Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
ՀՀ ԱՆ մոտ քաղաքացիների ընդունելության կարգը

ՀՀ առողջապահության նախարարի N 1009-Լ հրամանը վերաբերում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպելուն...

ՀՀ առողջապահության նախարարի N 128 հրամանը

ՀՀ առողջապահության նախարարի 2001 թվականի մարտի 7-ի N 128 հրամանը սահմանում է ամբուլատոր-պոլիկլինիկական, մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատությունների միջոցով անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին և առանձին հիվանդություններով տառապող անձանց դեղերով ապահովելու կարգը...

Հայաստանի Հանրապետության Կառավարություն որոշում - 2009 թ.

 

2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրա­մի­ջոց­նե­րի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...

Կոնվենցիա դոպինգի դեմ (1989)

Դոպինգի դեմ կոնվենցիան ընդունվել է Եվրոպական Խորհրդի կողմից 1989 թվականի նոյեմբերի 16-ին, Ստրասբուրգում եւ ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2004 թվականի փետրվարի 18-ին (Ն-068-3)...

Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն (2002)

1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը ստորագրվել է , 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, Վարշավայում եւ վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի մայիսի 31-ին (Ն-281-3): Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 1-ին:
1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սույն Արձանագրության Մասնակից պետությունները, հաշվի առնելով, որ Կոնվենցիայի 4.3.դ և 7.3.բ հոդվածներում նշված դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչման վերաբերյալ ընդհանուր համաձայնությունը կբարձրացնի այդ ստուգումների արդյունավետությունը...

ՀՀ օրենքը "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին"

Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները...

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

 

Ընդունվել է 05.07.1995 (փոփոխություններով)

 

ԳԼՈՒԽ 1 ԳԼՈՒԽ 2 ԳԼՈՒԽ 3 ԳԼՈՒԽ 4 ԳԼՈՒԽ 5 ԳԼՈՒԽ 6 ԳԼՈՒԽ 7 ԳԼՈՒԽ 8 ԳԼՈՒԽ 9

 

ԳԼՈՒԽ 1

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ


Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:


Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:


Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:


Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:


Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

 

Հոդված 4. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

 

Հոդված 5. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա:


Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

 

Հոդված 6. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ օրենքներին:


Օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո: Այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:


Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:


Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով:

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցությունը:


Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին, իսկ գործելակերպը` ժողովրդավարության սկզբունքներին:
Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը:


Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը:

 

Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:


Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:


Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

 

Հոդված 8.2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

 

Հոդված 10. Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:

 

Հոդված 11. Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո:


Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը:

 

Հոդված 11.1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները:

 

Հոդված 11.2. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը:

 

Հոդված 11.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:


Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:


Հոդված 13. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:


Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում` վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով, եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը եւ առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն:


Դրոշի եւ զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով:


Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:


Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 


Հոդված 14. Մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

 

Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:


Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

 

Հոդված 15. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:


Հոդված 16. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետեւյալ դեպքերում`

 

  1. անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար իրավասու դատարանի կողմից.
  2. անձը չի կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած կարգադրությունը.
  3. օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով.
  4. առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.
  5. անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու այլ մարմին ներկայացնելու նպատակով.
  6. վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով կամ հոգեկան հիվանդ, գինեմոլ, թմրամոլ կամ թափառաշրջիկ անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով.
  7. Հայաստանի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

 

Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում` նաեւ մեղադրանքի մասին: Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին:


Եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:


Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով պատճառված վնասի հատուցման: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ազատությունից զրկման կամ խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը բողոքարկելու վերադաս դատական ատյանում:


Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:


Մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

 

Հոդված 17. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաեւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք:


Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական եւ այլ փորձերի:

 

Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:


Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:


Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին:

 

Հոդված 19. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:


Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ դրա մի մասում կարող է արգելվել:

 

Հոդված 20. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:


Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք:


Յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման իրավունք:


Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք:
Տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 21. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:


Հոդված 22. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:


Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:


Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով:


Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:


Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:


Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:


Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:

 

Հոդված 23. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:


Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:


Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:


Յուրաքանչյուր ոք ունի իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման եւ իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք:


Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ:

 

Հոդված 24. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:


Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: դատարանի որոշմամբ:

 

Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:


Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:


Յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք:

 

Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը:


Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:

 

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:


Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:


Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է:


Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը:

 

Հոդված 27.1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

 

Հոդված 28. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում` արհեստակցական միություններ կազմելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:


Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:


Կուսակցություններ եւ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ:


Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ կուսակցության կամ միավորման:


Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:

 

Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:


Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ սահմանադրական դատարանի անդամների կողմից այդ իրավունքների իրականացման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն օրենքով:

 

Հոդված 30. Հայաստանի Հանրապետության` տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:


Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:


Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները:

 

Հոդված 30.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարման կարգը սահմանվում է օրենքով:
Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաեւ քաղաքացիությունը փոխելու իրավունքից:


Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:


Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 30.2. Քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության ընդունվելու իրավունք:
Հանրային ծառայության սկզբունքները եւ կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 31. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը:


Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:


Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:


Հողի uեփականության իրավունքից չեն oգտվում oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի:


Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

 

Հոդված 31.1. Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ` ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ:

 

Հոդված 32. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն:


Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի եւ օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաեւ անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:


Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը եւ սահմանափակումները սահմանվում են օրենքով:

 

Մինչեւ 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:


Հարկադիր աշխատանքն արգելվում է:

 

Հոդված 33. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը եւ ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:


Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:


Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:

 

Հոդված 33.2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:


Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:

 

Հոդված 34. Յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում` բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար:

 

Հոդված 35. Ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է:


Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:


Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի եւ նոր ծնված երեխայի խնամքի կամ երեխայի որդեգրման համար արձակուրդի իրավունք:

 

Հոդված 36. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման եւ կրթության համար:


Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում:


Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողների համար:

 

Հոդված 37. Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձեւերը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 38. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը եւ մատուցման կարգը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 39. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:


Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:


Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:


Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով:


Ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:


Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք` օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆինանսական եւ այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին:

 

Հոդված 40. Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:

 

Հոդված 41. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային եւ էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք:


Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք: Հոդված 42. Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները չեն բացառում օրենքներով եւ միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ եւ ազատություններ:


Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:


Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն:


Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

 

Հոդված 42.1. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

 

Հոդված 43. Մարդու եւ քաղաքացու` Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:


Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները:


Հոդված 44. Մարդու եւ քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Սահմանադրության 15, 17-22 եւ 42-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ` արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

 

Հոդված 45. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:


Հոդված 46. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

 

Հոդված 47. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:


Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:


Հոդված 48. Տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են`

 

  1. պաշտպանել եւ հովանավորել ընտանիքը, մայրությունը եւ մանկությունը.
  2. նպաստել բնակչության զբաղվածությանը եւ աշխատանքի պայմանների բարելավմանը.
  3. խթանել բնակարանային շինարարությունը, նպաստել յուրաքանչյուր քաղաքացու բնակարանային պայմանների բարելավմանը.
  4. իրականացնել բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստել արդյունավետ եւ մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը.
  5. նպաստել երիտասարդության մասնակցությանը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին.
  6. խթանել ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացումը.
  7. ) իրականացնել հաշմանդամության կանխարգելման եւ բուժման ծրագրեր, խթանել հաշմանդամների մասնակցությունը հաuարակական կյանքին.
  8. նպաստել անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթության զարգացմանը.
  9. նպաստել գիտության եւ մշակույթի զարգացմանը.
  10. իրականացնել ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն.
  11. նպաստել ազգային եւ համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը.
  12. ապահովել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը:

 

Պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել սույն հոդվածում ամրագրված խնդիրների իրականացման համար:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ 


Հոդված 49. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:


Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:


Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է:


Հոդված 50. Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:
Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:


Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

 

Հոդված 51. Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:


Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:


Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:


Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
Եթե Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ սահմանադրական դատարանը գործ է ընդունում քննության, ապա որոշում պետք է կայացնի դիմումը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:


Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` քառասուներորդ օրը:


Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը:
Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո` քսաներորդ օրը:

 

Հոդված 52. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` քառասուներորդ օրը:


Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը:


Հոդված 53. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` քառասուներորդ օրը:

 

Հոդված 53.1. Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` քառասուներորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն:

 

Հոդված 54. Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի:»:

 

Հոդված 55. Հանրապետության Նախագահը`

 

  1. ուղերձով դիմում է ժողովրդին եւ Ազգային ժողովին.
  2. Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն:
    Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.
  3. Սահմանադրության 74.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով արձակում է Ազգային ժողովը եւ նշանակում արտահերթ ընտրություն.
  4. Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
    Հանրապետության Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին:
    Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը.
  5. օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
  6. կազմավորու...

 

Բժշկության առաջընթացը մեծագույն բարիք է մարդկության համար, բայց շատ հաճախ է այն կախված անթույլատրելի, անբարոյական, նույնիսկ նաև հանցավոր գործունեության հետ` մարդկանց վրա փորձառություններից:

Գեորգի Ռաթներ

 

Բժշկությունը սերվում է գիտությունից ու արվեստից, իսկ նրանք լվացվում են հերոսության քողով:

Գ. Գլյազեր

 

Բժշկությունը փիլիսոփայության քույրն է:

Դեմոկրատ

 

Բժշկությունն արվեստ է հիվանդության ախտանիշների մասին եզրահանգումներ անելու` հիմնվելով մահվան պատճառի վրա:

Էժեն Իոնեսկո

 

Բժշկությունը կասկածելի գիտություն է, ավելի շուտ` արվեստ է, ուրիշի հետազոտությունների արդյունքներն օգտագործել սեփական պրակտիկայում:

Միգել դե Ունամունո

 

Ինչ է պահանջվում բժշկությունից: Շատ «քիչ» բան` ճիշտ դիագնոզ և լավ բուժում:

Ն. Մ. Ամոսով

 

Բոլոր գիտություններից բժշկությունն ամենաազնվագույնն է:

Հիպոկրատ

 

Ֆիզիոլոգիան գիտություն է` ընդունակ մարդուն բացատրելու, ինչով են զբաղված ներքին օրգանները, քանի նա ապրում է:

Գ. Ռաթներ

 

Բժշկությունը գիտությունների թագուհին է, չէ՞ որ առողջությունն անվերապահ անհրաժեշտություն է համայն երկրում ամեն մեծության և գեղեցկության…

Ֆ. Պ. Հաազ

 

 

Ամեն մարդ երկու դաստիարակություն է ստանում. մեկը նրան տալիս են ծնողները` հաղորդելով իրենց կենսափորձը, մյուսն` ավելի կարևորը, նա ինքն է ստանում:

Թելման

 

Ծեծն ու նախատինքը նման են հաշիշին. զգայունությունը նրանց հանդեպ արագ բթանում է ու դոզան ստիպված կրկնապատկում ես:

Բիչեր Սթոու

 

Մարդկանցից ծառայություններ պետք է պահանջել ոչ թե մեր ցանկացածի, այլ իրենց հնարավորությունների չափով:

Անհայտ հեղինակ

 

Սկզբում ապրում ես մի շրջան, երբ հավատում ես ամեն ինչի, առանց որևէ հիմքի, ապա` մի կարճ ժամանակ` ոչ ամեն ինչի, հետո չես հավատում ոչ մի բանի, իսկ հետո նորից` ամեն ինչի: Եվ, ըստ որում, հիմքեր ես գտնում, թե ինչու ես հավատում ամեն ինչի…

Անհայտ հեղինակ

 

 

Բժի’շկ, բուժի’ր ոչ թե հիվանդությունն, այլ` հիվանդին:

Անհայտ հեղինակ

 

Բժիշկը սխալվելու իրավունք չունի, քանի որ դրանից է կախված հիվանդի առողջությունն ու կյանքը:

Վ. Յ. Դալինևսկի

 

Ով լավ ախտորոշում է, նա լավ բուժում է:

Անհայտ հեղինակ

 

Բարեխիղճ բժիշկը` մինչև հիվանդին բուժում նշանակելը, պետք է իմանա ոչ միայն հիվանդությունն, այլև առողջ ժամանակ նրա սովորություններն ու մարմնի առնձնահատկությունները:

Մարկ Տուլիում

 

Մարդն իրավունք չունի լինելու վատ բժիշկ, չէ՞ որ բժշկին է վստահվում ամենաթանկը` կյանքն ու առողջությունը:

Մաքսիմ Պյոտրի Կոնչալովսկի

 

Բժշկի աշխատանքն, իրավամբ, ամենաարտադրողն է. կանխարգելելով կամ վերադարձնելով առողջությունը, բժիշկը վերականգնում է հասարակության բոլոր այն ուժերը, որոնք կկորսվեին` առանց նրա հոգածության:

Ն. Գ. Կոնչալովսկի

 

Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից:

Վոլտեր

 

Ոչինչ նախապես հնարավոր չէ իմանալ: Մահացու հիվանդ մարդը կարող է կրել առողջի մահը: Կյանքը շատ արտասովոր բան է… Միշտ էլ դժվար է հավատալ` արտաքին տեսքից անվնաս թվացող հիվանդությունը կարող է լինել վտանգավոր: Բժիշկը միշտ պիտի հուսա, այդպիսին է նրա մասնագիտությունը:

Է. Մ. Ռեմարկ

 

Բժիշկը փիլիսոփա է. չէ՞ որ չկա մեծ տարբերություն իմաստնության և բժշկության միջև:

Հիպոկրատ

 

Բժիշկ և մանկավարժ - երկու զբաղմունք, որոնց համար սերը դեպի մարդիկ պարտադիր հատկություն է:

Ն. Մ. Ամոսով

 

Սովորել` դառնալու բժիշկ - կոչվում է սովորել` լինելու մարդ: Բժշկի համար բժշկությունն, իրավամբ, ավելին է, քան մասնագիտությունը - այն ապրելակերպ է:

Ա. Ֆ. Բիլիբին

 

Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, նա պայքարող ճակատային զինվոր է` հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործող լի կյանքի, հանուն խաղաղության: Նրան, իրավամբ, կարելի է համարել ժամանակակից կյանքի առաջնորդներից:

Բ. Գ. Պետրովսկի

 

Բժիշկները հաճախ մոռանում են, որ պետք է հատուկ նշանակություն տալ ուղեղի ենթագիտակցական համակարգին, ասել կուզե` երկրորդային ազդանշանային համակարգով ազդող խոսքային թերապիային:

Ա. Գ. Իվանով-Սմոլենսկի

 

Իհարկե’, պետք է ձգտել բժշկության տեխնիկական առաջընթացին, բայց այնպես, որ չմոլորեցնել բժշկի թանկարժեք որակը - սրտակցությունը, սերը դեպի մարդիկ, մարդկայնությունը: Չնայած տեխնիկական զինվածությանը, բժշկությունը չի դադարում լինել բժշկական անհատականություն:

Ա. Ֆ. Բիլիբին

 

Ով ոտք է դնում բժշկի ուղին, պիտի լինի բարձր բարոյա-էթիկական մարդկային որակ: Երիտասարդ բժիշկը ստիպված է լինում կյանքում երկու հիմնական քննություն բռնել. հաջողության փորձություն և անհաջողության փորձություն: Առաջինը վտանգվում է ինքնամեծարմամբ, երկրորդը` հոգու պարտությամբ: Այդ փորձությունների հանդեպ կայունությունը կախված է բժշկի անհատականությունից, համոզմունքներից, մտավոր և բարոյական սկզբունքներից: Չէ՞ որ կարևոր է ոչ միայն ինքնաճանաչումն ու հիվանդության բուժումը, այլև հիվանդի հոգեկան աշխարհ ներթափանցելու կարողությունը: Հենց դրանում է արտահայտվում բժշկի իսկական հումանիզմը:

Ի. Ա. Կասիրսկի

 

Հիվանդի հանդեպ բժշկի վերաբերմունքում արգելվում է` հակակրանքը, դյուրագրգռությունը, անհամբերությունը, մոռացկոտությունը:

Ա. Վ. Գուլյաև

 

Մարդն իրավունք ունի լինել վատ նկարիչ կամ վատ հյուսն, բայց իրավունք չունի լինել վատ բժիշկ:

Վ. Յ. Դանիլևսկի

 

Լավ բժիշկը միշտ հետազոտող է, եթե ոչ լաբորատորիայում, ապա հիվանդի անկողնու մոտ:

Վ. Ա. Մանասեին

 

Վատն է այն բժիշկը, որի մոտ հիվանդն այցելելուց հետո շարունակում է վատ զգալ:

Գ. Ա. Զախարին

 

Բժշկին անթույլատրելի է արտահայտելու իր տարակուսանքները հիվանդության բարեհաջող ելքի մասին: Նա պետք է խնայի հիվանդին և շրջապատողներին, որոնցից երբեմն ստիպված ես թաքցնել իսկությունը` ի շահ հիվանդի:

Ս. Պ. Բոտկին

 

Նա, ով ընտրել է բժշկի աշխատանքը, պետք է երդում տա, որ ազնիվ կծառայի իր ժողովրդին:

Ն. Ի. Պիրոգով

 

Բժիշկ դառնալու համար պետք է լինել անշահախնդիր մարդ:

Դ. Ս. Սամոյլևիչ

 

Պետք չէ լինել միջակ բժիշկ: Ավելի լավ է ոչ մի բժիշկ, քան` վատ բժիշկ:

Մ. Յ. Մուդրով

 

Սերը դեպի բժշկման արվեստը` դա հենց սերն է մարդկության հանդեպ:

Հիպոկրատ

 

Լավ բժիշկը պետք է փիլիսոփա լինի:

Գալեն

 

Բժիշկը պետք է պահպանի ձեռքերը` մաքուր, իսկ խիղճն` անբիծ:

Հիպոկրատ

 

Սկսնակ բժիշկը դուրս է գրում քսանական դեղամիջոց ամեն հիվանդության դեմ, փորձառու բժիշկը` մեկ դեղամիջոց քսան հիվանդության դեմ:

Ուիլիամ Օսլեր

 

Բժիշկը տեսնում է մարդուն իր ողջ թուլությամբ, իրավաբանը` իր ողջ սրիկայությամբ, թեոլոգը` իր ամբողջ հիմարություններով:

Արթուր Շոպենհաուեր

 

Բժշկից և մանկավարժից պահանջում են հրաշք, իսկ եթե նա կայանում է` ոչ-ոք չի զարմանում:

Մարիա Էբներ-Էշենբախ

 

Ես չեմ բուժում, ես օգնում եմ հիվանդին` բուժվելու:

Ս. Կօլպակով

 

Բավարար չէ լինել բժիշկ, պետք է նաև օգնել իմանալ:

Բ. Բրեխտ

 

Տաղանդավոր բժիշկները մարդու անատոմիայի ճշգրիտ իմացությանը տալիս են բացառիկ կարևորություն:

Արիստոտել

 

Բժիշկը պետք է տիրապետի հզոր տաղանդի, կարողանա որսալ իր նշանակության ամենանուրբ կողմերը, և այս ամենը կմնա անպտուղ, եթե նրան չունենա հիվանդի հոգին գրավելու ու իրեն ենթարկեցնելու ունակություն:

Վիկենտի Վիկենտիի Վերեսաև

 

Բժշկի առաջին պարտականությունն է` չվնասել սեփական ձեռքերով, չխանգարել բնության բնական բուժիչ ազդեցությանը:

Գալեն

 

Ըստ երևույթին բժշկի ողջ հրաշքը կայանում է հիվանդի հանդեպ ուշադրության ուժի մեջ: Այդ ուժով պոետները մարմնավորում են բնությունը, իսկ բժիշկները հիվանդներին բարձրացնում են անկողնուց:

Միքայել Միքայելի Պրիշվին

 

Հնարավոր չէ բուժել մարմինը` չբուժելով հոգին:

Սոկրատես

 

Ոչինչ անյպես չի բուժում մեզ, ինչպես բժշկական գաղտնիքը:

Լեոնիդ. Ս. Սուխորուկով

 

Բժշկի կոչումը, դա կյանքից սովորելու և անընդհատ կատարելագործվելու կամքն է:

Իպոլիտ ՎասիլիԴավիդովսկի

 

Բժշկի ներկայությամբ ամեն ինչ թույլատրելի է:

Անհայտ հեղինակ

 

Բժիշկը բնության օգնականն է:

Գալեն

 

Ոչ մի մասնագիտություն այդքան հոգեկան ապրումներ չի տանում, որքան բժշկությունը:

Անտոն Պավելի Չեխով

 

Երբ բժիշկը չի կարող օգուտ տալ, թող չվնասի:

Հիպոկրատ

 

Ոչ միշտ է հիվանդի բուժումը բժշկի իշխանության տակ:

Օվիդիում (Պուբլիում Օվիդիում Նազոն)

 

Հիվանդին …. Պետք է լինի բժշկի սրտի և իմացության հիմնական շարժիչը:

Տադեուշ Կելանովսկի

 

Լավ բժշկին, ինչպես լավ կապիտանին, իրավամբ ճանաչում ես փոթորիկի ժամանակ, վտանգի րոպեներին: Իսկական բժիշկը նա է, ով մտածմունքների ու կասկածների պահին չի կորցնում զսպվածությունը և կարողանում է ազդել հիվանդի և նրան շրջապատող մարդկանց վրա …

Վլադիսլավ Բեգանսկի

 

Բժշկի դեմքի ուրախ արտահայտությունը հիվանդի առողջացման սկիզբն է:

Ֆերնանդո դե Ռոխաս

 

Եթե բժշկի հետ զրուցելուց հետո հիվանդը չի թեթևանում, ուրեմն նա բժիշկ չէ:

Վլադիմիր Բեխտերև

 

Բժշկության մեջ հիմնական դեղամիջոցը ինքը` բժիշկն է:

Անատոլի Կեմպինսկի

 

Ինչքան լավն է բժիշկը, այնքան շատ գիտի անօգտակար դեղամիջոցների մասին:

Բենջիամին Ֆրանկլին

 

Լավատեսական կեղծիքը այն աստիճան է անհրաժեշտ բժշկության մեջ, որ բժիշկը, որը չի կարող անկեղծորեն ստել, ընտրել է ոչ այն մասնագիտությունը:

Ջորջ Բեռնարդ Շոու

 

Եթե ես բժիշկ եմ, ուրմեն ինձ պետք են հիվանդներ ու հիվանդանոց:

Անտոն Չեխով

 

Արագ, անվտանգ ու հաճելի (պետք է բուժի բժիշկը):

Ցելս Ավլ Կոռնելի

 

Կյանքը կարճէ, արվեստի ճանապարհը` երկար, հարմար պահը` կարճատև, փորձը` խաբուսիկ, եզրահանգումը` դժվար: Դրա համար ոչ միայն ինքը` բժիշկը, պետք է օգտագործի այն ամենն, ինչ անհրաժեշտ է, այլև հիվանդը, նրան շրջապատողները, և ողջ արտաքին իրավիճակը պիտի նպաստի բժշկին` իր գործունեության մեջ:

Հիպոկրատ

 

Լավ բժշկի դեղատոմսը ոչ թէ դեղատանն է, այլ նրա սեփական գլխում:

Վասիլի Օսիփի Կլյուչևսկի

 

Հիվանդության բացահայտումն արտաքին տեսքից` աստծո տված է, պուլսով հետազոտելը` արվեստ:

Պյան Չիաո

 

Վտանգավոր պահերը, որպես օրենք, հանկարծակի են: Նույնիսկ ամենամեծ փորձը ոչ միշտ կարող է հուշել` ինչպես վարվել, երբ չկա մտածելու ժամանակ: Հաջողության աստվածն է` հոգով ուժեղ լինելը, հնարամիտությունն ու վճռականությունը:

Մ. Կամինսկի

 

Թող վիրաբույժն առաջին հերթին գործի խելքով ու աչքերով, հետո միայն` զինված ձեռքերով:

Անհայտ հեղինակ

 

Արա հիվանդի հետ միայն այն, ինչ կանեյիր նման դեպքում քեզ կամ քո մերձավորին:

Ն. Ն. Պետրով

 

Վարվիր հիվանդի հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեին քեզ հետ` հիվանդ պահերին:

Հիպոկրատ

 

Ինչ տուն էլ մտնեմ, կմտնեմ միայն հօգուտ հիվանդի:

Հիպոկրատ

 

Եթե մենք մեր հանդեպ լինենք պահանջկոտ, ապա ոչ միայն հաջողությունները, այլև սխալները կդառնան գիտելիքների աղբյուր:

Հիպոկրատ

 

Լավացրու հոգիները գիտություններով, որպեսզի առաջ շարժես:

Աբու Ալի Իբն Սինա

 

Լուսավորելով ուրիշներին` վառվում եմ ինքս:

Ն. Վան-Տուլպ

 

Չպետք է բուժել հիվանդությունը, այլ պետք է բուժել հիվանդին, նրա ընդհանուր համակարգը, նրա օրգանիզմը, նրա ուժերը:

Մ. Յա. Մուդրով

 

Լինել երջանիկ ուրիշի երջանկությամբ - ահա յուրաքանչյուրի իսկական երջանկությունը կյանքում, ով իրեն նվիրաբերում է բժշկագիտությանը:

Ն. Ի. Պիրագով

 

Հետևել հիվանդ մարդու մտքերին` հեշտ արվեստ չէ, այն հնարավոր չէ սովորել, եթե «չմարզվես» վաղ տարիներից:

Ն. Ի. Պիրագով

 

Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե նա չունի հիվանդի հոգին գրավելու ու ենթարկեցնելու ընդունակություն:

Վ. Վ. Վերեսարև

 

Հաղթել ինքդ քո հանդեպ հավատին` բավարար չէ մեկ անգամ, ստիպված ես անընդհատ պայքարել նրա համար, անընդմեջ հետևել հիվանդի և նրա շրջապատի հոգեկան իրավիճակին:

Վ. Վ. Վերեսաև

 

Աշխատել պետք է անընդմեջ, բժիշկը պիտի մշտապես կատարելագործվի:

Ա. Ա. Կիսել

 

Վիրաբուժական աշխատանքը երկու կարևոր հենք ունի. ձեռքի աշխատանքի արվեստ և գիտական մտածելակերպ. մեկն առանց մյուսի անպտուղ կլինի:

Ս. Ս. Յուդին

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ