Արվեստագետ
''Հրեշտակների'' անհավատալի սխրանքը. ֆիլմ 44-օրյա պատերազմի մասնակից բժիշկների մասին
Ձեր ֆիլմերից դիտել եմ ''Թևանիկը'', երկար ժամանակ տպավորված էի: Խոսենք Ձեր նոր նկարահանվող ֆիլմի մասին:
Նոր ֆիլմը, որն անվանել եմ ''20 20-ի հրեշտակները'', պատմում է 2020-ի պատերազմի մասնակից բժիշկների մասին: 2021 թվականի հունվարից առայսօր հանդիպել ենք բժիշկների հետ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից, որոնք որևէ կերպ մասնակցություն են ունեցել պատերազմին: Բժիշկների ջանքերը և նվիրումը անպատմելի մեծ է եղել, չնայած որ յուրաքանչյուրը պատերազմը վերապրել է յուրովի։
Պատերազմի ժամանակ շատ դեպքերի ականտես եղա, որոնք բավականն էին` հասկանալու համար, որ յուրաքանչյուր բժիշկ արժանի է հենց միայն ի՛ր մասին ֆիլմ նկարահանելուն: Նրանք այդ անմարդկային պայմաններում փորձել են հնարավորինս ավելի շատ կյանքեր փրկել:
2021-ին, պատերազմից ամիսներ անց, հանդիպել ենք 50-ից ավելի բժշկների հետ, հավաքագրել վկայություններ, պատմություններ, իսկ 2023-ից՝ սկսել սցենարի վրա աշխատել:
Ո՞ր պահից կամ դրվագից այդ միտքը ծագեց Ձեր մեջ:
Չեմ կարող ասել, թե որ պահին է իմ մեջ ծնվել ֆիլմի գաղափարը, կամ ֆիլմի վերնագիրը, պարզապես, պատերազմի դաշտում բժիշկներն, իրոք, հրեշտակների էին նման: Նրանց հանդիպել եմ ամենուր՝ զինվորական հոսպիտալների նկուղներում, Հանրապետական հիվանդանոցում, այնտեղ, որտեղ վիրավոր կար…
Բժիշկների, փրկարարների կատարածն անհավանական էր թվում: Որքան բժիշկներ զոհվեցին՝ փրկելով մեր տղաներին… Անհավանական աշխատանք են արել նաև շտապօգնության վարորդները՝ վտանգավոր ճանապարհներով վիրավորներ տեղափոխելով:
Եթե այդ նվիրյալ աշխատանքը չլիներ, մենք շատ ավելի զոհեր կունենայինք:
Ես բժիշկ չեմ, բայց վստահ եմ, որ բժիշկներն այդ օրերին իրականացնում էին անգամ բժշկության մեջ դեռևս չլսված վիրահատություններ՝ զինվորի ոտքը կամ ձեռքը փրկելու համար:
Բժշկական համայնքը, թերևս, ամենալավ գործող օղակն էր այդ ժամանակ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նույնը նաև թիկունքում էր:
Դա մարդասիրության մեծ ցուցադրություն էր՝ կյանքեր փրկել այն ժամանակ, երբ կյանքն, ասես, ոչինչ չարժեր, և սպանելն ավելի հեշտ էր, քան` փրկելը:
Եթե պատերազմը չլիներ, կմտածեի՞ք նման ֆիլմ նկարահանել:
Բժիշկներն ունեն իրենց նախապատմությունն իմ մեջ: Ես ինքս Արցախից եմ, նաև առաջին պատերազմն եմ տեսել, բժիշկների հերոսական գործն այդ ժամանակից է ինձ ծանոթ: Վաղուց եմ խորին ակնածանքով լցվել նրանց նկատմամբ` հատկապես շտապօգնության բժիշկների, որոնք դեսանտի նման ամեն տեղ հայտնվում են և պահի մեջ պետք է խնդիր լուծեն: Նրանք չգիտեն, թե ո՞ւր են գնում, ի՞նչ վիճակի մեջ են հայտնվելու, բայց անվարան նետվում են առաջ: Այդ խելահեղ տեսակն ինձ գերում է:
Դեռ 90-ականներից եմ հիշում, թե Կառավարական շենքի նկուղում ինչ պայմաններում էին գործում ծննդատունը և հիվանդանոցը, տեսել եմ դպրոցներում տեղակայված հոսպիտալներ՝ Հադրութում և այլ տեղերում: Երբեմն վիրահատությունը սկսել են մի տեղում, մյուսում` ավարտել: Առաջին պատերազմից ''Եղնիկներից'' Արմինեին եմ հիշում, Վահեին, Շահեն Մեղրյանին եմ հիշում և այլ շատերի… Այդ մարդիկ երանելի են ինձ համար:
Ֆիլմում փորձում ենք ընդգրկուն ներկայացնել պատերազմական իրավիճակում բժիշկների աշխատանքը` բոլոր կողմերով: Ֆիլմը հետաքրքիր կառուցվածք ունի։ Ներկայացվելու են իրական պատմություններ և վկայություններ, կարևոր է նաև ստեղծագործական ներկայացման լավագույն ձևը գտնել:
Պատերազմից զատ` քովիդի հետ կապված, վիճակը Հայաստանում ծանր էր: Ֆիլմում տարբեր ճակատագրերով մարդիկ են: Բժիշկների մի խումբն Արցախում է, մյուսը՝ քաղաքացիական կամ զինվորական բժշկական ծառայության մեջ, երրորդը՝ սահմանագծում, հաջորդը` Սփյուռքից եկած բժիշկներն են…
Իր կառուցվածքով ֆիլմն ինչ-որ տեղ նման է ''Թևանիկին''. պատմությունները միմյանց շաղկապված են։
Առաջին խմբի պարզ կերպարը շարունակում է զարգանալ մյուս խմբում, մի պատմության երկորդական կերպարը դառնում է առաջնային մյուսում… և այսպես շարունակ: Դեպքերը տարբեր անկյուններից են դիտվում` ի՞նչ եղավ առաջ կամ` հետո: Պատմությունը նաև արտերկրում է զարգանում: Անդրադարձ կա նաև 90-ականներին:
Ֆիլմի հերոսների ընտրությունը պատահական չէ, կերպարները ֆիլմի պատմության շղթայում հիշողության գծով՝ հետհայացի միջոցով, կապված են միմյանց. կան տարեցներ, որ նախորդ պատերազմի մասնակիցներ են, որոնց կապը ֆիլմի վերջում է բացահայտվում:
Ֆիլմը կարևոր ասելիք ունի` ուղղված թե՛ օտարին, թե՛ մեզ: Ճիշտ է, խոսքն այն պատերազմի մասին է, որտեղ Հայաստանը պարտվել է, բայց մարդկային տեսակը` հայի՛ տեսակը, ըստ իս, չի պարտվել: Եթե պարտվեինք, զոհերն ավելին կլինեին, և երկիրն է՛լ ավելի սոսկալի վիճակում կհայտնվեր:
Շատ կարևոր է վաղվա օրը... Ուզում եմ ստեղծել ֆիլմեր, որ մեր չլինելուց հետո նրանք ձեռքից-ձեռք անցնեն: Ուրախանում եմ՝ տեսնելով մարդկանց, որոնք դիտել և սիրել են ''Թևանիկը'', ''Վերջին բնակիչը'', ''Դրախտի դարպասը'': Հիմա ավարտել ենք ''Վերածնվածը'', որը դարձյալ 2020-ի պատերազմի մասին է` նվիրված թղթակիցներին: ''Թևանիկը'' ցուցադրվել է տարբեր հարթակներում, ''Վերջին բնակիչը''` դիվանագիտական շրջանում:
Մեր նպատակը արվեստի բացառիկ գործ ստեղծելն է, որ այն ծառայի մեր ազգին, պատմի աշխարհին հայության համար կարևորագույն հարցերի մասին, որ աշխարհի տարբեր տեղերում մարդիկ՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական դավանանքից, քաղաքական նկրտումներից, սոցիալական դիրքից, տեսնեն, թե աշխարհի մի անկյունում ի՞նչ է կատարվել:
Մեր բոլոր նախագծերը, նախ` զարգացնում ենք համաշխարհային կինոշուկայում, հետո`սկսած գաղափարի մակարդակից, բոլոր հնարավոր հարթակներում՝ գտնելու համարտադրողների, երևելի դերասանների, ապահովելու ֆիլմի տարածումը: Այս տարին 11-րդն է, որ մասնակցել եմ Կաննի կինոշուկային:
Ֆիլմ առ ֆիլմ փորձում ենք հաղթահարել այս ճանապարհը: Կինոարտադրությունը չափազանց դժվար և մեծ մրցակցությամբ ոլորտ է: Աշխարհում ամեն տարի ավելի քան 10,000 ֆիլմ է ստեղծվում, որոնց մեծամասնության մասին երբեք չենք էլ լսում, և մի փոքր մասն է Կաննի կամ այլ փառատոներին մասնակցում: Մեծ հաջողություն է, որ ''Թևանիկը'' և մյուս ֆիլմերը ցուցադրվել են այլ երկրներում, և որ ''Վերջին բնակիչը'' գնվել է HBO Eastern Europe-ի կողմից, կամ ''Դրախտի դարպասը'' թողարկվել է Կանադայի՝ Guzzo Cinemas և ԱՄՆ-ի՝ AMC կինոթատրոններում։
Ամեն հաջորդ ֆիլմով ձգտում ենք ավելիին, բժիշկների պես լավագույնն անել. արվեստը ևս պետք է դրան ձգտի:
Կա մի տխուր բացթողում, որում հայ կինոմատոգրաֆիստների մեղավորությունը կա. մենք բավարար չափով չենք խոսել Արցախի մասին, 30 տարվա ընթացքում պետք է, որ հզոր ֆիլմեր ստեղծվեր` աշխարհահռչակ դերասանների, հրավիրված ռեժիսորների մասնակցությամբ: Աշխարհում լուրջ դերակատարություն ունեցող հայեր ունենք, որոնց կարելի է ընդգրկել այդ գործերում: Ոչինչ չենք անում, մինչդեռ պետք էր անհավանականն անել…
Այսօր ամենուր խոսում են Ուկրայնական պատերազմից, Գազայից, մենք ևս պետք է ստիպենք աշխարհին խոսել մեր մասին… 2022-ին հանդիպել էի մի եվրոպացի պրոդյուսերի, ով գաղափար չուներ մեր, Արցախի մասին: Երբ ներկայացրեցի, ապշել էր, որ լուրերով ոչինչ չի լսել: Հիմա մեր թիմում է և այս ֆիլմի համատեղ արտադրության մասն է կազմում:
Ֆիլմի աշխատանքներում ես մենակ չեմ, կա մի ամբողջ համախոհների համայնք, ինչն անչափ ուրախացնող է: Ես հերոս չեմ, բայց ուրախ եմ, որ հավատում են ինձ, փորձում են օգնել. դա պարտավորեցնող է:
Կա՞ պատմություն, որի համար անհանգիստ եք և շատ եք ուզում որ լավ ստացվի:
Ամբողջ ֆիլմի համար եմ անհանգիստ, քայլ առ քայլ հաղթահարելով գնում ենք առաջ: Կա մի տեսարան, որտեղ պետք է ադրբեջանցի զինվորականի վիրահատել: Երիտասարդները հրաժարվում են, բժիշկ Արմենակ Մկրտչյանը` պատմելով իր գերի եղած ժամանակ նրանց անմարդկային վերաբերմունքի մասին, փրկում է նրան: Մեկ այլ պատմության մեջ հոսպիտալում հրդեհ է. տարհանում, վիրավորներ, փրկարարները փորձում են հանգցնել հրդեհը… Դժվար նկարահանելի է, բայց պետք է իրականին մոտեցնել: Պետք է ցույց տանք մարդկային նորմերից դուրս դաժանությունը, երբ թիրախավորվել են սանիտարական մեքենաները, հոսպիտալները:
Ե՞րբ կլինի ֆիլմը:
Շատ բան կախված է գումարների գոյացումից: Մոտավորապես 50 օրվա նկարահանում ենք նախատեսում։ Այս նախագծի մասին խոսում ենք 2021-ից, փորձում ենք գտնել ներդնողներ: Աջակցություն ունենք Հայաստանի կինոյի հիմնադրամից զարգացման փուլի համար, նախատեսում ենք դիմել նրանց նաև արտադրական փուլի համար։ Ունենք նաև պրոդյուսերներ մի քանի երկրներից, ովքեր հետաքրքրված են լինել ֆիլմի համարտադրող։
Մենք անում ենք լավագույնը ֆիլմը իրականություն դարձնելու նպատակով։ Այն այժմ ներկայացված է մի քանի հարթակներում, որի միջոցով յուրաքանչյուրը կարող է միանալ մեր աշխատանքներին։ Յուրաքանչյուր աջակցություն իրապես մեծ նշանակություն ունի և կարևոր է մեզ համար, ''20 20-ի Հրեշտակները'' ֆիլմի ստեղծման համար։
Մենք այժմ վարում ենք դրամահավաք արշավ reArmenia հարթակում, փնտրում ենք անհատ ներդրողների՝ ֆիլմը ներկայացնելով Invest in AM և Opensea (NFT-ների՝ կրիպտոարժույթի միջոցով ներդրումների համար) հարթակներում։ Բաց ենք համագործակցության նպատակով բոլոր քննարկումների համար թե՛ կազմակերպությունների, թե՛ անհատների հետ։
Ուրախ եմ նաև նշել, որ 2024թ նոյեմբերի 4-ին տեղի կունենա Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին նվիրված ''Սիմֆոնիկ Հայ Ֆիլմ'' բարեգործական համերգ։ Համերգի շրջանականերում կհնչի նաև իմ երկրորդ խաղարկային՝ ''Վերջին բնակիչը'' ֆիլմի համար երգիչ, երգահան Սերժ Թանկյանի հեղինակած մեղեդիներից մեկը և տոմսերի վաճառքից գոյացած հասույթի 10%-ը կուղղվի ''20 20-ի Հրեշտակների'' ստեղծմանը։
Ֆիլմում ունե՞ք վատ հայի կերպար:
Ցավոք, այո՛, ունենք, այդ էլ ունենք, բայց դե նա էլ մարդ է, ով չի ուզում մեռնել: Կան կոնֆլիկտային դրվագներ, երբ միմյանց չեն հասկանում:
Ակնհայտ է մի բան. իրական թշնամին պատերազմում՝ հենց ինքը պատերազմն է:
Ունենք հայ հերոսական տեսակը ցույց տվող կերպարներ, որոնք իրենց իրական անունով են հանդես գալիս, ինչպես օրինակ՝ Արցախից Արա Թուլուզյանը, ում որդին՝ 18 տարեկան Ավետիքը, զոհվել է կյանքեր փրկելով: Ունենք նաև Հրամանատարի կերպար, ով կարող էր ապահով նկուղում նստած հրամաններ տալ, սակայն երիտասարդ տղաներին խնայելով` ինքն է տասնյակ անգամ մարտադաշտ գնացել, ծուղակի մեջ հայտնվել, և այժմ նրա ճակատագիրը անհայտ է…
50 տարի անց, եթե Ձեր թոռնիկներն ասեն՝ պատմիր. ո՞ր պատմությունը առաջինը կհիշեք, ո՞ր կերպարը կառանձնացնեք:
Այնքան մարդիկ կան հիշողությանս մեջ, չէի ցանկանա առանձնացնել որևէ մեկին… Հիշում եմ մի բժշկի, որ մենակ էր մնացել պայմանական հոսպիտալի վերածած շինության մեջ, երբ ամեն կողմից նահանջն ակնհայտ էր: Նա վճռել էր, որ պետք է չհեռանա, որ ինչ-որ մեկին կարող էր պետք գալ, ևս մեկ կյանք փրկել: Հիշում եմ նրա դեմքը՝ դառնացած, անէացած: Վիրավոր են բերում, հարցնում են` ինչի՞ կարիք ունի: Մթության մեջ, մոմի լույսի տակ պատասխանում է` ոչնչի, միայն բենզինը հերիքի՝ աշխատելու համար…
Ականատես եմ տասնյակ դեպքերի` Մարտունիում, Շուշիում, Մարտակերտում, թե ինչ վիրահատություններ են կատարել բժիշկները` կյանքեր փրկել անհնարին պայմաններում: Հերոսական, անհավատալի… Դժվար է որևէ մեկին առանձնացնել:
Եթե 50 տարի անց ասելիք ունենամ, երևի դառնությունն այնքան շատ լինի… Երանի՜ այդ ժամանակ Արցախում լինենք`դա է ամենակարևորը…
Եթե խոսելու լինեմ, գիտե՞ք ինչ կասեմ. մի՞թե հնարավոր չէ, որ պատերազմի օրերի մեր միասնականությունն այսօր էլ շարունակվի: Այնքան հոգատար էինք այդ օրերին մեկս մյուսի հանդեպ: Հետո, ասես, նման մարդիկ գնալով պակասեցին ու պակասում են…
Գուցե այնտեղ հենց այդպիսի մարդի՞կ էին հավաքվել կամ համախմբվել` պահի թելադրանքով:
Մեզ այդ համախմբումն է պակասում: Առաջին պատերազմին էլ կար այդ համախմբումը և դա հաղթանակի գործոններից մեկն էր: Պետք է հիշել այն տղաներին, որ բայրաքթարի հարվածների ներքո նետվում էին տարբեր տեղերից լսվող օգնության կանչերին ընդառաջ։ Անհնարինն անգամ արել են, ու սեփական խղճի առաջ հանգիստ են, որովհետև չէին կարող խղճի բեռով ապրել:
Վստահ չեմ, որ նման իրավիճակում յուրաքանչյուրիս մեջ քաջությունը մինչև վերջ չի լքի, բայց տղաներն արել են…
Հայկական կինոմատոգրաֆը պետք է անմահացնի դա…
Կարդացեք նաև
«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է Արցախյան պատերազմին մասնակցած բժիշկների մասին մի շարք գրքերի հեղինակ Անահիտ Չիբուխչյանը...
Դեպի ստեղծագործական նոր հորիզոններ: Յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործության մեջ արտացոլում է նրա ազգային մտածողությունը, ներաշխարհը, ճաշակը, բնությունից շնորհված գունազգացողությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն