Միզային համակարգ
Դիալիզը փոխարինող թերապիա է, և այն կարող է երկարացնել մարդու կյանքը. էքստրակորպորալ դետոքսիկոլոգ Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ, էքստրակորպորալ դետոքսիկոլոգ Ռաֆայել Ֆելիքսի Բաղդասարյանը:
– Որքա՞ն վաղուց է իրականացվում դիալիզային բուժումը:
– Դիալիզը շուրջ մեկդարյա պատմություն ունի, սակայն կլինիկական կիրառությունը սկսվել է XX դարի 50-ական, իսկ հայաստանում` 70-ական թվականներից: Սկզբնական շրջանում բուժումն իրականացվում էր Վիրաբուժության ինստիտուտում: Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո կտրուկ զարգացում է նկատվել այս ծառայության ոլորտում:
1988 թվականից կազմավորվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքը Հոլանդիայի և Բելգիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ: Զուգահեռաբար, հեմոդիալիզի բաժանմունքներ կազմավորվել են Գյումրիում և Վանաձորում:
– Ի՞նչ է հեմոդիալիզը:
– Կարելի է ասել կենսակերպ. հիվանդը շաբաթական 3 անգամ պետք է հաճախի հեմոդիալիզի բաժանմունք և առնվազն 4-ական ժամ ստանա անհրաժեշտ միջամտությունը: Այսինքն՝ «մենք» աշխատում ենք նրա երիկամների փոխարեն: Սա է հեմոդիալիզի հիմնական էությունը:
– Ի՞նչ խնդիրների դեպքում է միջամտությունը դառնում անխուսափելի:
– Քրոնիկ երիկամային բոլոր հիվանդությունների վերջնակետը սահմանային քրոնիկ երիկամային անբավարարությունն է, որի ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կյանքը երկարացնել հեմոդիալիզի միջոցով:
Սահմանային երիկամային անբավարարության կարող են հանգեցնել շաքարային դիաբետը, պարբերական հիվանդությունը, արյան զարկերակային գերճնշումը, մի շարք համակարգային հիվանդություններ և այլն:
– Հիվանդը կարո՞ղ է խույս տալ հեմոդիալիզից:
– Թեև քիչ դեպքերում է հնարավոր խույս տալ որպես անխուսափելի բուժման միջոց, սակայն նրան հանգեցնող հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումը և բուժումը կարող է հետաձգել, իսկ որոշ դեպքերում` վերացնել հետագա դիալիզային բուժման անհրաժեշտությունը։
Դիալիզային բուժման հետաձգումը պետք է ինքնանպատակ չլինի, քանի որ ապացուցողական բժշկագիտությամբ հաստատված է. հեմոդիալիզային բուժման ժամանակին սկսելը կտրուկ իջեցնում է հիվանդների մահացությունը, պահպանում նրանց կյանքի որակը։
Դիալիզային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների քանակն անընդհատ աճում է։ Դա է վկայում նաև միջազգային վիճակագրությունը։ Այստեղ բժշկագիտության զարգացումն ունի բազմակի ազդեցություն։
Մի կողմից` սահմանային երիկամային անբավարարության հանգեցնող հիվանդությունների որակյալ ախտորոշումը և բուժումը, ինչպես նաև օրգանների փոխպատվաստման զարգացումը նվազեցնում դիալիզային բուժման կարիք ունեցող հիվանդների քանակը։ Մյուս կողմից, մարդու, այդ թվում նաև արդեն դիալիզային բուժում ստացող հիվադների կյանքի տևողության երկարումը բերում է հեմոդիալիզային բուժման կարիք ունեցող հիվանդների թվի ավելացման: Այսպես է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև` Հայաստանում:
– Ե՞րբ է անհրաժեշտ սկսել հեմոդիալիզային բուժումը:
– Ինչպես և ցանկացած բուժական միջոց, այն ունի իր ցուցումները։ Օրինակ, երբ նվազել է երիկամների կծիկային ֆիլտրացիայի արագությունը՝ 15 մլ/ր-ից, ինչը նորմայում 80-120 մլ/ր է:
– Ինչպե՞ս է ընթանում միջամտությունը:
– Պլանավորված տարբերակում նախապես նախաբազկի շրջանում փոքրիկ և անվտանգ վիրահատություն է կատարվում` զարկերակ-երակային ֆիստուլավորում, ինչը տալիս է մեկ երակի լայնացման հնարավորություն: Այն իրականացնում են միկրովիրաբույժները կամ անոթային վիրաբույժները: Վիրահատությունից հետո մեկ-երկու ամիս անց սկսվում է բուժումը ծրագրային հեմոդիալիզի եղանակով։ Պայմանավորված ժամին պացիենտը ներկայանում է, և երակի միջոցով միացվում է սարքին։ Սկսվում է միջամտական փուլը: Ամբողջ ընթացքում նա գտնվում է բաժանմունքի անձնակազմի հսկողության տակ:
– Ինչպե՞ս պատրաստվել հեմոդիալիզի:
– Առանձնապես նախապատրաստում չի պահանջվում։ Ցանկալի է նախքան հեմոդիալիզային բուժումը պատվաստվել հեպատիտ Բ-ի դեմ, քանի որ միջամտությունն անմիջական կապ ունի արյան հետ և անհրաժեշտ է հնարավորինս բացառել արյան միջոցով փոխանցվող հիվանդությունները: Այն կատարվում է անվճար: Հիվանդի շահերից է բխում նաև հոգեբանորեն հեմոդիալիզային բուժմանը պատրաստ լինելը:
– Ցավո՞տ է միջամտությունը:
– Ո՛չ, այնքանով, որքանով երակը ծակելը կարող է լինել ցավոտ:
– Պացիենտի ինքնազգացողությունը հեմոդիալիզից առաջ և հետո...
– Ինքնազգացողության հետ որևէ բան չի կատարվում՝ ոչ առաջ, ոչ` հետո: Իհարկե՛, խոսքը սննդակարգը պահպանող պացիենտին է վերաբերում: Շատ դեպքերում հիվանդները չեն պահպանում ջրային և սննդային ռեժիմը: Յուրաքանչյուր հիվանդի համար բժիշկը հաշվարկում է համապատասխան իդեալական քաշի ցուցանիշ, ինչն իրավունք ունի տատանվել 3-5 տոկոսից ոչ ավելի՝ ըստ եվրոպական տվյալների: Շատ պացիենտներ խախտում են դա, ինչի պատճառով հեմոդիալիզի սեանսի վերջում լինում են վերջույթների ձգման երևույթներ, ճնշման անկում, թուլության զգացում: Ինքնազգացողության որևէ այլ փոփոխություն պացիենտները չեն նշում:
– Հեմոդիալիզի սեանսներ ստանալու ընթացքում պացիենտները կարո՞ղ են աշխատել:
– Աշխատունակության վրա բուժման ընթացքը, ինչ խոսք, ազդում է: Սակայն ասել, որ նրանք աշխատունակ չեն, ճիշտ չէ: Այստեղ նույնպես կարևորվում է այն փաստը, թե ինչպես է հիվանդն իրեն հետևում: Նա հասարակության համար լիարժեք անդամ է: Կան նույնիսկ հեմոդիալիզով ապրող մարզիկներ, ովքեր լեռնային հեծանվասպորտով են զբաղվում…
– Դիալիզը միա՞կ ելքն է:
– Այո, միակ ելքն է: Երբ հիվանդի մոտ երիկամներն արդեն չեն կարող ապահովել իրենց գործառույթները և կյանքի համար անհամատեղելի վիճակ է ստեղծվել, դիալիզը փոխարինող միակ թերապիան է, որը կարող է երկարացնել մարդու կյանքը:
– Կախյալություն առաջացնու՞մ է հեմոդիալիզը:
– Հեմոդիալիզը կախյալություն չի առաջացնում, ավելին` սուր երիկամային անբավարարության ժամանակ բուժման կարևորագույն և միակ միջոցն է. պացիենտի մոտ սեփական երիկամների փոխարեն աշխատում են արհեստական երիկամները, ինչը նաև սեփական երիկամների համար շանս է «հանգստանալու» և վերստին գործելու: Այս պահին ունենք սուր երիկամային ախտորոշմամբ հիվանդ, ում մոտ երիկամները սկսել են գործել, և շուտով նրան կհանենք հաշվառումից: Սուր երիկամային անբավարարություն կարող է առաջանալ ցանկացած առողջ մարդու մոտ` անգամ ջերմության բարձրացումից, և ո՛չ միայն: Բուժումից հետո մարդը վերադառնում է լիարժեք կյանք: Հեմոդիալիզն, անշուշտ, վախ է առաջացնում, ինչն իր հիմքերն ունի, սակայն չետք է մոռանալ, որ այն վերջին տասնամյակներում որակապես փոխվել է և նվազագույնի են հասցվել բարդությունները։
– Անհրաժեշ՞տ է, արդյոք, պահպանել սննդակարգ հեմոդիալիզային բուժման ժամանակ:
– Հեմոդիալիզ ստանող հիվանդի սննդակարգը շատ ավելի լայն է, քան նույն պացիենտինը նախքան դիալիզային բուժումը: Նեֆրոլոգի կողմից նշանակված թերսպիտակուցային՝ խնայող սննդակարգը, ավելի շատ «չիկարելիներ» է պարունակում, քան մենք պարտադրում ենք հեմոդիալիզ ստանող պացիենտներին:
– Ձեր խորհուրդը:
– Եթե հիվանդությունը զարգանում է և դիալիզային բուժումն անխուսափելի է, ապա հոգեբանորեն տրամադրվեք դրան: Այցելեք բաժանմունք, ստացեք համապատասխան խորհրդատվություն։ Ժամանակին իրականացվող հեմոդիալիզը հնարավորություն է տալիս պահպանել սեփական երիկամների մնացորդային, թեկուզ և չնչին գործառույթները, շեշտակի իջեցնում է բարդությունների, այդ թվում նաև ամենաանցանկալի հավանականությունը:
– Ի՞նչ այլ մեթոդներ են իրականացվում բաժանմունքում
– Բաժանմունքում իրականացվում է նաև մեկ այլ էքստրակորպորալ դետոկսիկացիոն մեթոդ` պլազմաֆերեզ, որի կիրառությունը բժշկության մեջ նորություն չէ և տասնամյակներ շարունակ նա ապացուցում է իր արդյունավետությունն ու անվնասությունը։ Այն կիրառվում է բժշկության բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են գինեկոլոգիան, թոքաբանությունը, էնդոկրինոլոգիան և այլն։
Կարդացեք նաև
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն