Միջոցառումներ
Կայացավ Վիկտոր Տեր-Գրիգորյանի սուր կորոնար համախտանիշին նվիրված դասախոսությունը
«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը փետրվարի 20-ին Հայաստանի ամերիկյան բիզնես-կենտրոնում կազմակերպեց «Կլոպիդոգրելը սուր կորոնար համախտանիշի ժամանակ» թեմայով կոնֆերանս-դասախոսություն: «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց իր ելույթին հարող մի քանի հարցեր:
– Սուր կորոնար համախտանիշը սիրտ-անոթային հիվանդությունների ընդհանուր վիճակագրության մեջ ի՞նչ բաժին ունի:
– Սուր կորոնար համախտանիշ կարող է զարգանալառանց ST էլևացիայի (անկայուն ստենոկարդիա և սրտամկանի ինֆարկտ` առանց ST էլևացիայի) և ST էլևացիայով (սրտամկանի ինֆարկտ` ST էլևացիայով)։ Համաձայն GRACE ռեգիստրի` անկայուն ստենոկարդիան կազմում է դեպքերի 38%-ը, սրտամկանի ինֆարկտն առանց ST էլևացիայի`25%-ը, իսկ սրտամկանի ինֆարկտը ST էլևացիայով` դեպքերի 30%-ը։
Այսպիսով` կարելի է ասել, որ առանց ST էլևացիայի սուր կորոնար համախտանիշը`ավելի ստույգ, անկայուն ստենոկարդիան և սրտամկանի ինֆարկտն առանց ST էլևացիայի հանդիպում է երկու անգամ ավելի, քան սրտամկանի ինֆարկտը ST էլևացիայով։ Բացի այդ. անկայուն ստենոկարդիան` որը պոլիվալենտ հիվանդություն է, իր մեջ ներառում է de novo ստենոկարդիան, պրոգրեսիվող ստենոկարդիան և վաղ հետինֆարկտային ստենոկարդիան։
Երկար տարիներ` լինելով Երևան քաղաքի գլխավոր սրտաբան, մշտապես զարմացել եմ, որ մեր երկրում անկայուն ստենոկարդիայով, այսինքն, ժողովրդական լեզվով ասած` նախաինֆարկտային վիճակում գտնվող հիվանդը պետպատվերով չի սպասարկվում: Անպայման պետք է փաստվի ինֆարկտը, այսինքն` դառնա հաշմանդամ, հետո միայն պետությունը մտածի հիվանդի մասին: Հիվանդությունից հետո առնվազն մեկ տարի հիվանդին թոշակ է հատկացվում, իսկ գուցե այդ թոշակը նախապե՞ս տրամադրվի սուր վիճակում գտնվող հիվանդին, պետպատվերի շրջանակում նա ստանա անհրաժեշտ բուժում, որ ստիպված չլինի անցնելու այդ ամենի միջով. կկանխվի ինֆարկտը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր պետությունը ֆինանսապես վատ վիճակում է գտնվում, բայց, բոլոր դեպքերում, կարելի է լուծում գտնել: Ի վերջո, եթե հիվանդությունից հետո հիվանդին տրամադրվող նպաստը նախապես հատկացվի նրա բուժմանը, գուցե կկանխվի հաշմանդամության առաջացումը` դրանով իսկ կանխելով հետագա է´լ ավելի ֆինանսներ պահանջող ծախսերը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի գիտական ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյան
|
– Որքանո՞վ է վտանգավոր հիվանդությունը, մահվան ելքով ավարտվող հիվանդությունների շարքում ի՞նչ տեղ է զբաղեցնում:
– Պետք է ցավով ասեմ, որ սուր կորոնար համախտանիշի ժամանակ հաշմանդամության և մահվան ելքերը նույնքան շատ են, որքան միոկարդի զանգվածային ինֆարկտի ժամանակ: Մահվան ելքերը տվյալ համախտանիշի առկայության դեպքում 10-15% են կազմում: Միայն անվանումը` ՍՈՒՐ ԿՈՐՈՆԱՐ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ, արդեն խոսում է այն մասին, որ հիվանդը մի քայլ է հեռու «անդունդի եզրից»: Ամբողջ աշխարհում այս համախտանիշով հիվանդների քիչ տոկոսն է դիմում բժշկի, մեզ մոտ` ելնելով ֆինանսական վիճակից, շատ ավելի քիչ:
– Կարո՞ղ եք ներկայացնել Հայաստանում վերջին երկու տարում սիրտ-անոթային հիվանդությունների տենդենցին վերաբերող վիճակագրական տեղեկատվություն:
– Միանշանակ` տենդենցն աճող է: Օրեցօր շատանում է այս համախտանիշով տառապողների թիվը:
– Որպես սուր կորոնար համախտանիշի պատճառ ի՞նչը կարող եք մատնանշել:
– Կարևոր պատճառներից է մարդկանց անլուրջ մոտեցումը հիվանդություններին: Մարդիկ չեն հասկանում, կամ չեն ընդունում, որ շաքարախտը, հիպերտոնիան, վիրուսային հիվանդությունները հետևողական բուժում են պահանջում: Պատկերացրեք. եթե մի հրաշքով շաքարախտը, հարբուխը, հիպերտոնիան, վերանային, հավանաբար բժիշկների մեծ մասը պարապուրդի մատնվեր: Ճնշման հետ կապված խնդիրների հետ շատերն ադապտացվում են և ընկալում իրենց օրգանիզմի հետ կատարվող արդեն հարազատ մի բան, իսկ հարբուխի ժամանակ` բոլորովին բուժում չեն ստանում, շաքարային դիաբետին առնչվող հարցերում ստիպված են լինում քիչ ավելի հետևողական լինել: Ցավում եմ, չեմ գտնում բառեր, որ կարողանամ արտահայտել մտահոգությունս: Չեմ ուզում համեմատել մեզ եվրոպացիների հետ, քանի որ տարբերությունը հսկայական է, բայց վրացիների, ռուսների հետ կարող եմ ու, զարմանում եմ, ինչու՞` ի վնաս մեզ, էլի այդքան մեծ է տարբերությունը:
– Եթե, այնուամենայնիվ, համեմատենք եվրոպական երկրների հետ, ինչպիսի՞ն է վիճակագրությունը:
– Համեմատելու չէ առհասարակ: Ստույգ տվյալներ չեմ կարող ասել, ու դժվար թե որևէ մեկը տվյալներ ունենա: Սակայն այն, ինչ տեսնում եմ մեր բուժհաստատություններում, բավական է հասկանալու, որ Հայաստանում անհավանական տեմպով աճում է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների թիվը:
– Որքանո՞վ են բուժման արդիական մեթոդներն արդյունավետ, կա՞ն տվյալներ, որոնք ապացուցում են նորագույն բուժման արդյունավետությունը:
– Եթե 40 տարի առաջ 25-30 տարեկան որևէ մեկն ունենար սուր կորոնար համախտանիշ, երկար տարիներ նրա անունը, և նրա հետ կապված բոլոր տվյալները կմնային մասնագետների հիշողություններում, որովհետև հազվագյուտ դեպքերում կարող էր այդ տարիքում նման համախտանիշ զարգանալ: Հիմա բնավ զարմանալի չէ, եթե 25-30 տարեկան երիտասարդի մոտ ախտորոշվի սրտի զանգվածային կաթված: Ինչքան էլ արդյունավետ լինի բուժումը, եթե այն իրականացվում է հիվանդության զարգացումից հետո, այլ ոչ` նախաինֆարկտային շրջանում, հիվանդն արդեն դառնում է հաշմանդամ. նա չի կարող լինել այնպիսի ֆիզիկական ակտիվության մեջ, ինչպես նախկինում էր: Սա բժշկական խնդիր չէ, սա սոցիալական խնդիր է:
– Թերևս հենց դա էլ խոսում է թեմայի արդիականության մասի՞ն:
– Միանշանակ: Յուրաքանչյուր եվրոպական երկրում` ցերեկային ժամերին, փողոցում հազիվ թե մի քանիսին գտնեք, իսկ մեր քաղաքում տարբերություն չկա՝ ցերե՞կ է, թե՞ երեկո: Դա խոսում է այն մասին, որ մեզ մոտ մեծ է գործազրկությունը, իսկ տղամարդու համար չաշխատելը նշանակում է անընդհատ սթրեսի մեջ գտնվել: Այս դեպքում դժվար է դառնում հիվանդությունից խուսափելը:
– Այսօրվա կոնֆերանսի թեման ի՞նչ կտա մասնեգետներին:
– Այստեղ մեծամասամբ հավաքված են առաջնային օղակի` պոլիկլինիկայի, մասնագետները: Մենք հորդորելու ենք` լինելու ավելի խիստ, ավելի զգույշ, այսպիսի տերմին կա` կորոնարային զգուշավորություն, որը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի:
– Ի՞նչ խորհուրդ կտաք այցելուին, ով կկարդա հոդվածը, ինչպե՞ս կանխարգելեն համախտանիշի զարգացումը:
– Փորձեն մի քիչ մտածել` իրենց մասին: Դե իհարկե´, կողքից խորհուրդ տալը հեշտ է, կատարելն է դժվար. մենք բոլորս էլ անընդհատ մտատանջությունների մեջ ենք: Պետք է շատ քայլել, ինչը մեզանից քչերն են անում: Ցավոք, Հայաստանը դարձել է հին մեքենաների գերեզման. մատչելի գնով ձեռք են բերում հին մեքենաներ, և մոռանում քայլելու մասին: Մարդիկ դադարել են առողջ ապրելակերպով ապրել: Դպրոցներում, համալսարաններում բացառել են ֆիզկուլտուրան, որը նույնպես մեր առողջության, առողջ կենսակերպի համար պայքարի միջոցներից է: Նորից եմ կրկնում` սա բժշկական խնդիր չէ, սա հասարակակա´ն խնդիր է, սա մտածելակերպի, կենսակերպի´ խնդիր է: Մեր կառավարությունը պետք է հրատապի խնդիրը, մտածի ու ելքեր գտնի այս խնդրի լուծման համար:
Դասախոսության թեմայի և դրան շաղկապվող մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք նաև «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ:
– Ո՞րն է կոնֆերանսի հիմնային խնդիրը և ի՞նչ նպատակ ունի այն:
– Այսօրվա կոնֆերանսի թեման նվիրված է սուր կորոնար համախտանիշին և նրա զարգացման դեպքում կլոպիդոգրելի կիրառմանը սրտաբանների, մասամբ` թերապևտների աշխատանքում: Խոսելու ենք համախտանիշի կանխարգելման, առաջացման դեպքում` հնարավոր բուժման, նշանակվող դեղամիջոցների մասին:
– Ինչքանո՞վ են արդյունավետ բուժման ձեր առաջարկած մեթոդները:
– Դրանց արդյունավետության մասին խոսում են միջազգային մասշտաբի հետազոտությունները: Մենք այսօր խոսում ենք ՏԵՍՍԻՐՈՆ դեղամիջոցի մասին, որի բաղադրության մեջ մտնում է կլոպիդոգրելը: Դեղամիջոցը նշանակվում է` խոչընդոտելու թրոմբի առաջացումը: Սովորաբար այն նշանակվում է ացետիլսալիցիլաթթվի` ասպիրինի, հետ համատեղ: Բուժումը պետք է լինի երկարատև և հետևողական:
– Թեման, ըստ Ձեզ, ինչքանո՞վ է արդիական:
– Սուր կորոնար համախտանիշը մեծ տարածվածություն ունի, իսկ դա արդեն խոսում է թեմայի հրատապության մասին, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս համախտանիշի առկայության դեպքում, և որպես հետևանք` միոկարդի ինֆարկտի զարգացումից, մահվան ելքերը քիչ չեն։
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն