Առողջապահություն 1.2009
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում
Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով, այնպես էլ մի շարք միջազգային առանձնահատուկ փաստաթղթերով։
Նշված խմբերի իրավունքներն ու ազատությունները պաշտպանվում են ինչպես միջազգային հզոր կառույցների, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպությունը, վերջինիս մի շարք մասնագիտացված կառույցները, «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և այլն։
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբին կարող ենք դասել` կալանավորված անձանց և դատապարտյալներին, թմրամոլներին, մարմնավաճառներին, փախստականներին, մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված անձանց, ազգային փոքրամասնություններին, հղի կանանց, մայրերին ու երեխաներին և այլն։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։
Մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ) առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման և հսկողության իրականացման կարգը, ինչպես նաև այդ հիվանդության կանխարգելման կազմակերպական, իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները սահմանվում են «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» 1997թ. փետրվարի 3-ի ՀՀ օրենքով։ Ըստ քննարկվող օրենքի` ՄԻԱՎ-ը վիրուս է, որն ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) առաջացման։ ՁԻԱՀ-ը հիվանդություն է, որը հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր պաշտպանական համակարգի գործունեության խանգարմանը, որի հետևանքով օրգանիզմը դառնում է ընկալունակ զանազան հիվանդությունների նկատմամբ։ Փաստորեն, ՄԻԱՎ-ով վարակվածը այն մարդն է, որի օրգանիզմում հայտնաբերվել է մարդու իմունային անբավարարության վիրուսը և համախտանիշի արտաքին նշանների բացակայության պատճառով վարակի աղբյուր է դառնում և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող անձ։ ՄԻԱՎ-ով վարակվածը` որպես շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող անձ, իրավունք ունի անվճար ստանալ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն ու սպասարկում և բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում։ Ելնելով հասարակության, ինչպես նաև անձանց կյանքի և առողջության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից` ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է որպես առաջնային։ Այդ նպատակով ՀՀ Կառավարությունը պարբերաբար տեղեկացնում է բնակչությանը ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների մասին, իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակային հսկողություն, հաստատում ՀՀ-ում ՄԻԱՎ-ով վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների որակյալ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման նպատակային ծրագրերը, ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան տեղեկատվություն է փոխանակում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարածվածության մասին և նմանատիպ այլ միջոցառումներ։ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքով սահմանվում են ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքների և ազատությունների երաշխիքները։ Մասնավորապես, անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք դառնալ նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման համար` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Այսպես, ՄԻԱՎ-ով վարակված անձինք ունեն հետևյալ իրավունքները.
-
ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ,
-
ստանալ ոչ խտրական վերաբերմունք,
-
պահանջել բժշկական գաղտնիության պահպանում` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
-
շարունակել աշխատել` բացառությամբ ՀՀ Կառավարության կողմից սահմանված դեպքերի,
-
ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցառումներին։
Փախստականները` որպես բնակչության ծայրահեղ խոցելի խմբի ներկայացուցիչներ, ՀՀ քաղաքացի չհանդիսացող այն անձինք են, ովքեր ըստ ռասայական, կրոնական, ազգային պատկանելության, սոցիալական որևէ խմբի պատկանելության կամ անդամակցելու, կամ քաղաքական համոզմունքների համար հալածանքի ենթարկվելու, կամ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում են իրենց քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և նույն երկյուղի պատճառով չեն կարող կամ չեն կամենում վերադառնալ այդ պետություն կամ ստանալ իրենց երկրի պաշտպանությունը։ Իսկ փախստականի կարգավիճակ հայցողն այն անձն է, ով դիմում է կամ մտադրություն ունի դիմելու ՀՀ Կառավարության լիազորած պետական մարմնին` ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Ի կատարումն «Փախստականների մասին» 1999թ. մարտի 3-ի ՀՀ օրենքի 8, 9 և 10 հոդվածների` ՀՀ Կառավարության 2000թ. փետրվարի 23-ի թիվ 86 որոշմամբ սահմանվում է ՀՀ տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին հատուկ և ժամանակավոր կացարաններում տեղավորելու, բժշկական զննման ենթարկելու, բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու կարգը։ Ըստ նշված կարգի` փախստականի կարգավիճակ հայցողին ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու և փաստաթղթային ստուգումներ անցկացնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նրան տեղավորում է հատուկ կացարանում` մեկամսյա ժամկետով։ Առողջական վիճակը հետազոտելու նպատակով փախստականի կարգավիճակ հայցողը պարտավոր է ենթարկվել բժշկական զննման, որի արդյունքում հիվանդություն հայտնաբերելու դեպքում փախստականի կարգավիճակ հայցողը սահմանված կարգով բուժվում է համապատասխան մասնագիտացված բժշկական հիմնարկում։ Բժշկական հետազոտության անցկացման ամբողջ ժամանակահատվածում փախստականի կարգավիճակ հայցողը կարող է շփվել այլ անձանց հետ` բացառապես բժշկի թույլտվությամբ։ Հարկ է նշել, որ մասնագիտացված բժշկական հիմնարկներում բժշկական հետազոտության կազմակերպումը, ինչպես նաև փախստականի կարգավիճակ հայցողին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումն իրականացվում են անվճար` ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին։
Կալանավորված անձինք և դատապարտյալները` որպես բնակչության առավել խոցելի խավի ներկայացուցիչներ, նույնպես ունեն բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք։ Այդ նպատակով ՀՀ Կառավարությունը 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ հաստատել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով բժշկական անձնակազմին դրանց ներգրավելու կարգը»։ Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենսդրությանը, սանիտարական օրենսդրությանը և իրավական այլ ակտերին համապատասխան։ Այդ նպատակով քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումներն իրենց առջև դրել են մի շարք խնդիրներ։ Դրանցից հիմնականերն են.
-
ապահովել ու կազմակերպել կալանավորված անձանց և դատապարտյալների համար անհրաժեշտ բժշկական օգնություն,
-
պարբերական բժշկական զննությունների և հետազոտությունների միջոցով կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության նկատմամբ ապահովել բժշկական հսկողություն, հնարավորության դեպքում նաև իրականացնել բուժական առողջարարական միջոցառումներ,
-
կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում իրականացնել բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի քարոզչություն,
-
ծանր հիվանդության պատճառով պատժի կրումը հետաձգելու կարիք ունեցող դատապարտյալների նկատմամբ սահմանել բժշկական հսկողություն և այլն։
Կալանավորված անձինք և դատապարտյալները առողջապահության ոլորտում ապահովված են մի շարք երաշխիքներով։ Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ ընդունվելիս նրանք պետք է ստանան բժշկական խորհրդատվություն և տեղեկատվություն` բժշկական օգնություն ստանալու մասին։ Իսկ այդ հիմնարկներում գտնվելու ընթացքում բժշկական օգնություն ստանալը նրանց համար պետք է հասանելի լինի ցանկացած պահի և առանց խոչընդոտների։
Անհրաժեշտ է հիշատակել Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1955թ. օգոստոսի
30-ին Ժնևում ընդունված «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները», որոնք հավանության են արժանացել Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից, 1957թ. հուլիսի 31-ի 663 C (XXIY) և 1977թ. մայիսի 13-ի 2076 (LXII) բանաձևերով։ Հաշվի առնելով պետությունների իրավական, տնտեսական և աշխարհագրական պայմանների բազմազանությունը` պարզ է, որ ոչ բոլոր կանոններն են հնարավոր կիրառել ամենուրեք և միաժամանակ։ Ամեն դեպքում, որպես ընդհանուր սկզբունք, այդ կանոնները պետք է կիրառել անաչառորեն և, հետևապես, բացառել ըստ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնական, քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ընտանեկան ծագման կամ սոցիալական դրության խտրականությունը։ Կարելի է որպես օրինակ բերել այդ կանոններից հետևյալները.
- սանիտարական հարմարությունները պետք է բավականաչափ լինեն, որպեսզի յուրաքանչյուր բանտարկյալ մաքրության և բարեկեցության պայմաններում կարողանա իր բնական պահանջները բավարարել, երբ անհրաժեշտ է,
- յուրաքանչյուր հիմնարկ իր տրամադրության տակ պետք է ունենա առնվազն հոգեբուժության բնագավառում պատրաստված մեկ որակյալ բուժաշխատող,
- բժշկական սպասարկումը պետք է կազմակերպել առողջապահության տեղական կամ պետական մարմինների հետ սերտ փոխհարաբերություններում,
- հիվանդ բանտարկյալներին, ովքեր մասնագետի միջամտության կարիք ունեն, պետք է տեղափոխել հատուկ բժշկական հաստատություններ կամ քաղաքացիական հիվանդանոցներ,
- բանտի հիվանդանոցները պետք է զինված լինեն նորագույն բուժսարքավորումներով, դեղորայքով, որոնք անհրաժեշտ են հիվանդների պատշաճ խնամքի և բուժման համար, ինչպես նաև ապահովված լինեն բավականաչափ որակյալ անձնակազմով,
- կանանց հիմնարկները պետք է ունենան հղի կանանց և մայրերին խնամելու համար հատուկ մասնաշենքեր։ Հնարավորության դեպքում հարկավոր է հոգալ, որ ծննդաբերությունը լինի ոչ թե բանտային, այլ սովորական հիվանդանոցային պայմաններում։ Իսկ եթե երեխան ծնվում է բանտում, ապա այդ մասին չպետք է հիշատակել ծննդյան վկայականում և այլն։
Ազգային փոքրամասնությունը ինքնիշխան պետության տարածքում բնակչության մեծամասնությունից ռասայական, էթնիկական, ազգային, կրոնական, լեզվական կամ էական այլ հատկանիշներով տարբերվող խումբն է, որն իշխող դիրք չունի և թվով զիջում է տվյալ երկրի հիմնական բնակչությանը։ Ի դեպ, նշված սահմանումը «ազգային փոքրամասնություն» տերմինի պայմանական բնութագիրն է, քանի որ միջազգային մակարդակով պետությունների միջև համաձայնեցված սահմանում գոյություն չունի։ Հարց է ծագում, թե ով է որոշում անձի պատկանելությունը ազգային փոքրամասնությանը։ Այսպես, յուրաքանչյուր ոք կարող է ազատ որոշել, թե արդյոք ցանկանում է համարվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Սակայն այդ ազատությունն ունի իր սահմանները, և ցանկացած անձ չի կարող կամայականորեն ընտրություն կատարել ազգային փոքրամասնության պատկանելության հարցում։ Անձի ընտրությունը` որևէ ազգային փոքրամասնությանը պատկանելուն, պետք է հիմնված լինի այդ մարդու ինքնության հետ կապված այնպիսի օբյեկտիվ չափանիշների վրա, ինչպիսիք են` լեզուն, կրոնը, մշակույթը և այլն։
Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների առողջության պահպանման իրավունքին, ապա հայտնի է, որ էթնիկական, ռասայական կամ բնիկ փոքրամասնությունները հաճախ են տառապում տարբեր հիվանդություններով և նրանց մահացության թիվը ավելի մեծ է նույն երկրի տարածքում բնակվող մարդկանց մեծամասնության մահացության համեմատությամբ։ [1] Այդ անհամաչափությունը պայմանավորված է առողջապահության ոլորտում առկա անարդարություններով։ Ահա թե ինչու Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակը [2] իր հաշվետվություններում պարբերաբար նշել է, որ` «Առողջապահության բնագավառում փոքրամասնությունների և հիմնական բնակչության միջև տարբերությունները ոչ միայն անխուսափելի և ակնհայտ են, այլև ավելին` անարդարությունները միշտ առկա են» [3]։ Ազգային փոքրամասնությունների առողջության պահպանման իրավունքի պաշտպանությունը ներառում է.
-
խտրականության բացառումը բոլոր ոլորտներում, ներառյալ` առողջապահության, կրթության, աշխատանքի, սոցիալական և այլն,
-
առողջության պահպանման և սոցիալական ծառայություններից օգտվելու հավասարությունը,
-
արտահայտվելու, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, այդ թվում` լեզվի օգտագործումը մասնավոր կյանքում և հասարակական վայրերում, ինչպես նաև վարչական մարմինների հետ հարաբերվելիս,
-
օրենքի, դատարանների առջև նրանց` որպես անհատի հավասարության ճանաչումը,
-
հավասար մասնակցությունը տնտեսական, մշակութային, սոցիալական, հասարակական կյանքին և այլն։
Գրականության ցանկ
- Open Society Institute, Health and human rights; A resource guide for the Open Society Institute and Soros Foundations Network, 2007.
- http։//www.euro.who.int - Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի ինտերնետային կայքը։
- Whitehead M. The concepts and principles of equity and health։ WHO/EURO, Copenhagen, 1991.
Կարդացեք նաև
Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել...
Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ...
Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...
Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու...
Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն...
Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...
Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...
Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...
2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...
Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...
Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց...
Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...
Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն