Ավանդական բժշկություն Եղերդակ սովորական - Цикорий обыкновенный - Cichorium intybus L.
Եղերդակ սովորական (egherdak) - Цикорий обыкновенный- Cichorium intybus L.
Հայկական տարանունները - եղերդ, կայծխոտ, հեղերդակ, հյուղերդակ, հնդիպե, ճարճատ, ճարճատուկ, ցիկորի
Դեղաբույսի նկարագրությունը
Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 60-120 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է: Ճյուղերը փռված են, ստորին տերևները` փորոքամատնաբաժան, իսկ վերինները` նշտարաձև ու լայն: Ծաղկազամբյուղները բացվում են առավոտյան, իսկ կեսօրից հետո և վատ եղանակներին փակվում են: Հողի մեջ մինչև 1,5 մ թափանցող մսալի արմատը անհոտ է, դառը համով: Բույսը բազմանում է սերմերով: Եղերդակը հողի նկատմամաբ այնքան էլ պահանջկոտ չէ, լավ է տանում երաշտն ու ցուրտը: Վայրի վիճակում աճում է ճամփեզրերին, աղբուտներում, առուների և արտերի մերձակայքում, տնամերձ հողամասերում և այլուր: Վերջին տարիներին բույսը մշակվում է:
Քիմիական բաղադրությունը
Արմատները պարունակում են ինուլին (40-61%), ճարպ, արգինին, խոլին, գլիկոզիդներ (ցիկորիին, ինտիբին), եթերայուղ, դաբաղանյութեր, խեժ, ֆրուկտոզա, C, B խմբի վիտամիններ, պեկտին:
Տերևներում հայտնաբերված են ինուլին, C, B խմբի վիտամիններ, կարոտին, եղերդակաթթու, ծաղիկներում` գլիկոզիդ ցիկորիին, կաթնահյութի մեջ` դառը նյութեր (լակտուցին, լակտուկոպիկրին), կաուչուկ (2-3%), սերմերում` ինուլին, պրոտոկատեխինային ալդեհիդ և այլն:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում` արմատը: Եղերդակի վերգետնյա մասը մթերում են ամռանը, ծաղկման ընթացքում, չորացնում արևի տակ, մանր կտրատում և պահում տուփերի մեջ, իսկ արմատը հանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մաքրում հողից, կտրատում և իսկույն չորացնում չորանոցում կամ վառարանում: Պատրաստի հումքը պահում են չոր տեղում, թղթով պաստառված ամանների մեջ:
Եղերդակը հայտնի է եղել Հին Եգիպտոսում և Հռոմում որպես մարսողությունը լավացնող միջոց: Ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը լայն կիրառում ունի ստամոքսաաղիքային տրակտի, լյարդի, լեղապարկի, միզուղիների, փայծաղի և մաշկային հիվանդությունների, լնդախտի, անեմիաների, ջրգողութան, ճիճվակրության, արյունախխման, արթրիտների, ընդհանուր թուլության, հիսթերիայի, սպազմաֆիլիայի ժամանակ և այլն: Ավիցեննան եղերդակի հյութը առաջարկել է մի շարք ջերմերի, գլխացավերի, խումարի, միգրենի, երեխաների ընկնավորության, ստամոքսային խանգարումների, նրա ֆլեգմոնայի, բղկոցների ժամանակ, իսկ սերմերը` թոքերի ուռուցքի, նյարդային բնույթի դողի, զգայունության խանգարումների, պարեզների, սրտի անկանոն աշխատանքի դեպքերում: Նա բույսի հյութը օգտագործել է նաև աչքի հիվանդությունների և կարմիր քամու, արտաչքության, ականջի մեջ միջատների առկայության դեպքերում, իսկ թոքաբորբերի ժամանակ` որպես հովացնող և փափկացնեղ միջոց, թրջոցների ձևով` հոդացավերի, պոդագրայի, օձի, կարիճի, պիծակի և այլ թունավոր կենդանիների խայթման դեպքում:
Մխիթար Հերացին բույսի (''հնտիպե'' անվան տակ), թարմ հյութն օգտագործել է որպես ''արյունը մաքրող'' միջոց, ինչպես նաև զանազան ջերմերի, գերհոգնած վիճակի, դեղնուկի ժամանակ և այլն: Հյութը` խառնելով եզան լեզվի հետ, նա թրջոցի ձևով օգտագործել է ֆլեգմոնայի բուժման նպատակով, առանձին հյութը` նաև ծաղկի և փորկապության ժամանակ: Այն կազմել է գլխացավերի, աչքերի և ոսկրային հիվանդությունների ժամանակ օգտագործված Գալենի դեղահաբերի բաղադրիչ մասը, մտել նաև դեղնուկի ժամանակ օգտագործվող ''ոսկե դեղահաբերի'' բաղադրության մեջ:
Ամիրդովլաթը եղերդակը օգտագործել է կերակրի վատ մարսման, ջրգողության, դեղնուկի, երիկամացավերի ժամանակ: Նա նշում է, որ բույսի կաթնահյութը` կաթեցնելով աչքին, վերանում է փառը, դադարում ակնախաղը, իսկ արմատահյութը, ներքին ընդունման ձևով, բացում է ''լերդի և աղիների կալուածը, օգտե դեղնուկին'', վերացնում է նողկանքը, ստամոքսի բորբը, բուժում մալարիան, իսկ ատաքին. թրջոցի ձևով` օգնում է մորմի, մեղվի և թունավոր միջատների ու սողունների կծածին: Նշվում է նաև, որ հյութը լավ միջոց է դեղանյութերով թունավորման դեպքերում, որ այն ուժեղացնում է սրտի աշխատանքը, սպեղանու ձևով օգտակար է բորբոքական ուռուցքների ժամանակ: Այնուհետև նշվում է, որ բույսի սերմերն ունեն ջերմ իջեցնող հատկություն, իսկ տերևներն օգտակար են դեմքի ոչ բորբոքական պզուկների և պիսակի դեպքերում:
Ամիրդովլաթի տվյալներով, եղերդակի հյութը և սերմերը, առանձին կամ այլ դեղաբույսերի հետ խառնված Հիպոկրատը օգտագործել է փայծաղի ցավերի, Գալենը` դիսպեպսիաների, Սահակը` դեղնուկի և օրխիտի, Հունանը` երիկամաբորբի, Մասուայի որդին` արյունամիզության և թարախամիզության, Սապիթ Կուռանը` դիսուրիայի, Դևճանիսը` միզապարկի ուռուցքի, Մատային` ջերմային հիվանդությունների ժամանակ և այլն:
Միջին Ասիայում և Իրանում բույսի պտուղները համարվում են որպես ջերմ իջեցնող և քրտնամուղ միջոց, իսկ ամբողջ բույսի մոխիրն առաջարկվում է մաշկային թարախաբշտիկների, հնացած խոցերի և լեյշմանիոզի բուժման համար: Մոխիրի բուժման հատկությունը գիտականորեն հիմնավորվել է Թուրքմենիայում, որտեղ 25 - 50%-անոց քսուքի կամ մաքուր վիճակում ցանափոշու ձևով օգտագործվել է այս հիվանդություն ժամանակ:
Կովկասյան ժողովուրդները բույսից ստացված կուպրը (որն առաջանում է ափսեի մեջ բույսն այրելիս) օգտագործում են մաշկային մի շարք հիվանդությունների (հնացած վերքեր, խոցեր, թարախաբշտիկներ և այլն) բուժման համար, իսկ Աղստևի հովտի բնակիչները բույսը փոշիացնում են և, փոշին խառնելով կարագի հետ 1:2 հարաբերությումբ, քսում են դանդաղ լավացող վերքերին:
Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի հյութը ըմպելու ձևով օգտագործվում է լյարդի ցիռոզների, փայծաղի ուռուցքների, արտաքին թրջոցների ձևով` էկզեմայի ժամանակ: Բուլղարիայում բույսի արմատը համարվում է որպես լեղամուղ միջոց և լայնորեն օգտագործվում է լեղուղիների մի շարք հիվանդությունների, ստամոքսի խոցի, անգինայի, դիսուրիայի և վերին շնչուղիների բորբերի ժամանակ, ինչպես նաև որպես միզամուղ և ընդհանուր նյութափոխանակությունը լավացնող միջոց: Ավստրիայում, ուր դեղաբույսը օֆիցինալ է, եթուկի, մզվածքի և մամլած դեղահաբերի ձևով օգտագործվում է որպես ախորժակը լավացնող, մարսողությունն ակտիվացնող և միզամուղ միջոց: Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը ըմպում են երակների խցանման, ջրգողության և լյարդի հիվանդությունների ժամանակ: Հյութը գինու հետ եփված վիճակում օգտագործում են բքնածության և փորկապության ժամանակ: Արմատը ծեծած վիճակում դնում են վերքերի վրա: ''լերդի չանապարհ բանա և զստամոքսն սրբե'', նշում է բույսի մասին Ղ. Ալիշանը:
Հայրենական բժշկության մեջ եղերդակի արմատը ներքին ընդունման ձևով օգտագործվում է առատ քրտնարտադրության, լուծի, ստամոքսային ցավերի, լյարդի, փայծաղի, արյան և երիկամների մի շարք հիվանդությունների, ընդհանուր թուլության, հիսթերիայի և շաքարախտի ժամանակ: Ն. Գ. Կովալևայի, ինչպես նաև մեր տվյալներով, ամբողջ բույսի եփուկը օժտված է չափավոր հիպոտենզիվ հատկությամբ և բարենպաստ է ներգործում հիպերտոնիկ հիվանդության 1-ին և 2-րդ աստիճանների ընթացքի վրա:
Մեր տվյալնրով, եղերդակի արմատի եփուկը և թուրմը օժտված են նաև չափավոր հիպոգլիկեմիկ հատկությամբ: Դեղաբույսը` համակցելով այլ հիպոգլիկեմիկ միջեցների հետ, զգալի չափով նպաստում է շաքարախտով հիվանդների մոտ մի շարք վեգետոսենսոր երևույթների (բերանի չորություն, սրտխփոցներ, քրտնարտադրություն և այլն) մեղմացմանը կամ վերացմանը:
Ջրաթուրմը և եփուկը ունեն լեղամուղ և միզամուղ հատկություն: Մեր կողմից բույսի լեղամուղ հատկությունը հիմնավորվել է քրոնիկական խոլեցիստիտով և լեղապարկի դիսկինեզիայով հիվանդների բուժման ժամանակ: Դեղաբույսը` ընդունելով 2-3 շաբաթ տևողությամբ, մեղմացել կամ լրիվ դադարել են հիվանդների լեղապարկի հատվածի ցավերը, իր չափերով փոքրացել է մինչ այդ մեծացած լեղապարկը, կարգավորվել է հիվանդների ինքնազգացումը և մարսողությունը:
Որոշակի չափերով արմատի տևական կիրառումը կարգավորել է լյարդի ցիռոզով հիվանդների լյարդի խախտված ֆունկցիաները, նվազեցրել ջրգողության պրոցեսը:
Շնորհիվ արմատի միզամուղ հատկության այն ցուցված է բոլոր այն հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են այտուցներով և ջրգողությամբ: Բույսի արմատի միզամուղ հատկությունը ավելի է ուժեղանում, երբ այն հավասար չափով խառնում են դդումի մանրացրած կոթերի հետ (Գուբերգրից Ա. Յա. և Սոլոմչենկո Ն. Ի.): Այս խառնուրդից 1-2 ճաշի գդալ լցնում են 2 բաժակ ջրի մեջ, եփում 15 րոպե, ապա ըմպում 1/3 բաժակ` օրական 3 անգամ: Որպես ընդհանուր կազդուրիչ և տոնուսավորող միջոց, կովկասյան ժողովուրդները տևականորեն օգտագործում են բույսի եփուկը կամ ջրաթուրմը: Մատղաշ տերևներից պատրաստված սալաթը ուտում են որպես ընդհանուր կազդուրիչ և հիպոգլիկեմիկ միջոց: Արմատի եփուկից պատրաստում են լոգանք` գեղձախտի և տարբեր բնույթի արթրիտների ժամանակ, իսկ ծաղիկներից պատրաստված թուրմը հանրահայտ է որպես ընդհանուր հանգստացնող և սրտի աշխատանքը ուժեղացնող միջոց:
Ֆարմակոլոգիական հետազոտություններով հիմնավորվել է բույսի ծաղիկներից ստացված ջրաթուրմի հանգստացնող ներգործությունը կենդանիների վրա, ինչպես նաև արմատի եփուկի և թուրմի հակաբորբոքիչ, պատող, մանրէասպան և ֆիտոնցիդային հատկությունները: Արմատները կիրառվում են նաև հոմեոպաթիայում: Դեղաբույսը օֆիցինալ է եվրոպական մի շարք երկրներում:
Կիրառման եղանակները
Եփուկ պատրաստելու համար 20 գ մանրացրած, չոր արմատը 20 րոպե եփել 200 մլ ջրում, քամել, հովացնել, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ` օրական 5-6 անգամ, կամ 40 գ չոր հումքը (ամբողջական բույսը) 1 լ ջրում եփել 30 րոպե, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ` օրական 5-6 անգամ, կամ 1 թեյի գդալ արմատը 1 բաժակ եռման ջրում եռացնել 30 րոպե, ապա ըմպել 1/3-1/2 բաժակ`ուտելուց առաջ: Ջրաթուրմ պատրաստելու համար 1-2 թեյի գդալ մանրացրած արմատը 1 բաժակ եռման ջրում թողնել 2 ժամ, ապա ըմպել 1/3-1/2 բաժակ` ուտելուց առաջ, կամ արմատից 1:10-ի հարաբերությամբ պատրաստում են ջրաթուրմ, որն օգտագործում են արտաքին` թրջոցների կամ լոգանքների ձևով: Ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ չոր հումքը թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում վերոհիշյալ եղանակով: Արմատի թարմ հյութը կարելի է ընդունել կաթով, 1 ճաշի գդալ հյութը խառնելով 1 բաժակ կաթին: Արմատից ոգեթուրմ պատրաստելու համար չոր հումքը 1:5-ի հարաբերությամբ խառնում են սպիրտի հետ, պահում 1 շաբաթ. հետո ըմպում ջրով, 20-25-ական կաթիլ` օրական 4-5 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները
Արմատից ստանում են ինուլին, սպիրտ, ֆրուկտոզա և սուրճի փոխմիջոց: Այս նպատակի համար մանր կտրատված արմատը բովում են թավայի մեջ և մանր աղում: Բովելուց ինուլինը և ֆրուկտոզան մասամբ կարամելացվում են, որից ստացված հումքը լինում է մուգ գույնի: Ստացված սուրճի համը ավելի կատարյալ դարձնելու համար այն խառնում են կաղնու բոված պտուղների և խատուտիկի արմատի հետ: Եղերդակից ստացվող այս հաճելի ըմպելիքը ոչ միայն փոխարինում է սուրճին, այլև սուրճի հետ խառնելիս նրան տալիս է դուրեկան համ: Արմատից ստացվող օշարակը օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրության մեջ: Արմատամերձ տերևներից պատրաստում են սալաթ: Այս նպատակով, ուշ աշնանը արմատները հանում են, դրանք մութ տեղում տերևակալում են և հնարավոր է սալաթ պատրաստել նույնիսկ ձմռան ամիսներին: Եղերդակը մեղրատու է, տալիս է առատ նեկտար և ծաղկափոշի, միաժամանակ լավ կերաբույս է:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն