Միջոցառումներ
Երկարակեցության ցուցանիշն այսուհետև 120 տարեկանն է. կայացավ «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողովը
«Աստելլաս ֆարմա» դեղագործական ընկերության հովանավորությամբ` նոյեմբերի 28-ին «Էրեբունի պլազա» բիզնես կոնտրոնի կոնֆերանսների դահլիճում կայացավ «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ հերթական կոնֆերանսը:
Հակատարիքային բժշկական միության նախաձեռնությամբ այս անգամ բժիշկների ուշադրությունը սևեռվեց առողջ ծերացման ճանապարհին առկա խոչընդոտների վրա:
Կոնֆերանսում արծարծվող խնդիրների մասին զրուցեցինք Հայկական հակատարիքային բժշկական միության նախագահ, բ.գ.թ. Իրինա Պերսոյանի հետ:
– Տիկին Պերսոյան, նախ՝ համառոտ հակատարիքային բժշկության և հակատարիքային բժշկական միության մասին:
– Հայկական հակատարիքային բժշկական միությունը ստեղծվել է գինեկոլոգների և էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիաների բազայի հիման վրա 2010 թվականին: Միության կազմում տարբեր մասնագիտացումների բժիշկներ են: Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է կանխարգելիչ բժշկությանը:
– Ո՞րն է երկարակեցության սահմանագիծը: Ո՞ր ցուցանիշն է մեզ համար նպատակային:
– Վերջնական նպատակ չէ, բայց, համենայն դեպս, հիմա մենք ձգտում ենք հասնել 120-ի: Կարևորը ո՛չ թե կյանքի երկարատևությունն է, այլ բարձր որակը, որը և կապահովի երկարակեցություն:
– Ինչպիսի՞ն են հակատարիքային բժշկության մասին ներկայիս պատկերացումները:
– Ժամանակակից մոտեցումները հիմնված են անհատական գենոկոդի վրա: Նախկինում խորհուրդները բոլորի համար նմանատիպ էին` չափավոր սնվել, շատ քայլել, չխմել, չծխել և այլն, այսինքն, դիտարկվում էին մեկ հարթակում: Այժմ հնարավոր է ստանալ անհատական խորհրդատվություն` հիմք ընդունելով յուրաքանչյուրի գենոկոդը: Հենց գենոկոդը կարող է հուշել, թե ու՞մ մոտ ո՞ր հիվանդության առաջացման ռիսկն է ավելի բարձր: Այսպիսով՝ յուրաքանչյուր անձի անհատական գենոկոդի առանձնահատկություններն իմանալու դեպքում կարելի է խուսափել նրան սպառնացող հնարավոր բարդություններից և ուղղորդել կենսակերպն այնպես, որ ապրի երկար՝ ապահովելով կյանքի բարձր որակ:
– Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ ծերացման ճանապարհը:
– Կան մի քանի ընդհանուր պահանջներ, որոնք ապահովում են առողջ ծերացումը: Պետք է խուսափել բարձր կալորիականություն ունեցող մթերքից՝ հետևել սննդակարգին ոչ թե այն սահմանափակելով, այլ՝ բալանսավորելով, ընդունել վիտամինային համալիրներ, ֆիզիկական որոշակի ծանրաբեռնվածություն ապահովել, խուսափել սթրեսներից: Շատ կարևոր է հասարակական ակտիվ կյանքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ հասարակական ակտիվ կյանք վարողները ավելի երկարակյաց են: Երբ մարդն օգտակար է և պահանջված, նրա կյանքն ինքնըստինքյան երկարում է: Այս մասին պետք է հոգա նաև կառավարությունը:
– Այսօրվա զեկույցներում բանախոսները հաճախ անդրադարձան փոխարինող-հորմոն թերապիային: Բացատրեք, խնդրե՛մ, դրա նշանակությունը և կիրառության մանրամասները:
– Այսօրվա կոնֆերանսը նվիրված է հենց փոխարինող հորմոն թերապիային (ՓՀԹ): Այն կիրառվում է կնոջ օրգանիզմում նկատելիորեն պակասող հորմոնների` էսթրոգենների և պրոգեսթերոնի քանակությունը լրացնելու նպատակով: Շատ կարևոր է ՓՀԹ ճիշտ ժամանակին կիրառումը, քանի դեռ առկա չեն առողջական խնդիրներ, այսինքն, պետք է կանխարգելիչ բնույթ ունենա՝ ի տարբերություն հակատարիքային բժշկության մաս կազմող գերանտոլոգիայի, որը զբաղվում է ծերության ժամանակ արդեն առկա խնդիրներով: Քանի որ հակատարիքային բժշկությունը զբաղվում է ո՛չ միայն կանանց, այլև տղամարդկանց առողջությամբ, ուստի ՓՀԹ կիրառումը պարտադիր է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: :
– ՓՀԹ կարելի՞ է կիրառել սեփական նախաձեռնությամբ, թե՞, այնուամենայնիվ, բժշկի հսկողությունը պարտադիր է:
– Չի՛ կարելի ինքնաբուժությամբ զբաղվել՝ միայն բժշկի խորհրդատվությամբ և համապատասխան հետազոտությունից հետո:
– Որո՞նք են ռիսկի գործոնները:
– Օնկոռիսկ և թրոմբոռիսկ: Սրանք են երկու կարևորագույն ռիսկերը, որոնք պետք է հաշվի առնել: Օնկոռիսկը վերաբերում է կրծքագեղձի ուռուցքին: Այժմ ՓՀԹ դեղաչափը հասցված է նվազագույնի, որպեսզի հնարավոր լինի ապահովել բարձր արդյունավետություն և մինիմալ կողմնակի ազդեցություն: Դաշտանադադարի առաջին 5 տարվա ընթացքում դեղամիջոցը կիրառելու դեպքում հնարավոր կլինի խուսափել թրոմբագոյացումից:
– Տարիքային ո՞ր խմբի համար է ավելի նպատակահարմար ՓՀԹ կիրառումը:
– Հիվանդությունների կանխարգելման նպատակով ՓՀԹ պետք է կիրառել շուրջդաշտանադադարային շրջանում, բուժման նպատակով խորհուրդ է տրվում սկսել նախքան մենոպաուզան: Եթե ՓՀԹ սկսում են կիրառել 50-55 տարեկանից, ապա դրական արդյունքը սահմանափակվում է օրգանիզմի վիճակի բարելավմամբ, և կանխարգելել օստեոպորոզը, սրտանոթային հիվանդություններն արդեն չենք կարող:
Մեր հաջորդ զրուցակիցն է կոնֆերանսի բանախոս, «Լիտտե» ինովացիոն բժշկության և ՍՊԱ կենտրոնի դերմատոկոսմետոլոգ Ա.Վ. Մանգասարյանը:
– Ինչքանո՞վ են կարևոր այսպիսի կոնֆերանսները մասնագետների և նրանց պացիենտների համար:
– Կոսմետոլոգիան այսօր բժշկության ամենաակտիվ ու ամենաարագ զարգացող ճյուղերից է: Կանայք սովորություն չունեն բժշկի դիմելու, նրանք ավելի շատ նախընտրում են դիմել կոսմետոլոգներին: Այս առումով շատ կարևոր է կոսմետոլոգների, գինեկոլոգների, գաստրոէնտերոլոգների համագործակցությունը, որը կնպաստի գեղեցիկ և երիտասարդ տեսք ունենալուց զատ նաև պահպանելու առողջությունը:
– Մաշկի վաղ ծերացումը և դրա կանխարգելումը մեր օրերում գերխնդիր է դարձել: Մաշկի ծերացման գործընթացի երիտասարդացման տենդենց նկատո՞ւմ եք:
– Այո՛, միանշանակ, կա այդպիսի տենդենց: Կոսմետոլոգների բնագավառում շատ ընդունված մի հասկացություն կա` հոգնած մաշկ: Դա բնորոշ է մեգապոլիսների բնակիչներին: Մաշկը ստանում է գորշ գույն, կորում է փայլը: Այս տենդենցը գնալով ավելի լայն տարածում է գտնում:
– Ո՞ր գործոններն են նպաստում մաշկի ծերացմանը:
– Անվերջ են այդ գործոնները: Առաջինը ոչ բարեհաջող էկոլոգիական վիճակն է, խոսքը ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին է վերաբերում: Մեր կյանքի ռիթմը շատ է արագացել, մարդիկ հաճախ հնարավորություն չունեն պարզապես զբոսնելու, այգում մաքուր օդ շնչելու, բոլորին շրջապատում են համակարգիչները, մեքենաները: Մաշկի ծերացմանը նպաստում են նաև մի շարք այլ վնասակար սովորություններ, ինչպիսիք են խմելը, ծխելը, ոչ ճիշտ, արագ սնունդը:
– Ինչպե՞ս կանխարգելել մաշկի ծերացումը:
– Միջոցները շատ են, առաջին հերթին՝ առողջ ապրելակերպը: Կան նաև կոսմետոլոգիական միջամտություններ, որոնք օգնում են պահպանել մաշկի երիտասարդությունը: Ճիշտ կոսմեցևտիկայի կիրառումը ևս կանխարգելում է ծերացումը: Իսկ եթե արդեն կան բացթողումներ և ինչ-որ խնդիրներ են ի հայտ եկել, այն կարելի է լրացնել նրբաքսուքների, սրսկումների, մերսումների, սարքավորումային տարբեր միջոցների օգնությամբ: Միջոցներն, իսկապես, շատ են, կա ընտրության հնարավորություն, պարզապես անհրաժեշտ է տեղեկացվածության ճիշտ մակարդակ, որում մեծ է բժշկի գործոնը: Ավելացնեմ, որ մաշկի ճիշտ խնամքը կամ բուժումը նախընտրելի է իրականացնել բժիշկ-կոսմետոլոգի խորհրդատվությամբ:
– Եթե ունեք որևէ խորհուրդ, կոչ` ուղղված ընթերցողին, խնդրե՛մ…
– Թող մարդիկ իրենց ուժերի սահմանում հնարավորինս պակասեցնեն այն գործոնները, որոնք բերում են մաշկի ծերացմանը: Ինչպես աչքերը հոգու հայելին են, այնպես էլ՝ մաշկն առողջության հայելին է: Եթե օրգանիզմն առողջ է, մաշկն ունի առողջ, փայլուն և երիտասարդ տեսք:
Մեր զրուցակիցն է «Աստելլաս ֆարմա» ճապոնական դեղագործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Միրզոյանը:
– Բազմիցս խոսել ենք «Աստելլաս»-ի և հայկական բժշկության կապի մասին, մանրամասնեք, խնդրե՛մ, այսօրվա կոնֆերանսի և «Աստելլաս»-ի կապի մասին:
– Աստելլասի դերը բժշկության մեջ հատկապես վերջին տարիներին բավականին կշիռ ունի: Հայաստանյան դեղաշուկայում «Աստելլասն» արդեն ունի իր ուրույն տեղը և նշանակությունը: Բազմապրոֆիլ ընկերություն է` գինեկոլոգիա, ուրոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, հակաբիոտիկոթերապիա: Առաջին անգամը չէ, որ մենք համագործակցում ենք Հայկական հակատարիքային բժշկական միության հետ: Այս կոնֆերանսի կիզակետում կնոջ առողջությունն է, ինչը չէր կարող վրիպել ընկերության ուշադրությունից: Կնոջ առողջությունն անմիջական կապ ունի ապագա սերնդի առողջության հետ: Այդ պատճառով, ինչպես գիտեք, «Աստելլաս»-ի գործունեության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում կնոջ առողջությունը:
– Ի՞նչ դեղամիջոցներ է ներկայացնում «Աստելլասն» այսօր:
– Ներկայացնում ենք Յունիդոքս, Վիլպրաֆեն և Պրիմաֆուցին դեղամիջոցները: Հակասնկային դեղամիջոց է Պրիմաֆուցինը: Հատկապես հղիության շրջանում կանանց բացարձակ մեծամասնության մոտ սնկային հիվանդություն է առաջանում: Պրիմաֆուցինը` շնորհիվ իր անվտանգության բարձր մակարդակի, կիրառվում է նաև հղիության շրջանում` արդյունավետ լուծում տալով խնդրին: Մյուս երկու դեղամիջոցները հակաբիոտիկներ են, որոնք կիրառվում են միզասեռական ուղիների տարբեր ախտահարումների ժամանակ:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն