Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Գլխուղեղի ներանոթային բացառիկ վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում
Երիտասարդ նյարդավիրաբույժ Դավիդ Սահակյանն օրերս էնդովասկուլյար կամ ներանոթային ճանապարհով իրականացրել է գլխուղեղի զարկերակային համակարգի բացառիկ վիրահատություն: Աշխարհում առաջին անգամ նմանատիպ վիրահատություններ կատարվել են անցյալ դարի 90-ական թվականների սկզբին և ներկայումս առաջատար բժշկության լավագույն մեթոդներից մեկն է:
Մեզ հետ զրույցում Դավիդ Սահակյանը, ով բազմիցս վերապատրաստվել է Միացյալ Նահանգներում, բարձր գնահատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի կադրային և տեխնիկական հագեցվածությունը՝ նշելով, որ այն չի զիջում ամերիկյան կլինիկաներին:
– Էնդովասկուլյար եղանակով իրականացվող վիրահատությունները հատկապես ինչո՞վ են բացառիկ:
– Էնդովասկուլյար նյարդավիրաբուժության բացառիկությունը նրանում է, որ հնարավորություն է ստեղծվում գլխուղեղի անոթային համակարգի վրա կատարվող գործողություններն իրականացնել առանց գանգի և գլխուղեղի կառուցվածքային ամբողջականության խախտման, ինչը հատուկ է բաց նյարդավիրաբուժական միջամտություններին: Մենք վիրահատում ենք անոթները՝ աշխատելով անոթի ներսից և նվազագույնի հասցնելով միջամտության ընթացքում հասցվող վնասը: Վերջին հանգամանքը չափազանց մեծ առավելություն է ստեղծում բաց վիրահատական միջամտությունների համեմատությամբ: Մեր հիմնական թիրախն է անոթային համակարգի ախտաբանությունը, ինչպիսիք են, օրինակ, գլխուղեղի զարկերակային անևրիզմաները, արտերիովենոզ մալֆորմացիաները և ֆիստուլաները: Վերջիններս հաճախ դրսևորվում են գլխուղեղի կաթվածով (ինսուլտ)՝ հանգեցնելով հիվանդի ընդհանուր ծանր վիճակի և կյանքի համար լուրջ սպառնալիքի: Այս պայմաններում չափազանց կարևոր է, որ նման ախտաբանությունների վնասազերծումն իրականացվի հնարավորինս արագ և մինիմալ ինվազիվ եղանակով: Տարիներով կուտակված միջազգային փորձը վկայում է, որ նման տեխնոլոգիաների կիրառումը չափազանց բարենպաստ է ազդում բուժման արդյունքների վրա՝ խիստ նվազեցնելով մահացության և հաշմանդամության հավանականությունը:
– Այս վիրահատության հիմնական առավելությունը, փաստորեն, այն է, որ կատարվում է անարյուն, փա՞կ եղանակով:
– Ես կասեի՝ գրեթե անարյուն: Մենք մուտք ենք գործում հիվանդի անոթային համակարգ հիմնականում ազդրային զարկերակից, այնուհետև, օգտագործելով հատուկ գործիքներ և տեխնիկա, հասնում գլխուղեղը սնուցող զարկերակներին: Երբեմն հարկ է լինում աշխատել նաև երակային համակարգում: Բնակչության մեծ մասն արդեն ծանոթ է սրտաբանների կողմից իրականացվող նմանատիպ վիրահատություններին, օրինակ, կորոնար զարկերակների ստենտավորմանը: Մեր կողմից իրականացվող վիրահատություններն ունեն որոշակի ընդհանրություն, սակայն մենք աշխատում ենք գլխուղեղի անոթների հետ:
– Կարելի՞ է արդյոք ասել, որ այս եղանակը գլխուղեղի կաթվածների բուժման ճանապարհ է:
– Գոյություն ունեն գլխուղեղի կաթվածների 2 տեսակ: Առաջին դեպքում տեղի է ունենում արյան արտահոսք անոթային համակարգից դեպի գլխուղեղի հյուսվածքը կամ նրա թաղանթների տակ: Այս դեպքում շատ կարևոր է հայտնաբերել անոթային անոմալիաները, որոնք առաջացնում են արյունահոսություն: Հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է նրանց վնասազերծել՝ կանխելով կրկնակի արյունահոսությունը: Դեպքերի մեծ մասում սա կարելի է լավագույն ձևով իրականացնել միայն էնդովասկուլյար ճանապարհով:
Երկրորդ դեպքում տեղի է ունենում ուղեղը սնուցող զարկերակների խցանում, ինչը հանգեցնում է ուղեղային հյուսվածքի մահվան: Որոշակի պայմաններում փրկության միակ ճանապարհը կարող է լինել ներանոթային եղանակով անոթային խցանի հեռացումը կամ լուծումը:
Գլխուղեղի անոթային ախտաբանությունների պատահական հայտնաբերման դեպքում ներանոթային վիրահատական միջամտությունները շատ կարևոր և բացառիկ դեր ունեն հնարավոր մահացու կաթվածների կանխարգելման գործում:
– Խոսենք այն բացառիկ վիրահատության մասին, որը Դուք կատարել եք օրերս:
– Իր տեսակի մեջ այն առաջինն էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մեզ մոտ 36 տարեկան երիտասարդ էր ընդունվել, ով պարզապես գանգատվում էր գլխացավից և գլխում տաքության զգացողությունից: Կատարված հետազոտություններով հայտնաբերվեց գլխուղեղի արյունային կաթված՝ սուբարախնոիդալ արյունազեղում: Սովորաբար արյունազեղման հիմնական պատճառը գլխուղեղի զարկերակային անևրիզման է, որն իրենից ներկայացնում է անոթի պատի պարկանման արտափքում: Վերջինս կարող է լինել անախտանիշ և օրերից մի օր պատռվել: Արտահոսած արյունը տարածվում է գլխուղեղը սնուցող անոթների շուրջը՝ հանգեցնելով կյանքին սպառնացող բարդությունների զարգացման: Նման չափազանց ծանր հիվանդության հաճախ հանդիպող առաջին ախտանիշներն են անտանելի ուժեղ գլխացավը, սրտխառնոցը, փսխումը, գիտակցության կորուստը, պարանոցային մկանների կարկամությունը: Այս հիվանդության դեպքում հիվանդների մոտ 15%-ը մահանում է մինչև հիվանդանոց հասնելը, չվիրահատվելու դեպքում մահանում է 67%-ը, իսկ վիրահատական բուժման դիմելիս՝ առավել մեծանում է հիվանդության բարենպաստ ելքի հավանականությունը և կրկնակի նվազում մահացությունը: Վիրահատության իմաստը անևրիզմայի վնասազերծումն է, որը «ռումբի» պես կարող է ցանկացած պահի պատռվել: Ներանոթային ճանապարհով անևրիզմայի խոռոչում տեղադրվում են միկրոպարույրներ: Հետագայում այդ միկրոպարույրների շուրջն առաջանում է սպիական հյուսվածք, և անոթի ամբողջականությունը վերականգնվում է: Վիրահատական միջամտությունը սովորաբար տևում է առավելագույնը երեք ժամ՝ կախված անևրիզմայի տեսակից և չափից:
– Այս վիրահատության հաջողվածությունն առավելապես կախված է բժշկի հմտությունների՞ց, թե՞ սարքավորումներից:
– Ժամանակակից նյարդավիրաբուժության մեջ երկուսն էլ համարժեք կարևորություն ունեն՝ և՛ սարքավորումները, և՛ մասնագետները: «Էրեբունի» բժշկական կենտրոնն այսօր ունի վերջին սերնդի հզոր սարքավորումներով հագեցած վիրասրահ՝ անգիոգրաֆիկ սենյակ, որն իր հզորությամբ նմանը չունի Հայաստանում: Մենք օգտագործում ենք համաշխարհային հայտնի ընկերությունների արտադրած գործիքները: Այստեղ աշխատում է մասնագիտացած, լավ պատրաստված թիմ:
– Վիրահատված երիտասարդն այժմ հետվիրահատական փուլում է, ինչպե՞ս է ինքնազգացողությունը, և առհասառակ, ինչպե՞ս է անցնում այդ փուլը:
– Անևրիզման վնասազերծելուց հետո դեռևս պահպանվում է արդեն կայացած արյունազեղման հետ կապված վտանգները: Այդ պատճառով բուժումը պետք է իրականացվի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի պայմաններում, որտեղ և գտնվում է հիվանդը:
– Հիմնականում ո՞ր տարիքային խմբում են հանդիպում գլխուղի զարկերակային անևրիզմաները:
– Հիմնականում հանդիպում են միջին և բարձր տարիքային խմբում: Միայն 2% դեպքերում են նրանք լինում բնածին: Նպաստող հիմնական գործոններն են՝ զարկերակային չվերահսկվող գերճնշումը, ծխելը, ժառանգական նախատրամադրվածությունը:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն