Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009
Վարքի խանգարման առանձնահատկությունները մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների մոտ
Դեռևս Դեմոկրիտը, Հիպոկրատն (մ.թ.ա.460-377 թթ.) իրենց աշխատություններում նշել են շրջակա միջավայրի, կլիմայի ազդեցությունը մարդու վարքի վրա: Դեմոկրիտն առանձնացրել է հատկապես ջրի ներգործությունը: Պլատոնը և Արիստոտելը կարևորել են նաև հողի դերը մարդու վարքի ձևավորման վրա: Հանս Սելեն իր «Стресс без дистресса» գրքում նշել է հետադարձ կապի դերը վարքի ձևավորման, միջանձնային փոխհարաբերությունների կարգավորման գործում` ցույց տալով քննադատության և հավանության, որպես ազդակների, դերը որևիցե գործունեություն շարունակելու կամ դադարեցնելու հարցում:
Ռուսաստանում այդ հարցով մեծ աշխատանքներ են կատարել Գ.Ե.Սուխարևան, Լ.Ս.Վիգոտսկին, Լ.Վ.Զանկովան և այլոք: Գ.Ե.Սուխարևան մանկական հասակի հոգեբուժության իր դասախոսություններում նշել է, որ կենտրոնական նյարդային համակարգի (այսուհետև կ.ն.հ.) վնասվածքը հանգեցնում է օրգանիզմի կարգավորման ֆունկցիաների անբավարարության, ինչի հետևանքով էլ ավելի է բարդանում երեխայի վիճակը` դժվարացնելով նրա հարմարվողականությունը շրջապատի արտաքին և ներքին ազդակներին, և նույնիսկ, հասակային ֆունկցիոնալ փոփոխություններին: Արդյունքում ի հայտ են գալիս վարքի խանգարումներ:
Ըստ Ֆրեյդի, վարքի խանգարումները հետվնասվածքային վիճակի արդյունք են` ծագած անգիտակցականում` բարոյական նորմերի, խղճի և չգիտակցվածի միջև, կոնֆլիկտ ОНО-ի (հոգեկան ոլորտի ցածրագույն ենթակառուցվածք) և գերես-ի միջև, որը գիտակցական Ես-ը չի կարողանում լուծել: Ըստ Բիհևյորիստների (Դ.Ուոտսոն, Բ.Սկիններ, Մ.Ռատտեր)` արտաքին և ներքին ազդակների արդյունք: Մեկ այլ մոտեցմամբ` արդյունք է իրավիճակի ոչ ճիշտ ըմբռնման, ոչ ճիշտ վերլուծման, ոչ ճիշտ գնահատման: Եվ ըստ վերջիններիս, որպեսզի վերացվի խանգարումը, պետք է սովորեցնել երեխային օբյեկտիվ գնահատել իրավիճակը (Ժ.Պիաժե, Ա.Էլլիս):
Այսպես. վերջին 10 տարիներին ՀՀ բնակչությունը նվազել է մոտ 16% (ըստ ՀՀ վիճակագրության ծառայության տվյալների), իսկ 6-18 տարեկան մտավոր խնդիրներով երեխաների թիվը մանկատներում աճել է մոտ 55%-ով (1999 թ.` մոտ 170, 2009 թ. հասել է մոտ 265-ի):
Ըստ այլ չճշտված հետազոտությունների, մտավոր խնդիրներով երեխաների ցուցանիշը 16% է, որը 2 անգամ բարձր է միջազգայինից, իսկ հաշմանդամ երեխաների ընդհանուր թվաքանակի մեջ 50%-ը հոգեկան և նյարդային խանգարումներով երեխաներն են (ՀՀ-ում իրավիճակային վերլուծության տվյալների համաձայն):
Այս ամենի հետ միասին աճում է նաև վարքի խանգարման խնդիրներ ունեցող երեխաների թիվը: Նրանցից մոտ 10% ունեն հաղորդակցման արտահայտված խնդիրներ` առանց կ.ն.հ. վնասվածքի առկայության, իսկ մնացած երեխաների մեծամասնությունն ունի վարքային խանգարումներ:
Նոր վարքի ձևավորման ժամանակ կիրառում են հոգեբանական թերապիայի տարբեր մեթոդներ: Դրանցից են Գեշտալթերապիան (Պերլս-ի, ըստ որի մարդու անհատականությունը մեկ ընդհանրություն չէ, չգիտակցված կոնֆլիկտը խանգարում է մարդուն կոնտակտի մեջ մտնել իր որոշ մտքերի, զգացողությունների հետ), Մորենո-ի փսիխոդրաման, Էլլիս-ի էմոտիվ-ռացիոնալ թերապիան, Ռոջերս-ի հումանիստականը և այլն: Օգտագործում են նաև պարգևատրման` խրախուսման (Սկիներ), դերակատարման (Կեպլլի) և այլ մեթոդներ:
Հետազոտության նպատակը, մեթոդները և նյութը
Հետազոտության նպատակն է` ճշտել վարքի խանգարումների առանձնահատկությունները մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների մոտ: Հետազոտության մեթոդներն են` կլինիկական դիտարկումներ (արտաքին, ազատ) և հարցազրույցներ (բանավոր, ազատ): Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է 6-20 տ. մտավոր, ֆիզիկական, վարքային խանգարումներ ունեցող 500 հոգի (280 տղա, 220 աղջիկ): Նշենք, որ հետազոտվողներից 70%-ի մոտ ծնողների այցելություններ չեն եղել, 10%-ի մոտ` տարեկան 2-3 անգամ, մնացած 20%-ի մոտ` քիչ ավելի հաճախ:
Այդ երեխաներին օգնել կարողանալու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչու և ինչպես են նրանց մոտ զարգանում էմոցիոնալ խանգարուներ և վարքի շեղումներ: Կարևոր է նաև պարզել այս երեխաների տարբերակիչ առանձնահատկությունները:
Նման դեպքերում նախ` անհրաժեշտ է գնահատել երեխայի պահվածքը, պարզել մեզ անհանգստացնող խնդիրը, այնուհետև` հիմնավորել միջամտության անհրաժեշտությունը (պետք է միջամտել, թե ոչ): Շեշտը պետք է դնել այդպիսի վարքի դրսևորման պատճառը բացահայտելու և դրա հիման վրա բուժումն, շտկումն իրականացելու վրա:
Պատճառը որոշել են երեխայի վարքին հետևելով, երեխայի հետ շփվող մարդկանց հետ զրուցելով, և պարզելով, թե ինչ է տեղի ունեցել մինչև այդպիսի վարք դրսևորելը և ինչ դրանից հետո:
Արդյունքները
Վարքը հիմնականում հոգեկան ակտիվության արտաքին շարժողական դրսևորումն է: Ըստ Ս.Հ.Սուքիասյանի [8], արևմտյան երկրներում երեխաների մոտ վարքի խանգարումները կազմում են 4-6%: Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ուղեղի վնասվածք, ֆունկցիայի խանգարում, հոգեկան զարգացման շեղումներ ունեցող երեխաների մոտ վարքի խանգարումները բավականին մեծ տոկոս են կազմում` միջինը մոտավորապես 30%: Այն կարող է արտահայտվել ագրեսիայով` շրջապատի կամ իր անձի հանդեպ կամ ուղղակի գոռգոռոցով, աղմուկով, շարժողականության խանգարումով (21%), ինչպես նաև տիկերով (2%), եղունգներ կրծելով, մատները ծծելով (22%), այլ անկանոն շարժումներով (27%), էմոցիոնալ խանգարումներով (26%), տագնապայնությամբ, տրամադրության փոփոխություններով, վախի երևույթներով (26%), սեռական բնույթի գործողություններով (36%), ուշադրության անկայունությամբ (63%), չգիտակցված և գիտակցված արտաթորություններով (61%), ոչ ուտելի բաներ ուտելով (27%), անհնազանդությամբ (18%) և այլն:
Մեր դիտարկումները ցույց են տվել, որ վարքային խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ ինֆորմացիայի մշակման, գնահատման և ըմբռնման խանգարումները, իրականության անադեկվատ ընկալումն, ըմբռնումը, սոցիալականացվածության ոչ բավարար մակարդակը, այդ թվում սոցիալական հմտություններ չունենալը, սիլինգվային խանգարումները` մյուս երեխաների հանդեպ մրցակցությունը, շփման, հաղորդակցության դժվարությունները` համեմատած մտավոր մակարդակի հետ, անհամաչափ և անադեկվատ խստությունը, տարաձայնությունները ծնողների, խնամող և սպասարկող անձնակազմի հետ, իր անձի հանդեպ ուշադրության պակասը, կարգավորման, շտկման անհնարինությունը, զգայական խնդիրները (քիչ կամ շատ, ներքին կամ արտաքին ազդակները): Հաճախ սա կարող է հանդես գալ որպես բողոքի արտահայտման ձև կամ` զգայական պարգև ինքն իրեն կամ` փախուստ հոգեկան ոլորտ:
Այս խանգարումներն ավելի շատ են, եթե վնասված են ուղեղի երկու կիսագնդերն էլ: Ուրեմն կարևոր են վնասվածքի ծավալները: Օջախի տեղը նույնպես իր դերն ունի: Ծնողների նևրոզները, շրջապատի վնասակար ազդակները, սոցիալական խնդիրները նույնպես ազդում են այս երեխաների վրա: Քանի որ վնասված են ուղեղի որոշ հատվածներ, նրանց վրա այս ամենն ավելի ծանր է ազդում և ավելի բարդ հետևանքներ է թողնում: Բազմաթիվ երեխաներ ընտանիքի սոցիալական վիճակի և հասարակության վատ, բացասական վերաբերմունքի արդյունքում (երեխաներին ծաղրելը, վիրավորելը, նման ընտանիքներում մյուս երեխաների ամուսնությունների մեծ խնդիր լինելը և այլն. ծնողների 80% նշում են այս խնդիրները) հայտնվում են ընտանիքից հեռու` մանկական համապատասխան կազմակերպություններում: Ընտանիքից կտրվելը, հասարակության բացասական վերաբերմունքը և իրենց ֆիզիկական ծանր անկարողությունները (կ.ն.հ. ախտահարումներ), որն իրենց զրկել է ինքնապաշտպանությունից, մեծ ու տևական սթրեսները հանգեցնում են երեխայի ինքնագնահատման իջեցմանը` իր բոլոր անցանկալի հետևանքներով:
Կլինիկական դեպքերի նկարագրություն
Հիվանդ Հ.Կ. 20 տարեկան, ունի մանկական ուղեղային կաթված, հեմիպլեգիկ ձև, դիզարտրիա, մասնակի մոտոր ալալիա, դեպրիվացիոն սինդրոմ:
Տարիների հետ գիտակցելով իր վիճակը, անընդհատ գտնվում է ծանր հոգեկան ապրումների մեջ: Նա համեմատում է իրեն իր ընտանիքի մյուս անդամների հետ, ցանկանում է ինքն էլ ունենա իրենց նման` առանց ֆիզիկական խնդիրների կյանք: Անընդհատ անհանգստանում է իր ապագայի համար: Այս ապրումները պարբերաբար անդրադառնում են նաև նրա մոր վրա, որի արդյունքում ծնողը նույնպես ունենում է գիտակցված կամ չգիտակցված ինքնամեղադրման ապրումներ: Այս ամենը փակ շրջանի պես պարբերաբար անցնում է մեկից մյուսին: Արդյունքում` երկուսի մոտ էլ հոգեկան վիճակները հանգեցրել են սոմատիկ խանգարումների, մասնավորապես` սիրտ-անոթային հիվանդությունների:
Հիվանդ` Ս.Ս. 16 տարեկան, ունի մանկական ուղեղային կաթված, սպաստիկ տետրապարեզ, ատետոիդ տիպ, դիզարտրիա, մասնակի մոտոր ալալիա, դեպրիվացիոն սինդրոմ:
Ծնողները, գիտենալով երեխայի վիճակը, գիտակցելով հնարավոր դրական տեղաշարժերի չափը, այնուամենայնիվ, անընդհատ գտնվում են անիմաստ փնտրտուքի մեջ, որպեսզի ամբողջովին բուժեն երեխային` գիտենալով հանդերձ, որ ավելիին չեն կարող հասնել (փախուստ իրականությունից): Նրանց ծանր հոգեկան ապրումները, մշտական սթրեսային վիճակները, հիստերիկ նևրոզները հաղորդվում են նաև երեխային, որն ուղղակի չի կարողանում արտահայտվել, լիցքաթափվել, ինչը հանգեցնում է երեխայի վիճակի խորացման` հիվանդությանը գումարելով նաև ավելորդ լարվածություն, դյուրագրգռություն և հիստերիկ նևրոզ:
Վարքի խանգարման գործում մեծ դեր ունեն կենսառիթմերը, ինչպես նաև տարվա եղանակները: Այն ավելի սրված արտահայտվում է հատկապես գարնանը (այստեղ կարևոր են նաև հորմոնալ տեղաշարժերը): Գարնան ամիսներին երեխաների մոտ վարքի խանգարումները կազմում են տարվա ընդհանուր դեպքերի մոտ 60-65 տոկոսը:
Այդ խանգարումներից 85-90%-ն անմիջականորեն կապված է ուղեղի վնասվածքի հետ: Այն հանգեցնում է մտավոր ունակությունների անկման, գիտակցականության, ինչ որ տեղ նաև գիտակցության մակարդակի ոչ լիարժեք ձևավորման, նույնիսկ գիտակցականության բացակայության, խոսքի արտահայտման որոշակի դժվարացման և շարժումների կոորդինացիայի վատացման: Այստեղ անհրաժեշտ է նորից նշել, որ այս երեխաների մոտ չկա կամ լիարժեք ձևավորված չէ, ըստ Ֆրեյդի, անձի «գերես»-ը, որը կրում է բարոյական նորմերի չափանիշները, անձի այն մասը, որը կատարում է քննադատի, խղճի դեր նրանց մոտ: Այդ իսկ պատճառով գլուխ է բարձրացնում «ОНО»-ն` իր բոլոր հետևանքներով և արդյունքում այն դիտարկվում է որպես վարքի խանգարում:
Ուղեղային խանգարումներով երեխաների մոտ լինում են նաև նույն խնդիրները, ինչպես նորմալ երեխաներ մոտ: Այդ թվում նաև վախը և տագնապը, ավելորդ ակտիվությունը և ագրեսիան, դժվարություններ այլ երեխաների հետ շփվելիս և հակահասարակական վարք: Քանի որ նրանց սոցիալականացվածությունը սովորաբար ավելի ցածր մակարդակի վրա է, քան առանց այդ խնդիրներով երեխաներինը, իրենց մոտ այն ավելի արտահայտիչ է: Այստեղ, իհարկե, խնդիրն այն է, որ ուղեղային վնասվածքով երեխաների մոտ սրանք միջինը 5-8 անգամ ավելի հաճախ են լինում:
Դրա հետ միասին, ունենալով անհաջողություններ և միաժամանակ շրջապատից անընդհատ ստանալով քննադատություններ` կապված իր անհաջողությունների հետ, նման երեխայի մոտ կարող է առաջանալ բողոք, ինչը խորանալով կարող է հանգեցնել դեպրեսիայի: Եվ սա հատկապես այն դեպքում, երբ երեխան, ունենալով վնասվածք, ձգտում է հավասարվել իր հասակակիցներին և աշխատում է իր ուժերի առավելագույն չափով, սակայն հանդիպում է դժգոհությունների:
Ուրեմն, կարևոր է բացառել այս երեխաների խիստ ծանրաբեռնումն ու խիստ մրցակցությունը:
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս երեխաները չունեն նաև ճկունություն, դժվար են ադապտացվում, իմպուլսիվ են և ունեն վատ ուշադրություն: Սրանք նպաստում են էմոցիոնալ շեղումներին և խանգարումներին: Սա, իր հերթին, հանգեցնում է երեխայի փորձի ձեռքբերման խանգարմանը և փոփոխվող միջավայրին հարմարվելու դժվարացմանը:
Այս երեխաների մոտ վարքի խանգարման գործում իր ուրույն տեղն ունի նրանց մոտ ավելի հաճախ հանդիպող իմացական աններդաշնակությունը (Когнитивный диссонанс):
Նման երեխաների վարքի ձևավորման գործում մեծ դեր են խաղում ոչ ջերմ վերաբերմունքը, անհետևողականությունը կամ շատ խիստ և դաժան կարգապահության պահանջը:
Մեծ դեր են խաղում նաև մեծ ընտանիքները կամ այս երեխաների մեծ խմբերը, ինչի արդյունքում երեխաների նկատմամբ ուշադրությունը, խնամքը և վերաբերմունքը ոչ բավարար չափի և որակի են: Այս երեխաներն էլ ունեն խոսելու, կիսվելու, զրուցակից գտնելու ցանկություն, որի պակասը դարձյալ բացասական ազդեցություն է ունենում:
Վարքի ձևավորման գործում մեծ դեր ունեն նաև երեխայի դաստիարակման հարցում տարաձայնությունները, ոչ մասնագիտական մոտեցումները, երեխայի հետ իր տարիքին անհամապատասխան հարցերի քննարկումները:
Երեխայի ասոցիալ վարքը կարող է լինել նաև ոչ հաջողված փորձ` իր անձնական խնդիրները և դժվարությունները լուծելու գործում:
Վարքի ձևավորման մեջ մեծ դեր են խաղում նաև համակարգչային խաղերը, հեռուստատեսությունը, կինոն: Այստեղ պետք է հաշվի առնել նման երեխաների շուտ և հեշտ ներշնչվող լինելու հանգամանքը:
Հատուկ ուշադրության պետք է արժանացնել վարքագծի հետևյալ դրսևորումները` չափազանց զայրույթը, ինքն իրեն կամ շրջապատին վնաս տալը, տրամադրության կատաղի պոռթկում, ծայրահեղ գռգռվածությունը, ծայրահեղ իմպուլսիվությունը, հեշտությամբ ճնշվելը և արագ ներշնչվելը:
Բուժման հիմնական նպատակներն են` օգնել երեխային սովորել կառավարել զայրույթը, արտահայտել զայրույթը և ճնշվածությունը, պատշաճ կարգով պատասխանատու լինել սեփական արարքների և դրանց հետևանքների համար:
Երբեմն այդպիսի վարքը կարգավորելու համար կիրառում են պատիժ (անկյուն կանգնեցնելը, սիրած խաղալիքը ձեռքից վերցնելը, զայրանալը և այլն): Սա կարող է կարճատև արդյունք տալ: Կա նաև էթիկայի խնդիր. վերջապես, հասկանում, ընկալում է արդյոք երեխան այդ պատիժը թե` ոչ: Վարքի կարգավորման համար անհրաժեշտ է նաև երեխայի մոտ ձևավորել նոր վարք: Պետք է օգնել նրան գտնելու այդպիսի պահվածքի պատճառը, այն առաջացնող խնդիրները, ձգտել, որ նա գիտակցի դրանք:
Նոր վարքի ձևավորման նախաբանում նշված մեթոդներից կիրառելով Էլլիս-ի էմոտիվ-ռացիոնալ, Կեպլլի դերակատարման, Սկիների պարգևատրման` խրախուսման, Ռոջերս-ի հումանիստական թերապիայի մեթոդները, բավականին լավ արդյունքներ են արձանագրվել: Նշված մեթոդների համակցված կիրառման արդյունքում մոտ 95-100% դեպքերում ստացվում են բավականին դրական արդյունքներ. կայունանում է հուզական ոլորտը, վերանում է ագրեսիան, կարգավորվում է վարքը: Իհարկե, սա պետք է լինի շարունակական` նկատի ունենալով նաև նրանց կ.ն.հ.-ի օրգանական վնասումները:
Վերացնելով վատ վարք առաջացնող պատճառը` կկարգավորվի նաև պահվածքը:
Գործնական խորհուրդներ
Նման դեպքերում անհրաժեշտ է երեխային սովորեցնել ճիշտ պահանջել. եթե արտաբերում է միայն հնչյուններ, փորձել սովորեցնել անհրաժեշտ բառեր կամ նշաններ, ժեստեր, նկարներ: Սրանք պետք է լինեն հեշտ և համապատասխան: Կարևոր է նաև սովորեցնել ուշադրություն գրավելու հնարքներ: Հոգեկան փախուստի դեպքում` այդ վիճակից դուրս գալու ճանապարհները (նշան, բառ և այլն): Զգայական խնդիրների առկայության ժամանակ անհրաժեշտ է կարգավորել այն` ազդակների մուտքը ավելացնելով կամ նվազեցնելով: Օրինակ` թերզգայունության դեպքում ապահովել կոշտ, խորը ճնշում, մերսում, իսկ գերզգայունության դեպքում պետք է կրի մթնեցնող ակնոցներ, հեռու պահվի աղմուկից, սուր հոտերից, ազատվի սեղմող հագուստից և այլն: Եթե երեխան կատարում է կրկնվող շարժումներ, անհրաժեշտ է ապահովել ճոճանակով ճոճվելը, թռչկոտելը: Այս ամենի հետ միաժամանակ պետք է աստիճանաբար ընտելացնել այդ ազդակներին:
Ընտանիքում, մանկական խմբերում նոր երեխայի ներկայության պայմաններում անհրաժեշտ է ուշադրությունից դուրս չթողնել նախկիններին. նրանց պետք է դեր տալ, որոշակի պատասխանատվություն ստանձնեն, ներգրավվեն որոշ աշխատանքներում: Ինչպես և առանց խնդիրների մարդիկ, այս երեխաներն էլ ունեն աշխատելու ցանկութուն, օրը զբաղվածությամբ լցնելու ձգտում, որի չբավարարվածությունը գիտակցորեն թե չգիտակցված բերում է լարվածության, վարքի խանգարման: Ինտելեկտի համեմատաբար պահպանման, բայց խոսքի բացակայության ժամանակ (մոտոր ալալիա) հաղորդակցումը կարելի է կազմակերպել համակարգչի միջոցով:
Ձեռք բերելով երեխայի վստահությունը, պետք է օգնել երեխային, որպեսզի նա ներքուստ հասկանա ստեղծված իրավիճակը և կարողանա գտնել սթրեսի դեմ պայքարելու ավելի լավ միջոցներ, տարբերակներ: Եվ սա նույնպես կբերի վարքի բարեփոփոխման:
Շատ կարևոր է բացառել երեխայի նկատմամբ բռնությունը տանը, հասարակության մեջ, մանկական հիմնարկներում: Իհարկե, չպետք է մոռանալ նաև հեռուստատեսությունից, տեսաժապավեններից, կինոնկարներից, համակարգչային խաղերից եկող բռնությունները:
Վարքի ձևավորման, կարգավորման գործում իր անփոխարինելի դերն ունի նաև համապատասխան սեռի ծնողի կամ խնամակալի դաստիարակությունը:
Վարքի կարգավորման գործընթացում կարելի է օգտագործել նաև դեղանյութեր: Իհարկե, ցանկալի է այն կիրառել, երբ այլ մեթոդները չեն օգնում կամ կա կյանքին կամ շրջապատին վնաս պատճառելու միտում:
Այս ամենից ելնելով կարելի է կատարել հետևյալ հիմնական եզրակացությունները:
Եզրակացություններ
Վարքի խանգարումները կ.ն.հ.-ի ախտահարում ունեցող երեխաների մոտ մոտավորապես 6-7 անգամ ավելի շատ են, քան առանց ախտահարումների երեխաների մոտ:
Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հղիության ընթացքում և երեխայի ծնվելուց հետո առողջ միջավայր ստեղծելու` նրա ճիշտ զարգացման համար:
Պետք է տարբերակել երեխայի իմացական զարգացման ցածր մակարդակից կախված պահվածքը վարքի խանգարումից:
Ունենալով մտավոր խնդիրներ, շատ դեպքերում նրանց մոտ այդ ամենը (վարքի խանգարումները) չեն գիտակցվում և կանխամտածված չեն:
Այս երեխաների մոտ վարքի խանգարման հիմնական պատճառ է հանդիսանում կ.ն.հ.-ի օրգանական վնասվածքը, ինչի արդյունքում ի հայտ են գալիս ինֆորմացիայի մշակման, գնահատման խանգարումներ, սոցիալականացվածության անբավարար մակարդակ, հաղորդակցման դժվարություններ, զգայական խնդիրներ, ճկունության պակաս, դառնում են խիստ ներշնչվող և իրենց անձի հանդեպ ուշադրության պակաս են զգում:
Ուսումնական և դաստիարակչական գործընթացում այս երեխաների մոտ անհրաժեշտ է բացառել խիստ ծանրաբեռնումը, մրցակցությունը և չափազանց խստությունը:
Վարքի շտկման գործում բավականին դրական արդյունքներ կարելի է ստանալ` կիրառելով հատկապես այն մեթոդները որոնք հասու են կ.ն.հ.-ի օրգանական վնասվածք ստացած երեխաներին: Դրանցից են էմոտիվ–ռացիոնալ, դերակատարման, խրախուսման, հումանիստական թերապիայի մեթոդները:
Վարքի կարգավորման համար անհրաժեշտ է նաև աշխատել փոխել այս երեխաների և նման երեխաներ ունեցող ընտանիքների հանդեպ հասարակության վերաբերմունքը:
Այսպիսով, վարքի կորեկցիայի համար պետք է դաստիարակությունը համատեղել վարքի կազմակերպման հետևողականության և ամրության, ջերմության և կապվածության հետ:
Գրականություն
-
Բ. Եղիայեան, Ընտանեական կրթություն,1993
-
Ա. Նալչաջյան, Հոգեբանություն, 1984
-
Ս.Հ. Սուքիասյան, Հոգեբուժություն, 2007
-
Р.С. Немов, Психология, 2004
-
М. Раттер, Помошь трудным детям, 1987
-
Л. Д. Сталяренко, Основы психологии, 2005
-
Г.Е. Сухарева, Лекции по психиатрии детского возраста, 1974
-
З. Фрейд, Психология безсознательного,1990
Կարդացեք նաև
Ի կատարումն ՀՀ Առողջապահության նախարարության «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում ՀՀ բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ 2008 թ. հիմնական միջոցառումների մասին» 14. 01. 2008 թ. թիվ 26-Ա հրամանի...
Շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտվածության հետևանքներից է ծանր մետաղների վերաբաշխումը կենդանի օրգանիզմում, որոնք իրենց բացասական ազդեցության հետևանքներով լուրջ մտահոգություն են հանդիսանում բնակչության տարբեր խմբերի առողջության համար...
Վերջին տասնամյակներում ամբողջ աշխարհում դիտվում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ /ԵՔՀ/ տառապողների թվի կտրուկ աճ:ԵՔՀ աստիճանաբար բերում է երիկամների ֆունկցիայի նվազեցման, որը բնորոշվում է կծիկային ֆիլտրացիայի պրոգրեսիվացող անկմամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն