Միջոցառումներ
Բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան. «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» II գիտաժողովը
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում կայացավ «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» երկրորդ գիտաժողովը:
Գիտաժողովին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» նախագահ Գոթֆրիդ Ֆիշերը: Մասնակցելու էին եկել նաև համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Եվրոպայից, ԱՄՆ-ից: Մասնագետները քննարկեցին HLA անտիգենների հետ առնչվող հիվանդությունների, իմունոգենետիկայի, ցողունային բջիջների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները:
Հայաստանում այս ոլորտի առաջընթացի մասին լրագրողների հետ զրուցեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
– Պարոն նախարար, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման գործընթացը:
– Ոսկրածուծի փոխպատվաստումներն ակնառու հաջողություններ ունեն Հայաստանի Հանրապետությունում և դրանք են հիմք ծառայել, որ այսօր մեր երկրում են հավաքվել եվրոպական և տարածաշրջանի առաջավոր մասնագետները: Այս հանդիպման արդյունքում քննարկվելու և վերլուծվելու են այն հաջողություններն ու հնարավոր խնդիրները, որոնք առկա են այս դաշտում: Հայաստանն այս ոլորտում արդեն մեծ ճանապարհ է անցել. արդեն 15 տարի է, ինչ կա ոսկրածուծի փոխպատվաստման ռեեստրը: Այս ամենը թույլ է տալիս ակնարկել, որ մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն:
– Ի՞նչ ընթացքի մեջ է Հայաստանում փոխպատվաստման կենտրոնի կառուցման աշխատանքը:
– Արյունաբանական կենտրոնում այսօր հատուկ նախագծով աշխատանքներ են ընթանում այդ կենտրոնի ստեղծման համար: Նախատեսվում է աշխատանքն ավարտել 2016թ., բայց արդյունավետ աշխատանքի դեպքում հնարավոր է նաև նախատեսվածից ավելի շուտ:
Միջոցառման և «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ի մասին զրուցեցինք հիմնադրամի նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդոնի հետ:
– Դոկտոր Ֆրիդա, տարածաշրջանային գիտաժողովն անցկացվում է Հայաստանում. մանրամասնեք, խնդրեմ, թե ի՞նչ սկզբունքով է Հայաստանն ընտրվել տարածաշրջանային գիտաժողովի կազմակերպման վայր և ինչքանո՞վ է դա նշանակալից մեզ համար:
– Մեր հիմնադրամը «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» լիակատար անդամ է: Արդեն 10 տարի է, ինչ մենք ունենք այս կենտրոնի լիցենզավորումը Հայաստանում: Եվ դա է պատճառը, որ նրանք իրավունք են տվել մեզ՝ կամակերպելու նմանատիպ համաժողով: Այս միջոցառման կարևորությունը գիտական ուղղվածությունն է: Իրենց զեկուցումներով աշխարհի տարբեր համալսարանների պրոֆեսորներ այսօր մեր բժիշկներին կներկայացնեն ամբողջ աշխարհում բժշկագիտության նվաճումները՝ հատկապես փոխպատվաստման և իմունոգենետիկայի ոլորտում: Կամրջում ենք նաև Հայաստանը տարբեր երկրների հետ. Հայաստանը, ունենալով գրանցամատյան և լիցենզիա, շատ կարևոր դեր է կատարում այն երկրների համար, որոնք դեռ չունեն այս ծառայությունը:
– Ի՞նչ հիմնադրամ է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ը և ո՞րն է գործունեության հիմնական նպատակը:
– Հիմնադրամի գլխավոր նպատակը արյան հիվանդություններով տառապող մարդկանց համար դոնորների հայթհայթումն է: Գործունեության 15 տարիների ընթացքում այս գործին են անդամագրվել ավելի քան 26.000 դոնորներ, որոնցից մոտ 6500-ը` Սփյուռքից: Նրանք հավաքագրվել են սփյուռքի 24 երկրներից: Մինչ օրս աշխարհի տարբեր երկրներից ռեեստրին դիմած 3150 հիվանդի հետ նախնական համընկնող 2769 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
– Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել հիմնադրամ:
– 18-50 տարեկան յուրաքանչյուր մարդ, ով առողջ է, չունի արտահայտված հիվանդություն, կարող է դիմել մեր կենտրոն և դառնալ դոնոր: Նրա տվյալները տեղադրում ենք մեր բազայում և, անհրաժեշտության դեպքում, եթե որևէ հիվանդի համապատասխանում է տվյալ դոնորը, ապա նա դառնում է հիվանդի կյանքը փրկողը: Կենտրոն դիմում են աշխարհի բոլոր ծայրերից: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում՝ համատեղելիության հայտնաբերման դեպքում, փրկել կյանք:
Մեր հաջորդ զրուցակիցը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանն է:
– Պարոն Ավագյան, ինչո՞վ է առանձնահատուկ այս գիտաժողովը և ի՞նչ կարևորություն ունեն այսպիսի գիտաժողովները քաղաքացիների համար:
– Նմանօրինակ գիտաժողով Հայաստանում արդեն 2-րդ անգամ է կայանում: Ուրախ ենք, որ Իմունոգենտիկայի եվրոպական ֆեդերացիան դիմեց մեզ երկրորդ անգամ՝ այս գիտաժողովն իրականացնել: Սա խիստ կարևոր է՝ բժշկագիտական նշաձողը բարձրացնելու: Այստեղ են հավաքվել լավագույն մասնագետները Եվրոպայից և ԱՄՆ-ից: Սա գիտաժողով է, որը կրթելու է մեր բժիշկներին, ինչը անմիջապես բխում է մեր հասարակության շահերից, քանի որ բարձրանալու է նրանց մատուցվող բժշկական ծառայության որակը: Սա միակ գիտաժողովն է վերջին տարիներին, որը ստացել է եվրոպական բժշկական ասոցիացիայի շարունակական կրթության միավորներ; Այսօր շատ հաճախ ենք լսում, թե կազմակերպվել է կոնֆերանս` միջազգային չափանիշներին համապատասխան, բայց այդ չափանիշները պետք է հիմնավորված լինեն լիցենզիայով: Մենք 6 միավոր ենք ստացել այս գիտաժողովի համար: Մեր նպատակը նաև շարունակական կրթության վրա ուշադրություն սևեռելն է: Ոչ թե մենք պետք է հրավիրենք բժիշկներին, որպեսզի նրանք գան սովորելու, այլ նրանք պարտադրված կլինեն՝ հավելյալ միավորներ ստանալու:
– Ի՞նչ նորություն, ի՞նչ թարմ խոսք կլսենք գիտաժողովին:
– Սա լեյկոզների, արյան չարորակ հիվանդությունների բուժման, փոխպատվաստման մեթոդների, պորտալարային արյան փոխպատվաստման մասին գիտաժողով է: Ես ինքս ներկայացնում եմ ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, բայց մենք դրանով չենք սահմանափակվում: Այսօր մենք հնարավորություն ունենք Հայաստանում իրականացնել պորտալարային արյան պահպանում, փոխպատվաստում: Յուրաքանչյուր նորածին, այսպես թե այնպես, կորցնում է պորտալարային արյունը: Պահպանելով այդ արյունը`հետագայում, բարդ հիվանդությունների առկայության դեպքում, իր իսկ պորտալարային արյունը կփրկի իրեն: Այլևս դոնորի կարիք չի լինի: Սա նորություն է Հայաստանում, սակայն ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է այս ուղին: Մենք պայմանագիր ենք կնքել 10-ից ավելի ծննդատների հետ և արդեն ունենք պորտալարային արյուն հանձնած անձինք: Այսօր ցողունային բջիջները ո՛չ միայն ուռուցքա-արյունաբանական ախտաբանությունների ժամանակ են անհրաժեշտ, այլև սկսել են օգտագործվել այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են նեյրոդեգեներատիվ պաթոլոգիաները: Համոզված եմ` բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան:
Մեր հաջորդ զրուցակիցը «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» նախագահ Գոթֆրիդ Ֆիշերն է:
– Ի՞նչ դեր և կարևորություն ունի ազգի համար դոնորների ռեեստր ունենալը:
– Յուրաքանչյուր ազգ առանձնանում է իր գենետիկայով: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հրաշալի օրինակ է, երբ մի ժողովուրդ ունի իր սեփական ռեեստրը: Ճիշտ է, այն կարող է ծառայել նաև մյուս ազգերի համար, բայց մենք բոլորս գիտենք, որ արդյունավետությունը շատ ավելի մեծ է, երբ դոնորը նույն տոհմից կամ ազգից է: Ոսկրածուծի փոխպատվաստումն ընդամենը սկիզբն է՝ բջջային հիմքի վրա բուժում իրականացնելու գործում: Ճիշտ է, հիմքը դրված է, բայց այն դեռ առաջընթացի տեղ ունի:
– Եթե դա սկիզբն է, ուրիշ ի՞նչ մեթոդներ են կիրառվում ամբողջ աշխարհում:
– Մի ամբողջ շարք կա՝ ամենատարբեր մեթոդների: Օրինակ, եթե մասնակցենք արյունաբանական որևէ կոնֆերանսի, կտեսնենք, որ գնալով ավելանում են այն հիվանդությունները, որոնց բուժումը կարելի է իրականացնել բջջային հիմքի վրա: Բնականաբար, ստեղծվում են նաև այդ բջիջներն օգտագործելու նոր, բազմաթիվ մեթոդներ: Բայց պետք է ասել, որ ոսկրածուծի փոխպատվաստումը համարվում է ամենափորձված, ամենաարդյունավետ ու լավագույն մեթոդն այս թերապիայում
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն