion) երկաթով և վիտամիններով, կամ վաղ տարիքի երեխաների և հղիների զանգվածային ապահովում երկաթի և ֆոլաթթվի հավելումներով: Հաշվի առնելով, որ ալյուրի հարստացման ծրագիրը միջգերատեսչական է և հնարավոր լուծումները մեծ ջանքեր և ժամանակ կպահանջեն, որպես այլընտրանք և/կամ ժամանակավոր տարբերակ կարող է կիրառվել երկաթի պրեպարատների հավելումներով ապահովման ծրագիրը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և հղիների կարիքների առաջնահերթ ապահովմամբ:
Թերսնուցման և աղքատության խնդիրների սերտ փոխկապակցվածությունը հաշվի առնելով, ռազմավարությունը առաջարկում է նաև հղիների, վաղ տարիքի երեխաների, կրծքով կերակրող մայրերի սննդապահովման ծրագրերի իրականացում սոցիալական ապահովություն համակարգի միջոցով:
Գրականություն
- Պրոբլեմբներ, առաջացած արտակարգ իրավիճակների պայմաններում և իրավիճակից դուրս, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ՀՀ ԱՆ, Երևան, 1994թ.
- Մինչև 5 տարեկան երեխաների, հղի կանանց և կերակրող մայրերի սնուցման բարելավման ազգային ծրագիր, հաստատված ՀՀ Առողջապահության նախարարության Կոլեգիայի կողմից, Երևան, 1995թ.:
- Հայաստանում երեխաների և կանանց իրադրության վերլուծություն, 1998թ., Հայաստանի Հանրապետության կառավարություն. Փրկեք երեխաներին ԱՄՆ
- Երեխաների և կանանց առողջության իրավիճակի վերլուծություն, ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչություն, Երևան, 2000թ
- Հայաստանի ժողովրդագրական-առողջապահական հարցերի հետազոտություն 2000, 2005թթ.ՀՀ ԱՎԾ, ՀՀ ԱՆ, Macro int. USA,Երևան, 2001 և 2006թթ.:
- Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015թթ. ազգային ռազմավարություն, ՀՀ կառավարություն, Երևան, 2003թ. (ՀՀ կառավարության 01.08.2003թ., N 1000 որոշում):
- Глобальная стратегия по кормлению детей грудного и раннего возраста, ВОЗ, Женева, 2002г.
- Карсыбаева Н.М. Создание информационной базы по репродуктивному здоровью и статусу питания женщин и детей раннего возраста в разработке национальной политики питания Республики Казахстан, Дис.... докт. мед. наук, Алматы, 1997.
- ООН, Генеральная ассамблея, 27-я специальная сессия “Мы, дети: десятилетний обзор деятельности по итогам Всемирной встречи на высшем уровне в интересах детей”. Доклад генерального секретаря ООН Кофи Анана, Нью-Йорк, май, 2001.
- Алмаз Шарман, Анемия. Алматы, 2002.
- Давидян В.А., Оганесян Л.М. Опыт мониторинга за состоянием питания детей младше 5 лет в условиях социального экстремума. НИЗ МЗ РА, Научные труды и сообщения, Ереван, 2004.
- De Maeyer E.M., Dallman P., Gurney G.M. et al . Preventing and Controling Iron Deficiency anemia Through Primary Health Care:A Guide for Health Administrators and Programme Managers, WHO Geneva, Switzerland, 1989.
- Kim Fleisher, Michaelson, Lawrence Weaver, Francesco Brancа, Aileen Robertson Кормление и питание грудных детей и детей раннего возраста. Методические рекомендации для Европейского региона ВОЗ с особым акцентом на республики бывшего Советского Союза. Региональные публикации ВОЗ, Европейская серия N 87, с. 369, Копенгаген, 2001.
- Pelletier D.L., Vrongillo E.A., Habrcht I.P. Epidemiologic evidence for a potentrafing effect of malnutrition on child mortality, Am. J. Public Health, 1993, 83; 1130-33.
- Scrimshaw N.S., SanGiovanni J.P. Synergism of nutrition, infection, and immunity: an overview, Am. J. Clin. Nutr., 1997; 66 (suppl.): 464-77.
- Branka, F. et al. The health and nutrition status of children and women in Armenia, Rome, National Institute of Nutrition, 1999.
- Guidelines for the use of iron supplements to prevent and treat iron deficiency anemia. Rebeca J. Stiltrtus, Michele L. Dreyfuss International Nutritional anemia Consultative Group (INACG), WHO, UNICEF, Washington, 1998.
Կարդացեք նաև
Կրծքի կաթով կերակրելը հե՞շտ է։
Երեխան ծնվում է մոր կուրծքը փնտրելու ռեֆլեքսով: Սակայն շատ մայրերի պետք է սովորեցնել երեխային...
Երեխան մինչև վեց ամսականը հավելյալ սննդի կարիք չունի: Նորածնի իդեալական սնունդը մայրական կաթն է, որի միջոցով նա ստանում է բոլոր անհրաժեշտ նյութերը․ վիտամինները, հանքային աղերը, հակամարմինները...
Սիրելի ծնողներ լինենք զգոն երեխաների առողջության պահպանման հարցում ինչպես ամբողջ տարի, այնպես էլ նախատոնական օրերին, մասնավորապես...
Մասնագետների խոսքով` տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը...
Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար...
Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: Շատ հայրիկներ եւ մայրիկներ, առանց մտածելու,...
Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել, այսպես կոչված,...
Ճիշտ սնվելը ծայրաստիճան կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն...
Կարևոր է ո'չ միայն պարզապես կերակրել երեխային, այլև նրան սովորեցնել սնվելու ճիշտ ռեժիմին, հայտնում է goodhouse.ru-ն...
Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն